Եզնիկ Կողբացի
Եզնիկ Կողբացի (5-րդ դար, 380, 390 կամ 400, Կողբ, Մեծ Հայք - 450-ականներ), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։
![]() | |
Ծնվել է | 5-րդ դար, 380, 390 կամ 400 Կողբ, Մեծ Հայք |
Մահացել է | 450-ականներ |
Մասնագիտություն | թարգմանիչ, աստվածաբան, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Պաշտոն(ներ) | եպիսկոպոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ուսուցիչ | Մեսրոպ Մաշտոց |
![]() |
Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։
ԱշխատություններԽմբագրել
- Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հատոր Առաջին, Ներածութիւն և քննական բնագիր, սրբագրուած և միակ վաւերական հրատարակութիւն, առանց այլընթերցումների. Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնև, 1992, 222 էջ։
- Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հատոր երկրորդ, Ծանօթագրութիւններ և համաբարբառ. Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնև, 1992, 645 էջ։
- Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց(Մարտիրոս Մինասեանի կազմած բնագրի վերահրատարակութիւնը),- «Մատենագիրք Հայոց», Ե դար, հատոր առաջին, Անթիլիաս, 2003, էջ 433-512։)
- Եղծ աղանդոց Եզնիկի Կողբացւոյ (Հայ մատենագրութեան թուանշային գրադարան)։
- Des Vardapet Eznik von Kołb Wider die Sekten / aus d. Armen. übers. u. mit Einl., Inhalts-Übers. u. Anm. vers. von Joh. Michael Schmid, Wien : Mechitharisten-Congr., 1900.
ԳրականությունԽմբագրել
- Եզնիկ Կողբացու լիակատար մատենագիտությունը տե՛ս Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հատոր Առաջին, Ներածութիւն և քննական բնագիր, սրբագրուած և միակ վաւերական հրատարակութիւն, առանց այլընթերցումների. Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնև, 1992, էջ 17-42,
Արտաքին հղումներԽմբագրել
- Եղծ աղանդոց Եզնիկի Կողբացւոյ։
- Եզնիկ Կողբացի - Եղծ Աղանդոց ներբեռնել էլ. գիրքը ՀամաՀայկական Էլ. գրադարանից
- Եզնիկ Կողբացի - «Վասն Աստուծոյ» - TITUS նախագիծ
- Եզնիկ Կողբացի - «Եղծ աղանդոց» - անգլերէն թարգմանութիւն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 486)։ |