Մատենագրություն, այն ամենը, ինչ գրի է առնվել մատյանի մեջ, անկախ գրավոր խոսքի տեսակից (գեղարվեստական, ուսումնական, քարոզչական, գիտական են)։ Հայկական տերմին, որն ընդհանուր առմամբ բովանդակությամբ համապատասխանում է գրականություն բառին։ Հայ հին հեղինակները մատենագրություն տերմինը գործածել են հիմնականում հայկական, քաղդեական, հունական, ասորական և այլ մատենագրությունների համար, իսկ հետագայում նկատի են ունեցել գլխավորապես հայ հին ու միջնադարյան գրականությունը, հիմնականում ընդգըրկելով մինչև XVIII դ. ստեղծված մատենագրության բոլոր տեսակները՝ պատմագրություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, քերականություն, ուղեգրություն, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա, գեղարվեստական գրականություն և այլն։ Մատենագրական հուշարձանների շարքն են դասվում նաև երկօրների, քաղաքների, բույսերի, կենդանիների, թանկագին քարերի, չափ ու կշռի, պետական ու եկեղեցական գործիչների անուններ ու նրանց մասին տվյալներ պարունակող գրավոր նյութերը։ Հայտնի են համաքրիստոնեական մատենագրության բնագավառին պատկանող հետևյալ մատենագրական ժողովածուները, որոնք հայ մատենագրության մեջ թարգմանաբար թափանցել են հիմնականում հունականի միջոցով. Աստվածաշունչ (բիբլիա), սաղմոսարան (փսալտերիոն), պատարագամատույց (խորհրդատետր, լիտուրգիոն, միսսալե), ժամագիրք (հորոլոգիոն), մաշտոց (եվխոլոգիոն), ճաշոց (տոնամակ, տարեգիրք, պրոփետոլոգիոն, ապոստոլոս), հայսմավուրք (մենոլոգիոն, սինաքսարիոն), տոնացույց (տոնացուցակ, պարզատումար, հեմերոլոգիոն, կալենդարիում), ճառընտիր (տոնական, հոմիլիար, հոմիլիարում), Հարանց վարք (ակտասանկտորում), վկայաբանություն (ակտա մարաիրում), շարակնոց (շարական, էիրմոլոգիոն, ստիխերարիոն, հիմնարկում), գանձարան (կոնդակարիոն), մանրուսում (փսալտիկոն, ասմատիկոն), քարոզգիրք, կանոնագիրք, աղոթագիրք, տոնապատճառ և այլն։ Բացի Աստվածաշնչից և սաղմոսարանից, մյուս ժողովածուներն ընդգրկում են նաև միջնադարյան Հայաստանում ստեղծված երկեր։ Միջնադարյան մատենագրության նմուշներից են խրատ, ներբող, օրհնություն, աղոթք, մաղթանք, կցուրդ, ողբ, կտակ, տնօրինական, տեսիլ, պարականոն պատմություններ, դավանաբանական գրագրություններ, նամակներ, վավերագրեր, «Բանք իմաստասիրաց» կոչվող հավաքածուներ և նմանատիպ այլ գրվածքներ պարունակող մատյանները։ Ձեռագիր և հնատիպ մատյաններում հանդիպում են նաև սնոտիապաշտական, գուշակության, ախտարական գրվածքներ (աղավխո, հավախոս, բախտացույց, վիճակացույց, երազահան, լուսնացույց, ռամգիրք), հմայական գրականություն (հմայիլ, ուրբաթագիրք), հրաշագործությունների պատմություններ, առասպելներ են։ Հայ մատենագրություն, հատկապես պատմագրությունը, հայտնի է որպես աշխարհի ամենագարգացած գրականություններից մեկը։ Նրա մի շարք նմուշներ (V դ. պատմիչ Ագաթանգեղոսի, VII դ. քաղկեդոնական անանուն մի ժամանակագրի, XIII-XIV դարեր. Հեթում պատմիչի երկերը) դեռես միջնադարում թարգմանվել են տարբեր լեզուներով և թափանցել այլ ժողովուրդների գրականության մեջ։ Հայկական շատ սկզբնաղբյուրներ հավասարապես ծառայում են որպես աղբյուր նաև հարևան ժողովուրդների (վրացիների, աղվանների, աբխազների, ալանների, հույների, ասորիների, պարսիկների ու արաբների են) պատմության ուսումնասիրման համար։ Համաշխարհային համբավ են վայելում թարգմանական մատենագրության այն երկերը (Եվսեբիոս Կեսարացի, Տիմոթեոս Կուզ, Անտիոքի Ասիզներ), որոնց հունարեն, ասորերեն և այլ հին լեզուներով գրված բնագրերը կորել են, և որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ։

12-րդ դարի հայկական ձեռագիր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 283