Ռոմանական ճարտարապետություն
Ռոմանական ճարտարապետություն, միջնադարյան Եվրոպայի ճարտարապետական ոճ, որին բնորոշ են կիսաշրջանաձև կամարները։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման ժամանակաշրջանի վերաբերյալ միասնական տեսակետ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի հիման վրա ձևավորվել է գոթական ոճը, որին բնորոշ են սրածայր կամարները։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ հանդիպում են ողջ աշխարհամասով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև նորմանական ճարտարապետություն[1]։
Իր մեջ ամփոփելով հռոմեական և բյուզանդական շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունը հայտնի է իր զանգվածեղությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծ մասամբ կանոնավոր են, սիմետրիկ նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Տարածաշրջանային առանձնահատկություններով և օգտագործվող շինանյութերի զանազանություններով հանդերձ՝ այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
Վերոնշյալ ժամանակահատվածում ռոմանական ոճով բավականին շատ ամրոցներ են կառուցվել, բայց եկեղեցիները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբբայությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող[2]։ Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ ժամանակի ընթացքում կամաց-կամաց վերափոխվել են գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն լայն տարածում էր գտել։ Այս երևույթը լայնորեն տարածված էր Անգլիայում և Պորտուգալիայում։
Անխաթար պահպանված ռոմանական շինությունների կարելի է հանդիպել այնպիսի շրջաններում, որոնք ավելի քիչ էին զարգացած այդ ժամանակաշրջանում՝ Հարավային Ֆրանսիայում, Իսպանիայի, Իտալիայի գյուղերում և հյուսիսային մասում։ Ռոմանական ոճի բնակելի տներ և ամրոցներ դեռևս կան։ Շատ եկեղեցիների վրա կարելի է տեսնել ռոմանական ոճով մասեր, որոնք հիմնականում գտնվում են շինության ներքին մակարդակներում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Романское искусство // Всеобщая история искусств. Том 2. Искусство средних веков. Книга первая.
- Círculo Románico: Visigothic, Mozarabic and Romanesque art in Europe(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանական ճարտարապետություն» հոդվածին։ |