Ալեքսանդր Շիրվանզադե

հայ արձակագիր, դրամատուրգ, գրող, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, ապրիլի 18, 1858(1858-04-18)[1], Շամախի, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 7, 1935(1935-08-07)[1], Կիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրող, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստան (1930), Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Շիրվանզադեն, Կոստան Զարյանը և Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են։

Ալեքսանդր Շիրվանզադե
Ծննդյան անունԱլեքսանդր Մինասի Մովսիսյան
Ծնվել էապրիլի 18, 1858(1858-04-18)[1]
ԾննդավայրՇամախի, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 7, 1935(1935-08-07)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրԿիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԳերեզման Ալեքսանդր Շիրվանզադեի
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և վիպասան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվիպակ, պատմվածք և վեպ
Ուշագրավ աշխատանքներՔաոս, Արտիստը և Պատվի համար
Պարգևներ
Ալեքսանդր Շիրվանզադե Վիքիքաղվածքում
Ալեքսանդր Շիրվանզադե Վիքիդարանում
 Alexander Shirvanzade Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», - գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

 
Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
 
Շիրվանզադեի կիսանդրին համանուն դպրոցի բակում

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ. Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն է թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։

Միջադեպ Զորավար Անդրանիկի հետ

խմբագրել

1917 թվականին, Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան Զորավար Անդրանիկն ու նշանավոր գրող Վահան Թոթովենցը։ Բոլորը հարգանքով լռեցին, իսկ Զորավարի վաղեմի բարեկամ Ռոստոմը առաջ եկավ ու ողջագուրվեց։ Բայց այդ պահին կողքի սեղանից լսվեցին Շիրվանզադեի խոսքերը՝ ուղղված Զորավարին. -Հը, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը...։- Դրան իսկույն հետևեց Անդրանիկի ապտակը, և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ Շուտով Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան՝ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը և ասաց. -Ներո՛ղ եղիր, Զորավա՛ր, գինով է[2]։

Երկերի մատենագիտություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 517—519.
  2. ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՊՏԱԿՆԵՐԸ

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շիրվանզադե» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շիրվանզադե» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Շիրվանզադե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 517