Շարական
Շարական (շար, մեկնվել է նաև երբ․՝ šir ― երգ, ասոր․՝ šahrā ― հսկում, հսկման երգ բառերից, հետագայում նույնացվել է հուն․՝ 'ειρμός շարքային), պաշտոնապես ընդունված և եկեղեցական Տոնացույցի որևէ օրվա համապատասխան ժամին կատարվող հոգևոր երգ կամ հոգևոր երգերի ամբողջական շարք (հոմանիշներն են՝ կանոն, կարգ, սարք), նաև՝ այդ երգաշարքերը բովանդակող ժողովածու՝ շարակնոց։ Առաջին գրավոր հիշատակությունն առկա է 9–10-րդ դարերում երկաթագիր հնագույն Մաշտոցներում։
Պատմություն
խմբագրելՀոգևոր երգը որպես ինքնուրույն, սաղմոսներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական ձև հիշատակված է Պողոս առաքյալի թղթերում։ 5-րդ դարի առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը՝ շարականները, հայոց մեջ կոչվել են կցուրդ կամ կցորդ։
Կցուրդ
խմբագրելԿցուրդները փոքրածավալ, 3–4 տնից բաղկացած, պարզագույն սաղմոսատիպ երգեր էին, որոնք, լինելով Աստվածաշնչի տարբեր դրվագների և Քրիստոսի տնօրինությունների մատչելի վերաշարադրումը կամ մեկնությունը, հարասացությունների ձևով կցվել են սաղմոսին կամ մարգարեական օրհնությանը։ Կցուրդները ծավալվում են ութձայնի եղանակներում՝ հետևելով նրա «խիստ ոճի» օրենքներին։ Այդ տեսակի ընդերքում (սաղմոսերգությանը զուգընթաց) մշակվել են Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերը՝ հորդոր, չափավոր-միջակ և ծանր երգերը, որոնց մեջ տեմպը (շարժումը) պայմանավորել է նաև գրական խոսքի հնչյունավորման կերպը։ Երգեցողության այդ տիպերի մշակումը կապված էր պաշտոներգության մեջ նրանց գրաված տեղով, ծիսական կիրառությամբ։ Հասարակ օրերի ժամերգության համար նախատեսված շարականներն ունեն պարզ նկարագիր, կատարվում են դպրաց դասերի կողմից՝ խմբակային։ Կիրակի օրերին և եկեղեցական խոշոր տոների ժամանակ կատարվող շարականները օրվա հանդիսավորությունն ընդգծելու նպատակով ստանում են ավելի մեծ ծավալ, մելիզմատիկ (երգային-զարդոլորուն) տեսք և հնչյունավորվում մենակատար հմուտ երգեցողների կողմից։
Հնագույն շրջանի կցուրդներում որոշակիորեն կազմավորվել են հայ շարականերգության հատուկ կերպարային արտահայտչականության հիմնական ոլորտները, աստվածաշնչային նյութի բանաստեղծական մշակման հնարները։ Ճգնավորության, ապաշխարանքի, մարդու մեղսավորության գաղափարը և Վերջին դատաստանի սպասումը արտահայտող շարականների կողքին քիչ չեն պատմողական և մեկնողական բովանդակությամբ, ինչպես և փառաբանական օրհներգային բնույթի երգեր, որոնք արտահայտում են լուսավոր, բերկրալից, քնարական զգացումներ։
Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին։ Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթև, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն։ Տվյալ շրջանի շարականների բանաստեղծական ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են Հին կտակարանից քաղված բառային բանաձևերից։ Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցներում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից։
7-8-րդ դարեր
խմբագրել7–8-րդ դարերում հայ շարականերգությունը նկատելի զարգացում է ապրել։ Հանդես են եկել նոր շարականագիր հեղինակներ՝ Կոմիտաս Ա Աղցեցի, Անանիա Շիրակացի, Սահակ Գ Ձորոփորեցի, Բարսեղ Ճոն, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ։ Բյուզանդական «կոնտակիոն» ձևի ազդեցությամբ առաջացել է շարականի ավելի ընդարձակ մի ձև՝ կացուրդը։
Տվյալ ժամանակաշրջանի չափանմուշային կոթող է Հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք» շարական։ Ի տարբերություն հնագույն կցուրդների, այն վիպաքնարական բնույթի, լայնածավալ ներբող է (36 քառատող տուն)՝ ընդգծված պատկերավոր ու դրամատիկ տարրերով։ Բյուզանդական նմուշների օրինակով գրված է զուտ շեշտական տաղաչափությամբ և այբբենական ակրոստիքոսի սկզբունքով։ Այդ երաժշտաբանաստեղծական տեսակը մեծ տարածում է գտել հետագա դարերում։ Այնուհետ այբբենական ծայրակապով գրված շարականները ստացել են նաև «Անձինք» անվանումը։
7–8-րդ դարերում հեղինակների շարականներում անցում է կատարվել նախորդ շրջանի խստաշունչ սաղմոսատիպ կցուրդներից դեպի ծավալուն, ծորերգային ոճի երգերը, որոնք բնորոշվում են երաժշտական ռիթմի ձերբազատմամբ, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) զարգացումով, մեղեդային մանրամասների նրբակերտությամբ և գեղագիտական ընդհանրացման ավելի բարձր աստիճանով։ Այդ առումով ցայտուն օրինակ են Սահակ Գ Ձորոփորեցու, Անանիա Շիրակացու, Բարսեղ Ճոնի ծանր տիպի շարականները, նաև Խոսրովիդուխտի նշանավոր ողբը կամ գովքը՝ ձոնված իր նահատակ եղբոր՝ Վահան Գողթնացու հիշատակին։
Շարականի զարգացման նոր փուլը նշանավորվել է Ստեփանոս Սյունեցուն (8-րդ դար) վերագրվող Հարության Ավագ օրհնությունների 8 շարքերի՝ կանոնների ստեղծմամբ։ Կանոնի ձևավորման համար հիմք են հանդիսացել Հին կտակարանի 10 մարգարեական օրհնությունները։ Ներկայացնելով որոշակի հաջորդականությամբ և տրամադրությամբ հորինված երգերի շարք՝ կանոնը, որպես ցիկլային ստեղծագործության տեսակ, նոր հնարավորություններ է ընձեռել շարականագիրներին, նոր որակ և աստիճան ստեղծել հոգևոր երգարվեստում։ Սկզբնապես կանոնները կազմվել են ժամասացության մեջ կիրառվող կցուրդներից և կացուրդներից, սակայն աստիճանաբար ստեղծվել են հատուկ նոր կանոններ։ Կանոնի ներմուծումը սերտորեն առնչվել է ութձայն համակարգի կիրառության հետ։
Հնագույն օրհներգերում գերակշռող դիալեկտիկ հակադրումների համակարգը փոխարինվել է զուգորդական կապերի համակարգով, որն ուղղված է կանոնի 8 մասերի (Օրհնություն, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու, Համբարձի) շրջանակներում իրադարձությունների ներքին հարազատության բացահայտմանը և սրբազան պատմությունն իբրև ինքնամփոփ, անփոփոխ ամբողջություն ներկայացնելուն։ Կանոնի երգերում առավել ցայտուն են դրսևորվում տվյալ տոնի իմաստային-կերպարային հիմքի հետ կապված քնարական ոլորտի հարուստ երանգները։ Յուրաքանչյուր մաս սովորաբար կազմված է 3 տնից, որոնցից առաջինը համապատասխան նմուշօրինակի բովանդակության շարադրանքն է՝ քրիստոսաբանական տարրերով, երկրորդը ներկայացնում է Քրիստոսի Խաչելության և Հարության տեսիլքը, իսկ երրորդը նվիրված է Աստվածածնին։
9-15-րդ դարեր
խմբագրել9–11-րդ դարերում ընդլայնվել և համալրվել են շարակնոցում ընդգրկված եկեղեցական տարվա մի քանի կարևոր շրջաններին վերաբերող խոշոր շարքերը՝ Պահքի, Հարության, Հոգեգալստյան, ինչպես նաև՝ Խաչի, Համորեն մարտիրոսաց, Ննջեցելոց և այլ կանոնները։ Այս շրջանում ակնառու ներդրում են ունեցել Պետրոս Ա Գետադարձը, Հովհաննես Սարկավագը, Սարգիս Ա Սևանցին, Ստեփանոս Ապարանցին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և ուրիշներ։ Զարգացնելով 5–8-րդ դարերում շարականերգության լավագույն ձեռքբերումները՝ նրանք ընդլայնել են շարականի ավանդական թեմաների շրջանակը։ Նրանց գործերում առանձնակի հնչեղություն է ստացել հայրենասիրական թեման՝ կապված ժամանակի իրողությունների հետ։
Շարականներում արտացոլվել են ոչ միայն համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները, այլև՝ հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքի կարևորագույն երևույթները՝ հեթանոսության դեմ պայքարի և առաջին քրիստոնյա նահատակների շրջանը, քրիստոնեության հաստատման և ազգային նոր մշակույթի ջատագովությունը, համաժողովրդական դիմադրությունը պարսից մազդեականությանն ու արաբական տիրապետությանը և այլն։ Կանոնական արվեստի պայմաններում հայ շարականագիրները կարողացել են հագեցնել իրենց երկերը իրապես կենսական հնչեղությամբ, կրոնական և բանաստեղծական խոր ապրումներով։
Շարականն աննախադեպ վերելք է ապրել 10–14-րդ դարերում։ Նոր երաժշտաբանաստեղծական տեսակների ծնունդը (գանձ, տաղ) իր ազդեցությունն է թողել կանոնի բաղադրիչների վրա՝ նկատելիորեն հարստացնելով նրանց կերպարաելևէջային նկարագիրը։
Կարևոր գլուխ են կազմում Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանի շարականագիրների ստեղծագործությունները։ Հատկապես նշանակալից դեր է կատարել Ներսես Շնորհալին, որի գրչին է պատկանում Շարակնոցի երգերի առնվազն 1/3-ը։ Ներսես Շնորհալին բարձրագույն մակարդակի է հասցրել Ստեփանոս Սյունեցուց սկիզբ առած զուգորդական բանաստեղծական ոճը, որն իր հետևորդների մոտ երբեմն կրում է նույնիսկ յուրահատուկ պաճուճազարդության տարրեր։
Չհրաժարվելով «հին» օրհներգերի «արձակ բանաստեղծությունից»՝ Ներսես Շնորհալին միաժամանակ հարստացրել է շարականն վանկական և վանկաշեշտական տաղաչափության զանազան նմուշներով։ Նա նաև հարստացրել է ավանդական ութձայնը բազմաթիվ զարտուղի, դարձվածքանման և ստեղիատիպ եղանակներով, որոնք հաճախ օժտված են հեղինակային անհատականության գծերով։ Մի շարք Տերունի տոներին նվիրված կանոնները լրացնելուց բացի նա ներմուծել է տարբեր սրբերի և ազգային հերոսների նվիրված նոր՝ «մանկունք» տիպի մեկական երգեր։ Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, Հովհան Ոսկեբերանին, Բարսեղ Կեսարացուն, Գրիգոր Նազիանզացուն, Վարդանանց նվիրված շարականները։ Այդ ավանդույթը սկիզբ է առել Խոսրովիդուխտի՝ Վահան Գողթնացու նահատակությունը օրհներգող գովքով և զարգացվել Պետրոս Ա Գետադարձի կողմից՝ Սանդուխտ կույսի, Դավիթ Դվնեցու, Սուքիասյանց, Ոսկյանց, Վարդանանց և այլ նահատակների սխրագործությունը գովերգող մանկունքներով։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հոգևոր երգեր, շարականներ, տաղեր, մեղեդիներ
- Շարականի մասին «Ակն» կայքում (անգլ.)
- Առակ 29 շարականներ Արխիվացված 2013-04-23 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |