Թամար (վրաց թագուհի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թամար (այլ կիրառումներ)
Թամար թագուհի (վրաց.՝ თამარ მეფე, մոտ 1166, Մցխեթ, Վրաստան - հունվարի 18, 1213, Տաբախմելա), Վրաստանի թագուհի 1184 թվականից (1178 թվականից հոր՝ Գեորգի III-ի գահակից)։
Թամար | |
---|---|
Ծնվել է՝ | 1166 |
Ծննդավայր | Մցխեթ, Վրաստան |
Մահացել է՝ | հունվարի 18, 1213 |
Վախճանի վայր | Տաբախմելա |
Գելաթի վանք | |
Երկիր | Վրաց թագավորություն |
Տոհմ | Բագրատիոնիներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Գեորգի III[1][2] |
Մայր | Բուրդուխան[1] |
Երեխաներ | Գեորգի VI Լաշա և Ռուսուդան |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ստորագրություն |
Գործունեություն
խմբագրելԹամարի հայրը՝ Գեորգի III-ը (թագավորել է 1156–84 թթ.-ին), 1178 թ.-ին նրան նշանակել է գահակից։ Ինքնուրույն գահակալել է հոր մահից (1184 թ.) հետո։
Գահակալության առաջին տարիներին ֆեոդալական ավագանին հանդես է եկել թագավորական իշխանության սահմանափակելու պահանջով։ Թագուհին թեև պահպանել է օրենսդրական և գործադիր իրավունքները, սակայն զրկվել է պետական հարցերը միանձնյա լուծելու հնարավորությունից։ Թամարի օրոք վրացական պետությունը հասել է իր հզորության ու ծաղկման գագաթնակետին։
Պետության և անձամբ թագուհու նեցուկն են դարձել Սարգիս Զաքարյանը և նրա որդիներ Զաքարե Բ-ն ու Իվանե Ա-ն։ Վերջիններս ազատագրելով Հայաստանի Բագրատունիների թագավորության տարածքը ստեղծեցին Զաքարյան Հայաստանը և պետական ունիայով գործակցեցին Թամար թագուհու գլխավորած Վրաստանի պետության հետ՝ ստանձնելով այդ երկրի բարձրագույն ռազմա-քաղաքական պաշտոնները։ Նրանք գլխավորել են պայքարը կենտրոնախույս ավագանու և արտաքին թշնամիների դեմ։
1195 թ.-ին վրացական և հայկական զորքերը՝ Զաքարե Բ Մեծի հրամանատարությամբ, Շամխորի ճակատամարտում պարտության են մատնել Ատրպատականի աթաբեկ Աբուբեքիրին և նրա դաշնակիցներին։ Հաջողությամբ են պսակվել նաև Թամարի ռազմական արշավանքները Սև ծովի առափնյա շրջան (որտեղ 1204 թ.-ին հիմնադրվել էր Տրապիզոնի կայսրությունը), Խլաթի սուլթանության՝ Շահ-Արմենների դեմ և Ատրպատականի ու Պարսկաստանի խորքերը (1210 թ.)։ Վրաստանի վասալ են դարձել Գանձակի և Էրզրումի ամիրները, Երզնկայի և Խլաթի սուլթանները, հյուսիսկովկասյան լեռնականների տիրակալները։
Զաքարե Բ Մեծի մղած պատերազմների շնորհիվ ազատագրվել է Հյուսիս-արևելյան Հայաստանը, կազմավորվել և հզորացել է Զաքարյանների իշխանապետությունը։ Իվանե Ա-ն ճնշել է կովկասյան լեռնականների ապստամբությունը Թամարի դաժան հարկային քաղաքականության դեմ։ Թամարի թագավորության տարիները Վրաստանում և Հայաստանում նշանավորվել են շինարարական ծավալուն գործունեությամբ, մշակույթի առաջնթացով։ Թամարը 1185 թ.-ին ամուսնացել է Վլադիմիր-Սուզդալյան իշխան Անդրեյ Բոգոլյուբսկու որդու՝ Յուրիի (Գեորգի) հետ, երկրորդ անգամ՝ 1189 թ.-ին՝ ալանների արքայորդի Դավիթ Սոսլանի (մահացել է 1207 թ.-ին) հետ։
Թամար թագուհուն է նվիրված Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Նրա կերպարին անդրադարձել է Ալեքսանդր Վերմիշևը՝ «Ամիրսպասալարը» վեպում։ Վրաց և ռուսաց եկեղեցիները Թամար թագուհուն կարգել են սրբերի դասը՝ որպես տոնելի սուրբ։ 1917 թ.-ից վրաց եկեղեցին ամեն տարի մայիսին նշում է սբ Թամարի տոնը՝ Թամարոբան։ Ախալցխայում կանգնեցվել է Թամար թագուհու հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Хаханов А. Тамара (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 556—557.
- ↑ Георгий (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 427.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամար (վրաց թագուհի)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 134)։ |