Պլատոն
Պլատոն (Պղատոն, հուն․՝ Πλάτων, ի ծնե անունը՝ Արիստոկլես, ոչ վաղ քան մ. թ. ա. 428 և ոչ ուշ քան մ. թ. ա. 427, Աթենք[1][2] - ոչ վաղ քան մ. թ. ա. 348 և ոչ ուշ քան մ. թ. ա. 347, Աթենք[2]), հին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն է հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ՝ հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։ Պլատոնի ամենահայտնի ներդրումը ձևերի (կամ գաղափարների) տեսությունն է, որը մեկնաբանվել է որպես լուծում առաջ բերելու այն, ինչ այժմ հայտնի է որպես ունիվերսալների խնդիր։ Նրա վրա վճռական ազդեցություն են թողել նախասոկրատական մտածողները՝ Պյութագորասը, Հերակլիտոսը և Պարմենիդը, թեև նրանց մասին տեղեկությունների մեծ մասը բխում է հենց Պլատոնից:
Պլատոն | ||
Աշխատությունները դասավորված են Տրասիլոս Ալեքսանդրացու սահմանած հերթականությամբ | ||
Առաջին քառապատում` | ||
Եվթիփրոն կամ Բարեպաշտության մասին | ||
Սոկրատեսի պաշտպանականը | ||
Կրիտոն կամ Պատճաշի մասին | ||
Ֆեդոն կամ Հոգու մասին | ||
Երկրորդ քառապատում` | ||
Կրատիլոս կամ Անունների ճշմարտիությունների մասին | ||
Թեետետոս կամ Գիտելիքի մասին | ||
Սոփեստ կամ Էության մասին | ||
Պոլիտիկոս կամ Երկնային արքայության մասին | ||
Երրորդ քառապատում` | ||
Պարմենիդես կամ Գաղափարների մասին | ||
Փիլեբոս կամ Հաճույքի մասին | ||
Խնջույք կամ Բարու մասին | ||
Ֆեդրոս կամ Սիրո մասին | ||
Չորրորդ քառապատում` | ||
Ալկիբիադես I | ||
Ալկիբիադես II կամ Աղոթքի մասին | ||
Հիպպարքոս կամ Արծաթասեր | ||
Մրցակիցներ կամ Փիլիսոփայության մասին | ||
Հինգերորդ քառապատում` | ||
Թեագես կամ Փիլիսոփայության մասին | ||
Քարմիդես կամ Չափավորության մասին | ||
Լաքես կամ Տղամարդկության մասին | ||
Լիսիս կամ Ընկերության մասին | ||
Վեցերորդ քառապատում` | ||
Եվթիդեմոս կամ Վիճողը | ||
Պրոտագորաս կամ Սոֆիստներ | ||
Գորգիաս կամ Հռետորության մասին | ||
Մենոն կամ Առաքինությունների մասին | ||
Յոթերորդ քառապատում` | ||
Հիպպիաս Ավագ կամ Գեղեցիկի մասին | ||
Հիպպիաս Կրտսեր կամ Պատշաչի մասին | ||
Իոն կամ Իլիադի մասին | ||
Մենեքսենոս կամ Տապանագիր | ||
Յոթերորդ քառապատում` | ||
Կլիտոփոն կամ Մուտք | ||
Պետություն կամ Արդարադատության մասին | ||
Տիմեոս կամ Բնության մասին | ||
Կրիտիաս կամ Ատլանտիդա | ||
Իններորդ քառապատում` | ||
Մինոս կամ Օրենքի մասին | ||
Օրենքներ կամ Օրենսդրության մասին | ||
Օրենքների հավելված կամ Գիշերային խորհուրդ, կամ Փիլիսոփա | ||
Տասներեք Նամակներ | ||
|
Իր ուսուցիչ Սոկրատեսի և աշակերտ Արիստոտելի հետ միասին, Պլատոնը կենտրոնական դեմք է փիլիսոփայության պատմության մեջ։ Ենթադրվում է, որ Պլատոնի երկերը պահպանվել է ավելի քան 2400 տարի՝ ի տարբերություն իր գրեթե բոլոր ժամանակակիցների գործերի։ Թեև նրանց գործերի ժողովրդականությունը տատանվել է, բայց մշտապես ընթերցվել և ուսումնասիրվել են դարերի ընթացքում: Նեոպլատոնիզմի միջոցով նա նաև մեծ ազդեցություն է թողել ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական փիլիսոփայության վրա:
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրելՆախնական կրթությունը ստանալուց հետո նա սկսում է զբաղվել փիլիսոփայությամբ։ Սովորում է նախ Հերակլիտեսի հետևորդ Կրատիլոսի մոտ, ապա Սոկրատեսի։ Վերջինիս մահից հետո Պլատոնը թողնում է Աթենքն ու շուրջ մեկ տարի ապրում Մեգարայում։ Վերադառնալով Աթենք՝ նա շուտով մեկնում է Հարավային Իտալիա և Սիցիլիա։ Սիրակուզայում Պլատոնը մտերմանում է Դիոնի բռնակալ Դիոնիսիոսի բարեկամի հետ, ով պյութագորական փիլիսոփայության հետևորդներից էր։
Դպրոցի հիմնումը և մահը
խմբագրելՎերադառնալով Աթենք՝ Պլատոնը մ.թ.ա. 487 թվականին աթենացի հերոս Ակադեմոսի այգում հիմնում է իր դպրոցը, որը ստանում է Ակադեմիա անունը։ Մեկ տարի անց, երբ մահանում է Դիոնիսիոս բռնակալը, Դիոնի հրավերով Պլատոնը կրկին մեկնում է Սիրակուզա՝ հույս ունենալով իրագործել իդեալական պետության մասին իր նախագիծը։ Սակայն այս անգամ էլ նրա առաքելությունը անհաջողության է մատնվում և նա կրկին վերադառնում է Աթենք, որտեղ էլ մ.թ.ա. 347 թվականին կնքում է իր մահկանացուն։
Աշխատությունները
խմբագրելԲոլոր այն երկերը, որոնք Պլատոնը նախատեսել է հրապարակել, պահպանվել են։ Դրանք կանոնակարգել է Տրասիլոս Ալեքսանդրացին մ.թ. 1 -ին դարում՝ ըստ հետևյալ ինը քառապատումների։
- Եվթիփրոն, Սոկրատեսի պաշտպանականը, Կրիտոն, Ֆեդոն
- Կրատիլոս, Թեետետոս, Սոփեստ, Պոլիտիկոս
- Պարմենիդես, Փիլեբոս, Խնջույք, Ֆեդրոս
- Ալկիբիադես I, Ալկիբիադես II, Հիպպարքոս, Մրցակիցներ
- Թեագես, Քարմիդես, Լաքես, Լիսիս
- Եվթիդեմոս, Պրոտագորաս, Գորգիաս, Մենոն
- Հիպպիաս, Կրտսեր, Հիպպիաս Ավագ, իոն, Մենեքսենոս
- Կլիտոփոն, Պետություն, Տիմեոս, Կրիտիաս
- Մինոս, Օրենքներ, Օրենքների հավելված (էպինոմիս), Նամակներ
Բոլոր ժամանակներում դժվարություն է հարուցել հետևյալ հարցը. արդյոք նշված 36 երկերն էլ պատկանել են Պլատոնի գրչին։ Դյուրին չի եղել նաև դրանց ստեղծման ժամանակագրական հաջորդականությունը որոշելը։ Վերջին հարյուրամյակների քննական ուսումնասիրությունների արդյունքները կարելի է ամփոփել այսպես.
- Մասնագետների ճնշող մեծամասնությունը մերժում է հետևյալ տրամախոսությունների իսկությունը՝ «Ալիկիբիադես I», «Ալիկիբիադես II», «Մրցակիցներ», «Թեագես», «Կլիտոփոն», «Մինոս»։ Բացառությամբ «Ալիկիբիադեսի»՝ այս տրամախոսությունները, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են մ.թ. 4-րդ դարում։ Դրանք գրված են պլատոնյան ոգով, սակայն զուրկ են փիլիսոփայական համարժեք խորությունից։
- Վիճելի է «Ալիկիբիադես I»-ի, «Իոնի», «Մենեքսենոսի», «Հիպպիաս Ավագի», «Էպինոմիսի» և Նամակների իսկությունը։
- Մնացյալ տրամախոսությունների իսկությունը կասկածի տակ չի դրվում[12]։
Պլատոնյան երկերի մոտավոր ժամանակագրությունն ու հաջորդականությունը կազմելու չափանիշներն են եղել՝
- լեզվաոճական առանձանահատկությունները,
- ժամանակակիցների վկայությունները (այպես Արիստոտելից տեղեկանում ենք, որ «Օրենքները» գրվել են «Պետությունից» ավելի ուշ),
- տրամախոսություններում եղած հղումները պատմական որոշ դեպքերի և անձանց (ինչպես ասենք, «Ֆեդոնում», որն ակներևաբար գրվել է Սոկրատեսի մահից հետո) տրամախոսությունների փոխադարձ հղումները։
Այս ամենի հաշվառումով հետազոտողները առաջարկում են պլատոնյան երկերի հետևյալ պատկերը.
- Սոկրատեսյան շրջան - Այս շրջանի գործերը գրվել են անմիջապես Սոկրատեսի մահից հետո։ Պլատոնը դեռևս իր ուսուցչի ուժեղ ազդեցության տակ է, ընդ որում առաջին պլանում են ոչ թե Սոկրատեսի գաղափարները, այլ անձը։ Տրամախոսությունները հաճախ ավարտվում են առանց դրված խնդրի հանգուցալուծման։ Այս շրջանին են դասվում «Սոկրատեսի պաշտպանականը», «Կրիտոնը», «Եվթիփրոնը», «Լաքեսը», «Իոնը», «Պրոտագորասը», «Քարմիդեսը», «Լիսիսը» և «Պետության» առաջին գիրքը։
- Անցման շրջան - Այստեղ նկատելի է ինքնուրույն կոնցեպցիայի որոնումը։ Ենթադրվում է, որ տվյալ տրամախոսությունները գրվել են Սիցիլիա կատարած առաջին ուղևորությունից առաջ։ Դրանք են՝ «Գորգիասը», «Մենոնը», «Եվթիդեմոսը», «Հիպպիաս Կրտսերը», «Հիպպիաս Ավագը», «Կրատիլոսը» և «Մենեքսենոսը»։
- Հասուն շրջան - Պլատոնը մշակում և համակարգում է սեփական գաղափարները։ Այս շրջանին են վերագրվում՝ «Ֆեդոնը», «Պետությունը», «Ֆեդրոսը»։ Տրամախոսությունների գրության ժամանակը Սիցիլիա կատարած առաջին և երկրորդ ուղևորությունների միջև ընկած ժամանակահատվածն է։
- Ուշ շրջան - Այս շրջանին են վերագրվում մետաֆիզիկական ամենանշանակալի տրամախոսությունները, քանի որ դրանցում է իր ամբողջ թափով դրսևորվում պլատոնյան միտքը։ Դրանք գրվել են Սիցիլիա կատարած երկրորդ և երրորդ ուղևորությունների միջև և հետո։ Այս շրջանին վերագրվող երկերի ցանկն իսկապես պատկառելի է «Թեետետոս», «Պարմենիդես», «Սոփեստ», «Պոլիտիկոս», «Փիլեբոս», «Տիմեոս», «Կրիտիաս», «Օրենքներ» և «Էպինոմիս»։
Պլատոնի ուսմունքը, որը մի վիթխարի մտաստեղծ կառույց է, դյուրին չէ յուրացնել ելնելով առանձին տրամախոսություններից ու թեմաներից։ Այն անվերջ մասնավորվել է, ներգրավել նոր խնդիրներ ու հարցեր, եղել նոր հասկացությունների մշակման ու հղկման պրոցեսում։ Վերջին տասնամյակներում մասնագետները շրջանառության մեջ դրեցին «գրի չառնված տեսությունների» վարկածը։ Հին աղբյուրները վկայում են, որ Ակադեմիայում Պլատոնը խոսել է հարցերի մասին, որոնց երբեք չի անդրադարձել իր գրվածքներում։ Դրանք վերաբերել են «վերջին՝ բարձրագույն իրականության» խնդրին։ Ենթադրությունը հաստատում է նաև Պլատոնի 7-րդ նամակը։ Փիլիսոփան պնդում է, որ բարձրագույն իրականության իմացությունը կարող է կայանալ միայն համատեղ բանավոր քննարկումների և վեճերի մեջ։ Նա բացառում է նման վեճերի ու քննարկումների առարկան գրավոր հաղորդելու հնարավորությունները. «Այդ մասին ես ոչինչ չեմ գրել։ Եվ երբեք չեմ գրի»[13]։
Փիլիսոփայական ուսմունքը
խմբագրելՊլատոնի օբյեկտիվ իդեալիստական փիիսոփայության հիմքում ընկած է էյդոսների՝ տիպարների, էությունների, գաղափարների մասին տեսությունը։ Մինչև Պլատոնը գրեթե բոլոր հույն փիլիսոփաները համոզված էին, որ գոյություն ունի մտահասանելի կեցություն, որը ճանաչվում է բանականությամբ և գոյություն ունի զգայելի կեցություն, որը ճանաչվում է զգայարաններով։ Ընդսմին, մտահասանելի աշխարհը համարվում էր իսկական, ճշմարիտ կեցություն, իսկ զգայելի աշխարհը՝ անիսկական, խաբուսիկ, թվացյալ կեցություն։ Ճշմարիտ կեցությունը կարող է ճանաչվել միայն բանականությամբ, որը գործում է ընդհանուր հասկացություններով։ Ճանաչել որևէ առարկա, համաձայն Սոկրատեսի տեսության, նշանակում է իմանալ նրա հասկացությունը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իմացության առարկա պետք է լինեն ընդհանուր հասկացությունները, կամ ընդհանուր էությունները։ Ըստ որում ճշմարիտ գիտելիքը պետք է համապատասխանի ճշմարիտ կեցությանը։ Այդ դեպքում հարց է ծագում, ի՞նչ են համապատասխանում իրականության մեջ մտածողության ընդհանուր հասկացություններին։ Կեցության և մտածողության նույնության սկզբունքի համաձայն ընդհանուր հասկացություններին պետք է համապատասխանեն ընդհանուր էություններ. մինչդեռ իրականում գոյություն ունեն միայն առանձին, եզակի իրեր, որոնք գտնվում են անընդհատ փոփոխության ու շարժման մեջ։ Եթե զգայելի աշխարհում չկան ընդհանուր անփոփոխ էություններ, եզրակացնում է Պլատոնը, ուրեմն դրանք գոյություն ունեն մտահասանելի աշխարհում։ Այսպիսով, ի տարբերություն Սոկրատեսի, Պլատոնը զգայելի իրերի աշխարհի հետ մեկտեղ ընդունում է մտահասանելի էությունների աշխարհի գոյությունը, այսինքն ընդհանուր հասկացություներին վերագրում է օբյեկտիվորեն գոյություն ունենալու հատկություն։ Եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էություններն անփոփոխ են, անշարժ և միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին և անկախ, տարածությունից և ժամանակից անդին՝ «ինչ-որ ճշմարտության հովտում»։
Պլատոնի իդեալիզմը
խմբագրելՊլատոնի իդեալիզմը բարոյագիտական ուղղվածություն ունի։ Եթե Սոկրատեսի կարծիքով ճշմարիտ գիտելիքն ընդհանուր և օբյեկտիվ բարոյական օրենքների ճանաչողությունն է, ապա, ըստ Պլատոնի՝ էյդոսների աշխարհը, ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհն է։ Միաժամանակ գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը։ Յուրաքանչյուր կենդանի գոյացություն ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով, ամբողջությամբ արտահայտել իր էությունը, ձգտում է իր կեցության ամբողջությանը։ Իսկ կեցության ամբողջականությունը, ողջ գոյի գերագույն վերջնանպատակը, բարձրագույն իդեալը բարիքն է։ Պլատոնի կարծիքով՝ բարիքը էյդոսների աշխարհի թագուհին է, ողջ գոյի պատճառը և նպատակը։
Մարդու մասին
խմբագրելԸստ Պլատոնի՝ մարդը բաղկացած է հոգուց և մարմնից։ Ընդսմին, հոգին բոլոր առումներով պատվական ու գերազանց է մարմնից, որովհետև հոգին հենց ինքը մարդն է։ Մարմինը մահկանացու է, իսկ հոգին՝ անմահ։ Հոգու անմահության օգտին Պլատոնը բերում է մի շարք փաստարկներ։ Հոգին անմահ է, որպես է ինքնաշարժվող և շարժվող, որպես տիեզերքի միասնությունն ապահովող սկիզբ։ Եթե հոգին լիներ մահկանացու, ապա կփլուզվեր տիեզերքի միասնությունը և ներդաշնակությունը։ Հոգին անմահ է նաև այն պատճառով, որ ինքը հենց կյանքն է։ Հոգին վերաբերվում է կյանքին այնպես, ինչպես կրակը ջերմությանը. կրակը անմտածելի է, առանց ջերմության, իսկ հոգին առանց կենդանության։ Որպես կյանք՝ հոգին բացառում է իր հակադրության՝ մահվան գոյությունն իր ներսում։ Հոգու անմահության մասին է վկայում նաև մարդկային գիտելիքի բնույթը։ Պլատոնի կարծիքով՝ իմացությունը հոգու մեջ առկա գիտելիքի վերհիշումն է։ Մինչև մարմնի մեջ տեղափոխվելը հոգին իդեալական աշխարհում ձեռք է բերել ճշմարիտ գիտելիք, որը մարմնի հետ միավորվելուց հետո թաղվել է մոռացության մեջ։ Այսպիսով, հոգին ի ծնե ունի բնածին գիտելիք, եթե չունենանք այդ գիտելիքը, ապա չեն կարող դատողություն անել իրերի մասին։ Պլատոնի կարծիքով՝ մարդը ապրում է հասարակության մեջ, ուստի անհատական բարիքն ու երջանկությունը չեն կարող նրա համար վերջնանպատակ լինել։Բարիքը ընդհանրական է, հետևաբար մարդն իր անհատական բարիքը պետք է ենթարկի ընդհանուրի բարիքին։ Դրա համար անհրաժեշտ են այնպիսի հասարակական պայմաններ և այնպիսի կառավարման ձև, որի նպատակը պետք է լինի ոչ թե առանձին մարդկանց կամ էլ առանձին խմբերի մասնավոր բարիքի ապահովումը, այլ հասարակության բոլոր անդամների բարեկեցությունը։ Այս պատճառով, Պլատոնն անհատական բարոյագիտությունը լրացնում է սոցիալական բարոյագիտությամբ կամ քաղաքագիտությամբ։
Պետության մասին
խմբագրելԻդեալական է կառավարման այն ձևը, որը մտածում է բոլոր բարիքների մասին։ Այդպիսի պետությունը պետք է կարողանա նախևառաջ ապահովել հասարակության կառավարումը և մարդկանց դաստիարակությունը, իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, մարդկանց ապահովի նյութական բարիքներով, և դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը՝ այսինքն, պետք է լինի աշխատանքի բաժանում, և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բարգավաճմանը։ Պետությունը պետք է նման լինի կենդանի օրգանիզմի, որում յուրաքանչյուր անդամ կատարում է իրեն վերապահված գործառույթը։ Պլատոնը մարդկային հոգու երեք մասերին՝ բանականին, աֆեկտիվ և ցանկասեր, համապատասխան իդեալական պետության մեջ առանձնացնում է քաղաքացիների երեք դաս[14]։ Հոգու բանական մասին, որի առաքինությունը իմաստությունն է, համապատասխանում է կառավարիչների՝ փիլիսոփաների դասը, հոգու աֆեկտիվ մասին, որի առաքինությունն արիությունն է, համապատասխանում է պետության պահապանների՝ զինվորականների դասը։ Հոգու ցանկասեր մասին, որի առաքինությունը ողջախոհությունն է, համապատասխանում է նյութական բարիքների արտադրողների՝ հողագործների, արհեստավորների և առևտրականների դասերը։ Այդպիսի պետությունն իմաստուն է իր կառավարիչների իմաստնությամբ, արի՝ իր զինվորականների քաջությամբ, ողջախոհ-չափավոր՝ իր աշխատավորների վարքագծով։
Պետությունը պետք է կառավարեն փիլիսոփաները, որովհետև նրանք առաքինի, արդարամիտ և անշահախնդիր մարդիկ են։ Մարդկանցից միայն փիլիսոփաներն են, որ գիտելիք ունեն ճշմարիտ կեցության մասին, ուստի իմանալով իդեալական աշխարհի օրենքները՝ նրանք պետք է այդ օրենքներն իրականացնեն այս աշխարհում։ Պլատոնի կարծիքով՝ կառավարողները ոչ թե առանձնաշնորհ, այլ ծառայողական դաս են, իսկ որպեսզի նրանք հանկարծ չմտածեն սեփական բարեկեցության մասին, նրանք չպետք է ունեն ոչ մի սեփականություն։ Նույնը վերաբերում է նաև զինվորականներին։ Նրանք իրավունք չունեն ունենալու ոչ մի սեփականություն, ամեն ինչ պետք է նրանց համար ընդհանուր լինի։ Մասնավոր սեփականությունը դիտելով որպես սոցիալական անհավասարության և չարիքի աղբյուր՝ Պլատոնը անընդունելի է համարում դրա բոլոր դրսևորումները։
Այսպիսով, հանուն ընդհանուրի բարիքի՝ Պլատոնը զոհաբերում է անհատական բարիքը։ Հանուն պետության՝ պետությունը վերածում է զորանոցի, ճամբարի, որը գործում է սպարտական կենցաղի կանոններով։ Պլատոնի իդեալական պետության մասին նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ, թեև հետագայում՝ միջնադարում, սոցիալիզմի և ֆաշիզմի ժամանակաշրջաններում, այդ նախագծի մի շարք գաղափարներ իրականացան։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Plato Platon, Œuvres complètes / L. Brisson — Paris: 2008. — P. IX. — ISBN 978-2-08-121810-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Meinwald C. C. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ 5,0 5,1 Plato Platon, Œuvres complètes / L. Brisson — Paris: 2008. — P. 2060. — ISBN 978-2-08-121810-9
- ↑ Kirchner J. Ariston 11 (գերմ.) // Kategorie:RE:Band II,1 — 1895.
- ↑ http://law2.umkc.edu/faculty/projects/ftrials/socrates/plato&soc.html
- ↑ Любкер Ф. Theodectes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1372.
- ↑ Теодект (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 878.
- ↑ Надсон Г., Э. Р. Теофраст (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIа. — С. 915—917.
- ↑ Любкер Ф. Theophrastus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1375.
- ↑ Պլատոն - Երկեր չորս հատորով /Սերգեյ Ստեփանյան I հատոր. Պլատոն կյանքը և գործը էջ. 9/
- ↑ Plato, Epistula VII, 341c.
- ↑ Վ. Ա., Կանկե (2001). Փիլիսոփայություն. Երևան: Զանգակ-97. էջ 34. ISBN 99930-2-247-0.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պլատոնը գուտենբերգի նախագծում
- Պլատոնը standardebooks.org-ում
- Plato - Stanford Encyclopedia of Philosophy
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատոն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատոն» հոդվածին։ |