Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մլեհ (այլ կիրառումներ)

Մլեհ (12-րդ դար - մայիսի 15, 1175(1175-05-15), Սիս, Կիլիկիայի Հայկական Իշխանություն), Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Բ-ի խնամակալ 1169 թվականից, Կիլիկյան Հայաստանի իշխան՝ 1170 թվականից։

Մլեհ
Իշխանություն1170 - 1175
Լրիվ անունՄլեհ Ռուբինյան
Ծնվել է՝մինչև 1120
ԾննդավայրԿիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Մահացել է՝1175 Մայիսի 15
Վախճանի վայրՍիս
Թաղվել է՝Մեծքար
Ազգությունհայ
ՀաջորդողՌուբեն Գ
ՈւղեկիցՍիրուհի
ՏոհմՌուբինյաններ
միապետ
ՀայրԼևոն Ա
ՄայրԲալդուին II Բուրգունդցու քույր
Կրոնական հավատքներՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

ԿենսագրությունԽմբագրել

Մլեհ Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն Ա Ռուբինյանի և Եդեսիայի կոմս ու Երուսաղեմի թագավոր Բալդուին (Պաղտին) II Բուրգունդցու քրոջ որդին էր։ Ծնվել է մինչև 1120 թվականը։

Հոր իշխանության օրոքԽմբագրել

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։

Թորոս Բ-ի իշխանության օրոքԽմբագրել

Հովհաննես կայսեր մահից հետո Թորոսը վերադառնում է գերությունից և ազատագրում Հայոց իշխանությունը։ Նրա ավագ եղբայրներ Մլեհը և Ստեփանեն վերադառնում են Եդեսիայից Կիլիկիո Հայոց իշխանություն։ Սակայն 1165 թվականին Մլեհը ոտնձգություն է կատարում Ռուբինյան աթոռի հանդեպ ու փորձում տապալել Թորոս Բ-ին.

«...իսկ նրա(Թորոսի) եղբայր Մլեհը չարաբարո և անագորույն մի մարդ էր, և խորհեց սպանել իր եղբայր Թորոսին, և նույն մտքին բերեց նաև այլ մարդկանց, և մի օր՝ մինչ գնում էին երեների որսի Մսիսի և Ադանայի միջև, կամեցավ Մլեհը այնտեղ սպանել եղբորը, բայց Թորոսը, նախաիմաց եղավ և բռնեց Մլեհին ու զորքի և իշխանների դիմաց հարցաքննեց, թե ինչու էր ցանկանում այդ գործը անել. և նրանց առաջ պախարակեց Մլեհին ու տալով նրան բազում ունեցվածք իշխանության համար, ձիեր, ջորիներ, զենքեր և գանձեր, արտաքսեց իր երկրից և այլևոս ոչինչ չարեց նրա չարության փոխարեն: »

Ծառայությունը Նուրեդդինի արքունիքումԽմբագրել

Կիլիկիայից արտաքսվելուց հետո Մլեհը ծառայության է անցնում Հալեպի էմիր Նուրեդդին իբն Զանգիի արքունիքում ու նրանից ստանում Կիլիկիո Հայոց իշխանությանն ու Անտիոքին սահմանակից հայաշատ Կուրուս քաղաքը և մերձական գավառները։ Արաբ պատմիչ Իբն ալ-Ասիրը նշում է նաև, որ Մլեհը Նուրեդդինի կողմից ֆրանկների դեմ ձեռնարկած արշավանքների հիմնական կազմակերպիչն էր ու նրա մշտական ուղեկիցը։

Խնամակալությունը և իշխանությունը Կիլիկյան ՀայաստանումԽմբագրել

1169 թվականին մահանում է Թորոս Բ իշխանը, գահը թողնելով իր մանկահասակ որդի Ռուբենին, որի խնամակալ է նշանակում Թումաս անունով իշխանի։ Այս իմանալով, Մլեհը ժամանում է Հայոց իշխանություն ու փորձում ինքը դառնալ խնամակալ՝ գահաժառանգ Ռուբենի ամենամերձավոր ազգականը լինելու հանգամանքով։ Սակայն հայ իշխանների կողմից մերժում է ստանում ու վերադառնալով Նուեդդինի մոտ՝ թուրքական զորք հավաքում ու պատրաստվում արշավել Հայոց իշխանություն՝ զենքի ուժով հասնելու իր ուզածին։ Այս լուրն իմանալով՝ հայ իշխանները, երկիրը ասպատակություններից զերծ պահելու համար հրավիրում են Մլեհին ու տալիս խնամակալությունը նրան։ Այս մասին Միքայել Ասորու «Ժամանակագրության» հայերեն

 
Սիս մայրաքաղաքը

տարբերակներից մեկում գրված է.

  «Այնուհետև հայերը նրան (Մլեհին) կանչել տվեցին իրենց մոտ և նրան հանձնեցին երկրի կեսը: Նա երդվեց նրանց առջև, որ մյուս կեսը մնալու է մանկանը: Բայց հետո խախտեց երդումը և տիրեց ողջ երկրին, նրա բերդերի ու քաղաքների հետ մեկտեղ:»
- Միքայել Ասորի, «Ժամանակագրություն»[2]
 

Ստանձնելով խնամակալությունը, Մլեհը հաշվեհարդար է տեսնում իր հակառակորդների հետ։ Մի քանի իշխաններ գահաժառանգ Ռուբենին փախցնում են Հռոմկլա՝ Հայոց կաթողկոսի մոտ, որտեղ Ռուբենը սպանվում է ամբարիշտ մարդկանց ձեռքով 1170 թ-ին։ Այդ թվականից սկսած Մլեհը միանձնյա գլխավորում է Հայոց իշխանությունը։ Նա հույներից գրավում է Դաշտային Կիլիկիայի 3 խորոշ քաղաքները՝ Ադանան, Մսիսը և Տարսոնը, ու երկիրը վերջնականապես ազատում հունական ու ֆրանկական ներկայությունից։ Ճնշում է Լամբրոնի ապստամբ իշխան Հեթումին։ Պատմիչները նշում են, որ Մլեհը իր իշխանությունը վարել է խաղաղության մեջ ու ծաղկեցրել երկիրը։ 1173 թվականին Մլեհը Հայոց իշխանապետության մայրաքաղաք է հռչակում Լեռնային ու դաշտային Կիլիկիաների միջև գտնվող Սիս քաղաքը։

ՄահըԽմբագրել

Իր իշխանության 5-րդ տարում՝ 1175 թվականին Մլեհ իշխանը սպանվում է իր մերձավորների ձեռքով։ Սմբատ Սպարապետը նշում է, որ տիրասպանության այդ ծանրագույն մեղքը իրենց վրա են վերցնում Ապլղարիպ և Ջահան ներքինիները, որոնց Մլեհի հաջորդ և եղբորորդի Ռուբեն Գ-ն խեղդամահ է անում գետում։

ԸնտանիքԽմբագրել

Մլեհը ամուսնացած էր Կարկաի տեր Վասիլ իշխանի դուստր և Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի քրոջ հետ։ Ներկա ուսումնասիրություններից առաջ է քաշվել մի կարծիք, որ Լևոն Ա Ռուբինյան թագավորի թագադրությանը հրավիրվածների ցանկի Սիմանակլայի տեր Սիրուհին և Մլեհի կինը նույն անձնավորությունն են[3]: Ըստ աղբյուրների, Մլեհը ուներ նաև ապօրինածին որդի Գեորգ անունով, որին կուրացնում է Լևոն Ա թագավորը։

Կրոնական պատկանելիության շուրջԽմբագրել

Ելնելով Հալեպի ամիրա Նուրեդդինի հետ Մլեհի դաշնակցության փաստից, ինչպես նաև պատմության որոշ դրվագներում եղած նրա դաժան վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, սխալմամբ կարծիք է ստեղծվել, թե Մլեհը դավանությամբ մուսուլման է եղել, ինչը միանգամայն սխալ մոտեցում է։ Դա է ապացուցում այն, որ Մլեհը Մանուտ գավառում կառուցում է մի վանք և կոչում այն Մեծքար, ապա ընծաներ մատուցում վանքին։ Սակայն կրոնական քողից դուրս պետք է դիտել Մլեհի և Նուրեդդինի դաշնակցությունը, քանի որ դա միայն քաղաքական շահեր էր հետապնդում։

Նախորդող
Ռուբեն Բ Ռուբինյան 1169
Կիլիկիայի իշխան
Մլեհ 1170-1175

Հաջորդող
Ռուբեն Գ Ռուբինյան 1145-1187

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Լևոն Տեր-Պետրոսյան, «Խաչակիրները և հայերը», հ Բ, Երևան, 2007
  • Սմբատ Սպարապետ, «Տարեգիրք»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 628