Ռուսաստանը և Հայկական հարցը

Հայկական հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքական տեսադաշտում հայտնվել է Արևելյան հարցի (որը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում էր ամբողջ 19-րդ դարի ընթացքում) ուշ փուլերից մեկում։ Դեռևս 18-րդ դարին հզորացող Ռուսական կայսրությունը դեպի «տաք ջրեր» ելք ունենալու համար ձգտում էր հաստատվել Բալկաններում և Անդրկովկասում։ Ռուսաստանի այս ձգտումն էլ պատճառ է դառնում ոչ միայն ռուս-թուրքական հակամարտության, այլ նաև առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերությունների բարդացման, որոնք բոլորովին շահագրգռված չէին Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ։ Իրականացնելով իր արտաքին քաղաքական մտահղացումները՝ ռուսական դիվանագիտությունը լայնորեն օգտագործում էր Օսմանյան կայսրությանը ենթակա քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի շահերը պաշտպանելու պատրվակով Թուրքիայի ներքին գործերին միջամտելու, վերջինիս կառավարող շրջանների վրա ճնշում գործադրելու հնարավորությունը։

Ռուսաստանի նման քաղաքականությունը հիմք է հանդիսանում ոչ միայն արևելահայերի, այլև արևմտահայերի ռուսամետ քաղաքական կողմնորոշման, ինչը քանիցս արտահայտվում է ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Հայ հասարակական-քաղաքական շրջանները մեծ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ՝ հայկական հարցի լուծման, թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման, հայկական պետականության վերականգնման գործում։

Պատմություն

խմբագրել
 
Ռուս-թուրքական պատերազմը (1877–78)
 
Բեռլինի վեհաժողովը

Բեռլինի և Սան Ստեֆանոյի կոնֆերանսները

խմբագրել

Արևմտահայերի ռուսամետ քաղաքական կողմնորոշումը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, ուժեղացնում եմ հակահայկական տրամադրություններն Օսմանյան կայսրությունում։ Թուրքական կառավարողների անհանդուրժողականությունը արևմտահայերի նկատմամբ հատկապես սրվում է 1877-78 թվականներիի ոուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակից հետո, երբ արևելահայերը խնդրագիր են ներկայացնում Կովկասի փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովին, իսկ արևմտահայերը՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի գլխավորությամբ պաշտոնապես դիմում են ռուսական հրամանատարությանը և արքունիքին՝ խնդրելով վերջիններիս աջակցությունը արևմտահայության դատի պաշտպանության հարցում Թուրքիայի հետ հաշտության պայմանները քննարկելիս։ Օգտագործելով այդ դիմումները՝ Ռուսաստանը Սան Ստեֆանոյի պայմանագրի (1878) մեջ մտցնում է 16-րդ հոդվածը, որի համաձայն Թուրքիան պարտավորվում էր անհապաղ անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնել իր հայաբնակ վայրերում՝ մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Թուրքիայի ասիական մասից։ Սակայն «Հայկական լեռնաշխարհում ամուր ոտքով կանգնելու» ցարական Ռուսաստանի այդ փորձը հանդիպում է Մերձավոր Արևելքում նրա գլխավոր մրցակցի՝ Մեծ Բրիտանիայի զորեղ դիմադրությանը, որը եվրոպական մյուս տերությունների հետ կարողանում է կազմակերպել Բեռլինի կոնգրեսը (1878), ուր պետք է վերանայվեր Սան Ստեֆանոյի պայմանագիրը, ինչով հնարավոր կլիներ զրկել Ռուսաստանին օգտվելու Թուրքիայի դեմ հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսում ռուսական դիվանագիտությունն հայտնվում է մեկուսացման մեջ և հարկադրված հրաժարվում Սան Ստեֆանոյի պայմանագրի մի շարք կետերից՝ մասնավորապես համաձայնելով վերանայել 16-րդ կետը, որը փոխարինվում է Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածով, համաձայն որի թուրքական կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ բարենորոգումներ անցկացնել հայկական նահանգներում, սակայն դրանց իրականացման վերահսկողությունն արդեն հանձնվում էր ոչ թե միայն Ռուսաստանին, այլև Բեռլինի դաշնագիրը ստորագրած վեց մեծ տերություններին։

Համիդյան ջարդերը և Ռուսաստանի դիրքորոշումը

խմբագրել

Բեռլինի կոնգրեսի որոշումները խոր հիասթափություն են առաջ բերում հայ քաղաքական շրջաններում, և վերջիններս, հույսները կտրելով Ռուսաստանից, սկսում են կողմնորոշվել դեպի եվրոպական տերութունները, հատկապես՝ դեպի Անգլիան, որը, թուրքերից զավթելով Կիպրոս կղզին և պաշտպանելով Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի, միաժամանակ որոշ ինքնավարության ու ապահովության պատրանքներ է ստեղծում հայերի մոտ։ Բայց հասնելով իր քաղաքական ու ռազմավարական դիրքերի ամրապնդմանը Արևելյան Միջերկրականում ու Թուրքիայում և սասանելով հայերի հավատը Ռուսաստանի նկատմամբ՝ Անգլիան լքում է արևմտահայերին՝ մատնելով նրանց թուրքական կառավարության կամայականություններին. վերջինս էլ ճիշտ գնահատում է այն դերը, որ հայերը այսուհետև կարող են խաղալ տերությունների բարդ փոխհարաբերություններում։ Որդեգրելով «Հայկական հարցին վերջ տալու համար անհրաժեշտ է վերջ տալ հայերին» ոչ պատշաճ կարգախոսը՝ սուլթան Աբդուլ Համիդ II-ը ձեռնամուխ է լինում հայերի զանգվածային ջարդերին, ինչը նշանակում էր ցեղասպանության քաղաքականության սկզբնավորում։

Արյունահեղությունը տեղի էր ունենում եվրոպական տերությունների ցուցաբերած անտարբերության ընթացքում, սակայն այդ երկրների հասարակայնության ճնշման տակ «հայերի խնամակալ» Մեծ Բրիտանիան մշակում և Բարձր դռանն է ներկայացնում Թուրքիայի հայաբնակ վայրերում բարենորոգումների մի ծրագիր, որն ըստ էության նպատակ ուներ սահմանափակել Ռուսաստանի միակողմանի միջամտությունը հայկական հարցին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն արդեն որդեգրել էր Անդրկովկասում ռուսականացման քաղաքականությունը և բացահայտորեն դեմ էր այնպիսի տարածքի կազմավորմանը, որտեղ «հայերը կօգտվեին բացառիկ առավելություններից»։ Բացի այդ, ձախողվելով Բուլղարիայի հարցում, որը թեև ազատագրվել էր ռուսական զենքի օգնությամբ, բայց չէր ուզում դառնալ վերջինիս վասալը, ցարական դիվանագիտությունը իր արտաքին գործերի նախարար Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկու բերանով հայտարարարում է, թե թույլ չի տա մի «նոր Բուլղարիայի» ստեղծումը՝ նկատի ունենալով Հայաստանին։ ցարական կառավարության հակահայկական քաղաքականությունը նոր ուժով է արտահայտվում 20-րդ դարի սկզբին, երբ, ոտնահարելով հայ ժողովրդի ազգային իրավունքներն ու արժանապատվությունը, այն բռնագրավում է հայ եկեղեցու ինչքն ու կայքը (1903)։ Ի պատասխան այդ ամենի հայ ժողովուրդն ըմբոստանում է ռուսական ինքնակալության դեմ, և իշխանությունները հարկադրված վերացնում են հակահայկական օրենքը։

 
Ադանայի կոտորածի զոհերը

Ռուսական կառավարության հակահայկական քաղաքականությունը հայ հասարակական-քաղաքական շրջաններին, հատկապես Դաշնակցություն կուսակցությանը, հարկադրում է հենարան որոնել համաթուրքական հեղափոխական շարժման մեջ, որի նախաձեռնությամբ 1907 թվականին Փարիզում տեղի է ունենում հակասուլթանական բոլոր ընդդիմադիր ուժերի համագումարը, որը մշակում է Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու ծրագիր։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հայկական հարցը թևակոխում է զարգացման նոր փուլ, երբ արևմտահայությունն իր իղձերի իրականացումը սկսում է կապել թուրքական պետականության բարեփոխման հետ։ Սակայն հիասթափությունը շուտ վրա է հասնում, երբ 1909 թվականին երիտթուրքական կառավարության հրահրմամբ տեղի է ունենում Ադանայի և դրա շրջակայքի ավելի քան 30 հազար հայության կոտորածը։ Ադանայի իրադարձություններից հետո հայ քաղաքական շրջանները փոխում են դիրքորոշումը և կրկին կողմնորոշվում դեպի Ռուսաստան, որը հասունացող պատերազմի նախօրեին արդեն շահագրգռված էր հայերի համակրանքը շահելու մեջ։ Կադետների պարագլուխ Պավել Միլյուկովի արտահայտությամբ, «Ռուսաստանի և Թուրքիայի խաչմերուկում նստած հայերը» քաղաքական մեծ նշանակություն էին ստանում, և սկսված Բալկանյան պատերազմների (1912-13) պայմաններում ռուսական դիվանագիտությունը ստանձնում էր «ճնշված հայերի» պաշտպանի դերը։ Մոտ երկու տարի տևած դիվանագիտական քաշքշուկից հետո, որին մասնակցում էին եվրոպական վեց տերությունների՝ Կոստանդնուպոլսի դեսպանությունները, Ռուսաստանին հաջողվում է Թուրքիային պարտադրել բարենորոգումների մի նոր ծրագիր, որով արևմտահայերը պետք է ստանային բավականին լայն ինքնավարություն՝ կառավարչության, դատարանների, լեզվի, զինծառայության և այլ բնագավառներում՝ տերությունների, և, ամենից առաջ, Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ծրագիրը, սակայն նույնպես մնում է թղթի վրա՝ սկսված համաշխարհային պատերազմի պատճառով, այն նույնիսկ հող է նախապատրաստում Ռուսաստանի «հայապաշտպան» դիրքորոշումից զայրացած երիտթուրքական կառավարության համար՝ իրագործելու վաղուց որդեգրած հայասպան քաղաքականությունը։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան դառնում է Գերմանիայի դաշնակիցը, ինչը նշանակում էր, որ հայկական հարցում սկսվում է Ռուսաստանի քաղաքականության նոր փուլ։ ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում սկսվեցին 1914 թվականի դեկտեմբերին, թուրքական զորքերի հարձակմամբ դեպի Կարս։ Սակայն շուտով ռուսական զորքերը կասեցնում են հարձակումը ու անցնում հակահարձակման և 1914-16 թվականների ընթացքում մի շարք հաջող գործողություններից հետո, 1917 թվականին դուրս են գալիս Մոսուլի և Սեբաստիայի մերձակայքը, գրավում արևմտյան Հայաստանի մեծ մասը, որտեղ, սակայն, գրեթե հայ չէր մնացել՝ պատերազմի սկսվելուց հետո թուրքական իշխանությունների կողմից կատարված Մեծ Եղեռնի պատճառով։

Ռուսական քաղաքականությունը գրավված տարածքներում

խմբագրել

Արևելահայ հասարակական-քաղաքական շրջանները ոուսական բանակի հաջողությունների հետ կապում էին որոշակի հույսեր՝ արևմտյան Հայաստանի ազատագրումը և ավելին՝ հայկական պետականության վերաստեդծումը։ Սակայն այդ հույսերը շատ շուտով հօդս են ցնդում, քանի որ ցարական կառավարությունը նման մտադրություն չի ցուցաբերում։ Գրավելով արևմտյան Հայաստանի տարածքի մի մասը՝ ռուսական հրամանատարությունը անհրաժեշտ է համարում հաստատել միասնական ռազմավարչական իշխանություն։ Պատերազմի առաջին շրջանում ստեղծվում են մի քանի ռազմավարչական միավորներ՝ օկրուգներ, որոնց պետերը ենթարկվում էին տվյալ օկրուգի տարածքում տեղակայված Կովկասյան բանակի զորամասերի հրամանատարներին։ 1916 թվականի սկզբին կառավարությունը կազմավորում է հատուկ հանձնաժողով, որը պետք է մշակեր կանոնադրություն՝ պատերազմի ընթացքում Թուրքիայից գրաված տարածքներում կառավարելու համար։

1916 թվականի հունիսի 5-ին ցարը հաստատում է այդ կանոնադրությունը, համաձայն որի կազմավորվում էր պատերազմի իրավունքով գրաված Թուրքիայի մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն։ Այն հանգամանքը, որ նահանգապետության անվանման մեջ նույնիսկ չէր հիշատակված Արևմտյան Հայաստանը, վկայում է, որ ցարական կառավարությունը բոլորովին չէր էլ մտածում որևէ հայկական ինքնավարություն ստեղծելու մասին, որ պատերազմի ավարտից հետո, եթե տարածքը մնար Ռուսաստանի ձեռքում, ապա գեներալ-նահանգապետությունը կարող էր դառնալ սովորական նահանգ Ռուսաստանի կազմում։

Ցարական կառավարության իսկական մտադրությունները արևմտյան Հայաստանի վերաբերյալ ի հայտ են գալիս գրաված տարածքները գաղութացնելու ծրագրերում։ Իշխանությունները նույնիսկ չէին ձգտում պայմաններ ստեղծել, որպեսզի արևմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդը՝ հայերը, վերադառնան իրենց տները, ընդհակառակը՝ ծրագրվում էր արևմտյան Հայաստանը բնակեցնել ռուս վերաբնակիչներով։ Այս նախաձեռնության հեղինակը երկրագործության նախարար Կրիվոշեինն էր, բայց Կովկասյան բանակի հրամանատար Նիկոլայ Յուդենիչը նույնպես անհրաժեշտ էր համարում Ռուսաստանի հետ սահմանային բնակավայրերը՝ Ալաշկերտը, Դիադինը և Բայազետը բնակեցնել Կուբանից ու Դոնից բերված կազակներով և ստեղծել, այսպես կոչված, «նորեփրատյան կազակություն», որպես ռուսական ցարիզմի հուսալի պատվար։ Այդ իսկ պատճառով ցարական իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում էին Կովկասից հայ գաղթականների վերադարձն իրենց նախկին բնակության վայրերը։ Սակայն դա նրանց չի հաջողվում, մինչ աշխատանք էր տարվում Ռուսաստանի խորքերից մարդկանց հանել և բերել արևմտյան Հայաստան, այստեղ արդեն սկսվել էին վերակառուցման աշխատանքները, անհրաժեշտ էր հողը մշակել, ուստի իշխանությունները հարկադրված թույլ են տալիս հայ գաղթականներին վերադառնալ իրենց բնակավայրերը։ Սակայն հայերը չէին կարող ստանալ իրենց նախկին հողերը, քանի որ դրանք հայտարարվել էին ոուսական պետության սեփականություն։ Հայերն իրավունք են ստանում միայն ծանր կապալով օգտվել իրենց հողերից։

Պատերազմի տարիներին ցարական կառավարությունը որոշակի միջոցներ է ձեռնարկում՝ տնտեսապես յուրացնելու արևմտյան Հայաստանը, կառուցվում են նոր երկաթգծեր, ավտոճանապարհներ, սկսվում են Տրապիզոն և Ռիգե նավահանգիստների վերակառուցումը և այլն։ Սակայն 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը խափանում է գաղութացման բոլոր ծրագրերը։

Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունները և Հայաստանը

խմբագրել

Ցարի տապալումը, քաղաքական իրավիճակի փոփոխությունը Ռուսաստանում նորից հայկական հարցի լուծման հույսեր են ծնում հայ ժողովրդի մոտ։ 1917 թվականի մարտի 4-ին ժամանակավոր կառավարությունը հրապարակեց «խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին» որոշումը։ Մարտի 14-ին և 23-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ն ողջույնի հեռագիր է ուղարկում պետական դումայի ժամանակավոր կոմիտեի նախագահ Մ. Ռոձյանկոյին և ժամանակավոր կառավարության նախարար-նախագահ Գ. Լվովին, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր «փոքր ժողովուրդների, այդ թվում և հայերի միակ պաշտպան և պատերազմը մինչև հաղթական վախճանը իրականացնող» և հույս էր հայտնվում, որ «Ռուսաստանը նախկին տաճկական վիլայեթների վրա կստեղծի Հայաստան»։ Այս նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսությունը նախաձեռնում է «Տաճկաստանի տեղահանված վայրերի Հայոց միություն»-ը։ 1917 թվականի մարտի 26-ին, Փետրվարյան հեղափոխության միամսյակի առթիվ արդարադատության նախարար Ա. Կերենսկին հայտարարում է. «Օրերս կհայտնվի փաստաթուղթ այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվում է ամեն կարգի նվաճողական ձգտումներից»։ Դա «Ազգերի ինքնորոշման մասին» ժամանակավոր կառավարության ապրիլի 9-ի որոշումն էր։ Մայիսի 12-ին Կերենսկին ռուս զինվորներին արդեն կոչ էր անում շարունակել պատերազմը «ոչ թե նվաճումների ու բռնության, այլ ազատ Ռուսաստանի փրկության համար»։ Հայ հասարակական-քաղաքական շրջանները հանդես էին գալիս պատերազմը շարունակելու օգտին, քանի որ Ռուսաստանի հաղթանակը և Թուրքիայի պարտությունը նշանակում էր արևմտյան Հայաստանի ազատագրումը և հայկական պետության վերականգնումը։ Սրանով էր պայմանավորված հայ քաղաքական կուսակցությունների զգալի մասի աջակցությունը ժամանակավոր կառավարությանը՝ նրա «պատերազմ մինչև հաղթական ավարտ» կարգախոսին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո հայ հասարակայնությունը որոշակի պահանջներ է ներկայացնում, այն, որ հայ ժողովուրդը որպես ռուսական ագատ պետության իրավահավասար մասը, պետք է օգտվի դեմոկրատական նվաճումներից, նախևառաջ ագգային իրավահավասարության իրավունքից, և միայն այդքանը։ Հայ գրեթե բոլոր քաղաքական ուժերը գտնվում էին սպասողական դրության մեջ։

Հետփետրվարյան փուլում հայկական հարցի լուծումը չուներ որոշակի մշակված ուղղվածություն և մարտավարություն։

Անդրկովկասի ազգամիջյան սուր հակասությունների մթնոլորտում, հայ իրականության համար հայկական հարցը ընդգրկում էր նաև անդրկովկասյան ներքին ազգային խնդիրները, այսպես կոչված՝ «վիճելի տարածքների» հարցը։ Իրենց հերթին արևմտահայերը պահանջում էին իրենց լքված բնակավայրերը վերադառնալու հնարավորու թյուններ ստեղծել, կայուն քաղաքացիական իշխանություն արևմտյան Հայաստանում, հանրապետական, դեմոկրատական կարգեր, ժողովրդավարական ընտրություններ, թիկունքի ավազակների զինաթափում, ցարական պաշտոնյաների վերացում, հայկական միլիցիայի ստեղծում, հայրենիք վերադառնալու խոչընդոտների վերացում, պետական աջակցություն վերաշինության գործին։ Ցարի տապալումից հետո էլ Արևմտյան Հայաստանում պահպանվում էր պատերազմի իրավունքով գրավված մարզերի գեներալ-նահանգապետությունը։

1917 թվականի ապրիլի 26-ին հրապարակվում է ժամանակավոր կառավարության որոշումը, համաձայն որի, պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված արևմտյան Հայաստանի տարածքի քաղաքացիական կառավարումը անմիջականորեն դրվում էր ժամանակավոր կառավարության տնօրինության տակ։ Ստեղծվում է Թուրքահայաստանի և Թուրքիայից գրավված տարածքների գեներալկոմիսարի պաշտոն, որը տրվում է Կովկասյան ճակատի մատակարարման պետ Պ. Ավերյանովին։ Գեներալ-կոմիսարին էին ենթարկվելու ստեղծվող վարչական մարմինները։ Օգոստոսի 6-ին հիմնվում է կոմիսարության քաղաքացիական մասի երկրորդ տեղակալի պաշտոն, որը ստանձնում է Յակով Զավրիևը (Հակոբ Զավրյան)։ 1917 թվականի սեպտեմբերի 9-ին, Պ. Սվերյանովի հրամանով, արևմտյան Հայաստանի մարզերից ձևավորվում են երեք նահանգներ՝ էրզրումի (կոմիսար՝ Յակով Գլոտով), Խնուսի (կոմիսար՝ Ն. Նիկոնենկո), Վանի (կոմիսար՝ Կ. Համբարձումյան)։ Յուրաքանչյուր նահանգում կոմիսարին կից ստեղծվում են նահանգային խորհուրդներ։

Չնայած որոշակի միջոցառումներին ու ջանքերին, 1917 թվականի հունիս-դեկտեմբեր ամիսներին արևմտյան Հայաստանում չի ստեղծվում կայուն քաղաքացիական կարգ, իսկ խորացող անիշխանության փաստը վկայում էր, որ արևմտյան Հայաստանը ժամանակավոր կառավարությանը հետաքրքրում էր նախևառաջ տնտեսապես, հայ բնակչության ճակատագիրը նրա ուշադրությունից դուրս էր։

1917 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում տեղի է ունենում սոցիալիստական հեղափոխություն, տապալվում է ժամանակավոր կառավարությունը։ Նորաստեղծ խորհրդային կառավարությունը հրաժարվում է Ռուսաստանի կնքած բոլոր պայմանագրերից, հռչակում իր արտաքին և ազգային քաղաքականության սկզբունքները, 1917 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունում է Դեկրետ «Թուրքահայաստանի մասին», որով հայտարարում է ի լուր աշխարհի, որ ինքը պաշտպանում է Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Սակայն դեկրետով նախատեսված միջոցառումները իրականություն դաոնալու համար չեն ամրապնդվում գործնական երաշխիքներով, միևնույն ժամանակ ռուսական զորքերը թողնում են պատերազմի ընթացքում գրաված արևմտյան Հայաստանի տարածքը։ Այսպիսով դեկրետը չի իրականանում։ Հռչակելով հաշտության մասին դեկրետը, խորհրդային կառավարությունը բանակցություններ է սկսում Գերմանիայի և վերջինիս դաշնակիցների հետ՝ հաշտության պայմանագրով խորհրդային Ռուսաստանը պատերազմից հանելու նպատակով։ 1918 թվականի մարտին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրի համաձայնագրով խորհրդային Ռուսաստանը տարածքային զիջումներ է անում Գերմանիային, իսկ Թուրքիային զիջում է ամբողջ արևմտյան Հայաստանը, ինչպես նաև արևելյան Հայաստանի մի մասը, ինչի հետևանքով Հայաստանի տարածքը, որտեղ 1918 թվականի մայիսին վերականգնվել էր հայկական պետականությունը հանձին՝ Հայաստանի Հանրապետության, որի տարածքը հազիվ կազմում էր 10 հազար կմ2:

Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները զարգանում էին խիստ բարդ, հիմնականում դրանք պայմանավորվում էին խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններով և հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսվում է ծավալվել քեմալական շարժումը։ Ռուսաստանը ձգտում էր կտրել Հայաստանը Անտանտից, միաժամանակ աջակցում էր քեմալական Թուրքիային՝ վերջինիս դիտելով իբր հակաիմպերիալիստական գործոն Մերձավոր Արևելքում։ Ընդ որում լրիվ անտեսվում էր քեմալական Թուրքիայի զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Հետագա իրադարձությունները

խմբագրել

1919 թվականին Էրզրումի և Սվազի իրենց կոնգրեսներում քեմալականներն ընդունում են որոշումներ, որոնց համաձայն Հայաստանին ոչ մի թիզ հող չպետք է զիջվեր։ Հետագայում այդ որոշումները դրվում են թուրքական պառլամենտի ընդունած «Ազգային ուխտի» հիմքում։ 1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մոսկվայում հրավիրված առաջին ռուս-թուրքական կոնֆերանսում խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պաշտոնապես ճանաչում է «Ազգային ուխտի» պահանջները։ Այդ էր պատճառը, որ նույն ժամանակ Մոսկվայում խորհրդային կառավարության բանակցությունները Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ ոչ մի արդյունք չեն տալիս։ Դրանով է բացատրվում նաև այն հանգամանքը, որ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրում խոսվում է միայն արևելյան Հայաստանում ստեղծված պետականությունը ճանաչելու և տարածքային հարցերը կարգավորելու մասին, իսկ արևմտյան Հայաստանի տարածքների ճակատագիրը ընդհանրապես չի քննվում։

1920 թվականի հոկտեմբերի 28-ին խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները Երևանում ստորագրում են խաղաղության պայմանագրի նախագիծ, համաձայն որի, ճանաչվում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, Թուրքիան իր զորքերը հետ էր քաշում մինչև 1914 թվականի սահմանները, Զանգեզուրը և Նախիջևանը մնում էին Հայաստանին։ Ընդունվում էր խորհրդային Ռուսաստանի միջնորդությունը արևմտյան Հայաստանի հարցի լուծման գործում։ Պայմանագրի նախագծում ասվում էր. «Հայաստանի Հանրապետությունը, ելնելով Թուրքահայաստանում վիճելի տարածքների հարցը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության հետ բարեկամաբար լուծելու մտադրությունից, պատրաստ է ընդունել ՌԽՖՍՀ կառավարության բարեկամական միջնորդությունը այդ խնդիրների լուծման մեջ»։ խորհրդային կառավարության աջակցությանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնում էր, եթե կատարվեին հետևյալ պայմանները.

  • թուրքական զորքերը ետ քաշվեին մինչև նախկին ռուս-թուրքական սահմանը,
  • Թուրքիան հրաժարվեր Բրեստ-Լիտովսկի և Բաթումի պայմանագրերից,
  • Թուրքիան անվերապահորեն ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար պետք է ստանար խորհրդային Ռուսաստանի և խորհրդային Ադրբեջանի կառավարությունների հավանությունը։ 1920 թվականի հոկտեմբերի 4-ին Բաքվում տեղի է ունենում ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի համատեղ նիստը, որին մասնակցում էր նաև Իոսիֆ Ստալինը, ով մերժում է պայմանագրի նախագիծը։ Քանի որ նիստին մասնակցում էր Ստալինը՝ ՌԿ (բ) կ ԿԿ անդամ էր, պայմանագրի նախագծի մերժումը համարվում է վերջնական և քննարկման չի դրվում Մոսկվայում։

1920 թվականի աշնանը Հայաստանի պարտությունը թուրք-հայկական պատերազմում արմատապես փոխում է խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Պատերազմում պարտված, փակուղում հայտնված Հայաստանի Հանրապետությանը խորհրդային Ռուսաստանի կառավարությունը հարկադրում է 1920-ի դեկտեմբերի 2-ին Երևանում կնքել համաձայնագիր, ըստ որի, իշխանությունը որոշ պայմաններով անցնում էր բոլշևիկներին, Հայաստանում հաստատվում էին խորհրդային կարգեր։ Սակայն իշխանությունը վերցնելուց հետո բոլշևիկները չեն կատարում համաձայնագրով նախատեսված պայմանները։ Համաձայնագրում հայկական հարցն ընդհանրապես չէր արծարծվում։

1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում տեղի է ունենում ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսը, որը կոչված էր կարգավորելու Թուրքիայի և խորհրդային հանրապետությունների հարաբերությունները։ Թուրքիայի պահանջով Հայաստանի պատվիրակությանը թույլ չի տրվում մասնակցել կոնֆերանսին, որը պետք է քննարկեր հայ ժողովրդի համար խիստ կենսական հարցեր։ Կոնֆերանսի ավարտից հետո, 1921 թվականի մարտի 16-ին, Մոսկվայում կնքվում է ռուս-թուրքական պայմանագիր, որով Թուրքիային էին տրվում ոչ միայն արևմտյան Հայաստանի տարածքները, այլև Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից վերցվում և Ադրբեջանական ԽՍՀ-ին էին տրվում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը։ 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրով խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան փաստորեն վերաբաժանում են Հայաստանի տարածքները։ խորհրդային Ռուսաստանը այդ պայմանագրով պարտավորվում էր «Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց։

Ամփոփում

խմբագրել

Այսպիսով, առանց խորհրդային Հայաստանի մասնակցության, ըստ էության, հայ ժողովրդի թիկունքում, լուծվում են Հայաստանի կենսական շահերը շոշափող հարցերը։ Մարտի 16-ի պայմանագրին օրինական բնույթ տալու համար որոշվում է հրավիրել հատուկ կոնֆերանս՝ Թուրքիայի, Անդրկովկասի երեք հանրապետությունների և խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կոնֆերանսը տեղի է ունենում Կարսում, որի մասնակիցները 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրում են պայմանագիր՝ հաստատելով Մոսկվայի մարտի 16-ի (Լենին-Քեմալ եղբայրության պայմանագիր) պայմանագրի պայմանները. 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերում խորհրդային Ռուսաստանը ճանաչում է Թուրքիայի իրավունքը՝ տիրելու այն տարածքները, որոնք մտցված էին 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական պառլամենտի հռչակած «Ազգային ուխտի» մեջ, ինչը վկայում է, որ խորհրդային Ռուսաստանը շահագրգռված չէր հայկական հարցի լուծմամբ։ Իսկ Կարսի պայմանագրով ռուսական կառավարությունը հարկադրում է խորհրդային Հայաստանի կառավարությանը նույնությամբ ընդունել Մոսկվայի պայմանագրի իրեն վերաբերող բոլոր կետերը։

Գրականություն

խմբագրել
  • Կիրակոսյան Ջ. Ա, «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը», Ե., 1967:
  • Անանուն Ղ, «Ռուսահայերի հասարակական զարգացումը», հ. 3, Վնտ., 1926:
  • Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1628-1923), Ե., 1972:
  • Խուրշուդյան Լ. Ա, «Սովետական Ռուսաստանը և Հայկական հարցը», Ե, 1977։
  • Дпев Г. А., «Армянский вопрос в Турции (Из переписки со стамбульским публицистом)», М., 1893;
  • Ахов М., «Россия и армяне», СПБ, 1897; Братская помощь пострадавшим в Турции армянам. М., 1898;
  • Амфитеатров А. В., «Армянский вопрос», СПБ, 1906;
  • Гире А., «Россия и Ближний восток», СПБ, 1906;
  • Дживелегов А, «Русская революция и Армения», «Армянский вестник», 1917, N 10-11;
  • Оиеровский Л. Я., «Идея автономного строя Турецкой Армении под протекторатом России», Пятигорск, 1915;
  • Керенский А Ф «Жизнь: политическая деятельность и речи», П., 1917;
  • Борьяи Б. А, «Армения, международная дипломатия и СССР», ч. 1-2, М.-А, 1923-29;
  • Акопян С. М., «Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны», Е„ 1967.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։