Կաննի միջազգային կինոփառատոն (ֆր.՝ Festival international du film de Cannes), կինոփառատոն, որը անցկացվում է ամեն տարվա մայիս ամսին Ֆրանսիայի Կանն քաղաքում։ Համարվում է ամենահեղինակավոր կինոփառատոններից մեկը[1][2]։

Կաննի կինոփառատոն
Տեսակֆիլմերի ամենամյան փառատոն և միջոցառում
ՎայրԿանն
Կայքfestival-cannes.com(ֆր.)(անգլ.)
 Cannes Film Festival Վիքիպահեստում

Առաջին անգամ անցկացվել է 1939 թվականին, իսկ կանոնավոր կերպով սկսել է անցկացվել 1946 թվականից սկսած։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու ճյուղն» է (Palme d’Or ), որը շնորհվում է ժյուրիի կողմից ընտրված տարվա լավագույն ֆիլմին։ Մի քանի անգամ այն շնորհվել է միաժամանակ մեկից ավելի ֆիլմերի։

Մյուս մրցանակներից են Գրան պրիները լավագույն դերասանի, ռեժիսորի և սցենարիստի համար, Ժյուրիի հատուկ մրցանակ, Ոսկե արմավենու ճյուղը լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ոսկե տեսախցիկը» լավագույն դեբյուտային ֆիլմի համար և այլն։

Պատմություն խմբագրել

Ֆրանսիայում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարի ծագումը կապվում է Վենետիկի կինոփառատոնի ժողովրդականության մեծանալու հետ։ Իտալական կինոփառատոնի ձևաչափը 1930-ական թվականներին սկզբում ու կեսերին եղել է վիճելի։ Ֆրանսիան ու Եվրոպայի՝ կինոաշխարհում առաջատար մյուս երկրները վատ էին ներկայացվում, ի տարբերություն կազմակերպիչ երկրի։ 1938 թվականին անցկացված Վենետիկի 6-րդ կինոփառատոնը, որտեղ գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ Լենի Ռիֆենշթայլի «Օլիմպիա» ֆիլմը, ավարտվեց սկանդալով։ Որպես Հիտլերի վարչակարգի՝ կինոփառատոնի ընթացքին միջամտելու դեմ ուղղված բողոքի նշան՝ ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները լքել են ֆորումը։ Արդյունքում ֆրանսիական կողմը որոշել է անցկացնել իր կինոփառատոնը, որ կունենա անկախ ժյուրի, և բոլոր երկրները պատշաճ ներկայացված կլինեն[3]։

Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվելու էր 1939 թվականի սեպտեմբերին։ Ֆորումի անցկացման նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյը։ Ժյուրիի պատվավոր նախագահ է նշանակվել Լուի Լյումիերը։ Ծրագրում ներառվել են ամերիկյան «Հրաշագործը Օզ երկրից» (անգլ.՝ The Wizard Of Oz) և խորհրդային «Լենինը 1918 թվականին» ֆիլմերը։ Սակայն կինոփառատոնի բացման արարողության անցկացմանը խանգարել է Եվրոպայում սկիզբ առած Երկրորդ համաշխարհային պատերազմը[4]։ Կինոփառատոնն առաջինանգամ անցկացվել է 1946 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 5Լազուր ափում գտնվող Կանն առողջարանային քաղաքում։ Կինոփառատոնի ծրագրում ամենաառաջինը ներկայացվել է խորհրդային «Բեռլին» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է Յուլի Ռայզմանը։

Իր ներկայիս մասշտաբն ու ժողովրդականությունը կինոփառատոնը ձեռք է բերել 1951 թվականից հետո, երբ մի քանի տարի ժյուրիի նախագահ է եղել Ժան Կոկտոն[3]։ 1952 թվականից կինոփառատոնն անցկացվում է ամեն տարվա մայիսին[5] Փառատոնների ու վեհաժողովների պալատում (1968 թվականին ուսանողական խռովությունների պատճառով կինոփառատոնն ընդհատվել է, և մրցանակների հանձնման արարողություն տեղի չի ունեցել)։

Կինոփառատոնը մշտապես գտնվում է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Փառատոնին մասնակցում են համաշխարհային կինոյի տարբեր գործիչներ։ Այն ժողովրդականություն է վայելում նաև պրոդյուսերների շրջանում, ովքեր այնտեղ նախապատրաստում են նոր նախագծեր կամ վաճառում արդեն եղածները։

Մրցութային ծրագիր խմբագրել

Ցուցադրությանը մասնակցող ու հաղթող ֆիլմերի ընտրությունը կատարվում է մի քանի փուլով։ Պաշտոնական և ոչ պաշտոնական ցուցադրությունների թեկնածու կարող է դառնալ ցանկացած ֆիլմ, որ բավարարում է նախնական պայմաններին։ Ընտրության ներկայացված ֆիլմերը պետք է նկարահանված լինեն Կաննի կինոփառատոնին նախորդող տասներկու ամիսների ընթացքում և մասնակցած չլինեն կինեմատոգրաֆիական այլ ֆորումների մրցութային ծրագրերին։

Ֆիլմերի տևողությունը՝

  • Կարճամետրաժ ֆիլմ – մինչև 15 րոպե՝ ներառյալ տիտրերը,
  • Լիամետրաժ ֆիլմ՝ 60 րոպեից ավելի[Ն. 1]։

Մինչև 1970-ական թվականների վերջը երկրներն իրենք են ֆիլմերը ներկայացրել փառատոնին մասնակցելու համար, սակայն ներկայում դրանք ընտրում են փառատոնի ներկայացուցիչները[6]։

Հատուկ հանձնաժողովը մրցութային ծրագրի պահանջներին համապատասխան թեկնածուների շարքից ընտրում է նրանք, որոնք պետք է մասնակցեն[Ն. 2].

  • Կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին։ Այդ ծրագրից ժյուրին ընտրում է «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկրին,
  • «Հատուկ հայացք» ծրագրին,
  • Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրին,
  • Սինեֆոնդասյոն (Cinefondation) ծրագրին (ուսանողական կինոնկարների ծրագիր),

ինչպես նաև կինոփառատոնի մրցութային, պատվավոր ու ոչ մրցութային այլ ծրագրերի։

Խաղարկային ֆիլմերից բացի գլխավոր մրցանակին արժանացել են նաև վավերագրական ֆիլմեր («Ֆարենհայթ 9/11», «Լռության աշխարհում», ֆր.՝ Le Monde du silence):

2008 թվականին Կաննի կինոփառատոնի բյուջեն կազմել է շուրջ 20 մլն եվրո։

Նշումներ խմբագրել

  1. 15 րոպեից մինչև 60 րոպե տևողությամբ ֆիլմերը չեն կարող մասնակցել մրցութային ծրագրին։
  2. 2008 թվականին կինոփառատոնի հիմնական ծրագրին մասնակցել է 22 ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Плахов А. С. Глава 1. Страсти под пальмами — Каннский кинофестиваль // Под знаком F. Кинофестивали: художественная публицистика. — М.: Д Графикс, 2006. — С. 9—113. — ISBN 5-9900507-1-2
  2. Forbes., Jill; Street, Sarah (2001). European Cinema: An Introduction. London: Palgrave Macmillan. ISBN 0-333-75210-4.
  3. 3,0 3,1 The Classic French Cinema, 1930-1960 By C. G. Crisp / p223
  4. В условиях беспрецедентных мер безопасности открывается 59-й Каннский кинофестиваль // newsru.com, 17 мая 2006 , ссылка проверена 30 ноября 2008
  5. Ըստ պաշտոնական կայքի տվյալների
  6. «Александру Сокурову нашли пару» № 67(3643) от 20.04.2007 Андрей Ъ-Плахов. Газета «Коммерсантъ»

Արտաքին հղումներ խմբագրել