- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղպատ (այլ կիրառումներ)
Հաղպատի դպրոց, միջնադարյան Հայաստանի ուսումնագիտական և գրչության կենտրոն։ Հիմնել է Հաղպատի վանքի հիմնադիր և առաջին վանահայր, նշանավոր գրիչ Սիմեոն վարդապետը՝ վանքի կառուցումից անմիջապես հետո (X դար)։ Հաղպատի դպրոցում հիմնականում ծաղկել է գրչության արվեստը։ Ձեռագրեր են ընդօրինակվել ոչ միայն ուսումնագիտական նպատակով, այլև պատվերներ են ընդունվել (Հաղպատի Ավետարան), խմբագրվել աղավաղված ձեռագրեր (Սաղմոսարան, Կյուրեղ Երուսաղեմցու «Կոչումն ընծայութեան»)։ Հովհաննես Սարկավագի րաբունապետության օրոք Հաղպատի դպրոցի համբավը տարածվել է Հայաստանում։ Այստեղ սովորելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից։ Հիշվում է 951 թվականին թարգմանիչների ընդօրինակած Աստվածաշնչից մի ձեռագիր։ Նշանավոր էին գրիչներ Դավիթ Քոբայրեցին, որից մեզ է հասել 1178 թվականին և 1198 թվականին ընդօրինակած երկու ձեռագիր (Մատենադարան, ձեռագիր № № 5602, 2606) և Մխիթար Քոբայրեցին։ XV դարում Հաղպատում գրչության ուսուցիչներ էին Իգնատիոսը և Կարապետը։ Հաղպատի դպրոցը գոյատևել է մի քանի դար։ Ընդօրինակվել են մեզ հայտնի մեկ տասնյակից ավելի ձեռագրեր, որոնցից Մատենադարանում են պահվում № 194 (ընդօրինակված է 1207 թվականին), № 1747 (1218 թվականին), № 4334 (1243 թվականին), № 4139 (1265 թվականին)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 83)։
|