Հայագիտություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայագիտություն, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, լեզուն, եկեղեցին ու դավանանքը, աշխարհագրական միջավայրը, քաղաքակրթությունն ու ածանցյալ իրողություններն ուսումնասիրող գիտական համակարգ։ Հայագիտությունը առանձին պատմական պարբերաշրջանների շարունակական ամբողջություն է։
Բ պարբերաշրջան
խմբագրելՍկսվել է XVIII դ. սկզբից՝ Մխիթարյան միաբանության հիմնադրմամբ և շարունակվել մինչև XIX դ. 80-ական թթ., երբ Վիեննայի Մխիթարյանները սկսեցին հրատարակել «Հանդես ամսօրյա»-ն։ Եթե նախորդ շրջանում հայագիտությունը գերազանցապես օժանդակ տեղեկատվական միտում է ունեցել և ջանացել է հիմնականում գոհացում տալ եվրոպական արևելագիտությանը հետաքրքրող հարցերին, ապա Մխիթար Սեբաստացու և նրա հաջորդների (Ս. Ագոնց, Մ. Չամչյան, Մ. Ավգերյան, Ղ. Ինճիճյան, Գ. Ավետիքյան, Հ. Գաթըրճյան, Ա. Այտընյան, Գ. Մենևիշյան և այլք) աշխատությունները հայագիտությունը դարձրել են ներքին օրինաչափություններ, սկզբունքներ ու ազգային ճանաչողական նպատակներ ունեցող ինքնուրույն համակարգ։ Թարգմանական բառգրքերին փոխարինել են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց...» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը և այլն։ Հագիտության մեջ ներառվել են տեսական ու գործնական կարևորություն ունեցող նոր՝ դասական մատենագրության մատենաշարային հրատարակության («Մատենագրութիւնք նախնեաց»), բնագրագիտության, համեմատատական բանասիրության, ճարտասանության, աստվածաբանության, ճարտարապետության, արվեստի պատմության, տեսական լեզվաբանության, հնագիտության և հնագրության, վիմագրագիտության, ձեռագրագիտության և այլ ոլորտներ։ Սկիզբ է դրվել այլալեզու, հատկապես հունարեն ու լատիներեն դասական մատենագրության ժառանգության թարգմանության հրատարակությանը, ազգային վարքերի ու վկայաբանությունների հանրամատչելի մատենաշարի («Սոփերք հայկականք»)։ Ձևավորվել են հայագիտության ազգային նոր կենտրոններ Էջմիածնում, Մոսկվայում, Ս. Պետերբուրգում, Թիֆլիսում։ Հ. Շահխաթունյանի, Մ. Էմինի, Ք. Պատկանյանի, Հ. Ալամդարյանի և այլ հայագետների ջանքերով ուրվագծվել է ազգային և մշակութային միասնականության գաղափարը։ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի և Գրիգոր Շղթայակիր պատրիարքների ազգանվեր գործունեությամբ հայագիտական պրպտումներ են սկսվել Կ. Պոլսում և Երուսաղեմում։ Առանձնապես արդյունավետ էին Գևորգ Դպիր Պալատացու, Հակոբ Նալյան Զմարացու ջանքերը։ Եվրոպայում արևելագիտության բաղադրամաս կազմող հայագիտությունն աստիճանաբար դարձել է ինքնուրույն բնագավառ։
Գ պարբերաշրջան
խմբագրելԸնդգրկում է XIX դ. 80-ական թվականներից մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը։ Մխիթարյան միաբանությունների ու եվրոպական գիտական կենտրոններում գործող ուսումնասիրողների (Ա. Մեյե, Վ. Լանգլուա, Ֆ.Մակլեր, Հ. Հյուբշման, Ֆ. Կոնիբեր, Յո. Մարկվարտ և այլք) հետազոտությունները լրացրին Մ. Օրմանյանը, Եվրոպայում ուսանած Կ. Տեր-Մկրտչյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Գ. Հովսեփյանը, Ե. Տեր-Մինասյանը։ Էջմիածնում հաստատվեցին լեզվաբան Հ. Աճառյանը, պատմաբան Հ. Մանանդյանը, բանագետ Մ. Աբեղյանը, բանասեր Կ. Կոստանյանը։ 1890-ական թթ. Ն. Մառի գիտական գործունեությամբ վերջնականապես ձևավորվեց ռուսական արևելագիտության մեջ հայագիտության ուղղությունը, որի կարևորագույն նվաճումներից էր հայկական հնագիտության սկզբնավորումը (Անիի, Գառնիի, Դվինի և այլ հնավայրերի պեղումներ)։ Ն. Մառն ու աշակերտները՝ Ն. Ադոնցը, Հ. Օրբելին, Ա. Քալանթարը, Գ. Ղափանցյանը, Ի. Ջավախիշվիլին, Ն. Տոկարսկին, մշակեցին հայոց հին ու միջնադարյան պատմության, մատենագրության, արվեստի, լեզվի պատմության, ճարտարապետության, վիմագրության ու հարակից օժանդակ բնագավառների հետազոտության քննական մեթոդ, հայագիտության ավանդական շրջանակն ընդլայնեցին կովկասյան մշակույթի՝ աշխարհի հետ ունեցած ընդհանրությունների բացահայտումով, կենդանի բարբառների ու խոսվածքների քննությամբ, լայն հետաքրքրություն ներկայացնող բնագրերի հայտնաբերմամբ ու գիտական հրատարակությամբ։ Էջմիածնի ու Ս.Պետերբուրգի գիտնականների միջև հաստատվեց սերտ համագործակցություն։ Անիի հնագիտության թանգարանի հիմնումով Հայաստանում սկիզբ դրվեց ակադեմիական գիտությանը։ Հայագիտական հետաքրքրություններ ցուցաբերեցին ռուսական արևելագիտության այլ ճյուղերի ներկայացուցիչներ (Մ. Նիկոլսկի, Յու. Սմիռնով, Բ. Տուրաև, Վ. Բարտոլդ, Վ. Բոլոտով)։ Կարևորագույն նվաճում էր հայկական ձեռագրերի հավաքածուների գիտական նկարագրության սկզբնավորումը (Հ. Տաշյան, Բ. Սարգիսյան, Ն. Մառ, Մ. Մովսիսյան, Բ. Կյուլեսերյան), ինչպես նաև Ս. Մալխասյանցի գլխավորած «Պատմագիրք հայոց» մատենաշարի հիմնումը։ Հնագիտության առաջընթացին էապես նպաստեցին Ղ. Ալիշանի տեղագրական, Ն. Բյուզանդացու բնագրագիտական, Ա. Գարագաշյանի և Գ. Խալաթյանցի պատմագրական, Գ. Զարբհանալյանի գրապատմական, Գ. Գալեմքյարյանի ձեռագրագիտական, Ա. Ղազիկյանի մատենագիտական, Հ. Տաշյանի աղբյուրագիտական, Մ. Էմինի և Ե. Լալայանի ազգագրական, Յո. Ստրժիգովսկու և Թ. Թորամանյանի ճարտարապետական, Ա. Ղլտճյանի իրավագիտական, Ա. Այտընյանի ու Ղ. Հովնանյանի լեզվաբանական աշխատությունները։ Շրջափուլը ներկայացնող պարբերական հրատություններից առանձնապես նշանակալի են «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Արարատ», «Տարազ», «Բանասեր», «Ազգագրական հանդես», «Էմինյան ազգագրական ժողովածու», «Լումա», «Արևելյան մամուլ», «Սիոն», «Արձագանք», «Մշակ», «Արմենիա» (“Armenia”), «Խրիստիանսկի Վոստոկ» («Քրիստոնյա Արևելք», «Կավկազսկի վեստնիկ» («Կովկասյան Լրաբեր») և այլ թերթեր, ժողովածուներ, տարեգրքեր ու մատենաշարեր։ Պարբերաշրջանի ավարտը նշանավորվել է ազգային համալսարանի հիմնադրումով (1919)։
Դ պարբերաշրջան
խմբագրելԿարևորագույն տարբերությունը մյուս փուլերից հետևյալն է.
- ա. հայագիտությունը դարձել է պետության հոգածությունը և հովանավորությունը վայելող գիտական համակարգ,
- բ. ուսումնական ու գիտական հաստատությունների աննախադեպ ընդլայնումը, արտերկրում գործող հայագետների հրավիրումը և մասնագետների նոր սերունդների պատրաստումը Հայաստանը դարձրին հայագիտության կենտրոն,
- գ. դրա հետ մեկտեղ կրոնի մերժման գաղափարախոսության թելադրանքով անցյալի ժառանգությունից գրեթե օտարվեցին հոգևոր մատենագրության ու ազգային եկեղեցու պատմությանն ու դավանաբանությանը վերաբերող խնդիրները, Էջմիածնի գիտնական-հոգևորականներից շատերը հալածվեցին կամ հարկադրյալ դադարեցրին հետազոտական աշխատանքները,
- դ. բացարձականացված սոց-դասակարգային գաղափարախոսությունը պարտադրաբար տարածվեց մշակութային ողջ ժառանգության վրա, ինչը ունեցավ ծանր հետևանքներ,
- ե. համալսարանին զուգընթաց ստեղծվեցին Հայաստանի գիտության ինստիտուտը (1921), ապա՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Հայաստանյան մասնաճյուղը (Արմֆան, 1935), 1943-ին Հայաստանի ԳԱ-ն՝ հայագիտական մի քանի ինստիտուտներով՝ Լեզվի[1], Գրականության[2], Պատմության, Արվեստի, Արևելագիտության և այլն։ Երևան տեղափոխվեց Էջմիածնի վանքի ձեռագրերի հավաքածուն, որի հիմքի վրա ստեղծվեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ԳՀ ինստիտուտը՝ Մատենադարանը (1957)[3]։ 1921 թվականին հիմնված ՀՊՊԹ դարձավ գիտական ծանրակշիռ կենտրոն,
- զ. հրատարակվեցին մի շարք հայագիտական հանդեսներ ու տարեգրքեր՝ «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի»[4], «Տեղեկագիր»[5] (1940-ից, հետագայում՝ «Լրաբեր հասարակական գիտությունների»[6]), «Բանբեր Մատենադարանի»[7], «Պատմա-բանասիրական հանդես»[8], «Բանբեր Հայաստանի արխիվների», «Բանբեր Երևանի համալսարանի»։ Պարբերաշրջանի հատկանշական գիծը հայագիտության խնդիրների շրջանակի համապարփակությունն է։
Հայ ժողովրդի պատմության առանձին խնդիրներին նվիրված տասնյակ մենագրական աշխատություններից բացի լույս տեսան Լեոյի «Հայոց պատմության» հատորները, Հ. Մանանդյանի «Քննական տեսության» բազմահատորյակը, բուհական ձեռնարկներ, ութհատորանոց «Հայ ժողովրդի պատմությունը»։ Ընդլայնվեց հայագիտության աղբյուրագիտական խարիսխը. հնագիտություն, դրամագիտություն, ձեռագրագիտություն, ազգագրություն, բանագիտություն, վիմագրագիտություն և այլ օժանդակ գիտություններ հիմք ստեղծեցին ժողովրդի քաղաքական, մշակութային ու տնտեսական, իրավական պատմության հիմնարար նոր ուսումնասիրությունների համար։ Միջնադարյան պատմիչների բնագրերի ու նրանց աշխարհաբար թարգմանությունների հրատարակության հետ միաժամանակ լույս տեսան ձեռագրային հիշատակարանների ժողովածուներ (Գ. Հովսեփյան, Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Վ. Հակոբյան, Ա. Սանճյան), մանր ժամանակագրություններ (Վ. Հակոբյան), վիմագրությունների դիվաններ[9] (Հ. Օրբելի, Ա. Քալանթար, Ս. Բարխուդարյան, Ս. Ավագյան), Հայաստանին և հայերին վերաբերող օտար աղբյուրների թարգմանությունների մատենաշար, ինչպես նաև ազգագրության, բանահյուսության և հնագիտական հուշարձանների մատենաշարեր։ Խորհրդային Հայաստանի բնակավայրերում՝ հատկապես անտիկ ու միջնադարյան քաղաքներում (Արմավիր, Վաղարշապատ, Արտաշատ, Գառնի, Դվին ևն) կատարվեցին հնագիտական հետազոտություններ (սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար)։ Ն. Մառի, Հ. Օրբելու, Ա. Քալանթարի գործը շարունակեցին միջին սերնդի հնագետները (Բ. Պիոտրովսկի, Բ. Առաքելյան, Ս. Ավետիսյան, Կ. Ղաֆադարյան, Հ. Մարտիրոսյան, Գ. Տիրացյան և ուր.)։ Մեծ առաջընթաց տեղի ունեցավ նաև գրականության բնագավառում։ Հրատարակվեցին միջնադարյան տաղերգուների գիտական բնագրեր, հայրենների լիակատար ժողովածուներ, դասականների երկեր, հայ նոր գրականության բազմահատոր պատմությունը, «Սասնա ծռեր»-ի համահավաք բնագիրը[10], Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» երկու հատորը (1944-46), «Գրական հուշարձաններ» մատենաշարը (Ա. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ)։ Հայագիտության մնայուն նվաճումների թվին են դասվում Հ. Անասյանի «Հայկական մատենագիտության» երկու հատորը, հեղինակային բազմանդամ կոլեկտիվ ներկայացնող «Հայկական սովետական հանրագիտարանը» (13 հ.), Ա. Հովհաննիսյանի «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (2 հատոր), Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», Ս. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանը», Թ. Ավդալբեգյանի «Տնտեսագիտական բառարանը», Գ. Ղափանցյանի և Գ.Ջահուկյանի հայոց լեզվի ստուգաբանական հետազոտությունները և այլ հեղինակների բազում աշխատություններ։ Հայագիտության ձեռքբերումների շարքում արձանագրելի են փիլիլիսոփայության պատմության (Վ. Չալոյան, Հ. Գաբրիելյան, Ս. Արևշատյան), գրի և գրչության (Ա. Աբրահամյան), արվեստի պատմության (Լ. Դուռնովո, Ռ. Դրամբյան, Բ. Առաքելյան, Ա. Մնացականյան), դպրոցի և մանկավարժության պատմության (Մ. Սանթրոսյան, Ա. Մովսիսյան), իրավագիտության (Խ. Սամուելյան), բանասիրության (Մ. Աբեղյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ա. Ղանալանյան), դրամագիտության (Խ. Մուշեղյան), պատմաաշխարհագրության (Ս. Երեմյան, Թ. Հակոբյան, Բ. Հարությունյան, Ա. Հակոբյան) և մի շարք այլ մարզերում կատարված հետազոտություններն ու հրապարակումները։ Այս պարբերաշրջանում զարգացում ապրեցին հայագիտական շահագրգռություն ներկայացնող արևելագիտության մարզեր, մասնավորապես՝ ասորագիտությունը (Հ. Մելքոնյան, Լ. Տեր-Պետրոսյան), բյուզանդագիտությունը (Հ. Բարթիկյան, Կ. Յուզբաշյան[11], Պ. Մուրադյան), կովկասագիտությունը (Լ. Մելիքսեթ-բեկ, Ս. Երեմյան, Պ. Մուրադյան), իրանագիտությունը (Ա. Փերիխանյան, Բ. Չուգասըզյան, Գ. Նալբանդյան, Հ. Փափազյան, Գ. Ասատրյան), թուրքագիտությունը (Հ. Աճառյան, Ա. Սաֆրաստյան, Մ. Զուլալյան, Ռ. Սաֆրաստյան), արաբագիտությունը (Հ. Նալբանդյան, Ա. Տեր-Ղևոնդյան), քրդագիտությունը (Հ. Ջնդի, Ջ. Ջալիլ, Մ. Խամոյան)։ Լ. Խաչիկյանի նախաձեռնությամբ հրատարակվեցին «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարը (Ա. Զեյթունյան, Կ. Մուրադյան, Հ. Ամալյան), ինչպես նաև եկեղեցու հայրեր Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուսացու մատենագրական ժառանգությանը նվիրված մենագրությունները (Կ. Մուրադյան)։ Հայագիտության առաջընթացին անմասն չմնացին արտասահմանյան կենտրոնները. ձեռագրացուցակներ կազմելու գործում աչքի ընկան Ն. Պողարյանը (Երուսաղեմ), Հ. Ոսկյանը, Օ. Սեքուլյանը (Վիեննա), Ս. Ճեմճեմյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ռ. Բլեյկը, Ժ. Գարիտը, Պ. Անանյանը, Հ. Պերպերյանը, Վ. Ինգլիզյանը, Յո. Կարստը, Պ. Պետերսը, Ի. Աբուլաձեն, Հ. Քյուրդյանը, Ս. Տեր-Ներսեսյանը, Ն. Գարսոյանը, Կ. Թումանովը, և ուրիշներ։ Նրանց գործը հաջողությամբ շարունակեցին նոր սերնդի հայագետները՝ Ժ.Մ. Թիերին, Ռ. Թոմսոնը, Ժ.Պ. Մահեն, Մ. Սթոունը, Գ. Պլըտյանը, Ժ. Դեդեյանը, Լևոն Զեքիյանը, Կլոդ-Արմեն Մութաֆյանը, Գաբրիելլա Ուլուհոջյանը, Հ. Գևորգյանը, Տ. Գույումճյանը, Ք. Հաննիկը, Յ. Վայդենբերգը, Բ. Կուլին, Բ. Ութիեն և այլք։ Եվրոպական հայագիտության խթանիչ պարագաներից մեկը Փարիզում «Ռեվյու դեզ էթյուդ Արմենիեն» ("Revue des etudes Arméniennes") տարեգրքի նոր շարքի հրապարակումն է [խմբագիր՝ Ն. Գարսոյան (1987-ից), գործնական քարտուղար՝ Ժ.Պ. Մահե (1977-ից)]։ Գոյություն ունեցող հայագիտական հանդեսներին այս փուլում գումարվեցին նորերը՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Դի Շտիմե Արմենիենս» ("Die Stimme Armeniens") երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա), «Արմինիըն Դայջեսթ» ("Armenian Digest"), «Արմինիըն լինգուիսթիքս» ("Armenian Linguistics"), Քլիվլենդ, ԱՄՆ, 1980-ից ևն։ Քաղաքական առումով պարբերաշրջանն ամփոփվում է Խորհրդային Միության փլուզմամբ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ։ Հայագիտության մարզում տեղի ունեցող փոփոխությունները հանգում են հետևյալին.
- ա. գաղափարախոսական արգելքների վերացում,
- բ. տեղական և արտասահմանյան հայագիտական կենտրոնների գործակցության սերտացում,
- գ. հրատարակչական գործի անհատականացում,
- դ. հայագիտական հետազոտությունների նոր ծրագրի ստեղծման և առկա կառույցները վերակազմավորելու գործընթաց և այլն։
Գրականություն
խմբագրել- Կարէն Իւզբաշեան, Հայագիտութեան ներածութիւն։ Ուսումնական ձեռնարկ, Խմբագիր՝ Պարոյր Մուրադեան, Երևան, 2006։ ISBN 99941-44-44-8
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։
- ↑ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։
- ↑ Երևանի Մաշտոցի անվան մատենադարան։
- ↑ Էլ-հրատարակությունը տե՛ս «Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի»
- ↑ ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Հասարակական գիտություններ։ Էլ-հրատարակություն։
- ↑ «Լրաբեր հասարակական գիտությունների», Էլ-հրատարակություն
- ↑ էլ-հրատարակությունը տե՛ս «Բանբեր Մատենադարանի»
- ↑ Էլեկտրոնային հրատարակությունը տե՛ս «Պատմաբանասիրական հանդես»
- ↑ Դիվան հայ վիմագրության, էլ-հրատարակություն։
- ↑ Սասնա ծռեր, էլ-հրատարակություն։
- ↑ Մատենագիտութիւն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 130)։ |