Ձեռագիր
Ձեռագիր՝ գրական-գիտական աշխատության՝ ձեռքով գրված կամ մեքենագրված բնագիր, փոխաբերաբար՝ գրողի, արվեստագետի ինքնատիպություն, յուրահատկություն։
Հնադարյան ոչ տպագիր գիրք
խմբագրելՀնադարյան ոչ տպագիր գիրք, մատյան՝ գրված աղյուսի, կավե սալիկների, պապիրուսի, մագաղաթի թղթի վրա։ Մեզ են հասել հեռավոր անցյալի գրական ու գիտական շատ ձեռագրեր, որոնք նաև գեղանկարչության, մանրանկարչության նմուշներ են։
Ձեռագրերի մեջ հանդիպում են կրկնագիր ձեռագրեր, երբ մագաղաթ չլինելու պատճառով էջերից քերել-ջնջել են նախկին բնագիրը և ընդօրինակել նորը։ Կրկնագրերն այժմ հեշտությամբ վերծանում են՝ երբեմն ի հայտ բերելով հին դարերի նշանավոր երկեր։ Այսպես է Վատիկանի գրադարանում հայտնաբերվել հռոմեացի հռետոր Կիկերոնի «Հանրապետություն» աշխատությունը, որի ջնջված բնագրի վրա ընդօրինակվել է Ս. Օգոստինոսի ատենախոսություններից մեկը։
Հայերեն ձեռագրեր
խմբագրելՀայերեն ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում։ Ձեռագրերն ունեն մեծ մասամբ վերջում զետեղված հիշատակարան, որտեղ նշված է ձեռագրի գրության վայրը, ժամանակը, տրված են տեղեկություններ ընդօրինակողի, նկարազարդողի և այլոց մասին։ Հնագույն շատ ձեռագրեր մեզ են հասել քայքայված, առանց հիշատակարանի։ Նման դեպքերում գրության ժամանակը որոշելու լավագույն միջոցը գրատեսակն է։
Հայերեն Ձեռագրերի ամենահին գրատեսակը երկաթագիրն է՝ իր տարատեսակներով։ Տարբեր ժամանակներում տարածված են եղել նաև գրչագիրը, բոլորգիրը, նուորգիրը, շղագիրը։ Մեզ հասած հայերեն ամենահին ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում «Վեհամոր Ավետարանն» է։
Աշխարհի տարբեր վայրերում
խմբագրելՆերկայումս աշխարհի տարբեր վայրերում հաշվվում է հայերեն շուրջ 25 000 ամբողջական և 4000 պատառիկ ձեռագիր։ 10780 ամբողջական և 2000 պատառիկ ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, 4500 ձեռագիր՝ Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանքում, 4000 ձեռագիր՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, 1200 ձեռագիր՝ Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, 1000 ձեռագիր՝ Նոր Ջուղայի Ամենավփրկիչ վանքում և այլուր։
Հայերեն Ձեռագրեր կան նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Փարիզի Ազգային գրադարանում, Օքսֆորդի Բոդլերյան գրադարանում, Կ. Պոլսի Ազգային պատրիարքարանում, Զմմառի վանքում և Անթիլիասում (Լիբանան), ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստուտի Լենինգրադի բաժանմունքում, Աալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարանում, Վրացական ԽՍՀ ԳԱ հին ձեռագրերի ինստուտում, Բեռլինում, Նյու Յորքում, Վաշինգտոնում։
Կորած ձեռագրեր
խմբագրելՀսկայական է եղել նաև հայերեն կորած-ոչնչացած ձեռագրերի քանակը։ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ միայն Սյունյաց Բաղաբերդ ամրոցում 1170 թվականին սելջուկները ավարի են մատնել 10000 ձեռագիր։ Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ ձեռագրեր Միջին Ասիա է տարել Լենկթեմուրը։
Քիչ չեն նաև կորուստները անտերնչության, անցյալում պետական հսկողության ու հոգատարության բացակայության պատճառով։ Վերջին անգամ բազմաթիվ ձեռագրեր ոչնչացան առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այսուհանդերձ, այժմ հայերեն ձեռագրերի հավաքածուների ամբողջությունը ամենահարուստներից մեկն է աշխարհում։
Գրականություն
խմբագրել- Հովսեփյան Գ., Գրչության արվեստը հին հայոց մեջ, Վաղ-պատ, 1913
- Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973։ Հ. Դավթյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 695)։ |