Սուրբ Աստվածածնի վանք (Մեծոփավանք)
Մեծոփավանք, Սբ. Աստվածածնի վանք, հայկական վանք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառում, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք։ Անվանումն ստացել է վանքից վերև գտնվող Մեծոփ (մեծ փոս) լճակի անունից։
Մեծոփավանք | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառ, Ականց (Արճեշ) գյուղաքաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք |
Հիմնական ամսաթվերը | 1120 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1120 թվական |
Հիմնադրված | 1120 |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելԸստ արձանագրությունների՝ Մեծոփավանքը կառուցվել է 1120 թվականին։ 1201 թվականին Աստվածատուր Արճիշեցին կառուցել է վանքի Ս. Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցուց արևելք գտնված երկու մատուռներից մեկը կոչվել է Սբ. Հակոբ։ Մեծոփավանքը եղել է գավառի առաջնորդանիստ։
12-րդ դարի վերջից վանքում գործել է դպրոց։ 13-րդ դարի սկզբին այն ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին (մինչև 1337 թվականը)՝ Գլաձորի համալսարանի սան Մխիթար Սասնեցին։ Նրան գործակցել է դասակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին։ Իր ծաղկմանն է հասել 14-րդ դարում։ Այստեղ ապրել և գործել են բարձրակիրթ կրոնավորների մի քանի սերունդներ։ Մխիթար Սասնեցու օրոք Մեծոփավանքի դպրոցը, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է միարարների դեմ։
14-րդ դարի վերջին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհան Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է Մեծոփավանքը և օժանդակ շինություններ կառուցել։ 1408 թվականին Գրիգոր Տաթևացին վանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խլաթեցին ու Թովմա Մեծոփեցին։
Մեծոփավանքի դպրոցը փաստորեն Խառաբաստավանքի և Տաթևի վանքի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր։ Այստեղ գրվել ու ընդօրինակվել են մի շարք մատյաններ (Քարոզգիրք, Ճաշոց, Ավետարան, Հայսմավուրք, Շարակնոց, Ժամագիրք, «Գիրք հարցմանց», «Դավթի լուծմունք ճառից Աստուածաբանի», «Կարմիր Ավետարան» և այլն)։
Վանքն ունեցել է հարուստ մատենադարան. դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը։ Սաներից հայտնի են 22 գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուրիշներ, որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր։
Մանրանկարիչներից հայտնի է վանքի դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապետ Բերկրեցին, Կարապետ Աղթամարցին։ Հայտնի է նաև Հայրապետ կազմողը։ Այստեղ խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազում երկեր, շարադրվել պատմություններ, տոմարագիտության, գրչության արվեստի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր։ Անապահով է եղել Մեծոփավանքի դպրոցը. մի քանի անգամ տեղափոխվել է մե՛րթ Բաղեշ, մե՛րթ Մշո Ս. Առաքելոց վանք։
16-րդ դարում Մեծոփավանքն այրվել է։ 18-րդ դարում հիշվում է միայն Մեծոփավանքի մատենադարանը, որը կողոպտվել է 1895 թվականին։ Պահպանված 100 ձեռագրերը 1915 թվականին անցել են քրդերի ձեռքը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մաթևոսյան, Արտաշես (2002). Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. էջ 714.