Խոսրով Անձևացի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Անձևացի (ենթդ․ 902 - մոտ 964[1][2]), հայ եկեղեցական գործիչ, մատենագիր։ Աշակերտել է Արամ մատենագրին։
Խոսրով Անձևացի | |
---|---|
Ծնվել է | ենթդ․ 902 |
Մահացել է | մոտ 964[1][2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քահանա և մատենագիր |
Երեխաներ | Գրիգոր Նարեկացի[1][2] |
Գրիգոր Նարեկացու հայրը։
Սկզբում եղել է աշխարհական, կնոջ վախճանվելուց հետո ստացել է հոգևորական աստիճան։ Անանիա Մոկացի կաթողիկոսից 940-ական թթ. ձեռնադրվել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս (նույն կաթողիկոսը նրան հորջորջում է «այր համեստ և գիտնավոր»)։ Որդիներին՝ Հովհաննեսին և Գրիգորին, Խոսրով Անձևացին հանձնել է Նարեկավանք՝ Անանիա Նարեկացու մոտ կրոնավորելու (միջնակ որդին՝ Սահակը, հավանաբար եղել է աշխարհական)։
Խոսրով Անձևացուց մեզ է հասել երկու մեկնություն։ 950-ական թթ. գրել է հայ եկեղեցու պատարագի մեկնությունը։ Իր թելադրանքով որդին՝ Հովհաննեսը, 950 թվականին մեկնել է Աղոթամատույցը։ Հայոց եկեղեցու ժամակարգության մեկնությանը նվիրված աշխատության մեջ («Մեկնութիւն Ժամակարգութեան») Խոսրով Անձևացին վերլուծում է հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը։
Այդ մեկնությունները կարևոր են նաև պատմական տեսակետից, որովհետև առատ տեղեկություններ են պարունակում X դ. եկեղեցական ծիսական գրքերի հորինվածքի վերաբերյալ։ Խոսրով Անձևացու աշխատություններում ուշագրավ տվյալներ կան նաև միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերությունների մասին։
Ծերացած Խոսրով Անձևացին 954 թվականին մեղադրվել է աղանդավորականությանը (ըստ երևույթին թոնդրակյաններին) հարելու մեջ և բանադրվել Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից։ Վերջինս Խոսրով Անձևացուն նվիրված թղթում («Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն», «Արարատ», 1897, N» 6) նրան դատապարտում է հերձամիտ հակումների ու արարքների համար և շեշտում, որ Խոսրով Անձևացին ավելորդ է համարել խաչի օրհնությունը, հրեշտակներին պաշտելը, կաթողիկոսին, եպիսկոպոսներին մեծարելը և այլն։ Կաթողիկոսը ջանացել է Խոսրով Անձևացուն ետ պահել աղանդավորական միտումներից, բայց՝ ապարդյուն։
Երկեր
խմբագրել- Մեկնութիւն ժամակարգութեան, Օրթագիւղ, [ԿՊ], 1840։
- Մեկնութիւն աղօթից պատարագին, Վնտ., 1869։
Գրականություն
խմբագրել- Ստեփաննոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիրական, Թ., 1910։
- Տեր-Մկրտչյան Գ., Հայկականք, Վաղ-պատ, 1894։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 520.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |