Արա Սարգսյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Միհրանի Սարգսյան (ապրիլի 7, 1902(1902-04-07)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունիսի 13, 1969(1969-06-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր (1932) և առաջին նախագահ, Հայաստանում առաջին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիր, այդ ինստիտուտի առաջին ռեկտոր, պրոֆեսոր (1947)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959), ԽՍՀՄ գեղարվեստական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ, Նեմեսիս ծրագրի մասնակից[2]։ Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրն է։

Արա Սարգսյան
Ծնվել էապրիլի 7, 1902(1902-04-07)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 13, 1969(1969-06-13)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա (1924)
Ստեղծագործություն(ներ)Նելսոն Ստեփանյանի կիսանդրի, Հովհաննես Թումանյանի հուշարձան, Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան, Մայր Հայաստան, Լուռ վիշտ, Կանացի իրան, Մերկ կին, Հերոսիմա, Տառապանք, Բնորդուհին, Քաղց, Երաժշտություն, Այգեկութ, Անսփոփ վիշտ, Անտառի արքա (Երևան), Լոգանքից հոտո, Տաթև, Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Բարձունքի գրավում, Նռնակ նետող պարտիզան, Ալեքսանդր Ջիվելեգովի դիմաքանդակ, Ճարտարապետ Թ. Թորամանյանի կիսանդրի, Տիգրան Պետրոսյանի կիսանդրի, Հակոբ Կոջոյանի դիմաքանդակ, Վահան Թեքեյանի դիմաքանդակ և Պետրոս Ադամյանի դիմաքանդակ
Ժանրփորագրություն, գրաֆիկա, բեմանկարչություն, փորագրություն և դիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ
Աշխատավայր«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա և ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիա
Արա Սարգսյան Վիքիքաղվածքում
 Ara Sargsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արա Սարգսյանը ծնվել է 1902 թվականի ապրիլի 7-ին Պոլսից ոչ հեռու գտնվող Մաքրի գյուղում՝ Միհրան և Կատարինե Սարգսյանների ընտանիքում։

Նախնական կրթությունն ստացել է տեղի Տատյան ուսումնարանում, այնուհետև՝ 1914 թվականին, երբ ընտանիքը տեղափոխվել է Պոլսի Բերա թաղամաս, ուսումը շարունակել է Եսայան սանոց վարժարանում։ Արայի հորեղբայրը՝ Սարգիս Սարգսյանը, Կոստանդնուպոլսի հայտնի ճարտարապետներից է եղել, և նրա խորհրդով Արան խորացել է արվեստի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արան թողել է ուսումն ու սկսել է զբաղվել պատահական աշխատանքով՝ գոյության միջոցներ վաստակելու նպատակով։ Նա զբաղվել է գրագրությամբ, գծագրությամբ, անգամ՝ աշխատել է որպես էլեկտրիկ։ Պատերազմից հետո նա սովորել է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919-1921), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկական կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով (մահվան ճիրաններում գտնվող սովյալների պատկերող «Քաղց», իրենց սփոփանքը երաժշտության մեջ փնտրող ընչազուրկների ներկայացնող «Երաժշտություն» և մենամարմին «Հուսահատություն» կոմպոզիցիաները[3]), որտեղ զգացվում է Ռոդենի ազդեցությունը։ Վարժարանում սովորելու ընթացքում ստեղծել է նաև իր ընկերներ Սայիմի ու Ջևադի, ճարտարապետ Հյուսնի դիմաքանդակները[3]։ Գեղարվեստի վարժարանի քառամյա ուսումը Արա Սարգսյանը գերազանց ավարտել է երկու տարում։

1921 թվականին ավարտելով Գեղարվեստի ուսումնարանը՝ որոշել է մեկնել Հռոմ։ Եսայան վարժարանը հովանավորել է Արա Սարգսյանի ուսումն արտասահմանում։ Այնուհետև կյանքի սղության պատճառով տեղափոխվել է Վիեննա և ընդունվել է այսպես կոչված «Վարպետների դպրոց» (Meisterschule)։ Այստեղ նրա առաջին ղեկավարն է եղել քանդակագործ, Վիեննայում տեղադրված Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե ի և Յոհան Շտրաուսի հուշարձանների հեղինակ պրոֆեսոր Էդմոնդ Հելմերը, ապա Յոզեֆ Մյուլները՝ Կարլ Լյուգերի մոնումենտի հեղինակը։ Մասնագիտացել է հատկապես դիմաքանդակի ժանրում և Վիեննայի նկարիչների միության ցուցահանդեսին ներկայացրել է երաժիշտ, պրոֆեսոր Ռիխարդ Ռոբերտի պորտրեն։ Արա Սարգսյանի դիպլոմային աշխատանքը դարձել է «Լուռ վիշտը» (1924), որը բոլոր կողմերից դիտելի արձան է և բոլոր կողմերից ունի արտահայտիչ եզրագծեր[3]։

Վիեննայում սովորելու տարիներին Արա Սարգսյանի ստեղծած դիմաքանդակները, որոնք շուրջ քսանն են, արժանացել են մամուլի ուշադրությանն ու դրական արձագանքներին։ Դրանցից մի քանիսը մինչև այսօր էլ ներկայացված են Վիեննայի Մունիցիպալ, Կոնսերվատորիայի և Մխիթարյան միաբանության թանգարաններում[4]։

Ավելի քան կես տարի Հռոմում և Վիեննայից Բեռլին իր ճամփորդությունների ժամանակ Արա Սարգսյանը մասնակցել է 1921 թվականին Հռոմում Սայիդ Հալիմին վերացնելուն, իսկ 1922 թվականին՝ Գերմանիայում Ջեմալին ու Բեհաեդդին Շաքիրին ոչնչացնելու գործողությանը[3][5][6]։ Հետագայում Նեմեսիս գործողության մասնակիցները Սփյուռքում բացահայտորեն ներկայացրել են իրենց պատմությունը և արժանացել ճանաչման, սակայն Արա Սարգսյանը, ապրելով Խորհրդային Միությունում, ստիպված է եղել թաքցնել իր մասնակցությունն այդ գործողություններին, այդ պատճառով և´ Արշավիր Շիրակյանը, և´ Մերժանովը իրենց հուշերում մանրամասն չեն նկարագրել Արա Սարգսյանի մասնակցությունը և նրան հիշատակել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ նշելով միայն նրա անվան սկզբնատառերը՝ Ա.Ս[3]։

1924 թվականին թվականին Արա Սարգսյանը Վիեննայում ընդունել է խորհրդային քաղաքացիություն և 1925 թվականի ապրիլի 26-ին ժամանել Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1925-1930 թվականներին Երևանյան գեղարվեստական տեխնիկումում բացել է քանդակագործության բաժինը և սկսել է դասավանդել այնտեղ։ 1930-ական թվականներին Արա Սարգսյանը փորձում է միավորել Հայաստանի նկարիչներին՝ համատեղ սեմինարներ, ցուցահանդեսներ կազմակերպելու նպատակով։ 1932 թվականին Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի, Արա Սարգսյանի ջանքերով հիմնադրվել է Հայաստանի նկարիչների միությունը, իսկ առաջին քարտուղար միաձայնորեն ընտրվել է հենց Արա Սարգսյանը, որը գլխավորել այն է մինչև 1937 թվականը։ Սարգսյանի մանկավարժական գործունեությունն առավել լայն ծավալ ու նշանակություն է ստացել 1945 թվականից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ Արա Սարգսյանը դարձել է նրա առաջին ռեկտորը և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև 1959 թվականը։ Եղել է քանդակի ամբիոնի վարիչ և արվեստանոցի ղեկավար՝ մինչև կյանքի վերջը, իսկ 1947 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում[7]։

Արա Սարգսյանը մահացել է 1969 թվական հունիսի 13-ին Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

1973 թվականին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը[8]։

Ստեղծագործություն խմբագրել

Հայաստանում Արա Սարգսյանի առաջին ստեղծագործությունները հիմնականում եղել են դիմաքանդակներ, որոնց թվում են Ա. Մյասնիկյանիի, Վահան Թոթովեցի, Մարիամ Ասլամազյանի, Հայկ Գյուլիքևխյանի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Շիրվանզադեի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի և այլն։ Մանուկ Աբեղյանի՝ 1926 թվականին ստեղծված դիմաքանդակում «նկատելի է կերպարի սրացման որոշակի փորձ», իսկ Թորոս Թորամանյանի դիմաքանդակում (1927) առկա է նոր որակ՝ մոնումենտալացում, ինչը հատկապես զգալի է 1936 թվականին բազալտի վրա փոխադրված տարբերակում[3]։ Տվյալ աշխատանքում առկա է քանդակի և պատվանդանի միջև հակադրություն, երբ անհարթ, անմշակ պատվանդանից վեր է բարձրանում չափազանց հղկված, ողորկ կիսանդրին։ Այս դեպքում «կերպարի ամբողջականությանը, Թորամանյանի փառավոր և ազդեցիկ կերպարին ներդաշնակվել է նաև քանդակագործի կողմից ճիշտ ընտրված նյութը՝ ամրակուռ բազալտը, որը, կարծես, թե ամփոփոմ է կերպարի մեկնաբանությունը»[9]։

 
Տիգրան Պետրոսյան

«Կատարելագործելով իր արվեստը, հասնելով ձևի ու բովանդակության միասնության, արտահայտչաձևերի բազմազանության, մարդու ներաշխարհն առավել խոր ու նրբորեն բացահայտելու կարողության»[3]՝ Արա Սարգսյանը տարբեր ժամանակաշրջաններում ստեղծել է Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Նիկողայոս Տիգրանյանի, իսկ ավելի ուշ՝ Վարդան Աճեմյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Կարապետ Սիտալի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Խաչատուր Աբովյանի, Տիգրան Պետրոսյանի, Վալերի Բրյուսովի, քանդակագործ Մատվեյ Մանիզերի և այլոց դիմաքանդակները։

Արա Սարգյանն ստեղծել է նաև դեկորատիվ քանդակներ՝ «Մայիսյան ապստամբության հերոսներին» (1931) հուշարձանը (Գյումրի), «Շինարարություն», «Հարձակում», «Միասնական ճակատ», «Զրահագնացք» հարթաքանդակային հորինվածքները[3]։

1934 թվականին Արա Սարգսյանը նորակառույց «Մոսկվա» կինոթատրոնի արևմտյան ճակատի խորշը զարդարել է «Չապաև» ֆիլմի էպիզոդներից մեկը ներկայացնող քանդակով։ Նույն թվականին Սարգսյանն ստեղծել է «Կայծակ» կլասիցիստական արտահայտչաձևերով դեկորատիվ քանդակը, որը զարդարել է Երևանի կենտրոնական փոստի ճակատային հատվածը[10]։ 1957 թվականին Ակադեմիայի պրեզիդիումը (այժմ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն) Արա Սարգսյանին հանձնարարել է քանդակազարդել ակադեմիայի նորակառույց շենքի նիստերի դահլիճը[3]։ Նախապես պլանավորված քսանվեցի փոխարեն դահլիճում տեղադրվել է միայն տասնութ դիմաքանդակ (այդ թվում՝ Անանիա Շիրակացու, Գրիգոր Մագիստրոսի, Նիկոլայ Կոպեռնիկոսի, Կոնֆուցիոսի, Կոնստանտին Ցիոլկովսկու), ինչի արդյունքում այնտեղ տեղ չեն գտել Խորենացու, Փավստոս Բուզանդի, Ամիրդովլաթ Ամասիացու, Մանուկ Աբեղյանի և այլ քանդակները։

Արա Սարգսյանը՝ որպես մոնումենտալիստ, հայ ժողովրդի պատմությանը, հեղափոխական գաղափարներին, Հայրենական մեծ պատերազմին և այլն թեմաների նվիրված աշխատանքներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ստեղծել է ժողովրդի սխրանքը պատկերող կոմպոզիցիաների մի ստվար շարք, որոնց թվում են՝ «Առա՛ջ հանուն հայրենիքի» (1941), «Ի զե´ն իմ ժողովուրդ» (1942), «Բարձունքի գրավումը» (1942), «Տանյա» (1942), «Մայրը» (1943), «Կովկաս» (1943) և այն․ «այս աշխատանքներում նրբորեն միահյուսված են հերոսականն ու պարզ մարդկային ապրումները»[3]։

 
Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց, Երևան

1943 թվականին ստեղծել է «իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը»[7]՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» (գիպս, 1943, վերջնականապես խմբագրվել և տեղափոխվել է փայտի վրա 1946-1947 թվականներին, 1948 թվականին ձուլվել է բրոնզից, 1962 թվականին՝ գիպսից (բնականի մեկուկես մեծությամբ), 2002 թվականին ստեղծվել է վերջնական բրոնզե տարբերակը բազալտե պատվանդանով, որը տեղադրվել է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում (ըստ նախնական որոշման՝ պետք է դրվեր Մատենադարանի առջև), ճարտարապետ՝ Ռ. Ջուլհակյան) խմբաքանդակը, որտեղ մեծ վարպետությամբ օգտագործված են հայ միջնադարյան կտիտորական պատկերաքանդակի ավանդույթները[7]։ «Սիլուետիկ-կոմպոզիցիոն առումով միանման երկու ֆիգուրները քանդակագործն անհատականացրել ու ավելի բովանդակալից է դարձրել։ Պարթևը կրոնական է, հանգիստ, մի փոքր նույնիսկ ինքնամփոփ, իսկ Մաշտոցը՝ բռնկուն, սակայն և զուսպ անմիջական ոգևորությամբ։ ․․․Այս ստեղծագործությունը, գեղագիտական բարձր հատկանիշներից զատ, ունի նաև խոր գաղափարական, իմաստաբանական արժեք։ Հեղինակն իրարից չզատելով այս երկու կարևոր սիմվոլները՝ ցույց է տվել ազգի գոյության, ազգապահպանության, արարման և զարգացման իր տեսլականը, լույսը՝ այդ լույսը տեսնելով կրոնի և լեզվի, այլ խոսքով՝ գիտության և եկեղեցու ամուր կապի միջև»[3]։

Գիրքը, որ բռնել են Մաշտոցն ու Պարթևը, գաղափարի ընդհանրություն ցույց տալուց բացի, կերպարներն իրար միացնող դեր ունի։ Կոմպոզիցիոն գյուտ կա այդտեղ։ Գուցե և մտահղացումը կատարումից հարուստ է այս ստեղծագործության մեջ։

— Ռ. Զարյան[11]

1942 թվականին կանգնեցվել է Արա Սարգսյանի ստեղծած Ա․ Կիրովի հուշարձանը (բազալտ) Կիրովականում (ներկայում՝ Վանաձոր), 1967 և 1968 թվականներին՝ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ Կիրովականում (ճարտարապետներ՝ Գ․ Հովսեփյան, Ա. Միրզոյան) և Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում (ճարտարապետ՝ Ա. Սարգսյան)[3]։

1965-1968 թվականներին Արա Սարգսյանը ստեղծել է «Մայր Հայաստանը»։ Այն երիտասարդ, դասական գեղեցկությամբ օժտված կնոջ կերպար է՝ լայն ու դինամիկ ծալազարդումներով զգեստավորված։ Հրաժարվելով նման կարգի այլաբանություններում բազմիցս կրկնված սրից և այլ ավանդական սիմվոլներից՝ արվեստագետն իր հերոսուհու մի ձեռքում դրել է Զվարթնոցի խոյակներից մեկը, մյուս ձեռքում՝ դափնու ճյուղ։ Արա Սարգսյանի գործը մեծացրել ու ավարտին է հասցրել քանդակագործ Երեմ Վարդանյանը և 1975 թվականին, երբ նշվել է Հայրենական մեծ պատերազմի ավարտի 30 տարին, այն կանգնեցվել է Լենինականում (ճարտարապետ՝ Ռ. Եղոյան)[3]։

1931 թվականին Արա Սարգսյանը կատարել է իր առաջին թատերական ձևավորումը Սունդուկյանի անվան թատրոնում Տիգրան Շամիրխանյանի բեմադրած Ն. Շապովալենկոյի «Սև գնացք» պիեսի բեմադրության համար։ Հետագայում Արա Սարգսյանի էսքիզներով ներակայացվել են «Նապոլեոնի արշավանքը» (բեմադրիչ՝ Ս. Խաչատրյան, 1931), Գ. Սարյանի «Աչքը» (ռեժիսոր՝ Մկրտիչ Ջանան), Տ. Հախումյանի «Այգաբացին», Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1934, ռեժիսոր՝ Վ. Աճեմյան), «Պաղտասար աղբարը» (1933, 1936), Մուրացանի «Գևորգ Մարզպետունին» (1941, բեմադրությունը՝ Քաջվորյանի) և այլն։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

 
Մայիսյան ապստամբության հերոսների հուշարձանը Գյումրիում
  • Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)[12]
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1950)[13]
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)
  • Հայկական ԽՍՀ պետական մրցանակ (1971, հետմահու) – Վ. Լենինի, Ս. Կիրովի, Ս. Սպանդարյանի, Ս. Շահումյանի, Մ. Կալինինի, Ա. Մյասնիկյանի, Ս. Սպանդարյանի, Պ. Ջափարիձեի, Ա. Միկոյանի դիմաքանդակների և Լենինականի «Մայիսյան ապստամբության հերոսների» հուշարձանի հարթաքանդակների համար
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան (1956)
  • «Պատվո նշան» երկու շքանշան (1939, 1945)
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ

Ստեղծագործություններ խմբագրել

Արա Սարգսյանը ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն ստեղծագործություններ՝ օգտագործելով տարբեր նյութեր՝ մարմար, փայտ, շամոտ, բրոնզ և բազալտ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են՝

Հիշատակ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. «Նեմեսիսի» հերոսներից մեկի՝ Արա Սարգսյանի մահվան պատճառն այդպես էլ անհայտ մնաց
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  4. Վ. Հարությունյան «Արա Սարգսյան», Երևան, 1975։
  5. Գ. Մերժանով, «Իմ կտակը», Բեյրութ, 1972։
  6. Ա. Շիրակեան, «Կտակն էր նահատակներուն», Բեյրութ, 1965։
  7. 7,0 7,1 7,2 «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984, էջ 220։
  8. Ինչո՞ւ են վաճառվում Արա Սարգսյանի քանդակները
  9. Հ.Պարանյան «Մի դիմաքանդակի պատմություն», Էջմիածին ամսագիր, 2016, հունվար
  10. В.Тиханова «Ара Сарксян», Москва, 1962․
  11. «Հուշեր Արա Սարգսյանի մասին», խմբ.՝ Ռ. Զարյան, Երևան, 1990։
  12. Архитектор, 1998, էջ 24
  13. Хронография Еревана, 2009, էջ 104
  14. «Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահն այսուհետ կրելու է հիմնադրի՝ Արա Սարգսյանի անունը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  15. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Նվիրվում է Արա Սարգսյանի ծննդյան 115-ամյակին (1902-1969) (2017)։ Արա Սարգսյան։ Երևան։ «ՎարդՀրատ» ՍՊԸ։ ISBN 978-9939-833-24-8:
  • Երևանի տարեգրությունը, Երևան քաղաքի պատմության թանգարան, 2009։
  • Վարազդատ Հարությունյան, Անմոռաց հանդիպումներ /հուշագրություններ/, Երևան, 1998։
  • Վ․ Հարությունյան, Արա Սարգսյան։ Կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, 1975։
  • Հուշեր Արա Սարգսյանի մասին», խմբ.՝ Ռ. Զարյան, Երևան, 1990։
  • Мкртчян Ш. Классик армянской скульптуры. К 110-летию со дня рождения Ара Саркисяна // Голос Армении : общественно-политическая газета. — 2012. — № 72.
  • Авакян С. Ара Саркисян — 110. Вдохновленный камнем // газета «Иравунк». — 2012. Архивировано из первоисточника 5 Հուլիսի 2013.
  • Микаелян Л. Последняя тайна А. С. // Голос Армении : общественно-политическая газета. — 2010. — № 72.
  • Солахян В. Жизнь-подвиг: неизвестные страницы жизни и деятельности выдающегося патриота, скульптора и педагога Ара Сарксяна. — Ер.: Грабер, 2004. — 79 с.
  • Сарксян Ара Мигранович // «Архитектор»: краткий биографический справочник Союза архитекторов Армении / Сост. Л. С. Сафарян. — Ер.: «Зангак-97», 1998. — С. 24. — 422 с.
  • Степанян Н. С. Искусство Армении: черты историко-художественного развития. — М.: Советский художник, 1989. — 312 с.
  • Сарксян А. М. Статьи, выступления, воспоминания = Հոդվածներ, ելույթներ, հուշեր / В. Н. Арутюнян. — Ер.: Советакан грох, 1982. — 280 с.
  • Сарксян Ара Мигранович // Большая советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23.
  • А. М. Сарксян (1902—1969) // Сто памятных дат. Художественный календарь. — М.: Советский художник, 1972. — 324 с.
  • Советское искусство. Скульптура // Всеобщая история искусств. — М.: государственное изд-во «Искусство», 1966. — Т. 6: Искусство 20 века. Кн. 2. — С. 61. — 838 с.
  • Сарксян Ара Мигранович // Театральная энциклопедия / П. А. Марков. — М.: Советская энциклопедия, 1965. — Т. 4. — С. 382.
  • Ара Мигранович Сарксян: каталог выставки к 60-летию со дня рождения и 40-летию творческой деятельности. — М.: изд-во Академии художеств СССР, 1963. — 32 с.
  • Тиханова В. А. Ара Сарксян. — М.: изд-во Академии художеств СССР, 1962. — 140 с.
  • Шлеев В. В. Ара Мигранович Сарксян. — М.: Советский художник, 1952. — 68 с. — (Мастера советского искусства).
  • Кравченко К. С. Очерки по истории искусства Армении. — М.: государственное изд-во «Искусство», 1939. — 99 с.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 220  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Սարգսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Սարգսյան» հոդվածին։