Վահրամ Րաբունի
Վահրամ Րաբունի (անհայտ, Ուռհա - անհայտ, Սիս), հայ քաղաքական մտքի Կիլիկյան դպրոցի նշանավոր ներկայացուցիչ։
Վահրամ Րաբունի | |
---|---|
Ծնվել է | անհայտ Ուռհա |
Մահացել է | անհայտ Սիս |
Մասնագիտություն | փիլիսոփա և պատմաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն, աստվածաբանություն և փիլիսոփա |
Կենսագրություն
խմբագրելԱպրել և ստեղծագործել է 13-րդ դարում, ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն։ Լինելով բարձրակարգ մտավորական՝ Վահրամ Րաբունին պաշտոնավարել է Լևոն Գ-ի (1270-1289) արքունիքում որպես ատենադպիր և տնօրինել պետության դիվանագիտական հարաբերությունները, ստեղծել պետական փաստաթղթեր ու գրագրություններ, ընդունել դեսպաններ։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ իմաստասիրական ու կրոնա-աստվածաբանական աշխատություններ՝ Արիստոտելի, Պորփյուրի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նյուսացու, Դիոնիսիոս Աերոպագացու երկերի մեկնությունները։ Հետաքրքրական է նաև Լևոն Գ թագավորի օծման առիթով նրա արտասանած ճառը, որում արտացոլվում են Րաբունու քաղաքագիտական մտքերն ու հայացքները։ Այս ճառում նա իր տեսակետն է արտահայտում թագավորական իշխանության առաջացման, նրա էության, պետության ամրապնդման ու զարգացման ուղիների մասին։ Վահրամ Րաբունու կարծիքով պետության ծագումը պայմանավորված է աստվածային կամքով ու մարդու բնությամբ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչից հետո և ինչու է առաջացել թագավորությունը, Րաբունին գտնում է, որ Աստված անմիջականորեն չի ստեղծել թագավորությունը. մարդկանց ստեղծելով իր պատկերի նմանությամբ՝ նրանց հավասար իրավունքներ է տվել իշխելու և կենդանի բնության վրա, որ նահապետներից ոմանք իրենց թագավոր հռչակեցին՝ համազգայինների վրա իշխելու նպատակով։ Ըստ Րաբունու՝ պետությունը իշխանության զարգացած ձևն է, որն իրականացնում է իշխանություն բոլորի անունից, ընդհանուրի օգտին։ Հետևելով դեռևս անտիկ աշխարհից եկող բնական իրավունքի ավանդական սկզբունքներին՝ Րաբունին գտնում էր, որ պետությունը պետք է սանձահարի մարդկանց ագրեսիվությունը, ապահովի կարգուկանոն, մեկուսացնի ներքին ապակայունացնող կենտրոնախույս ուժերին, պաշտպանի մարդու ազատությունն ու սեփականությունը։ Այս հարաբերությունները, ըստ Րաբունու, բխում են սոցիալական որոշակի պայմաններից։ Արտաքին հարաբերություններում պետությունը պարտավոր է պահպանել տարածքային ամբողջականությունը, նրա շահերը, ապահովել փոխշահավետ համագործակցությունը և այլն։ «Թագավորութիւն է ըստ ուղիղ բանին վերայ աշխարյի, որ իւր է վիճակել և ի նմա բնակելոցն իշխել արդարացի հարկս և իրավունքս ի նոցանէ առնուլ, և զնոսին ի հաստատութիւն պահել արտաքին թշնամացն` քաջությամբ պատկերազմեալ` յաղթել, և կամ հաղթութեան հնարիւք զխաղաղութիւն ողջունել»: Թագավորությունը կոչված է երկրի ներսում կարագավորելու իր հպատակների ներդաշնակ գործունեությունը, խրախուսելու բարեգործությունը, պատժելու չարագործությունը, հետևելու օրենքների իրագործմանը, իսկ արտաքին հարաբերություններում՝ քաջաբար պատերազմելով հաղթել թշնամուն կամ դիվանագիտական արվեստով հաշտություն կնքել հակառակորդի հետ և պահպանել խաղաղությունը։ Լևոն Գ-ի իշխանությունը ջատագովող այս ճառը գործող իրավունքը հայտարարում է արդարացի ու բնական։ Պետության գլխավոր դեմքը թագավորն է, որի վարքագծից է կախված երկրի բարեկեցությունն ու համերաշխությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում թագավորի և իշխանների փոխհարաբերություններին և հիմանավորվում կենտրոնաձիգ պետության գաղափարը։ Սմբատ Գունդստաբլի օրինակով Րաբունին հոգևոր իշխանությունը ենթարկում է աշխարհիկ իշխանությանը։
Գրականություն
խմբագրելՀենզել Մանուչարյան (2002)։ «Դրվագներ հայ քաղաքական մտքի պատմության»։ Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն։