Նարեկավանքի դպրոց
Նարեկավանքի դպրոց, հիմնվել է 10-րդ դարում, Նարեկավանքում, Անանիա Նարեկացու ջանքերով։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ հռչակված էր իր «․․․ բազմազարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք․․․»։ Աշակերտներից հայտնի են Խոսրով Անձևացու որդիները՝ Սահակը, Հովհաննեսը և Գրիգորը (մոր կողմից Անանիա Նարեկացու եղբոր թոռները)։ Գրչության այս կենտրոնից մեզ հայտնի առաջին գործերը Սահակի, ապա՝ Գրիգորի՝ իրենց հոր պատարագի մեկնության 950 թվականին կատարած ընդօրինակություններն են, որոնք, գրիչների հիշատակարաններով հանդերձ, պահպանվել են հետագա դարերում կատարված արտագրություններով։ Այդպես են մեզ հասել նաև Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները։ Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069 թվականին գրված մի Ավետարան է, որը Հովհաննես գրիչն արտագրել է Անանիայից Գրիգոր Նարեկացուն անցած մի հին ձեռագրից, որը, ինչպես նշված է հեղինակի հիշատակարանում, գրել է Մեսրոպ Մաշտոցը։ Չնայած հետագայում էլ շարունակվում էր ձեռագրերի ընդօրինակումը, սակայն Նարեկավանքի դպրոցը այլևս չի հասնում X-XI դարերում իր մակարդակին։
Գրականություն
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 203)։ |