Դրազարկի վանք
Դրազարկի վանք (նաև՝ Աբբա, ֆր.՝ Abbatiya de Trezarko (Աբբատիա դե Տրեզարկո), իտալերեն՝ Abbati de tresarko (Աբբատի դե Տրեսարկո)), խոշոր վանական համալիր Կիլիկիայի հյուսիսարևելյան կողմում, Սիս քաղաքի մոտ, 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջին, անառիկ ու անմատչելի վայրում[1]։
Դրազարկի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ադանայի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնադիր | Գևորգ Մեղրիկ |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Անվանումներ Խմբագրել
Դրազարկի վանքի անունը հավանաբար ծագել է հայերեն «դուռ» և «զարկ» (բախել, թակել) կամ «թուր» և «զարկել» բառերից։ Բացի այդ համալիրը հայտնի է բազմաթիվ անունների տակ, որոնք են՝ Աբբա, Աբբատիա դե Տրեզարկո, Աբբատի դի Տրեսարկո, Ապպա, Ապպե, Ավագ վանք, Դռվազ Արք, Դրազարկ, Եռակամար վնաք, Եռսաեղ վանք, Եռաղեղ-Եռակամար վանք, Երեք Կամարի աբբայություն, Թրազարկ, Փոսի վանք[1]։ Ֆրանսերեն աղբյուրներում Դրազարկը երբեմն անվանվել է՝ Աբբատիա դե Տրեզարկո[1]։
Պատմություն Խմբագրել
Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել 10-րդ դարից։ Առաջին անգամ վերանորոգվել է 11-12-րդ դարերում՝ Թորոս Ա Ռուբինյան իշխանի օրոք՝ Վասպուրականից հրավիրված Գևորգ Մեղրիկ վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է Ռուբինյան իշխանների և թագավորների դամբարանը, դրա համար էլ դարձել էր նրանց հոգածության առարկան[1]։
Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գործում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են Գևորգ Մեղրիկ վարդապետը (1045-1114), Կիրակոս Գիտնականը, երաժիշտ Թորոս Փիլիսոփան (13-րդ դար), Բարսեղ Գիտնավորը, հայտնի առարկագիր Վարդան Այգեկցին, նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Առաքել Հնազանդենցը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «Գործք Առաքելոց»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիտը 1113 թվականի է, վերջինը՝ 1371 թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է Մատենադարանում(ձեռ․ №№ 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 6763, 10524)[1]։
Դրազարկի գերեզմանատանն են թաղված Թորոս Ա, Թորոս Բ, Թորոս Գ, Ռուբեն Բ հայոց իշխանները, Հեթում Ա թագավորը, Զապել թագուհին, Գրիգոր Դ Տղա (1173-1193), Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194), Հովհաննես Զ Սսեցի (1203-1221), Կոստանդին Ա Բարձրբերդցի (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Գևորգ Մեղրիկ վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 447)։ |