Զարգացած միջնադարի հայկական դպրոց

Կրթությունը զարգացած միջնադարյան Հայաստանում, կրթության զարգացման պատմությունը զարգացած միջնադարյան Հայաստանում։ Հայաստանի անկախության վերականգնումը (885) նպաստեց մեկուկես հարյուրամյակի ընթացքում երկրի տնտեսական ու մշակութային բոլոր ասպարեզներում բարեփոխումներ կատարվելուն։ Միջնադարում տնտեսության տարբեր ճյուղեր զարգացում ապրեցին։ Գյուղատնտեսության մեջ կատարելագործվեց հողամշակման եղանակը։ Կիրառության մեջ մտավ հողը հերկելու ծանր գութանը, սկսեցին մշակել խամ ու խոպան տարածքները, հիմնեցին նոր ավաններ, շենացրին գոյություն ունեցող գյուղական տնտեսությունները։ Զարգացան ու կատարելագործվեցին արհեստները։ Արհեստագործական արտադրանքը լայն սպառում էր գտնում ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանվում էր օտար երկրներ։ Ներքին և արտաքին առևտուրը մեծ զարգացում ապրեց։ Հայաստանը դարձել էր միջազգային առևտրի կենտրոններից մեկը։ Արհեստագործության և հատկապես առևտրի շնորհիվ հիմնվեցին տասնյակ միջնադարյան քաղաքներ, առաջադիմեցին հնից եկող քաղաքները, զարգացավ քաղաքային կյանքը։ Տնտեսության վերելքը պայմաններ ստեղծեց և մեծապես խթանեց մշակույթի բոլոր դրսևորումների զարգացմանը։ Այս ամենին զուգընթաց մեծ զարգացում ապրեց նաև կրթությունը։

Տարրական և բարձր տիպի դպրոցներ խմբագրել

Բագրատունիների տիրապետության ժամանակաշրջանում` 9-րդ դարի վերջերից մինչև 11-րդ դարի կեսերը, ինչպես և հետագա դարերում կրթությունն աշխուժություն ապրեց։ Հայաստանում կազմակերպվում էին երկու կարգի ուսումնական կենտրոններ` նախկին՝ ավանդաբար եկող պարզունակ տարրական և բարձր տիպի դպրոցներ։

Այդ շրջանում բարձր տիպի դպրոցները նորություն էին հայկական կյանքում։ Տարրական դպրոցները երկու կարգի էին՝ հասարակական և մասնավոր։ Հասարակական էին այն դպրոցները, որոնք պահպանվում էին եկեղեցու և պետության միջոցներով։ Այդպիսի դպրոցներ կային բազմաթիվ բնակավայրերում, ինչպես՝ Անիում, Կարսում և այլուր։ Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն։ Մասնավոր դպրոցներում ուսուցանում էին եկեղեցական պարզունակ գիտելիքներ պատարագի, ժամասացության մասին։ Աշակերտը, դպրոցն ավարտելով, կարող էր կարդալ Աստվածաշունչը, երգել շարականներ։ Այս կարգի դպրոցները կազմակերպվում էին հոգևորականների կողմից։ Տարրական երկու կարգի դպրոցներում ուսումը տևում էր երեք-չորս տարի, սովորում էին 12-13 տարեկան հասակի երեխաները[1]։ Բարձրագույն դպրոցները կամ ուսումնական հաստատությունները՝ վարդապետարանները, հայ դպրության նշանավոր կենտրոններ էին։ Ուսումնասիրվող ժամանակաշրջանի վանքերը երկու բնույթի գործառնություն էին իրականացնում։ Դրանց մի մասը զբաղվում էր զուտ կրոնական գործառնությամբ՝ քարոզով, բարեգործությամբ, հիվանդների, ծերերի խնամքով և այլն, իսկ մյուս մասի համար հիմնական տեղ էր զբաղեցնում գիտակրթական գործունեությունը։ Այդպիսի վանքերում կային վարդապետարաններ[Ն 1], որոնք բարձրագույն դպրոցներ էին՝ ուսուցման որոշակի մշակված ծրագրերով։ Վարդապետարանները գիտակրթական կենտրոններ էին, որն ավարտելով՝ սաները ստանում էին վարդապետական աստիճան, իսկ դա համարվում էր գրագիտության, գիտնականության բարձր տիտղոս։ Սովորական վարդապետներից բացի այդ տիտղոսը ստանում էին նաև եպիսկոպոսները։ Ուսումնական այդ կենտրոնները գլխավորում էին ժամանակի նշանավոր գիտնականները։ Նրանց անվանում էին վարդապետներ, րաբունապետեր, ուսուչապետեր, դպրապետեր։ Վարդապետարաններ կային Անիում, Արգինայում, Կարսում, Կամրջաձորում, Սանահինում, Հաղպատում, Երզնկայում, Նարեկում, Սկևռայում, Սսում և այլուր։

Կրթությունն Անիում խմբագրել

 
Գրիգոր Մագիստրոսն ու Մանուչեն, մանրանկար, 18-րդ դար

Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում անվանի գիտնական, ուսուցչապետ Գրիգոր Մագիստրոսի կազմակերպած ճեմարանի մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Կցկտուր վկայություններ կան նրա մտավոր գործունեության մասին Սանահինում, Բջնիում, Տարոնի Սուրբ Կարապետ վանքում։ Մատթեոս Ուռհայեցին հաղորդում է, որ Գրիգոր Մագիստրոսը մեծ գիտելիքների տեր անձնավորություն էր, Կոստանդնուպոլսում բանավիճել է Բյուզանդիայի գիտնականների հետ և բոլորին զարմացրել իր իմացություններով։ Նա հիմնավորել է «յոթ ազատ արվեստների» ուսուցման անհրաժեշտությունը, «եռյակ» և «քառյակ» բաժանումներով[2]։

Անիի վարդապետարանը Հովհաննես Իմաստասերի շնորհիվ ծաղկում ապրեց 12-րդ դարում։ Նա համակարգեց վարդապետարանի ուսումնական ծրագրերը, կազմեց հանձնարարելի գրքերի ցանկը, որը հայտնի է «Սարկավագյան մատենացանկ» անունով։ Դրանում հին ու նոր կտակարաններից և առհասարակ աստվածաբանությունից բացի ընդգրկված էին փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականության վերաբերյալ աշխատություններ։ Քերականությունը նա համարում էր գիտության բանալին։ Հովհաննես Իմաստասերն անձամբ դասավանդում էր տոմարագիտություն, որը վարդապետարանի ուսումնական ծրագրերի մի մասն էր կազմում։ Նա կազմել է վարդապետարանի սաների համար մաթեմատիկայի ձեռագիր դասագիրք՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց» խորագրով։ Հովհաննես Իմաստասերը գիտաուսումնական ծրագրերի հիմքում դրեց փորձաքննական մեթոդը։

Անիի վարդապետարանը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք մտավոր-քարոզչական աշխատանքի են մեկնել Հայաստանի տարբեր գավառներ։ Անիի ուսումնագիտական կենտրոնի րաբունապետերը ոչ միայն թարգմանել, այլև հեղինակել են պատմագիտական, քերականական, փիլիսոփայական և այլ երկեր[3]։

Անիի մերձակայքում նշանավոր էր Արգինայի վարդապետարանը, որը մեծ համբավ ունեցող ուսումնագիտական կենտրոն էր։ Պատմիչներ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Մատթեոս Ուռհայեցին մեծ գովեստով են խոսել Արգինայի վարդապետարանի մասին։

Կարսի վարդապետարան խմբագրել

Կարսի վարդապետարանում ուսուցվել է աստվածաբանություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, տոմարագիտություն, երաժշտություն, աստղաբաշխություն և երկրաչափություն։ Այստեղի վարդապետարանի սաներից էր Գագիկ Ա թագավորը (990–1020), որին Մատթեոս Ուռհայեցիին բնութագրում է որպես հմուտ փիլիսոփա և լավագույն ճարտասան։ Այս վարդապետարանը գործել է միայն 11-րդ դարում։

Նարեկավանք խմբագրել

 
Գրիգոր Նարեկացի, Ձեռագիր 1568, Մատենադարան

Վարդապետարաններն ուսումնականի հետ դարձել էին գրական-գիտական կյանքի հիմնական կենտրոններ։ Դրանցում կատարվում էին թարգմանություններ, մեկնություններ, գրում կամ արտագրում ձեռագրեր, մեծապես խթանում ստեղծագործական աշխատանքները։ Այդ առումով աչքի է ընկել Վասպուրականի Ռշտունյաց գավառի Նարեկավանքի գիտաուսումնական կենտրոնը, որը գործել է 10-րդ դարի երկրորդ կեսին[Ն 2]։ Նշանավոր դեմքեր էին Անանիա Նարեկացին, Խոսրով Անձևացին և Գրիգոր Նարեկացին։ Նարեկավանքի դպրոցի հիմնադիր Անանիա Նարեկացին մանկավարժ, փիլիսոփա, աստվածաբան, եկեղեցական հայտնի գործիչ էր։ Նա Անիի և Կիլիկիայի դպրոցներից բացի մեծ ազդեցություն է թողել ժամանակի մտավոր կյանքի վրա։ Նարեկացին, ինչպես և իր գործակիցները ծանոթ էին նախորդ դարաշրջանի հայ գիտական մտքի, հունաբան դպրոցի ներկայացուցիչների՝ Դավիթ Անհաղթի, Դավիթ Քերականի, Ստեփանոս Սյունեցու և Անանիա Շիրակացու գործերին։ Օգտագործել են նաև անտիկ հեղինակների՝ Պլատոնի, Արիստոտելի և ուրիշների աշխատությունները։ Նարեկյան դպրոցի ձևավորման ու զարգացման մեջ մեծ ազդեցություն են թողել հատկապես Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրվող երկերը[4]։ Անանիա Նարեկացու խրատները լայն տարածում են գտել․ դրանցում արծարծվում են վանական կենցաղավարության, բարոյագիտության միստիկայի ու նրա առանձնահատկությունների մասին հարցեր[5][Ն 3]։

Խոսրով Անձևացու (Գրիգոր Նարեկացու հոր) գրական ժառանգության մեջ կարևոր տեղ է գրավում «Մեկնություն ժամանակագրութեան» աշխատությունը, որը եղել է կրթական ձեռնարկ և որոշակի ազդեցություն է թողել Նարեկյան դպրոցի ձևավորման և զարգացման ընթացքի վրա։ Մեծ է եղել այդ աշխատության հոգևոր-կրթական նշանակությունը։ Նա ձգտել է հավատացյալների մեջ սեր արթնացնել գրի ու գրականության նկատմամբ։ Անձևացու համար առաջնային է եղել Ս. Գրքի և հոգևոր գործերի ընթերցանությունը, ուսումնասիրումը, վերծանությունը և մեկնաբանությունը։ Նա, մերժելով օտարամոլությունը, ընդգծում է հայոց լեզվի, հայ գրի նշանակությունը[6]։

Հրաչյա Թամրազյանը մի շարք վկայությունների հիման վրա եկել է այն հետևության, որ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծման գաղափարը առնչվում է Անանիա Նարեկացու անվան հետ։ Վերջինս ստեղծագործել է մինչև 10-րդ դարի 90-ական թվականները, իսկ աշակերտը՝ Գրիգոր Նարեկացին՝ մինչև 1003 թվականը։ Նշանակում է, որ ուսուցիչն ու աշակերտը շուրջ մեկուկես տասնամյակ համատեղ ստեղծագործական կյանք են ունեցել[7]։ Այդ համագործակցության և Նարեկյան դպրոցի շնորհիվ էլ Գրիգոր Նարեկացին լուրջ ձեռքբերումներ ունեցավ[8]։ Անանիա Նարեկացու մահից հետո նրան փոխարինել և վարդապետարանը գլխավորել է Գրիգոր Նարեկացին։

Նարեկյան դպրոցի գիտակրթական համակարգը համապատասխանում էր միջնադարյան բարձրագույն դպրոցների մակարդակին։ Այստեղ դասավանդվում էին «յոթ ազատ արվեստները», հատուկ ուշադրություն էր դարձվում «արտաքին» գիտելիքների վրա»[9]։

Սանահինի և Հաղպատի վարդապետություն խմբագրել

Սանահին խմբագրել

Գիտությունը և ուսուցումը համատեղվում էր նաև Հայաստանի մյուս վարդապետարաններում, որտեղ ստեղծագործում էին նույնպես ժամանակի անվանի դեմքերը։ Այդ վարդապետարանների և նրանց ուսուցչապետերի գործունեության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Նշանավոր է եղել Սանահինի մտավոր կենտրոնը, որը գոյատևել է դարեր շարունակ։ Ժամանակակիցները գիտակրթական այդ օջախը բնութագրում են որպես բարձր աստիճանի հասած «մեծահռչակ» հաստատություն։ Դասընթացներն անց են կացվել «Մագիստրոսի ճեմարան» կոչված քարե նստարաններ ունեցող կամարակապ գեղեցիկ շենքում։ Այդտեղ դասախոսություններ է կարդացել Գրիգոր Մագիստրոսը, ինչի համար էլ դահլիճը և շենքը կոչվել է նրա անունով։ Սանահինի կրթական այդ կենտրոնը հովանավորում էին Աշոտ III թագավորը և կինը՝ Խոսրովանուշը, ուր թաղված էին իրենց հարազատ Կյուրիկյանները։ Սանահինում դասավանդել են աստվածաբանություն, հոգևորական արվեստ, քերականություն, տոմարագիտություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Սանահինում և Հաղպատում հոգևորականների հետ սաների թիվը հասնում էր 500-ի[10]։ Սանահինում 12-րդ դարում ուսուցչապետ էր Գրիգոր Տուտեորցին, որը ճանաչված հեղինակություն էր նաև Կիլիկիայի կաթողիկոսարանում և արքունիքում։ 13-րդ դարում ուսուցչապետերի մեջ նշանավոր դեմք էր Աբասի որդի Գրիգորը։ Նա տվեց բազմաթիվ երկերի մատենագրական տեսությունը, դրանց ստեղծման հակիրճ պատմությունը, որը բանասիրության մեջ հայտնի է «Պատճառաց գիրք» անունով։ Այս աշխատությունն աստվածաբանության, եկեղեցու հայրերի գործունեության, փիլիսոփայության, քերականության, ճարտասանության վերաբերյալ ներածական բնույթ ունեցող աշխատություն է։ «Պատճառաց գիրքը» դասագրքի դեր է կատարել բարձրագույն դպրոցների համար[11]։ Սանահինը հայ դպրության մեջ իր ավանդն է թողել որպես «գրչության արվեստի» կենտրոն, ուր բազմաթիվ ձեռագրեր են արտագրվել, բազմացվել։

Հաղպատ խմբագրել

 
Սամուել Անեցու աշխատություններից մի էջ, 1626 թ

Հաղպատի ուսումնագիտական հաստատությունը նշանավոր է եղել 11–13-րդ դարերում։ Հաղպատում ծավալվել են մատենագրական-գիտական բեղուն աշխատանքներ։ Գիտակրթական այս հաստատությունը տվել է հայ մատենագրության մի շարք անվանի դեմքեր։ Մշակութային այս կենտրոնը ձեռագրական աղբյուրներում անվանվել է «մայրաքաղաք»։ Այստեղ է գտնվել հայ դպրության միջնադարյան ամենահարուստ գրադարան-մատենադարաններից մեկը[12]։

Հաղպատում մեծ ավանդ ունի մեծանուն գիտնական Հովհաննես Իմաստասերը (Հովհաննես սարկավագ վարդապետ), որն իր գործունեությամբ մտավոր այդ կենտրոնը զարգացման գագաթնակետին հասցրեց։ Մեծ է նրա ներդրումը իմաստասիրության, տոմարագիտության մեջ։ Գարեգին Հովսեփյանը նրա աշակերտների մեջ հիշատակում է Երեմիայի, Անձրևիկի, Խաչատուրի, Գրիգորի, Հովհաննեսի և Սամվել Անեցու անունները։ Նա Հաղպատը դիտում է որպես գրչության դպրոցի կենտրոն և պատմում է, որ այստեղ ստեղծագործական այնպիսի կյանք կար, վարդապետների և աշակերտների այնպիսի բազմություն, ուր պետք է, որ ծաղկեր նաև գրչության արվեստը[13]։ Հովհաննես Իմաստասերն առնչություն ուներ այդ կենտրոնում գործող լուսավորիչ իրավաբան Դավիթ Ալավկաորդու, Դավիթ Քոբայրեցու և ուրիշների հետ։

Դավիթ Քոբայրեցին անվանի ուսուցիչ էր, պարապում էր «Պատճառաց գրքով», նա մասնակցել է Զաքարիա սպասալարի Լոռի (1204) և Անի (1205) ժողովներին։ Նշանավոր է եղել Վարդան Հաղպատեցին, ով մեկնել է Կիլիկիա` Ներսես Շնորհալու մոտ, հմտացել ասորերենի և հունարենի մեջ։ Շնորհալու մահից հետո նա մեկնում է Հաղպատ և գործում այնտեղ[14]։

Գլաձորի համալսարան խմբագրել

Միջնադարյան Հայաստանի բարձրագույն դպրոցների մեջ նշանավոր էր մասնավորապես Գլաձորի համալսարանը։ Այդ վարդապետության հիմնադիրն է Ներսես Մշեցին: Նա Խոր Վիրապի վարդապետության ուսուցչապետ Վարդան Արևելցու սանն էր։ Իր նախնական կրթությունը ստացել է Մշո Առաքելոց կամ Ս. Ղազարի վանքում, ապա 1266 թվականին մեկնել է Խոր Վիրապ` գիտելիքները խորացնելու, ուր էլ ստացել է վարդապետական աստիճան[15]։ 1271 թվականին Վարդան Արևելցու մահից հետո Մշեցին փոխարինում է ուսուցչապետին, ապա դպրոցը տեղափոխում Տարոնի Առաքելոց վանքը, ուր գործում է շուրջ մեկ տասնամյակ։ Մինչև 1281 թվականը՝ Ներսես Մշեցու վարդապետությունը Մշո Առաքելոց վանքում էր, իսկ հաջորդ տարում, հալածվելով քրդերից, անցնում է Վայոց ձոր[16]։

  Զաքարյանների շրջանում և նրանց շնորհիվ, երևան են գալիս մի քանի իշխանական գերդաստաններ, որոնց հաջողում են խոհուն քաղաքականությամբ մեղմել ահարկու բռնակալությունը և ստեղծել տանելի պայմաններ` խաղաղ աշխատանքի համար։ Պռոշյան, Օրբելյան, Դոփյան, Ջալալյան, Վաչուտյան և այլ տոհմերը լուսաշող աստղերն են հայ մտքի երկրակամարում, որը առաջնորդում են աշխարհաշեն և մտացի ուժերը[17][Ն 4]։
- Նիկողայոս Ադոնց
 

Թամար թագուհու օրոք (1184–1212) հայ-վրացական զորքը Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ՝ 12-րդ դարի վերջին, սելջուկ թուրքերից ազատագրում են Վրաստանի և Հայաստանի տարածքները։ Զաքարյան եղբայրները ազատագրված տարածքներից հատկացնում էին իրենց զորահրամանատարներին։ Լիպարիտ Օրբելյանը ստանում է Սյունիքը, իսկ Վասակ Խաղբակյանը կամ Պռոշյանը՝ Վայոց ձորի մի մասը։ Այս իշխանական տները և տասներկու թեմերի հոգևոր առաջնորդ, կաթողիկոսի կողմից Սյունյաց մետրոպոլիտ հաստատված Ստեփանոս Օրբելյանը հովանավորում էին Գլաձորի համալսարանը։ Նրանք, վասալական կախման մեջ լինելով մոնղոլներից, կարողացել էին որոշ ինքնավար իրավունքներ ձեռք բերել։ Օրբելյանն իր լիազորությունները և եկեղեցու կալվածքները վերականգնելու համար երեք անգամ մեկնել է մոնղոլ խաների նստավայրը և վերադարձել դրական արդյունքներով[18]։

Մի վայրում, եթե գիտաուսումնական գործընթացը կազմակերպելու կամ շարունակելու համար, օտար տիրապետության պայմաններում, աննպաստ կամ անհնարին իրավիճակ էր ստեղծվում՝ լուսավորության գործի նվիրյալները, այդ թվում՝ վարդապետարաններն ավարտող, վարդապետի աստիճան ստացող սաները թողնում, հեռանում էին լեռներով պատսպարված համեմատաբար խաղաղ մի անկյուն և այնտեղ շարունակում կամ սկսում կրթական գործը։ Նիկողայոս Ադոնցը նշում է Զաքարյանների շրջանում հայ իշխանական տների գոյության մասին, սակայն ոչ միայն Զաքարյանների օտարերկրյա տիրապետության այլև հետագա դարերում, թեկուզ և թուլացած, հայ իշխանական որոշ տներ պահպանվում էին երկրի տարբեր վայրերում։ Նրանք, որպես կանոն, հովանավորում էին գիտակրթական, առհասարակ մշակութային ձեռնարկումները։ Ուսումնակրթական այդ ջանքերի շնորհիվ է, որ սելջուկյան, ապա մոնղոլական տիրապետության դժվարին պայմաններում ոչ միայն չխաթարվեց, այլ ավելի մեծ թափ առավ վարդապետական ուսուցումը։

1282 թվականին Ներսես Մշեցին իր դպրոցը հիմնում է Վայոց ձորի Աղբերց վանքում, որը հետագայում անվանվում է Գլաձորի վանք, իսկ վարդապետությունը՝ Գլաձորի համալսարան[19][Ն 5][20] Նա մշակեց դպրոցի ուսուցման ծրագիր, որի մեջ մտնում էին աստվածաբանություն, քերականություն, մատենագրություն, փիլիսոփայություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Տարբեր տեղերից հավաքագրեց խոստումնալից աշակերտներ։ Ուսումնագիտական կենտրոնը ապահովեց լավ դասախոսներով։ Նրանցից էին իր աշակերտ և Սասունից իր հետ եկած Եսայի Նշեցին, Դավիթ Սասնեցին և ուրիշներ։ Ներսես Մշեցին արդյունավետ աշխատանքներ կատարեց ոչ այնքան մատենագրության ոլորտում, որքան վարժ ու հմուտ սաներ պատրաստելով[21]։ Նա Եսայի Նշեցուն ձեռնադրում է վարդապետ և կարգում փոխարինող։ 1284 թվականին նրա մահից հետո Նշեցին դառնում է ուսումնարանի ուսուցչապետ և մեծ բարձունքի է հասցնում գիտակրթական այդ կենտրոնը։ Գլաձորի համալսարանի հռչակը տարածվում է ամբողջ Հայաստանում։ Ժամանակակիցները նրան «երկրորդ Աթենք» են համարել։ 13-րդ դարի մի ձեռագրում գրիչը հայտնում է.

 

Որոյ եկեալ յայս գաւառի,
Որում անուն Վայոց ձոր կոչի,
Հունց ի շիրիմըն Սիւնեցի
Ի յԱղբերդ վանս մենաստանի,
Յերկրորդ Աթէնս պանծալի,
Առ ուրս մեր Ներսէսի
եւ րաբունեաց վարժապետի…

[22]
 

Գլաձորի ուսումնակրթական կենտրոնը ժամանակակիցները և հայագետ ուսումնասիրողները համարել են համալսարան։ Նրանցից են Կյուրեղ րաբունապետը, նշանավոր մատենագիր Հովհան Քռնեցին, անվանի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ինչպես նաև ականավոր հայագետ Ղևոնդ Ալիշանը և ուրիշներ[23][24]։

Ուսուցման ծրագիրը Գլաձորում խմբագրել

Համալսարանի ուսումնական ծրագիրը եղել է «յոթ ազատ արվեստների» կամ յոթ իմաստասիրական առարկաների յուրացումը, ինչպես նաև որոշ այլ գրքերի ուսումնասիրությունը։ Գլաձորում ու նրա ավանդները շարունակող և զարգացնող Տաթևի ուսումնագիտական կենտրոնում ուսուցանում էին միջնադարյան համալսարաններում ընդունված աշխարհիկ ու հոգևոր կրթությանը նվիրված առարկաների մի ամբողջ համակարգ։ Բարձրագույն դպրոցներում կամ վարդապետարաններում հիմնական դասընթացը եղել է աստվածաբանությունը, հին և նոր կտակարանների անքննադատ յուրացումը։ Նույնն է եղել նաև եվրոպական երկրների միջնադարյան համալսարաններում։ Հայաստանում ձեռագրերի ստեղծման, արտագրության, դրանցով ուսուցանելու գործնական պահանջի թելադրանքով էական տեղ էր տրվում բանասիրությանը։ «Յոթ ազատ արվեստները» կամ գիտության յոթ ճյուղերը բաժանվում էին երկու մասի. եռյակ՝ քերականություն, ճարտասանություն ու տրամաբանություն և քառյակ՝ թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն ու երաժշտություն։ Եռյակն ընդգրկում էր հասարակական գիտությունների ոլորտը, իսկ քառյակը՝ բնական կամ ճշգրիտ գիտությունները։

Եռյակ ուսուցում խմբագրել

 
Եսայի Նշեցի, Սկևռի վանք, Կիլիկիա, 1299

Եռյակ ուսուցման առաջին անհրաժեշտ առարկան քերականությունն է։ Դրանով գիտելիքներ էր տրվում ոչ միայն լեզվի առանձնահատկությունների, օրինաչափությունների, այլ նաև գրականության տեսության, արվեստի, իմաստասիրության, ճարտասանության, երաժշտության վերաբերյալ։ Այդ պատճառով քերականությունը հաճախ դիտվում էր որպես նախապատրաստական առարկա, և որպես ուսումնական հիմնական առարկա դրված է եղել ինչպես եվրոպական, այնպես էլ Հայաստանի միջնադարյան համալսարանների ուսուցման ծրագրերի հիմքում։ Գլաձորում հատկապես առաջ մղվեց քերականական միտքը։ Նրա սաներից Հովհաննես Ծործորեցին, Հովհաննես Քռնեցին դպրոցներ հիմնեցին իրենց ծննդավայրերում և շարունակեցին ու խորացրեցին Գլաձորի ավանդները[25]։

Համալսարանում այս առարկան ուսուցանվում էր հիմնականում Եսայի Նշեցու «Վերլուծություն քերականության» աշխատությամբ։ Հայագետ Գ. Հովսեփյանը համալսարանի րաբունապետի գործունեությունը երեք մասի է բաժանում՝ դպրոցական, եկեղեցական և մատենագրական-գիտական։ Նշեցին աղբյուրները և գրականությունն օգտագործելու մեծ հմտություն ուներ։ Գ. Հովսեփյանը ծանրակշիռ աշխատություն է համարում Եզեկիելի մեկնությունը, որը նա գրել է 1302 թվականին՝ Ստեփանոս Օրբելյանի պատվերով։ Նշեցու այդ գործը նշանավոր է առատ աղբյուրների օգտագործմամբ, որոնց մեջ հիմնականը եղել է Կյուրեղ Ալեքսանդրացին։ Նա օգտվել է Որոգինեսի, Հիպոլիտի և ուրիշների աղբյուրներից, որոնց բնագրերը կորած են։ Նշեցու երկրորդ ծավալուն աշխատությունը քերականությունն է, որը նույնպես ստեղծվել է՝ հիմնվելով նախորդ հեղինակների գործերի վրա։ Նա օգտվել է Հովհաննես Երզնկացու 1281 թվականին Կիլիկիայում դասախոսած աշխատությունից։ Նշեցու աշխատության մեջ էականը քարոզն է, որի առիթով իր խոսքն ուղղում է Աստծուն։ Նա տիրապետում էր հունարենին։ Լ. Խաչերյանը գտնում է, որ հայ քերականագիտությունը արգասավորվել է հունական միջավայրից, սակայն այն ձևավորվել ու զարգացել է՝ սնվելով հայկական դպրության ակունքներից[26]։

Եռյակ ուսուցման երկրորդ առարկան ճարտասանությունը կամ հռետորությունն էր, որը միաժամանակ անհրաժեշտ գիտելիքներ էր տալիս գրական ստեղծագործության, ոճաբանության, գեղագիտության վերաբերյալ։ Այս առարկան սովորեցնում էր ճառ, քարոզ, պաշտոնական ուղերձներ, նամակներ գրելու արվեստը։ Հռետորությունն այն զենքն էր, որով իր ազդեցությունն էր տարածում եկեղեցին, ընդդիմանում բոլոր թշնամական հոսանքներին։ Ճարտասանությունը պատշաճ էր մատուցվում հենց նրանով, որ Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք Պիտոյից»-ը քանիցս ընդօրինակվել է Գլաձորի համալսարանում։ Այն ոչ միայն պերճախոսության, այլև համոզելու արվեստն էր։ Այդ առումով ճարտասանը մեծ պատրաստություն, լայն մտահորիզոն ունեցող անձնավորություն պետք է լիներ։

Երրորդ առարկայի՝ տրամաբանության կամ դիալեկտիկայի ուսուցման համար օգտագործվում էին Արիստոտելի, Պորփյուրի և Դավիթ Անհաղթի երկերը։ Այս բնագավառում Նշեցու գործը շարունակեց ու խորացրեց Հովհան Որոտնեցին, որը գրեց մի քանի աշխատություններ ու առարկայի դասավանդումը ավելի բարձր աստիճանի բարձրացրեց իր վերահաստատած Որոտանի և Տաթևի համալսարաններում։ Նա օգտագործեց Արևմտյան Եվրոպայում ստեղծված տրամաբանական երկասիրությունները, որոնց թարգմանությունները կատարվել էր Քռնայի դպրոցում։ Հովհաննես Քռնեցին` Եսայի Նշեցու աշակերտը, դասավանդության հարցում շեղվեց իր ուսուցչի ուղուց, կաթոլիկություն ընդունեց, երբ իր հրավերով Մարաղայից եկավ կաթոլիկ քարոզիչ Բարդուղիմեոս Քոլոնացին։ Այդուհանդերձ, գիտության բնագավառում շարունակեց Գլաձորի ավանդները և որոշակի ներդրում ունեցավ գիտության ասպարեզում[27]։

Եռյակ գիտություններին տիրապետելուց հետո ուսանողները կարող էին խորանալ փիլիսոփայական երկերի ուսումնասիրության մեջ։ Այստեղ որպես հիմնական դասագիրք օգտագործում էին Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունները, Փիլոն Ալեքսանդրացու, Արիստոտելի, Պորփյուրի երկերը։

Քառյակ ուսուցում խմբագրել

Քառյակ ուսուցումը սկսվում էր թվաբանությունից և որպես դասագիրք օգտագործվում էր Անանիա Շիրակացու «Քրոնիկոնը»։ Երկրաչափությունը ուսուցանվում էր աշխարհագրությանը զուգահեռ՝ Անանիա Շիրակացու և Վարդան Արևելցու ձեռնարկներով։ Աստղաբաշխությունը նույնպես ուսուցանվում էր Շիրակացու աշխատություններով։

Բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանի տարբեր վայրերից, Կիլիկիայից Գլաձոր էին գալիս շատերը։ Սովորողների ընդհանուր քանակը հասնում էր մինչև 363-ի[28]։ Նրանց զգալի մասը, ավարտելով համալսարանը և վարդապետական աստիճան ստանալով, երկրի տարբեր մասերում հիմնել են վարդապետարաններ։ Գլաձորի համալսարանը և նրա շառավիղներն ավելի քան մեկուկես դար գիտակրթական, լուսավորական, հասարակական լայն գործունեություն ծավալեցին[29]։ Մխիթար Սասնեցին հաստատվում է Քաջբերունի գավառի Մեծոփա վանքում։ Նա Նշեցու հանձնարարությամբ պայքարում է միարարների դեմ։ Կողբա վանքի դպրոցում էր Մատթեոս Մլճեցին, որը քահանայություն էր ստացել Կիլիկիայի Մլիճի վանքում։ Առաքել Հաղպատեցին ղեկավարում էր Տփխիսի դպրոցը, Կիրակոս Երզնկացին հայրենի գավառում րաբունապետ էր։ Սալմաստի դպրոցի րաբունապետը Ավագն էր, իսկ Թեղենիքի դպրոցում` Մկրտիչ Թեղենացին։ Հովհաննես Քռնեցին՝ Քռնայում, Հովհաննես Ծործորեցին՝ Ծործորի վանքում, Ներսես Տարոնացին՝ Տարոնի Առաքելոց վանքում ուսուցչապետեր էին[30]։ Գլաձորի հետ էր կապված գրիչ, մանրանկարիչ, ճարտարապետ մեծանուն Մոմիկը, ում վերջին գործը Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցին էր։

Քահանայական ուսուցում խմբագրել

Վարդապետարաններում ուսանում էին գերազանցապես քահանայական աստիճան ունեցողները։ Քահանայական ուսուցումը տևում էր 3 տարի, իսկ վարդապետական աստիճան ստանալու համար սահմանվում էր` 7–8 տարի։ Շրջանավարտը պարտավոր էր քննություններ հանձնել անցած դասընթացից։ Դրանից զատ նա ավարտաճառ էր ներկայացնում, որի պաշտպանությունը կատարվում էր հրապարակավ, հատուկ հանձնախմբի միջոցով[Ն 6][31]։ Պատահում էր, որ ուսանողը չէր բավարարվում տվյալ վարդապետարանի ուսուցման մակարդակով և իր գիտելիքները հարստացնելու նպատակով գնում էր այլ վարդապետարաններ։ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ Մխիթար Գոշը, որն ուսանել էր Հովհաննես Տաուշեցու մոտ և չէր բավարարվել ստացած գիտելիքներով, երկար ճանապարհ է կտրել Արևելյան Հայաստանից` հասնելով Կիլիկիա։ Նա Սև լեռան հռչակավոր վարդապետարանում հարստացնում է իր գիտելիքները` թաքցնելով վարդապետական աստիճան ունենալու հանգամանքը.

  Կացեալ առ սմա Մխիթարայ և առ այլս ոմանս, էառ նա զանուն վարդապետական։ Եւ այնու ո՛չ շարացան, այլ չոգաւ նա յարևմուտս կոյս յաշխարհն, որ կոչի Սեաւ լեռն, առ վարդապետսն որք էին անդ ուսուցիչք, և զայն ինչ ի վեր ոչ հանեալ, թէ իցե նորա առեա; զայն պատիւ այլ բազում ինչ օգտեալ ի նոցանէ, եկն նա ի Կարնոյ քաղաք[32]
- Մխիթար Գոշ
 

Հերմոնի վանքի վարդապետություն խմբագրել

 
Հերմոնի վանք. եռանավ բազիլիկի ձախ թևը

1338 թվականին Եսայի Նշեցու մահից հետո մարում է Գլաձորի համալսարանը, որը կապված էր Պռոշյանների և մյուս իշխանական տներին հալածելու մոնղոլական պետության նոր քաղաքականության հետ։ Երկրորդ ուսուցչապետ Տիրատուր Կիլիկեցին, որը եկել էր Կիլիկիայի Սկևռայի վանքից, թողնում է Գլաձորը և վարդապետությունը ու հաստատվում Վայոց ձորի Հերմոնի վանքում։ Այս վանքի համալսարանի աչքի ընկնող սաներից էին Գրիգորը, Կիրակոսը և Հովհան Որոտնեցին, ով վարդապետական աստիճան էր ստացել Տիրատուր Կիլիկեցուց[33]։ Որոտնեցին սկզբում կարգվում է Տիրատուրի օգնական, իսկ 1356 թվականին որպես համալսարանի րաբունապետ փոխարինում է նրան։

Որոտնեցու համալսարանը Տաթևում և Որոտնավանքում մնում է մինչև 1384 թվականը՝ մինչև թուրքերի կողմից Որոտանի գրավումը։ Դրանից հետո Որոտնեցին տեղից տեղ է փոխադրվում և երկու տարի հետո մահանում է։ Նրան փոխարինում է Գրիգոր Տաթևացին։ Վերջինս 1373 թվականին վարդապետության աստիճան է ստանում ու Տաթևում ուսումնամանկավարժական, մատենագիտական, հասարակական լայն գործունեություն ծավալում։ 1408 թվականին նա տեղափոխվում է Մեծոփա վանք և այնտեղ հիմնում գրչության բարձր տիպի դպրոց։ 1409 թվականին Տաթևացին Երևանի Անանիա Առաքյալի վանքում վարդապետական աստիճան է տալիս քաջբերունցի իր 10 աշակերտներին։ Նրանք Տաթևի համալսարանի վերջին շրջանավարտներն էին։ Րաբունապետ Գրիգոր Տաթևացին մահանում է 1410 թվականին[34]։ Նրա աշակերտներից Թովմա Մեծոփեցին ղեկավարում էր տեղի բարձրագույն դպրոցը, իսկ Հովհաննես Հերմոնեցին` Հերմոնի դպրոցը։ Տաթևացու այս երկու աշակերտները կատարեցին իրենց ուսուցչի ցանկությունը. կաթողիկոսությունը վերահաստատեցին իր օրինական տեղում` Վաղարշապատի Սուրբ Էջմիածնի վանքում[35]։ Գլաձորի համալսարանը Եսայի Նշեցու գլխավորությամբ, Սյունյաց եպիսկոպոսության հետ դարձավ Հռոմի պապից եկող կաթոլիկության տարածման (միարարական կամ ունիթորական) դեմ պայքարի հիմնական կենտրոնը։

Գոշավանքի վարդապետարան խմբագրել

Բագրատունյաց շրջանից սկսած գիտակրթական ծավալուն շարժում էր սկսվել։ Մտավոր այդ շարժումը, 12-րդ դարում նոր թափ առնելով, առավել ուժգին դրսևորվեց։ Դրա նախաձեռնողներն էին ժամանակի գրասեր դեմքերը՝ գերազանցապես հոգևորականները, ովքեր, որպես կանոն, ունեին տեղի իշխանական տների և բնակչության աջակցությունն ու հովանավորությունը։

  Բարեպաշտ մարդիկ, այր թե կին, իշխանաւոր թէ համեստ աշխատաւոր, չեն զլանում իրենց նուէրները մեծ հաստատութեանց, գիտենալով, որ այն տեղ են կռւում հայ ժողովրդի գոյութեան հիմ` բարոյական հիմքերը
- Ն. Ադոնց[36]
 

:

Գիտալուսավորական այդ կենտրոններում ուսուցման գործընթացն ընթանում էր երկու ուղղությամբ։ Հիմնվում էին վարդապետարաններ, որտեղ բարձրագույն դպրոցի եռյակ կամ քառյակ ծրագրերով, կամ այդ առարկաների մի մասով կազմակերպվում էր ուսուցումը, որն ավարտելով՝ սաները ստանում էին վարդապետական աստիճան։ Ուսուցման մյուս, նույնպես տարածված ձևն այն էր, երբ մեկ կամ մի քանի երիտասարդներ հմուտ մասնագետների մոտ տարիներով մասնագիտանում էին ձեռագրական գործի մեջ, ուսումնասիրում, արտագրում ձեռագրեր, մատենագրի պատրաստություն ստանում։ Նոր Գետիկի կամ Գոշավանքի վարդապետարանը 12–13-րդ դարերում արգասավոր էր գործում։ Մխիթար Գոշը Կիլիկիայից վերադարձել էր Կարին և իր վարդապետարանը նախապես հիմնել էր այնտեղ, ապա փոխադրվել Գանձակ։ Այստեղ ևս հարմարավետ չէր, ուստի տեղափոխվում է Գետիկի վանքի մերձակա Տանձուտ ձորը, ուր հիմնում է Գետիկի վարդապետարանը, որը հետագայում անվանվում է Գոշավանք։ Գոշավանքի կառուցմանը և Գոշի գիտաուսումնական ձեռնարկումները հովանավորում էին Զաքարյան եղբայրները, հատկապես Իվանե Զաքարյանը, իսկ հետագայում նրա որդի Ավագը։

Մխիթար Գոշի և իր հիմնադրած վարդապետարանի մասին հանգամանալի տեղեկություններ է հաղորդում Կիրակոս Գանձակեցին, որը սովորել է հենց այդ ուսումնարանում։ Գոշի համբավը տարածված էր և շատ շատերն էին գալիս նրա մոտ ուսանելու. «Բազումք էին, որ աշակերտեցան ի նմանէ վարդապետական բանին, քանզի համբաւ իմաստութեան նորա հռչակեցաւ ընդ ամենայն տեղիս»[37]։ Վարդապետական կրթությանն այնքան մեծ կարևորություն էր տալիս Գոշը, որ իր հեղինակած դատաստանագրքում օրինականացնում է վարդապետական աստիճան ստանալու կարգը։ Նա գտնում է և արձանագրում, որ հատուկ հանձնաժողովն է իրավասու քննություն վերցնել սովորող սաներից և ոչ թե սովորողի ուսուցիչը։ Գոշի մահվանից հետո նրա աշակերտ Մարտիրոսը հաջող կերպով շարունակեց ուսուցչի գործը, և վարդապետարանը արդյունավետ գոյատևեց. «Եւ բազում եղբարք ժողովեցան վասն հռչականուն տեղւոյն, և բազմաց եղև տեղի սննդեան և ուսման, որ և մենք, իսկ սնեալ և ուսեալ եղաք ի նոյն վանս»[38]։

Գոշի աշակերտների գործունեությունը խմբագրել

 
Մխիթար Գոշի կողմից հիմնադրված վանքը՝ Գոշավանքը:

Գոշի աշակերտներից շատերը այլ վայրերում դպրոցներ բացեցին և շարունակեցին մտավոր գործունեությունը։ Այսպես, Վարդան Արևելցին մեկնում է Երուսաղեմ, անցնում է Կիլիկիա, ներկա լինում 1243 թվականի Սսի եկեղեցական ժողովին, ապա գալիս է Խոր Վիրապ ու հիմնում վարդապետարան[39]։ Վարդան վարդապետի բարձրագույն դպրոցում սովորում էին 40 աշակերտներ։ Դավիթ Երեցը 1290 թվականին մեկնում է. «յԱրարատեան գաւառն ի վանքն վիրապի սրբոյն Գրիգորի Լուսավորչին` առ հռչակավոր իմաստասէր վարդապետն հայոց Վարդան, որ և դպրոց կարգեալ էր նորա աշակերտօք»[40]։ Նրա աշակերտների թվում էին Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին և նշանավոր այլ անձինք։ Վարդան Արևելցին լինում է Հառիճի վանքում, Խորակերտում, Հաղպատում։ Նա մահանում է 1271 թվականին, որից հետո հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է ունեցել Խոր Վիրապի դպրոցը։

Երզնկա քաղաքում և մերձակա Սեպուհ լեռան սրբավայրերում գործում էին վարդապետարաններ, ուր կային նշանավոր մտավորականներ, գիտուններ, որոնց շուրջն էին համախմբվում ուսումնասեր երիտասարդները։ Հովհաննես Երզնկացու տաղերին նվիրված ուսումնասիրության մեջ բանասեր Արմենուհի Սրապյանն գրում է. «Այնքան մեծ է եղել Երզնկայի համալսարանների ազդեցությունը և ուժը, որ այնտեղ սովորած և ուսումնական վարդապետի աստիճանի հասած անվանի դեմքերից ոմանք, թողնելով իրենց հայրենի անունը, վերակոչվել են երզնկացիներ։ Դրանցից նշանավոր է Գրիգորիս Երզնկացին, որի ծննդավայրը Խարբերդն էր»[41]։ Իր մի այլ աշխատության մեջ Ա. Սրապյանը բերում է Մ. Պոտուրյանի հետևյալ խոսքերը. «Երզնկան, որ վանքերով շրջապատված Ժգ-Ժդ դարերուն փայլուն անուն մը ուներ, Հայաստանի մեջ գիտական ճեմարան մը կներկայացներ, կարծես ճիգ մը ուներ մրցելու Կիլիկիո հետ, որ ուսումնական վարդապետներուն կենտրոնավայրն էր»[42]։ Այդ են վկայում նաև ժամանակի տարեգիրները. «Յառաջինք ամենայն հայոց աշխարհին Սեպուհոյ լերանցն և վանորէցին կուցանկային։ Եւ ուսումնասերքն անդ գային յամենայն կողմանց հեռաւոր աշխարհաց, լուսով իմաստութեանց լուսաւորէին և երաժշտական արուեստից և վարդապետական պատուոյ արժանաւորէին և գնացին»[43]։

Հայագետ Կ. Տեր-Մկրտչյանն իր «Մահմեդական լուծը և ծաղկող հայ վարդապետարանները» հոդվածում, հենվելով գրավոր աղբյուրների վրա, գրում է. «Արդեն երկու դար առաջ` Ժգ դարի միջոցներում Երզնկան իւր շրջակայքով եւ Սեպուհ լեռան վանքերով հռչակ էր ստացել իբրեւ հայության ուսումնական կենտրոններից մեկը»։ Ապա նշում է, որ վարդապետարանը գլխավորում էր տաղանդավոր մատենագիր Հովհաննես Երզնկացին։ Նա այսպես է գնահատում վարդապետարանների ու նրանց րաբունապետերի գիտելիքներն ու վաստակը.

  «Պատկառանքի եւ երախտագիտութեան նման զգացումներ շատ յաճախ արտահայտուած ենք գտնում մեր ձեռագիրների յիշատակարաններում եւ տեսնում, որ նշանաւոր վարդապետարանների ղեկավար վարդապետները շատ բարձր գնահատուած բարոյական մեծութիւններ էին ժամանակակիցների աչքում, եւ նույնչափ բարձր գին ուներ նոցա աւանդած ուսումը  

[44]: Այդ նույն հոդվածում Կ. Տեր-Մկրտչյանը բերում է համշենցի Հովհաննես րաբունու օրինակը, որն Ավագ վանքի ուսումնարանից բացի Սեպուհ լեռան Կայիփոսի վանքի վարդապետարանի րաբունապետն էր։ Վերջին վարդապետարանը մի քանի հիշատակարաններում ուղղակի անվանվում է «համալսարան»։ Հենց միայն այն փաստը, որ Մխիթար Գոշը ուսումնառությունն ավարտելուց և վարդապետական աստիճան ստանալուց հետո իր գիտելիքները խորացնելու միտումով մեկնել է Սև լեռան մտավոր կենտրոնները, վկայություն է տեղի դպրոցների բացառիկ հեղինակության մասին։

Դրազարկի ուսումնաերաժշտական կենտրոն խմբագրել

Ուսումնաերաժշտական գրչության նշանավոր կենտրոն էր Դրազարկը, որը հիմնադրվել է 12-րդ դարում։ Մանրանկարչության խոշոր դեմքերից Սարգիս Պիծակը Դրազարկի սան էր։ Այս մտավոր կենտրոնն աչքի էր ընկնում երաժշտական կրթության բարձր մակարդակով։ Այստեղ պատշաճ մակարդակի վրա էր դրված նաև լեզուների ուսուցումը։ Դրազարկը միաժամանակ դիվանագետներ է տվել Կիլիկիայի հայոց թագավորությանը։

  Կոնստանդին Լամբրոնացու վանահայրության շրջանը վանքի բեղուն շրջանն էր։ Ա. Ալպոյաջյանը գրում է. Այս ամենը ցույց կուտան, թէ Դրազարկի վանքը պարզ մենաստան մը չէր, այլ ուսումնարան մը, որ փայլած է Ժբ դարէն մինչեւ Ժդ դարուն կէսերը[45]։  

Սիսը, որը դարձել էր Կիլիկիայի հայկական պետության մայրաքաղաքը, մտավոր նշանավոր կենտրոն էր։ Այստեղ բուռն զարգացում են ապրել գիտության մի շարք ճյուղեր՝ փիլիսոփայությունը, դպրությունը, աստվածաբանությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը, քերականությունը, երաժշտությունը, երկրաչափությունը, գրչության արվեստը, մանրանկարչությունը և այլն։ Սիսում հիմնվել է համալսարան, ուր դասախոսություններ են կարդացել ժամանակի նշանավոր գիտնականներն ու ուսուցչապետերը։ Համալսարանից բացի՝ այստեղ եղել է նաև վարժարան։ Հակոբ կաթողիկոսը, որը կրթության ջատագով էր, հրավիրում է Հովհաննես Երզնկացուն (Պլուզ), ով քերականություն էր կարդում։ Սսի համալսարանում մեծ էր նշանավոր փիլիսոփա Վահրամ Րաբունու գիտամանկավարժական վաստակը։ Լևոն Ա Մեծագործը, նրա գործը շարունակող Հեթում Ա թագավորը հոգ էին տանում Սսի գիտաուսումնական կենտրոնի նկատմամբ[46]։

Դպրեվանք խմբագրել

Հռոմկլա սահմանային բերդ-ամրոցում, երբ այն դարձավ հայրապետական աթոռանիստ, ստեղծվում է Դպրեվանք, ուր ուսումնամանկավարժական բեղմնավոր աշխատանք էին կատարում Գրիգոր Գ Պահլավունի փոքր վկայասեր հայրապետը և նրան փոխարինող Ներսես Շնորհալին։ Կարճ ժամանակում նրանք Դպրեվանքը դարձնում են գիր ու գրականության, մշակույթի նշանավոր կենտրոն։ Այս դպրոցը գոյատևեց մինչև 1292 թվականը, մինչև Հռոմկլայի գրավումը և հայրապետական աթոռը Սիս փոխադրելը[47]։

Սկևռայի վանք խմբագրել

12-րդ դարում Սկևռայի վանքում գործել է նշանավոր ուսումնարան, ուր Ներսես Լամբրոնացու մոտ մատենագիտական հմտությամբ աչքի է ընկել նրա աշակերտ Խաչատուրը։ Ավելի ուշ այստեղ անուն էր հանել Մխիթար Սկևռացին, ինչպես և Գևորգ Սկևռացին, ով նախապես իր պատրաստությունը ստացել էր Բջնիում, ապա զանազան վանքեր շրջելուց հետո եկել էր Սկևռայի վանքը։ Ուսումնարանում գործում էր ուսուցիչների և աշակերտների մի ամբողջ խումբ[48]։

Սև լեռներում ուսումնական կենտրոններ են եղել Պառլահոնում, Արեգում, Ուլինում, Մարաշում, Ընկուզուտումում, Շափիրում։ Շուղրի ուսումնագիտական միջավայրում են կրթություն ստացել Ներսես Շնորհալին, Գրիգորիսը և ուրիշներ։ Այստեղի վարդապետարանը լավ համբավ ուներ[49]։

Կիլիկիայի ուսումնագիտական կենտրոններ խմբագրել

 
Լևոն Բ թագավոր

Կիլիկիայի ուսումնագիտական կենտրոններին հատուկ է եղել լեզուների ուսուցման բարձր մակարդակը, քանի որ աշխարհագրական դիրքը, ծովային առևտուրը օտար լեզուների իմացության անհրաժեշտ պահանջ է առաջադրում։ Կիլիկիայի թագավորները, անգամ թագուհիները մեծապես աջակցել ու հովանավորել են ուսումնագիտական ձեռնարկումները։ Մլեհ իշխանը հիմնադրել է Մեծքար ուսումնագիտական կենտրոնը, որի հետագա հովանավորն է եղել Լևոն Բ թագավորը։ Այս բնագավառին աջակցել ու հովանավորել են Հեթում Ա թագավորը և նրա կինը՝ Զապել թագուհին։ Հեթում Ա-ի պատվերով Վարդան Արևելցին գրել է «Յաղագս մեկնութեան քերականի» երկը։ Զապել թագուհու հովանավորության մասին վկայում է Վահրամ Րաբունին։

Լևոն Գ թագավորը եղել է ուսման և գիտության հովանավոր։ Այդ պատճառով ժամանակակիցները նրան «Գրասեր» պատվանունն են տվել։ Սկզբնաղբյուրները վկայում են, որ նա կազմակերպել է բազմաթիվ բնագրեր ժողովելու և թարգմանելու գործը։ Նա գրչագրեր է պատվիրել և նվիրել ոչ միայն Կիլիկիայի, այլև Հայաստանի ուսումնագիտական կենտրոններին։

Կիլիկիայի հայկական պետության առանց ցնցումների գոյատևումը մեծ պատվար էր Հայաստանի, նրա մտավոր կյանքի պահպանման ու զարգացման համար։ Սերտ համագործակցություն գոյություն ուներ մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում՝ կրթության ոլորտում։ Հայրենի երկրում ստեղծագործական աշխատանքի դժվարությունների կամ անհնարին լինելու պարագայում նվիրյալներն անցնում էին Կիլիկիա, այնտեղ ապաստան ու նպաստավոր պայմաններ գտնում։ Արևմուտք էին մեկնում նաև բյուզանդական մշակութային ձեռքբերումներին հաղորդակից լինելու նպատակով։ Կատարվում էր նաև հակառակը. այստեղից համագործակցելու, մասնագիտանալու կամ տարբեր այլ առիթներով այցելում էին մայր հայրենիք։

Միջնադարյան համալսարաններում կամ բարձրագույն դպրոցներում աշխատում, ուսուցանում էին ժամանակի նշանավոր փիլիսոփաներ, աստվածաբաններ, մատենագիրներ, պատմաբաններ, բնական գիտության ներկայացուցիչներ։ Նրանք խոր ու բազմակողմանի գիտելիքներ էին տալիս իրենց սաներին։ Այդ դպրոցները միաժամանակ և՛ ուսումնական, և՛ գիտական կենտրոններ էին, եռյակ ու քառյակ ծրագրերով բազմաթիվ մասնագիտություններով ուսուցանելու հետ մեկտեղ գիտական գործունեությամբ էին զբաղվում։ Ձեռագրեր էին ուսումնասիրում, արտագրում, սակավ դեպքերում ստեղծում, այլ խոսքով՝ մատենագիտությամբ զբաղվում։ Անտիկ հեղինակների գործերից էին թարգմանում, արտագրում, բազմացնում և տարածում։ Այդ ամենը կատարվում էր դժվարին, հաճախ շատ ծանր ու անապահով վիճակում, օտարից եկող վտանգի մշտական սպառնալիքի պայմաններում։ Ձեռագրերից մեկի հիշատակարանում գրված է.

 

Ես Մխիթար գրիչ սորա
թուղթս անկոկ ու գրիչ չկա
Եւուրքս ցուրտ ու պարզկայ
Զարդաինս բարձր ու կրակ չկայ
Դոներս չոր ու սպաս չկայ,
Եւ այս Գլաձորն ո՞վ գիտենայ
Ես յոյժ նեղած ու ճար չկայ
Գիրքս յերկար ու եզր չկայ
Եւ ես պանդուխտ ու վեղար չկայ

 

Եվրոպայի ուսումնագիտական հաստատություններ խմբագրել

Եվրոպայում բարձրագույն ուսումնական հաստատությունները երևան են գալիս միևնույն ժամանակաշրջանում՝ 11–12-րդ դարերում։ Դրանք օգտվում էին ինքնավարությունից, թեպետ ձևականորեն գտնվում էին Հռոմի պապի ընդհանուր վերահսկողության ներքո։ Այստեղ ևս ուսման գործընթացի հիմքում ընկած է «յոթ ազատ արվեստները»։ Մեծ նշանակություն էր տրվում անտիկ հեղինակների երկերի մեկնաբանմանը, օգտագործմանը։ «Յոթ ազատ արվեստների» վրա կարևորվում էին երեք մասնագիտություններ, որոնք կենտրոնացված էին երեք նշանավոր համալսարաններում. իրավագիտությունը՝ Բոլոնիայում, աստվածաբանությունը՝ Փարիզում, բժշկությունը` Սալերնոյում[52]։ Ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում զարգացած միջնադարում երևան եկավ գիտնականների մի ամբողջ սերունդ, որին վիճակված էր նոր մակարդակի բարձրացնել կրթությունը։ Եվրոպական երկրներում, այդ թվում և հատկապես Բյուզանդիայում բարձրագույն դպրոցներում դասախոսում էին երկրի նշանավոր գիտնականները։ Նույնը կատարվում էր նաև Հայաստանում։ Բարձրագույն ուսումնական հաստատությունները, համալսարանները ստեղծվում են հասարակության զարգացման որոշակի աստիճանում, հասուն կամ զարգացած միջնադարում։ Այդ դարաշրջանում կրթության ոլորտում ուժեղանում է աշխարհականացման միտումը։ Քառյակ ծրագրով ուսուցվում էր թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն և երաժշտություն, այսինքն՝ աշխարհիկ առարկաներ։ Այսպիսով՝ կրթության ոլորտն առաջադիմում էր դարաշրջանի առաջադրած պահանջների ոգով։ Հայաստանում այն ընթանում էր եվրոպական երկրների ուսումնական գործընթացին համահունչ։ Եվրոպական երկրների հետ կար մի էական, վճռորոշ տարբերություն։ Կրթական կենտրոններն այնտեղ առաջանում էին երկրի խաղաղ, նպաստավոր պայմաններում։ Պետությունն աջակցում, դյուրին էր դարձնում դրանց գործունեությունը։ Եվրոպական պետություններից Հայաստանի հարևան Բյուզանդիայում, նրա մայրաքաղաք Կոստանդնուպոլսում բարձրագույն դպրոց կամ համալսարաններ են բացվում ավելի վաղ՝ 9-րդ դարում։ Նման կրթօջախներ հիմնում էր պետությունը, որոնց մի մասի հիմնական նպատակը պետական ապարատի համար պաշտոնյաներ պատրաստելն էր[53]։ 10-րդ դարի բարձրագույն հաստատություններից մեկում դասախոսներին կայսրն աշխատավարձ էր վճարում, իսկ ուսանողներին նյութական օգնություն ցույց տալիս[54]։ Կոստանդնուպոլսում 11-րդ դարում գործում էր համալսարան, որն աշխարհիկ կրթության կենտրոն էր և, որը գոյատևեց մինչև 1204 թվականը՝ մինչև խաչակիրների կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումը։ Համալսարանն ուներ երկու ուղղություն կամ միանգամայն ինքնուրույն գործող երկու դպրոց կամ ֆակուլտետ՝ իրավունքի և փիլիսոփայության։ Այդ ուղղությունների տնօրենները օգտվում էին լայն արտոնություններից՝ բարձր վարձատրություն ստանում և իրենց պաշտոնը վարում ցմահ[55][56]։

Հայաստանում իրավիճակը միանգամայն այլ էր։ Բագրատունյաց պետության անկումից, 11-րդ դարի կեսերից սկսած ոչ միայն ազգային պետություն չկար, այլև երկրում իշխում էին սելջուկ-թուրքերը, մոնղոլները, որոնք անխնա ավերում, ոչնչացնում էին նաև գիտակրթական կենտրոնները։ Բարձրագույն դպրոցները Հայաստանում հիմնականում ստեղծվեցին և գոյատևեցին հենց դժվարին այդ ժամանակաշրջանում՝ 12–14-րդ դարերում։ Նման դժվար իրավիճակում վարդապետարանների ստեղծումը և ամեն տեսակ դժվարություններ հաղթահարելու գնով դրանց պահպանումն ավելի քան բարձր արժեվորման կարիք ունի։

  Սովորական կարծիք է, որ Բագրատունյաց անկումից հետո հայ կյանքը գահավիժում է և մտնում մի խավար շրջան, գրեթե կանգ է առնում դարեր շարունակ կաշկանդված իր գործունեության մեջ շնորհիվ իր շուրջը բռնացող օտարոտի կարգերին։ Սակայն, հակառակ այդ ծանր կացության, որ ստեղծվել էր Հայաստանում և ամբողջ Առաջավոր Ասիայում հեռու են խուժած նոր ու բարբարոս ժողովուրդների հեղեղումով, անուրանալի է, որ հայ կյանքը չի մահացել։ Հայ հեզ աշխատասիրությունը, շինարար ոգին և արթուն միտքը շարունակել են փայլփլել զանազան կենտրոններում, ինչպես մշտավառ ճրագներ, և հավետ կենսունակության ապացույցներ տվել քաղաքակրթական նորանոր ճիգերով և ստեղծագործությամբ[57]։
- Ն. Ադոնց
 

Հայաստանում կրթության ոլորտում կատարվող առաջադիմությունն ընթանում էր ամբողջ երկիրը համակած մշակութային ընդհանուր վերելքի պայմաններում։ Դա վկայություն է լուսավորության նկատմամբ ժողովրդի հակվածությունը, անվերապահ մեծ ձգտում ունենալը։ Լուսավորական առաջընթացն իրականանում էր ողջ ժողովրդի և ամեն մի դժվարության դիմակայողների անձնազոհ ջանքերի շնորհիվ։

Նշումներ խմբագրել

  1. Վարդապետարաններն ամենևին չէին առնչվում եկեղեցական նվիրապետության աստիճանակարգի վարդապետ կոչման հետ։
  2. Նարեկա վանքի գիտական դպրոցի մասին մեզ հասած գրական ժառանգությունը համակողմանի ու հիմնավոր ուսումնասիրել է Հրաչյա Թամրազյանն իր մի շարք մենագրություններում և հոդվածներում
  3. Ա. Նարեկացու «Գիր խոստովանութեան» աշխատանքը հայտնաբերել է Գալուստ Տեր-Մկրտչյանը և 1892 թ. հրատարակել է «Արարատ» ամսագրում, ապա տպագրվել է նրա հայագիտական ուսում- նասիրություններում (Գ. Տեր-Մկրտչյան «Հայագիտական ուսումնասիրություններ», գիրք Ա, Երևան, 1979, էջ 224–234)
  4. Գ. Հովսեփյանի «Հոգևոր կենտրոններ և Գլաձորի բարձր դպրոցը» ուսումնասիրությունը ներկայացվում «Թարգմանչաց-Դուրյան» մրցանակի։ Մրցանակի հանձնախումբը աշխատությունը կարծիքի է ուղարկում Նիկողայոս Ադոնցին, որը 1936 թ. դեկտեմբերին տալիս է դրական գրախոսություն։ Ն. Ադոնցի կարծիքը տպագրվել է Գ. Հովսեփյանի «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» գրքում (էջ 462–466)
  5. Լ. Խաչերյանը նշում է, որ Վայոց ձորի Աղբերց վանքում հաստատվել էին քրդերից հալածված երիտասարդներ, որոնք եկել էին Մշո Գլաձորի վանքից։ Նրանք էլ 1291 թվականին Աղբերց վանքը վերանվանեցին Գլաձորի վանք
  6. Լ. Խաչիկյանը պարզել է, որ Գլաձորի համալսարանի ուսանողները ներկայացրել են ավարտաճառեր։ Նա Մ. Մաշտոցի անվան մատենադարանի 631 ձեռագրում հայտնաբերել է 8–10 էջից բաղկացած տասից ավելի ավարտաճառեր, որոնց մասնագետները համարել էին քարոզներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները, դպրոցները, դպրեվանքերը, վարդապետարանները, ճեմարանները, ակադեմիաները և համալսարանները Միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում (V– XVI դդ.), Լիզպոն, 1998։
  2. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները, դպրոցները, դպրեվանքերը, վարդապետարանները, ճեմարանները, ակադեմիաները և համալսարանները Միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում (V– XVI դդ.), Լիզպոն, 1998, էջ 386–422։
  3. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները, դպրոցները, դպրեվանքերը, վարդապետարանները, ճեմարանները, ակադեմիաները և համալսարանները Միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում (V– XVI դդ.), Լիզպոն, 1998, էջ 499–530։
  4. Հ. Հ. Թամրազյան, Գիրգոր Նարեկացին և նորպլատոնականությունը, Երևան, 2004, էջ 349–350։
  5. Հ. Հ. Թամրազյան, Անանիա Նարեկացի, Երևան, 1986, էջ 223–244։
  6. Հ. Հ. Թամրազյան, Նարեկյան դպրոցը, Երևան, 1999, էջ 43–54։
  7. Հ. Հ. Թամրազյան, Նարեկյան դպրոցը, Երևան, 1999, էջ 96, 104։
  8. Հ. Հ. Թամրազյան, Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը, Երևան, 2007, էջ 49։
  9. Հ. Հ. Թամրազյան, Գրիգոր Նարեկացին և Կիլիկիայի բանաստեղծական արվեստի դպրոցը, Երևան, 2007, էջ 42։
  10. Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Երևան, 1976, էջ 314։
  11. Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Երևան, 1976, էջ 790–791։
  12. Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Երևան, 1976, էջ 315։
  13. Գ. Հովսեփյան, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի ու մշակույթի պատմության, Երուսաղեմ, 1935, էջ 68–70։
  14. Ա․ Ալպոյաջյան, Պատմություն հայ դպրոցի, հ. Ա, Գահիրե, 1946, էջ 233-234։
  15. Լ. Գ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի մեջ (XIII– XIV դդ.), Երևան, 1973, էջ 19–20։
  16. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 11–12։
  17. Գ. կաթողիկոս Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, Անթիլիաս-Լիբանան, 1969, էջ 462։
  18. Լ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը… էջ 76։
  19. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 12։
  20. Լ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը էջ 45։
  21. Լ. Խաչերյան. Գլաձորի համալսարանը..., էջ 35
  22. Յ. Տաշյան, Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանի Մխիթարյանց, Վիեննա, 1895, էջ 1039։
  23. Լ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը․․․ էջ 56, 58։
  24. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 133։
  25. Ս. Արևշատյան, Մ. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 29։
  26. Լ. Խաչերյան, Գլաձորի համալսարանը․․․ էջ 112։
  27. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք․․․ էջ 284։
  28. Ա. Մովսիսյան, Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (V– XV դարեր), Երևան, 1958, էջ 176։
  29. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 41։
  30. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 44-45։
  31. Լ. Խաչիկյան, Գլաձորի համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները, հ. 23 (Պետական համալսարանի գիտական աշխատություններ), 1946, էջ 434։
  32. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց (խմբ. Կ. Ա. Օհանջանյան), Երևան, 1961, էջ 208։
  33. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք․․․ էջ 295–296։
  34. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 44–45։. նշվ. աշխ., էջ
  35. Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 51։
  36. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք․․․ էջ 463։
  37. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց (խմբ. Կ. Ա. Օհանջանյան), Երևան, 1961, էջ 217։
  38. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց (խմբ. Կ. Ա. Օհանջանյան), Երևան, 1961, էջ 222։
  39. Ա․ Ալպոյաջյան, Պատմություն հայ դպրոցի, հ. Ա, Գահիրե, 1946, էջ 241-242։
  40. Հ. Մանանդյան, Հ. Աճառյան, Հայոց նոր վկաներ, Վաղարշապատ, 1903, էջ 105։
  41. Կոնստանտին Երզնկացի, Տաղեր (խմբ. Արմենուհի Սրապյան), Երևան, 1962, էջ 32։
  42. Ա. Սրապյան, Հովհաննես Երզնկացի Պլուզ, Երևան, 1993, էջ 26։
  43. Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ, Երուսաղեմ, 1915, էջ 510։
  44. Դ. Կարապետ արքեպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Երկերի ժողովածու, Սուրբ Էջմիածին, 2008, էջ 118։118
  45. Ա․ Ալպոյաջյան, Պատմություն հայ դպրոցի, հ. Ա, Գահիրե, 1946, էջ 209։
  46. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները․․․ էջ 449։
  47. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները․․․ էջ 295-298։
  48. Ա․ Ալպոյաջյան, Պատմություն հայ դպրոցի, հ. Ա, Գահիրե, 1946, էջ 208-210։
  49. Լ. Խաչերյան, Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները․․․ էջ 354-361։
  50. Ղ. Ալիշան, Սիսական էջ 135։
  51. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք․․․ էջ 266։
  52. История всемирной литературы, հ. 2, Մոսկվա, 1984, էջ 501։
  53. История Византии, հ. 2, Մոսկվա, 1967, էջ 355։
  54. Культура Византии (вторая половина VII–XII вв.), Մոսկվա, 1989, էջ 394-395։
  55. А. П. Каждан, Византийская культура, Մոսկվա, 1968, էջ 65։
  56. З. В. Удальцова, Византийская культура, Մոսկվա, 1988, էջ 129։
  57. Գ. Հովսեփյան, Խաղբակյանք… էջ 462։

Աղբյուրներ խմբագրել

Վլադիմիր Բարխուդարյան Կրթությունը միջնադարյան Հայաստանում. X–XIV դարեր (հայերեն) // Պատմա-բանասիրական հանդես : հանդես / Սարգիս Հարությունյան. — Երևան — № № 3. — Էջ  3-21. — ISSN 0135-0536.

Արտաքին հղումներ խմբագրել