Ռոկոկո
Ռոկոկո (ֆր.՝ rococo, rocaille), ոճ արվեստում, որը ծագել է Ֆրանսիայում 18-րդ դարի առաջին կեսին բարոկկո ոճի զարգացման արդյունքում։ Ռոկոկոյի բնորոշ գծերն են շքեղությունը, ինտերիերի դեկորատիվ ծանրաբեռնվածությունը, ռիթմը, դիցաբանության նկատմամբ մեծ հետաքրքրությունը, հարմարավետությունը։ Ճարտարապետության մեջ ամենաբարձր զարգացումն է ունեցել Բավարիայում։
«Ռոկոկո» (կամ ռոկայլ) եզրույթը գործառության մեջ է մտել 19-րդ դարում։ «Ռոկայլը» ինտերիերի, շատրվանային բաժակների և նման կառույցների՝ տարբեր քարերով ձևավորումն է այնպես, որ բնականի տպավորություն է թողնում։ Այն, ինչը մենք այժմ անվանում ենք ռոկոկո, իր ժամանակին կոչվում էր «գեղեցիկ ճաշակ», բայց 1750-ական թվականներին ուժեղացավ քննադատությունը, և գրականության մեջ սկսեց հանդիպել «փչացած ճաշակ» արտահայտությունը։ Իրենց որակումներում հատկապես խիստ էին էնցիկլոպեդիստները, որոնց կարծիքով՝ «փչացած ճաշակում» բացակայում էր խելամիտ սկիզբը։
Ոճի հիմնական տարրերն են խոպոպիկները և կարտելը՝ այժմ մոռացված մի եզրույթ, որոնցով բնութագրվում է կարծես կտրված եզրերով թղթերի կլորավուն փաթեթը, որում կարող է տեղադրվել խորհրդանիշ, զինանշան կամ մակագրություն։
Չնայած նոր «անտիկ ձևերը» հանրաճանաչ էին և նորաձև 1750-ական թվականներին (այդ ուղղությունը ստացավ «հունական ճաշակ» անվանումը), ռոկոկոն իր դիրքերը պահեց մինչև հարյուրամյակի վերջը։ Ֆրանսիայում ռոկոկոյի շրջանը կոչվեց Կուպիդոնի և Վեներայի շրջան[1]։
Ճարտարապետություն
խմբագրելՌոկոկոյի ճարտարապետական, ավելի ճիշտ՝ դեկորատիվ ոճը ծագել է Ֆրանսիայում Լյուդովիկոս 15-րդի խնամակալ Ֆիլիպ Օռլեանցու օրոք և իր գագաթնակետին է հասել Լյուդովիկոս 15-րդի օրոք՝ ներթափանցելով Եվրոպայի մյուս երկրներ։
Մի կողմ թողնելով Լյուդովիկոս 14-րդի շրջանի և իտալական բարոկկոյի սառը շքեղությունը, ծանր ու ձանձրալի ձևերը՝ ռոկոկոյի ճարտարապետությունը ձգտում էր լինել թեթև, բարեհաճ, խուսափում է խիստ համաչափությունից, դետալների անվերջ տարբերակներ է ստեղծում։ Այս ճարտարապետության մեջ գրեթե գրեթե անհետանում են ուղիղ գծերն ու հարթ մակերևույթները, ճիշտ նույնությամբ չի պահպանվում ընդունված և ոչ մի կարգ. սյուները մեկ երկարում են, մեկ՝ կարճանում, մեկ՝ պտտվում շրջանակաձև, խոյակները փոփոխվում են, որմնասյուները առաջ ձգվող քիվեր ունեն։ Ճակտոններն ունեն ուռուցիկ և խոռոչավոր գծեր, թագադրված են սկիհներով, բուրգերով, քանդակներով։ Դռների, պատուհանների, շենքերի ներսի պատերի ձևավորման մեջ իրենց դերն ունեն խճճված, «սվաղած զարդարանքները», որոնք ներկայացնում են տերևներ հիշեցնող խոպոպներ, դիմակներ, ծաղկաշղթաներ ևն։ Չնայած ռացիոնալության բացակայությանը և քմահաճությանը՝ ռոկոկո ոճով մեզ են հասել շատ հուշարձաններ, որոնք աչքի են ընկնում յուրօրինակությամբ, շքեղությամբ, զվարթ գեղեցկությամբ։
-
Մյունխեն
-
Ֆրիդերյան ռոկոկո. Չինական տնակ Պոտսդամում
-
Չինական պալատի ռոկոկո ինտերիեր
-
Բավարիայի ռոկոկո
-
Պորտուգալական ռոկոկո Օուրու-Պրետուում
Գեղանկարչություն
խմբագրելՌոկոկոյի առաջացումը պայմանավորված էր փիլիսոփայության, ճաշակի, պալատական կյանքի փոփոխություններով։ Ոճի գաղափարական հիմքն են կազմում հավերժ երիտասարդությունն ու գեղեցկությունը, իրականությունից փախուստը, հովվերգության ձգտումը։ Ռոկոկո ոճը ծագել է Ֆրանսիայում և տարածվել Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Չեխիայում և եվրոպական այլ երկրներում։ Սա վերաբերում է և գեղանկարչությանը, և արվեստի մյուս տեսակներին։ Գեղանկարչության մեջ վառ գույների և դրանց հակադրությունների փոխարեն գերիշխում են գունային նոր երանգները՝ մեղմ վարդագույնը, երկնագույնը։ Թեմատիկ առումով գերիշխում են հովվերգությունը, բուկոլիկան, հովվական թեմաները, ուր կերպարները չեն կքել հոգսերի տակ, այլ գեղեցիկ բնապատկերի ֆոնին տրվում են սիրո վայելքներին։ Առաջին անգամ ոճի այս հատկությունները դրսևորվել են Անտուան Վատտոյի ստեղծագործություններում։ Նա ռեալիստ է. բավական ճիշտ պատկերել է պալատական կյանքը։ Բայց նրա նկարներում իր դրսևորումն է գտնում և նոր ոճը։ Ժամանակի բնորոշ գծերից մեկը մերկ մարմինների պատկերումն էր։ Ֆրանսիայում ռոկոկոյի ամենանշանավոր ներկայացուցիչը Ֆրանսուա Բուշեն էր։
Իտալիայում ռոկոկոյի ամենանշանավոր ներկայացուցիչը Ջովաննի Բատիստա Տիեպոլոն է (1696, Վենետիկ- 1770, Մադրիդ)։ Այն ժամանակ մեծ ուշադրություն էր տրվում ֆրեսկոներին, առաստաղերի, պատերի ձևավորմանը։ Կային նույնիսկ հատուկ նկարիչներ, ովքեր մասնագիտացած էին քառակուսիներ պատկերելու մեջ։ Նրանք պատկերում էին քառակուսիներ, ճարտարապետական ձևեր, որոնք որպես շրջանակ կամ ֆոն էին ծառայում։ Այդ դեպքում հարթության վրա նկարվածը քանդակ էր թվում։ Հայտնի նկարիչ է Լոնգին։ Նրա կենցաղային թեմաները լիովին համապատասխանում են ռոկոկոյի ոճին՝ հարմարավետ հյուրընկալումներ, տոներ, դիմակահանդեսներ։ Բացի դրանից՝ Իտալիայում այդ ժամանակ զարգանում էր և ուրիշ ուղղություն, որն այնքան էլ չէր տեղավորվում ոճի սահմաններում։ Դա վեդուտիզմն էր՝ քաղաքային պատկերների՝ ամենից առաջ Վենետիկի ռեալիստական պատկերումը։ Այստեղ գերիշխում է իրականությունը ճշտորեն փոխանցելու սկզբունքը։ Վենետիկի տեսարաններ են պատկերում Ջովաննի Կանալետտոն, Ֆրանչեսկո Գվարդին։ Բեռնարդո Բելոտոն էլ աշխատում էր Գերմանիայում. նրա վրձնին են պատկանում Դրեզդենի և այլ տեղերի հիասքանչ պատկերներ։
-
Անտուան Վատտո. «Նավարկում դեպի Ցիտերու կղզի» (1721)
-
Նիկոլա Լանկրե. «Պարող Կամարգոն» (1730)
-
Ֆրանսուա Բուշե. «Վուլկանը Վեներային տալիս է Էնեայի զենք ու զրահը» (1757)
-
Ֆրագոնար. «Ճոճանակը» (1767)
-
Ջամբատիստա Տիեպոլո
Երաժշտություն
խմբագրելՌոկոկո ոճը երաժշտության մեջ դրսևորվել է ֆրանսիացի մեծ կլավեսինահարներ Ֆրանսուա Կուպերենի և Ժան Ֆիլիպ Ռամոյի ստեղծագործություններում։ Այդ ոճով են աշխատել նաև նրանց պակաս հայտնի ժամանակակիցներ Լուի Կլոդ Դակենը, Անտուան Ֆորկրեն, Անդրե Կամպրան, Մարին Մարեն և այլք։ Նրանք իրենց համարում էին նշանավոր Ժան Բատիստ Լյուլլիի հետևորդները։ Երաժշտության մեջ ռոկոկո ոճին բնորոշ են այն նույն հատկությունները, որոնք բնորոշ են գեղանկարչությանն ու ճարտարապետությանը՝ ձայնային փոքր զարդարանքներ ու խճճվածքներ (այսպես կոչված՝ մելիզմներ), փոքր և կամերային ձևեր, դրամատիկական վառ ձևերի բացակայություն, Բուշեի նկարներից հայտնի կերպարներ։ Բացի այդ՝ կլավեսինը, որ իր ծաղկման ժամանակաշրջանն էր ապրում, այդ նույն ոճի դրսևորումն էր՝ ոչ բարձր ձայնով ոչ մեծ չափի գործիք։
Նույնիսկ մեծածավալ ստեղծագործություններում՝ օպերա, բալետ, կանտատ, ռոկոկոյին բնորոշ գծերը արտահայտված են լիովին։ Այսպես, Ռամոյի և Կամպրայի օպերաները կազմված են ոչ մեծ համարներից, որոնք իրար կապված են սյուիտի սկզբունքով, իսկ երբեմն էլ գրեթե չեն կապվում ընդհանուր սյուժեով։ Այս տեսակի առավել հայտնի գործերից են Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստանը», Կամպրայի «Նրբակիրթ Եվրոպան»։ Դիցաբանական հերոսները ներկայանում էին որպես բարեկիրթ երիտասարդներ և տիկնայք, որոնք հագնված էին դիմակահանդեսի սկզբունքով։
Հայտնի էր նաև հովվերգական ժանրը՝ նույնպիսի բարեկիրթ հովիվներով, հովվուհիներով, որոնք, բնականաբար, կապ չունեին գյուղական իրական կերպարների հետ։
Գործիքային երաժշտության մեջ ևս իշխում էին համանման հովվերգական թեմաները։ Տարածված էր սյուիտը, որի մասերը աստիճանաբար շատանում էին և հարստանում բազմաթիվ մանրամասնություններով։ Բարոկկոյին բնորոշ դասական սյուիտը, որ կազմված էր 3-5 պարից, հարստացավ ֆրանսիական այնպիսի նոր պարերով, ինչպիսիք են պասպիեն, բուրեն, մենուետը, պավանան, գալյարդան, իսկ հետո սկսեց ընդգրկել բնապատկերներով ֆանտազիաներ։ Ռոկոկոյի համեմատաբար կարճ դարաշրջանում սյուիտի ժանրը հասավ իր զարգացման գագաթնակետին, իսկ հետո գրեթե հարյուր տարով դուրս մնաց երաժշտական միջավայրից։
Քանի որ երաժշտությունը հնչում էր ազնվականների ընդունելության և ճաշի ժամանակ, կիրառվում էին արիստոկրատ ունկնդիրներին զվարճացնող տարբեր միջոցներ։ Սալոններում հաճախ կատարվում էին սիրային երգեր, Ռամոյի, Կամպրայի և Լյուլլիի օպերաների հանրաճանաչ մեներգեր։
Դեկորատիվ-կիրառական արվեստ
խմբագրելՌոկոկո ոճը լավագույնս դրսևորվել է գեղարվեստական արդյունաբերության բոլոր ճյուղերում. հատկապես տարածված է եղել ճենապակու արտադրության մեջ։ Դրա շնորհիվ այս ճյուղը մեծ զարգացում ապրեց և վայելեց արվեստի սիրահարների համակրանքը։
1708 թվականին ալքիմիկ Ֆրիդրիխ Բյոտգերը գտավ ճենապակի պատրաստելու գաղտնիքը և գտավ դրան հարմար կավը։ Մեյսեն քաղաքում բացվեց առաջին գործարանը։ Ճենապակին ստացավ հանրաճանաչություն. առաջացան արտադրության այլ կենտրոններ։ Առավել հայտնի էր Սևրի մանուֆակտուրան, որտեղ աշխատում էր Էթիեն Մորիս Ֆալկոնեն։
Բացի ճենապակուց նորաձև էր նաև արծաթը։ Պատրաստվում են սպասքի ամեն տեսակ պարագաներ։ Առաջ են գալիս կահույքի նոր պարագաներ՝ կամոդներ, գրասեղաններ։ Բազկաթոռի առավել հայտնի տեսակներն էին «բերժերը» և «մարկիզան»։
-
Ռոկոկո բազկաթոռ
-
Ռոկոկո սեղան
Նորաձևություն
խմբագրելՌոկոկոյի դարաշրջանի նորաձևությունը տարբերվում էր մաքրության, նրբության ձգտմամբ, մարդու մարմնի բնական գծերի միտումնավոր խեղաթյուրմամբ։
Ռոկոկոյի նորաձևությունը ընդունված է համարել կանացի նորաձևություն։ Նորաձև են համարվում բարակ իրանը, նուրբ ուսերը, կլոր դեմքը։ Կանայք հագնում են ուռուցիկ շրջազգեստեր, որ շրջված բաժակի տպավորություն են թողնում։
Ռոկոկոյի դարաշրջանը իր հետ բերում է պաստելային, խուլ գույներ՝ բաց կապույտ, բաց դեղին, վարդագույն, մոխրագույն-կապույտ։
Գրականություն
խմբագրելԳրականության մեջ ռոկոկո ոճը առավել լայն տարածում է գտել Ֆրանսիայում 18-րդ դարում։ Այդ շրջանի գրական գործերն աչքի են ընկնում շքեղությամբ, զուրկ են քաղաքական-հայրենասիրական թեմաներից։ Դրանց հատուկ է ազատակամությունը, անհոգությունը։ Բնորոշ են դառնում հեդոնիզմի գաղափարները, որոնք դառնում են շատ գրողների, բանաստեղծների ստեղծագործության հիմքը[2]։ Գերիշխում են փոքածավալ ժանրերը՝ հովվերգություն, դիմակային կատակերգություններ, բաց տեսարաններով պոեմներ, նովելներ։ Առավել հայտնի գործերից են մարքիզ դե Պեզաիի «Զելիդայի լոգանքը», Լուվե դե Կուվրեի հեքիաթները։ Պոեզիան կլասիցիզմի վեհապանծ ոճից մի փոքր ավելի պարզ է, որի առթիվ էլ ստանում է «թեթև պոեզիա» (ֆր.՝ poésie fugitive) անվանումը։ Մեծ տարածում են ստացել մադրիգալը, սոնետը, էպիգրամը։ Իտալիայում հայտնի են ռոկոկո ոճի ներկայացուցիչներ Պիետրո Մետաստազիոն, Պաոլո Ռոլին, Գերմանիայում՝ Հագեդորնը, Գլեյմը[3]։ Անգլիայում այս ոճի գրականությունը լայն տարածում չի ունեցել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Латинский язык и отражение греко-римской мифологии в русской культуре XVIII века». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Б.И. Пуришев Рококо // А.А. Сурков «Краткая Литературная Энциклопедия». — М: Издательство «Советская энциклопедия», 1971. — Т. 6. — С. 339.
- ↑ E. Ermatinger «Barock und Rokoko in der deutschen Dichtung». — Lpz., 1928.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոկոկո ոճը ինտերիերում
- Ռոկոկո ոճի կահույք. Հենրի Գացուրի «Կահույքի ոճեր» գիրք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոկոկո» հոդվածին։ |