Հարթաքանդակ
Հարթաքանդակ կամ բարելիեֆ (ֆր.՝ bas-relief, bas - ցածր և ֆր.՝ relief - ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ Որպես հարդարման տեսակ կերպարային և զարդանախշ հարթաքանդակները մեծ տարածում ունեն ճարտարապետական շինություններում և դեկորատիվ-կիրառական արվեստում։ Հարթաքանդակային պատկերներով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքարերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները։
Ինչպես Միջնադարյան Հայաստանում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։
Արա Հարությունյան
խմբագրելՔանդակագործ Արա Հարությունյանը (1928-1999) առաջիններից է, ով վերականգնեց միջնադարի հայկական ճարտարապետա-քանդակային համալիրների ավանդույթները և ստեղծեց հարթաքանդակի իր վառ ու ինքնատիպ ոճը։ 1962 թվականին Արա Հարությունյանը ձևավորում է Երևանի Գինու գործարանի հյուսիսային ճակատը՝ «Պայքար առյուծի հետ» և «Աղվեսներ» հարթաքանդակները[1]։
1968-1969 թվականներին Արա Հարությունյանը քանդակազարդում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝ «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»)։ Թանգարանի քանդակային ձևավորումը հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով։ Էրեբունի թանգարանի քանդակազարդման համար 1970 թվականին Արա Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի[1]։
1966-1967 թվականներին Արա Հարությունյանը ստեղծում է Գ. Սունդուկյանի անվան հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային համալիրը, որտեղ ներկայացված է հայ թատրոնի գրեթե 2000-ամյա պատմությունը։ Խորհրդային Հայաստանում այս քանդակային համալիրը առաջին խոշոր կառույցներից էր, որտեղ միահյուսված էին դեկորատիվ քանդակն ու ճարտարապետությունը։ Այն բաղկացած է թատրոնի ճակատամուտքից, Գ. Սունդուկյանի արձանից (1972) և «Սիրին» բարձրաքանդակից (1976[1]):
Ճակատամուտքի հարթաքանդակների կոմպոզիցայում պատկերված են հաղթանակ ու վերածնունդ մարմնավորող կանացի ֆիգուր, դրամայի, կոմեդիայի, իմաստության դիմակներ ու հավերժական շարժման խորհրդանիշ։ Աջից վերևում պատկերված է մ.թ.ա. 53 թ. Արտաշատ քաղաքում առաջին հայկական թատրոնի հիմնադիր Արտավազդ II թագավորը[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ, «Պայքար առյուծի հետ», քանդակագործ՝ Արա Հարությունյան
-
Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ, «Աղվեսներ», քանդակագործ՝ Արա Հարությունյան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 305)։ |