Պարույր Սևակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924, Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Պարույր Սևակ | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | Պարույր Ռաֆայելի Ղազարյան |
Ծնվել է | հունվարի 24, 1924 |
Ծննդավայր | Դաշտամեջ, Հայաստան |
Վախճանվել է | հունիսի 17, 1971[1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գրողի առանձնատնից, խնձորի այգուց և թանգարանի շենքից |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրականագետ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1955) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1970) |
Ուշագրավ աշխատանքներ | Անլռելի զանգակատուն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Ավանգարդ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Գրական թերթ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀԳՄ |
Պարգևներ | |
Զավակներ | Հրաչ Ղազարյան (1-ին ամուսնություն), Արմեն Ղազարյան, Կորյուն Ղազարյան (2-րդ ամուսնություն) |
Պարույր Սևակ Վիքիքաղվածքում | |
Պարույր Սևակ Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Մանկություն Խմբագրել
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975) և մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1894-1982) զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ։ Նրանց նախնիները 1828 թվականին գաղթել էին Պարսկահայաստանի Սալմաստ գավառից։ Բանաստեղծի նախնիների ազգանվանը իր իսկ վկայությամբ «սերնդեսերունդ կպած է եղել «Տեր»-ը, որ հոգևոր դասի տիտղոսն էր»։ Նրանք գրագետ մարդիկ էին, որ ուսանել էին Գևորգյան ճեմարանում[2]։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։
Լինելով ծնողների մինուճար որդին՝ Պարույրը մանկությունից մշտապես զգացել է նրանց հոգատարությունն ու փայփայանքը։ Պարույրի մեջ պատվաստել էին նվիրվածություն հարազատների հանդեպ, արյունակցական կապի սրբազան զգացում, անկեղծ ու ջերմ սեր շրջապատի մարդկանց, հատկապես՝ մոր հանդեպ։ Ահա, թե ինչ է գրում բանաստեղծը գրառումների մի ծոցատետրում իր մոր՝ Ազիի (ինչպես կանչում էր նրան) մասին․ «Իմ մայրը մի կին էր, որի համար դժբախտության հասկացողությունը անհասկանալի մնաց ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում նա իրեն դժբախտ է համարել, այդքանով էլ, իսկապես, դժբախտությունը՝ ահավոր ճշտությամբ ապրելուց հեռու մնալով։ Նրա համար դժբախտություն էր՝ խոտը ուշ դեզելը, թեյի գդալների պակասը, աման ջարդվելը, պարանի կորչելը։ Բանաստեղծական հոգի էր նա, աշխարհը ողբերգականորեն վերապրող, անհանգիստ, անհագ հոգի, որքան, իհարկե, զորում էր նրա գեղջկական՝ պարզ, ոչնչով չաղարտված արտաքին էությունը։ Ես նրանից ժառանգել եմ չափազանց շատ, անքան շատ, որ մեծագույն մասով փոխարկվել է ուղիղ հակադրության»։Պարույր Սևակը մեծություն էր անգամ մանուկ հասակում։
Հինգ տարեկան էր Պարույրը և, առանց դպրոց գնալու, արդեն կարդում ու գրում էր։ Ավելի ճիշտ՝ գնում էր, բայց ոչ «օրինական» ձևով։ Եվ ուսուցիչը հաջորդ տարում՝ 1930 թվականին, թույլ է տալիս նրան օրինական ձևով հաճախել դպրոց՝ անուն-ազգանունը գրանցելով մատյանում։ Գյուղական փոքրիկ դպրոցում լավ սովորողները քիչ չէին, բայց տարեկիցներից ոչ մեկը չէր կարող մրցակից դառնալ Պարույրին սովորելու մեջ։ Դպրոցը գյուղական երեխայի առջև բացեց մի ուրիշ աշխարհ՝ գրքերի աշխարհ, իսկ գիրք չկար։ «Զարթոնքի տարիներն էին, բայց և դժվարին տարիներ։ Չկար թուղթ ու մատիտ։ Չկար դասագիրք։ Հաճախ ամբողջ դասարանը սովորում էր մեկ դասագրքով։ Պակասում էին ուսուցիչները։ Եղածներն էլ՝ միջնակարգ և նույնիսկ թերի միջնակարգ կրթության տեր։ Իններորդ դասարանում, օրինակ, մեր ֆիզկուլտուրայի դասատուն որքան հաղթանդամ, նույնքան համակրելի մի երիտասարդ էր։ Նույն այդ երիտասարդը 10-րդ դասարանում ստիպված էր մեզ գրականություն դասավանդել։ Երեկ՝ ֆիզկուլտուրա, այսօր՝ գրականություն։ Եվ դասավանդեց․ գիշերները ես գրում էի հաջորդ օրվա մեր անցնելիք գրողի կյանքն ու գրական գործունեությունը և առավոտյան նա թելադրում էր մեզ իմ գրածը, ընդ որում՝ բոլորի հետ մեկտեղ նրա թելադրածը գրում էի նաև ես։ Եվ այդպես՝ կլոր տարին.․․»։
Աշակերտական նստարանից սկսած, իսկ համալսարանական տարիներին ու հետագայում առավել ևս, գիրքը՝ վեպ լիներ, թե բանաստեղծությունների ժողովածու, պատմագիտական ուսումնասիրություն, թե փիլիսոփայական տրակտատ, միևնույն է, ինչ էլ կարդալիս լիներ՝ մատիտը կամ գրիչը անբաժան էին նրանից։ Բնավ չէր հավանում այն գրքերը, որտեղ մատիտը պետք չէր գալիս։ Սիրում էր պոեզիան և հայ բանաստեղծներից շատերի գործերը անգիր գիտեր։ Շատ էր սիրում Հովհաննես Թումանյանին։ «Ես՝ գաղտնիքս մեծ, ինքս՝ փոքրիկ, արդեն վաղուց համոզված էի, որ դառնալու եմ «էն «Գիքոր»-ը գրողի պես մարդ», այսինքն՝ գրող կամ բանաստեղծ։ Բայց այդ մասին գիտեի լոկ ես ու մեկ էլ․․․․Աստված»։
Կրթություն Խմբագրել
1939 թվականից Պարույր Ղազարյանը դարձել է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող (մինչև 1945)։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955-1959)։ 1946 թվականին ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ հին գրականություն մասնագիտությամբ։ Նույն այս տարիներից էլ սկսվել է նրա աշխատանքային գործունեությունը։ 1945-1946 թվականներին որպես գյուղական երիտասարդության բաժնի վարիչ աշխատել է «Ավանգարդ» թերթում, 1946-1947 թվականներին որպես մամուլի բաժնի ավագ ռեֆերենտ՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1949-1951 թվականներին վարել է «Գրական թերթի» պոեզիայի բաժինը[3]։ 1963-1971 թվականներին եղել է ավագ գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966–1971 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Գրական գործունեություն Խմբագրել
Առաջին բանաստեղծությունը թղթին է հանձնել Ի. Տուրգենևի «Առաջին սեր» պատմվածքի հերոսուհու՝ Զինաիդայի կերպարի ներշնչանքով։ Այս տարիներին էլ նա երազում է գրող դառնալու մասին, և դպրոցում Պարույր Արեգունի ստորագրությամբ հրապարակում է իր առաջին բանաստեղծությունները[2]։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թվականից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954) բանաստեղծությունների ժողովածուները։ 1957 թվականին լույս է տեսել Պարույր Սևակի «Նորից քեզ հետ», որում ընդգրկված ստեղծագործությունները գրվել են 1946-1956 թվականներին։
Սևակի սիրո ապրումը զգում և վերարտադրում է ոչ թե մեկ-երկու տարածված վիճակների մեջ (սիրո արբեցում, մերժված, անպատասխան, անհասանելի սիրուց առաջացած տառապանք), այլև՝ բացահայտում տվյալ զգացմունքի բոլոր հատկանշական կողմերը։ Սերը նրա քնարական հերոսի համար ոչ միայն ոգեղենացված մի պահ է, այլև՝ հոգևերո կենսագրություն։ Այդ իսկ պատճառով այդ զգացողության վերապրման գերիշխող վիճակների կողքին իրենց տեղն ունեն նաև բավարարված սերը, սիրո խաղը, սիրո ձանձրույթը, անսեր սերը, օտար սերը։
— Դավիթ Գասպարյան
Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական-փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թվականին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջ»-ների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերջաբանը, որը խորհրդանշում է հայություն-հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։
Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական-հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։
Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու. Ուիթմեն), եվրոպական (Պ. Էլուար) և ռուսական (Վ. Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրության առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական-վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ջատագով։
Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական-բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ-Նովայի տաղերի էության մեջ՝ վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։
Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ՝ Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղենացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։
․․․Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ․ ամեն ինչ գնաց երկու բանի վրա։ Նախ՝ դիմանալու։ Դիմացա, բայց ի՞նչ գնով։ Իմ տասը տարվա աշխատանքը մնաց ու մնում է գզրոցում․ իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի։ Այդ տարիներին ես հասկացա, որ մի բան մտածել և այլ բաներ ասելը անբարոյականության վատթարագույն տեսակն է, ինչպես որ հարկադրաբար սիրելն էլ վատթարագույն շնականությունն է․․․[4]
Թարգմանություններ Խմբագրել
Բանաստեղծի գրական ժառանգության մեջ զգալի տեղ է գրավում թարգմանական աշխատանքը։ Սևակը թարգմանել է Ադամ Միցկևիչի (պոեմներ), Ալեքսանդր Պուշկինի, Խ. Բոտևի, Միխայիլ Լերմոնտովի («Դևը», պոեմ), Յա․ Կուպալայի, Յա․ Ռայնիսի, Սերգեյ Եսենինի, Վալերի Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Վլադիմիր Մայակովսկու («Վարտիքավոր ամպը»), Էդուարդաս Մեժելայտիսի («Մարդը», 1965, ժողովածու), հունգար («Հունգար բանաստեղծներ», 1968, ժողովածու) և այլ բանաստեղծների գործերից։ Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն և այլն։ Սևակը գրել է նաև «Մեսրոպ Մաշտոց» (1962, «Հայֆիլմ»), «Սայաթ–Նովա» (1965, «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարների սցենարները։ Ընտրվել է ՍՍՀՄ VII գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Մահ Խմբագրել
Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Նրա մեքենան բախվել է գյուղական ճանապարհով անցնող կաթ տեղափոխող մեքենային։
Վարկածներ Խմբագրել
Գրողի մահվան մասին կան իրարամերժ վարկածներ։ Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի իմացել, բայց այդ օրը նա պետք է մեկներ Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել՝ պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները՝ մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի պատճառով մահացել են Սևակն ու նրա կինը[5]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ գրողի մահը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով[6][7]։
Կոչումներ և պարգևներ Խմբագրել
- 1949 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ
- Սևակի ԳԱԱ գրականության ինստիտուտում աշխատելու տարիների հիմնական արդյունքներից է «Սայաթ-Նովա» մենագրությունը, որն էլ պաշտպանել է որպես թեկնածուական ատենախոսություն (1966), և աշխատանքի հիմնորոշության պատճառով հեղինակը արժանացել է Բանասիրական գիտությունների դոկտորի կոչման (1970)
- 1967 թվականին «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Ստեղծագործություններ Խմբագրել
Գրքեր Խմբագրել
- Անմահները հրամայում են, Երևան, 1948։
- Անհաշտ մտերմություն /պոեմ/, Երևան, 1953։
- Սիրո Ճանապարհ, Երևան, 1957։
- Անլռելի զանգակատուն /պոեմ/, Երևան, 1959։
- Մարդը ափի մեջ, Երևան, 1963։
- Սայաթ Նովա /ուսումնասիրություն/, Երևան, 1969։
- Եղիցի լույս, Երևան, 1969։
- Ձեր ծանոթները /փոքրերի համար/, Երևան, 1971։
Հայտնի բանաստեղծություններ Խմբագրել
- Մոր ձեռքերը
- Անքնություն
- Մարդ էլ կա, մարդ էլ
- Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում
- Ծերանում ենք
- Հայաստան
- Էրեբունի-Երևան
- Բարև։
- Անկեղծ ասած
- Նորօրյա աղոթք
- Ապրել
- Ուզում եմ
- Գժվում եմ
- Իմ հայ ժողովուրդ
- Խոսք հավաստիքի
- Որդուս
- Վարք մեծաց
- Միանգամից
- Խոստովանում եմ
- Խոստանում եմ
- Դարակեսի հիմնը
- Աշխարհ... աշխարհ
- Պարապություն
Երկերի մատենագրություն Խմբագրել
- Անմահները հրամայում են, Երևան, 1948, 60 էջ։
- Անհաշտ մտերմություն (պոեմ), Երևան, 1953, 140 էջ։
- Սիրո Ճանապարհը, Երևան, 1954, 136 էջ։
- Նորից քեզ հետ, Երևան, 1957, 160 էջ։
- Անլռելի զանգակատուն, Երևան, 1959, 272 էջ։
- Երբ մրցում է ամբողջ երկիրը…, Երևան, 1961, 88 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1963, 213 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1963, 272 էջ։
- Մարդը ափի մեջ, Երևան, 1963, 336 էջ։
- Անլռելի զանգակատուն, Երևան, 1966, 272 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1969, 500 էջ։
- Եղիցի լույս, Երևան, 1969, 300 էջ[8]։
- Հատընտիր, Թեհրան, 1971, 72 էջ։
- Եղիցի լոյս, Պէյրութ, 1971, 298 էջ։
- Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1972, 328 էջ։
- Երկերի ժողովածու 6 հատորով, հատ. 1. Անմահները հրամայում են, Սիրո ճանապարհ, Նորից քեզ հետ, Մարդը ափի մեջ, Երևան, 1972, 528 էջ[9]։
- Երկերի ժողովածու, հատ. 2. Եղիցի լույս, Թարգմանություններ, Երևան, 1972, 472 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 3. Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1973, 344 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 4. Պոեմներ. Անլռելի զանգակատուն, Եվ այր մի՝ Մաշտոց անուն, Եռաձայն պատարագ, Երևան, 1973, 324 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 5. Գրականագիտություն, Քննադատություն, Հրապարակախոսություն, Երևան, 1974, 416 էջ։
- Երկերի ժողովածու, հատ. 6. Գիրք մնացորդաց, Վարուժանի պոեզիան, Սիլվա Կապուտիկյանի մտորումները ճանապարհի կեսին, Նամակներ, Երևան, 1976, 448 էջ։
- Հատընտիր, Պէյրութ, 1980, 328 էջ։
- Անլռելի զանգակատուն, Թեհրան, 1981, 269 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Պէյրութ, 1981, 248 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Թեհրան, 1982, 276 էջ։
- Երգ երգոց, Երևան, 1982, 80 էջ։
- Երկեր 3 հատորով, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1982, 672 էջ։
- Երկեր, հատ. 2. Պոեմներ, Երևան, 1983, 464 էջ։
- Երկեր, հատ. 3. Հրապարակախոսություն, Քննադատություն, Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, Վարուժանի պոեզիան, Նամակներ, Երևան, 1983, 592 էջ։
- Մուտք, Երևան, 1985, 236 էջ։
- Նորից քեզ հետ (հատընտիր), Պէյրութ, 1987, 320 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 1987, 496 էջ։
- Հատընտիր, Թեհրան, ա. թ., 312 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 1990, 256 էջ։
- Ընտրանի, հատ. Ա, Երևան, 1991, 336 էջ[10]։
- Վերնագիրը վերջում (մտքեր ու խոհեր), Երևան, 1991, 224 էջ։
- Եվ այր մի՝ Մաշտոց անուն (բանաստեղծություններ, պոեմ, հոդվածներ), Երևան, 1991, 80 էջ։
- Եղիցի լույս, Երևան, 1992, 400 էջ[11]։
- Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ։ Դպրոցական միջին տարիքի համար։ Սովետական գրող, 1992, 24 էջ[12]։
- Հատընտիր ամբողջական երկերէն, Պէյրութ, 1996, 352 էջ։
- Հատընտիր, Թեհրան, 1999, 336 էջ։
- Հատընտիր – 75, Պէյրութ, 1999, 224 էջ[13]։
- Վառվող արյուն (հատընտիր բանաստեղծություններ), Երևան, 2000, 188 էջ։
- Ծանոթացէք նօրից (ութնեակներ), Պէյրութ, 2001, 160 էջ[14]։
- Անկեղծ ասած, Երևան, 2002, 120 էջ։
- Անտիպ բանաստեղծություններ, Երևան, 2002։
- Ծանոթացեք նորից, Երևան, 2002, 156 էջ[15]։
- Սիրերգություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 2003, 192 էջ։
- Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, Երևան, 2004, 112 էջ[16]։
- Մարգարիտներ Պարույր Սևակի մտքի գանձարանից (Աֆորիզմներ, թևավոր խոսքեր, ասույթներ), խմբ. Վահան Սահակյան, Երևան, 2004, 120 էջ[17]։
- Բանաստեղծություններ, Երևան, 2009, 120 էջ։
- Սիրերգություն (բանաստեղծություններ), Երևան, 2009, 192 էջ[18]։
- Ընտրանի, Երևան, 2010, 120 էջ։
- Միշտ Ձեզ հետ (բանաստեղծություններ), Երևան, 2010, 120 էջ։
- Անցյալը ներկայացած, Երևան, 2011, 72 էջ։
- Ընտրանի, Երևան, 2011, 136 էջ։
- Ընտիր էջեր, Երևան, 2012, 200 էջ։
- Սայաթ Նովա (ուսումնասիրություն), Երևան, 2013, 504 էջ։
- Ականջդ բեր, ասեմ (Սևակյան իմաստախոսություններ), կազմեց՝ Արմեն Սարգսյան, Երևան, 2014, 248 էջ։
- Ամանեջ (վեպ), Երևան, 2014, 208 էջ[19]։
- Պոեմներ, Երևան, 2014, 648 էջ։
- Անլռելի զանգակատուն (պոեմ), Երևան, 2015, 276 էջ։
- Անտիպ ուսումնասիրություններ, Երևան, 2016, 396 էջ[20]։
- Ընտրանի, Երևան, 2016, 176 էջ։
- Պոեմներ, Երևան, 2017, 656 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից) Խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բոգդան Զ., Արևին ընդառաջ, Երևան, Հայպետհրատ, 1951 (գրքի մեջ մտնող «Ամեն տեղ ընկերներ ունենք», «Բալլադ նեգր Թոմի մասին», «Խոհ գարնան մասին» բանաստեղծությունները թարգմանել է Պ. Սևակը)։
- Կուպալա Յա., Հատընտիր (գրքի մեջ մտնող «Երեկույթ», «Կոմերիտմիությունը», «Շնորհակալ եմ իմ ժողովրդից», «Փառաբանում եմ ես Լենինի պարտիան», «Որդիները» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1951։
- Վենցլովա Ա., Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1953, 72 էջ։
- Գո-Մո-Ժո, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ապրիլի 8-ի հերոսների հիշատակին», «Արծիվ», «Բարեկամները տանջվում են զնդանում», «Հիշում եմ Չեն Շեին և Ու. Գուանին», «Հրաժեշտ եմ տալիս Ճապոնիային», «Շանհայի առավոտը», «Չարիքի բուրգը», «Պոեզիայի դեկլարացիան», «Պոեզիան և պաշտպանությունը», «Ջրհեղեղի դարաշրջանը», «Փյունիկների Նիրվանան», «Փողոց երկնքում», «Քայլերգ» գործերը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
- Պուշկին Ա. Ս., Երկեր 5 հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1954։
- Բոտև Ք., Երկեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1955։
- Միցկևիչ Ա., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 319 էջ։
- Ռոդարի Ջ., Բարև, երեխաներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 58 էջ։
- Բրյուսով Վ., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1957։
- Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ է գտել «Փչիր քամի» դրաման Պ. Սևակի թարգմանությամբ), Երևան, Հայպետհրատ, 1957, 672 էջ։
- Աբաշիձե Ի., Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, Հայպետհրատ, 1958։
- Եսենին Ս., Հատընտիր (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, 1961։
- Ադամյան Նորա, Երեք վիպակ, Երևան, Հայպետհրատ, 1963, 270 էջ։
- Լերմոնտով Մ. Յու., Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող չափածո գործերի մի մասը թարգմանել է Պ. Սևակը), Երևան, «Հայաստան», 1965։
- Մեժելայտիս Է., Մարդը, Երևան, «Հայաստան», 1965, 120 էջ։
- Հունգար բանաստեղծներ, Երևան, «Հայաստան», 1968, 167 էջ։
Ֆիլմագրություն Խմբագրել
- Պարույր Սևակ կամ «Եղիցի լույս», սցենարի հեղինակ՝ Վահե Տատուրյան, ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան։ Ողջ ֆիլմի ընթացքում հնչում է Պարույր Սևակի ձայնը, որը կարդում է իր բանաստեղծությունները։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում (1984)
Գրականություն Խմբագրել
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ. Գեղագիտություն և բանարվեստ, Ե., 2006։
- Ալբերտ Արիստակեսյան, Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ[21]։
- Հովիկ Չարխչյան, Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
- Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004։
- Հովիկ Չարխչյան, Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004։
- Հովիկ Չարխչյան, Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005։
- Լևոն Հախվերդյան, Պարույրը /էսսե/, 1987, 1997։
- Սերգեյ Գալոյան, Զուտ սովետական սպանություն. Պարույր Սևակ, գիրք 1, Երևան, 2006, գիրք 2, Երևան, 2007։
- Գրիգոր Չալիկյան, Անլռելի սիրահարը. Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին, Երևան, 2002։
- Պարույր Սևակը... հուշագիրների ափի մեջ, կազմեց Նինա Հովսեփյան, Երևան, 2006, 400 էջ։
- Վարդգես Բաբայան, Պարույր Սևակի հետ /հուշեր/, 1988։
- Ղողանջ հիշատակի /բանաստեղծություններ, հուշեր, հոդվածներ/, Ե., 1991։
- Կարլեն Դանիելյան, Պարույր Սևակ. Բանաստեղծի սխրանքը, 1989[22]։
- Էդուարդ Մեհրաբյան, Նորից քեզ հետ. Պարույր Սևակ /ալբոմ-ուղեցույց/, Ե., 1990։
- Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 2, Երևան, 1977, էջ 301-315։
- Գևորգ Էմին, Երկերի ժողովածու, հատոր 3, Երևան, 1986, էջ 696-708։
- Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 248-288։
- Հովսեփյան Ն․, Պարույր Սևակ․ Կենսամատենագիտություն, 2 մաս, Ե․, 1968-1983: Պարույր Սևակի ստեղծագործությունը, Ե., 1983։ Պարույր Սևակը իմ հուշերում, Ե., 1996։
- Պողոսյան Ա․, Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Ե․, 197
- Արզումանյան Լ., Պարույր Սևակի պոեմները, Ե., 2001։
- Բարսեղյան Խ., Պարույր Սևակի «Եղիցի լույսի» ոդիսականը և ոչ միայն, Ե., 1992։
- Գասպարյան Դ., Պարույր Սևակ, Ե., 2001[23]։
- Գրիգորյան Շ., Հայ պոեզիայի Քուռկիկ Ջալալին, Ե., 1980։
- Գրիգորյան Ս․, Պարույր Սևակ․ Արձագանքող անտառը, Ե․,1998
- Գրիգորյան Ս․, Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան, Ե․, 2018
- Ղազարյան Ս․, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, Ե․, 2014
- Մարության Թ., Պարույր Սևակի պոեմների գրաքննադատական արձագանքները, Ե., 2006։
- Մելքոնյան Հ., Մերժված օրենսդիրը, գիրք 1, Ե., 2006։
- Պապոյան Ա., Պարույր Սևակի չափածոյի բառապաշարը, Ե., 1970։
- Սարինյան Ս., Պարույր Սևակ, Ե., 2006։
- Վերնագիրը վերջում, Ե., 1991։
- Փարսադանյան Ա., Ղողանջ անմահության, Ե., 2006։
- Малумян Г., О поэме Паруйра Севака "Неумолкаемая колокольня", Новосибирск, 2002:
- Նունե Դավթյան, Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները։ 2002, էջ 161[24]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 15
- ↑ Է. Ա. Մեհրաբյան։ «Նորից քեզ հետ։ Երևան։ Պարբերական։ 1990։ էջ 16
- ↑ Է․ Մեհրաբյան, Նորից քեզ հետ, Երևան, 1990։
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 8-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 6
- ↑ http://iravaban.net/19603.html
- ↑ http://asekose.am/news/8/161987-parouyr-seaki-mahn-ar-aysor-kaskaceli-e-aysor-hanjari-mahvan-orn-e.html
- ↑ Sewak Paroyr (1969)։ Eghitsʻi luys (հայերեն)։ Hayastan Hratarakchʻutʻyun
- ↑ Ղազարյան) Պարույր Սևակ (pseud van Պարույր Ռաֆայելի (1972)։ Երկերի ժողովածու։ 6 հատորով (հայերեն)։ Հայաստան
- ↑ Սևակ Պարույր, Պետրոսյան Վարդգես Համազասպի (1991)։ Ընտրանի: Երեք հետորով (հայերեն)։ Ադանա։ ISBN 9785807903488
- ↑ Սևակ Պարույր (1992)։ Եղիցի լույս։ (Բանաստեղծություններ) (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550007945
- ↑ Սևակ Պարույր (1992)։ Ձեր ծանոթները։ Բանաստեղծություններ ։ Դպրոցական միջին տարիքի համար (հայերեն)։ Սովետական գրող։ ISBN 9785807905147
- ↑ Միցկևիչ Ադամ, Սևակ Պարույր (1999)։ Հատընտիր (հայերեն)։ Գրահրատ. ազգային միութ.։ ISBN 9789993082002
- ↑ Սևակ Պարույր, Խաչատրեան Եուրի (2001)։ Ծանօթացէք նորից (հայերեն)։ "Համազգային"-ի "Կոմիտաս" մասնաճիւղ։ ISBN 9789953900346
- ↑ Sewak Paroyr (2002)։ Պարույր Սևակ։ Ծանոթացեք նորից (հայերեն)։ Փրինտինֆո
- ↑ Պարույր Սևակ։ Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ...: Նվիրվում է Պարույր Սևակի ծննդյան 80-ամյակին (հայերեն)։ Զանգակ-97։ 2004։ ISBN 9789993028000
- ↑ Sewak Paroyr (2004)։ Պարույր Սևակ. իմաստուն մտքերի աշխարհում։ Ասույթների ժող (հայերեն)։ Հայաստան։ ISBN 9785540019224
- ↑ Սևակ Պարույր (2009)։ Սիրերգություն: Բանաստեղծ (հայերեն)։ Նաիրի։ ISBN 9785550013632
- ↑ Սևակ Պարույր (2014)։ Ամանեջ: վեպ (հայերեն)։ ISBN 9789939837130
- ↑ Սևակ Պարույր (2016)։ Անտիպ ուսումնասիրություններ (հայերեն)։ "Armav" hratarakchʻutʻyun։ ISBN 9789939863412
- ↑ Արիստակեսյան Ալբերտ Վրթանեսի (1984)։ Պարույր Սևակ։ Մենագրություն (հայերեն)։ Սովետական Գրող
- ↑ Դանիելյան Կարլեն Արտաշեսի (1989-01-01)։ Պարույր Սևակ բանաստեղծի սխրանքը (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545003839
- ↑ Գասպարյան Դավիթ Վազգենի (2001)։ Պարույր Սևակ։ Կյանքը և ստեղծագործությունը (հայերեն)։ Նոր-Դար։ ISBN 9789993064688
- ↑ Դավթյան Նունե (2002)։ Պարույր Սևակ։ Գրականագիտական հայացքները (հայերեն)։ Պարույր Սևակ։ ISBN 9789993095316
Աղբյուրներ Խմբագրել
- Հախվերդեան, Լևոն (1981), Պարոյրը. իմ յուշերում, իր նամակներում ու գործերում (1ին տպ.), Պէյրութ: Ալթափրէս
Արտաքին հղումներ Խմբագրել
- Սևակի նորահայտ կենսագրականը
- Պարույր Սևակի Ամանորյա ուղերձը Archived 2022-12-16 at the Wayback Machine.
- Պարույր Սևակ
- Սևակի բանաստեղծությունները ձայնային տարբերակով
- Պարույր Սևակի բանաստեղծությունները Archived 2022-01-26 at the Wayback Machine.
- «Պարույր Սևակ. Զուտ սովետական սպանություն» Ս. Գալոյան Archived 2011-08-15 at the Wayback Machine.
- Հովիկ Չարխչյան, Սևակ և Ստալին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |