Երևանի ցույցեր, տեղի են ունեցել 1965 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 50-ամյակի օրերին[1][2][3], ԽՍՀՄ-ում նմանատիպ առաջին ընդվզումն էր[4]։ Արդյունքում հայոց նորագույն պատմությունը շրջադարձ ապրեց, ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց։

Երևանի ցույցեր
ԱմսաթիվԱպրիլի 24, 1965
ՎայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
ՆպատակՀայոց ցեղասպանության հիշատակում և ճանաչում
Թվաքանակ
100,000+

Պատմություն խմբագրել

1894-1896, 1909, 1915-1923 թվականներին գործադրվեց մարդկայնության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը՝ Հայերի Ցեղասպանությունը։ Ցեղասպանության հետևանքով հայությունը զրկվեց իր բնօրրանի՝ հայրենիքի հիմնական տարածքներից և սփռվեց աշխարհով մեկ՝ զրկվելով զարգացման ու առաջընթացի բնական իրավունքից։

Երվանդ Օտյանը առաջինը Կոստանդնուպոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկեց 1915 թվական անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ մոտ 600 մտավորականներ ձերբակալվեցին Կոստանդնուպոլսում և Հայդար փաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ։ 1920 թվականի ապրիլի 3-ին, երբ հայ ժողովուրդը վերականգնել էր իր անկախությունը, Վրթանես Փափազյանը առաջարկով դիմեց հանրապետության պառլամենտին, նախարարների խորհրդին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որպեսզի պետականորեն նշվեն Եղեռնի զոհերի հիշատակի օրերը՝ ապրիլի 24-ը, 25-ը, 26-ը որպես ազգային սգո օրեր։ Մի քանի օր անց կաթողիկոսի դիվանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկությունների՝ նաև կաթողիկոսական կոնդակով) հրահանգեց Ապրիլ 24-ն ընդունել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստյան պատարագ[5]։

Խորհրդային տարիներին մոռացումի, ժխտողականության տարիներ էին։ Խորհրդային Միությունը Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու համար լռում էր Հայոց Ցեղասպանության մասին, իսկ 1953 թվականին Հայաստանի ու Վրաստանի անունից պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից։

Հայկական սփյուռքի միավորումը, իր իրավունքների գիտակցումն ու ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման ու դատապարման պահանջը, Խորհրդային Միությունում «խրուշչովյան ձնհալի» շրջանը ստեղծեցին բոլոր նախադրյալները լռության տասնյակ տարիներից հետո առաջին անգամ պետական մակարդակով նշելու Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մեծ էր նաև Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ու գործնականում Հայաստանի ղեկավար Յակով Զարոբյանի դերը։

1964 թվականին Հայաստանի կոմկուսի կենտկոմում մի քանի խորդակցություն կազմակերպելուց, որոնց մասնակցեցին առաջատար պատմաբաններ և այլ մտավորականներ, Յակով Զարոբյանը հանդիպում է Նիկիտա Խրուշչովին, Լեոնիդ Բրեժնևին, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյին ու ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովին հետ ու ստանում համաձայնություն։

1964 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը հավանություն տվեց «1915 թվականին հայերի մասսայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումների մասին» նամակի տեքստին, որը հետո ուղարկեցին Մոսկվա։ 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում հուշահամալիր կառուցելուց բացի առաջարկվեց նաև հրատարակել գրքեր ու հոդվածներ, պատրաստել ռադիո և հեռուստահաղորդումներ, Երևանում պետական մակարդակով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել։ Հետագայում գրեթե բոլոր առաջարկները իրագործվեցին։ 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկուսի կենտկոմը հաստատեց այն։

Ապրիլի 24-ի դեպքերը խմբագրել

Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակը) մի քանի տասնյակ հազար երիտասարդ հավաքվեց, ու սկսվեց իշխանությունների կողմից չթույլատրված ցույցը։ Մտավորականության ներկայացուցիչները դիմեցին հավաքվածներին՝ փորձելով համոզել, որ ցրվեն։ Բայց կոչերն արհամարհվեցին։

Միլիցիան փորձեց ցրել ցույցը, պահանջեց, որ հավաքվածները հեռանան, բայց ապարդյուն, բազմահազարանոց ամբոխը նստեց ասֆալտին՝ ի նշան օրինապահ մարմինների հանդեպ անտարբերության։ Հետո ցուցարարները, հայրենասիրական կոչեր անելով, երթ սկսեցին քաղաքի փողոցներում։ Իշխանությունները, տեսնելով, որ նրանք բռնության կամ անկարգության չեն դիմել, որոշեցին սպասել։

Ցուցարարները շարժվեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ ծաղկեպսակ դնելու Կոմիտաս վարդապետի շիրմին[5]։ Կեսօրին շուրջ հարյուր հազարի հասնող բազմությունը դուրս եկավ հրապարակից, շարժվեց Երևանի գլխավոր պողոտաներով, ապա կրկին վերադարձավ Լենինի հրապարակ, որը ողողված էր «Մեր հողերը, մեր հողերը» գրությունը կրող մեծատառ պաստառներով։ Հետո ամբոխը շարժվում է Օպերա, որտեղ պաշտոնական ժողով պետք է տեղի ունենար՝ նվիրված Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների հարցին։ Ամբոխի մեջից մեկը քար նետեց զբոսասրահի ուղղությամբ ու ջարդեց ապակիները ՝ մի քանի հոգու վիրավորելով։ Ամբոխի ճնշումն ուժեղանում էր։ Ոստիկանությունը պոմպերով սառը ջուրը բաց թողեց ցուցարարների վրա, բայց էլի ապարդյուն։ Ոգևորված երիտասարդները վերջ ի վերջո կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մե՛րը»։ Սրահում ներկա գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խաղաղության կոչերը անօգուտ էին. նոր սկսված պաշտոնական ժողովը ձախողվեց[6]։

Հետևանքներ և արդյունք խմբագրել

  • Դեպքերից չորս օր հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախագահությունը փաստաթուղթ ընդունեց «Երևան քաղաքում 1965 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգությունների մասին»[6]։
  • Խորհրդային իշխանությունները թույլատրեցին, որ Մայր Աթոռը Ապրիլի 24-ին Սուրբ պատարագ մատուցի և հոգեհանգստյան պաշտոն կատարի ի հիշատակ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի։
  • Մի քանի ամիս հետո Յակով Զարոբյանն հեռացվեց իր պաշտոնից ու Մոսկվայում նոր աշխատանքի նշանակվեց։
  • 1967 թվականիի նոյեմբերի 29-ին (Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 47-րդ տարեդարձի օրը), Երևանում Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը։
  • Պաշտոնական լռության պատնեշը քանդվեց, ու հասարակության լայն շրջաններին հասանելի դարձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը[6]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cornell, Svante E. (2001). Small nations and great powers: a study of ethnopolitical conflict in the Caucasus. Richmond: Curzon. էջ 63. ISBN 9780700711628.
  2. http://www.genocide-museum.am/arm/Description_and_history.php
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  4. Lindy, Jacob D. (2001). Beyond invisible walls: the psychological legacy of Soviet trauma, East European therapists and their patients. New York: Brunner-Routledge. էջ 192. ISBN 9781583913185.
  5. 5,0 5,1 Թաթուլ Հակոբյան, «1915թ., ապրիլի 24», civilnet.am կայքում
  6. 6,0 6,1 6,2 «Նիկիտա Զարոբյան, Արմեն Գրիգորյան, 1965-ի ռուբիկոնը, "Ереван" ամսագիր, N4, 2006». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.