Գոթական ճարտարապետություն
Գոթական ճարտարապետություն, գոթական ոճ կամ գոթիկա (< իտալ․ gotico ― գոթական), Արևմտյան, Կենտրոնական Եվրոպայի 12-րդ դարի կեսից մինչև 15-16-րդ դարերի արվեստի իշխող ոճ։ Կազմավորվել է Հյուսիսային և Կենտրոնական Ֆրանսիայում, 12-րդ դարի կեսին, ծաղկման է հասել 13-րդ դարում։ Տարածվել և զարգացել է կաթոլիկ դավանանքի երկրներում։ Հիմնականում զարգացել է որպես քաղաքատիպ ճարտարապետություն։ Առաջատար տիպը եղել է տաճարը՝ ճարտարապետության, քանդակի, գեղանկարչության (առավելապես՝ վիտրաժներ) համադրման բարձրագույն ձևը։
Պատմություն
խմբագրելԳոթիկոյի տաճարները (հիմնականում 3―5-նավանի բազիլիկներ) ունեն բազմաթիվ տարբերակներ։ Ռիթմիկ հարստությամբ, ճարտարապետական հորինվածքի և քանդակային հարդարանքի կատարելությամբ առանձնանում են «հասուն գոթիկոյի» մեծածավալ, վեհաշուք կառույցներ՝ Ռեյմսի (1211-1311), Ամյենի (1220-1288) տաճարները, բարձրարվեստ վիտրաժներով՝ Սեն-Շապել մատուռը (Փարիզ, 1243-1248)։
13-րդ դարի կեսից ֆրանսիական գոթիկոյի տիպի տաճարներ են կառուցվել Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Անգլիայում և այլուր։ Գոթական ոճի կառուցվածքային հիմնական առանձնահատկությունը երկկենտրոն կամարի, փոխհատվող կամարներով և ջլաղեղով խաչային թաղի, կոնտրֆորս-արկբուտան համակարգի բանական համադրումն է, որի շնորհիվ որմը դադարել է կրող տարր լինելուց, հաստատվել է քարե հիմնակմախքային տեկտոնիկ համակարգ, ստեղծվել նոր արխիտեկտոնիկ կերպար։ 19-րդ և 20-րդ դարերում հետազոտողները (Մ․ Դյոլֆաուա, Վիոլլե լը Դյուկ, Ֆ․ դը Դարտելն, Է․ Կոռուայե, Օ․ Շուազի, Յու․ Բալտրուշայտիս և ուրիշներ) բազմիցս անդրադարձել են գոթական ոճի հիմնական նկարագրի, ծագման հարցերի, սաղմնավորման աղբյուրների պարզաբանմանը։
Գոթիկան հայկական ճարտարապետության մեջ
խմբագրելԳոթիկոյի կազմավորման ընթացքում նրանում միաձուլվել են տարբեր ոճեր (հռոմեական, լոմբարդական, ֆրանսիական), «սակայն գոթական կառուցվածքի առաջացման ուժերի ամբողջության մեջ Հայաստանի արվեստն ունեցել է իր վճռական դերը»[1]։ Այս մտքին է հանգեցնում հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրությունը (Յոզեֆ Ստրժիգովսկի, Օգյուստ Շուազի, Թորոս Թորամանյան, Անրի Ֆոսիյոն, Պ․ Տոեսկա և ուրիշներ)։
Գոթական ոճին բնորոշ բազմաթիվ տարրեր, սկզբունքներ (երկենտրոն սլաքային կամարներ, ջլաղեղներ, սյունկակախուրձ, փոխհատվող կամարների համակարգ և այլն) տակավին մինչև նրա կազմավորումը առկա էին Հայաստանում՝ իրագործված մեծ կարատելությամբ (Անիի Մայր տաճար, 10-ր դար, Հովվի եկեղեցի, 11-րդ դար, Անիի Առաքելոց եկեղեցու գավիթ, 12-րդ դար, Հոռոմոսի վանք, 10-11-րդ դարեր, Հաղպատի ժամատուն, 1257, Սանահինի գրադարան, 1063, Խորակերտ, 1252 և այլն)[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Բալտրուշայտիս Յու․, «Հատվող կամարների պրոբլեմը և Հայաստանը», 1973, էջ 7։
- ↑ ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 681 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։
Գրականություն
խմբագրել- Թորամանյան Թորոս, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Երևան, 1942, էջ 93 ― 101։