Կարապետ Սիտալ
Կարապետ Շահենի Սիտալ (Շահինյան) (1891, Կաճետ կամ Կաշտ (Արևմտյան Հայաստանի Շատախի գավառում) - մայիսի 26, 1972, Ֆիլադելֆիա), հայ բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ։ 1895-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Վան։
Կարապետ Սիտալ | |
---|---|
Ծնվել է | 1891[1] |
Վախճանվել է | մայիսի 26, 1972[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և խմբագիր |
Կարապետ Սիտալ Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնողներից զրկվելով՝ Սիտալն ապաստանել է ամերիկյան որբանոցում։ 1907 թ.-ին ավարտել է Վանի Ամերիկյան բարձրագույն վարժարանը, 1910 թվականին՝ Թավրիզի Ամերիկյան քոլեջը։ Վերադառնալով Վան՝ նվիրվել է ուսուցչությանը։ 1911 թվականին, Հ. Ավագյանի և Ս․ Ժամկոչյանի հետ հիմնել ու խմբագրել է «Վան-Տոսպ» պարբերականը։ 1914 թվականին, խուսափելով թուրք զինվորագրությունից, մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում, որտեղ հետևել է Փենսիլվանիայի համալսարանի գրականության և գեղարվեստի դասընթացներին։
Իր հիմնադրած տպարանում, որը գործել է շուրջ 40 տարի, Սիտալը 1923-1924 թվականներին լույս է ընծայել «Հորիզոն» գրական, գիտական, հասարակական շաբաթաթերթը (խմբագրել է Փ․ Մինասյանի և Հ․ Հովսեփյանի հետ)։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո հարել է ԱՄՆ-ում գործող Հայ բանվորական կուսակցությանը, որը հետագայում մտել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության մեջ՝ կազմելով վերջինիս հայկական հատվածը։ Սիտալը եղել է «Խորհրդային Հայաստանի տեխ․ օգնության», «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ) և այլ առաջադիմական միությունների անդամ։
Կյանքի վերջին տարիներին Ամերիկահայ առաջադիմական միության պատվո նախագահն էր։ Քանիցս այցելել է Խորհրդային Հայաստան, որտեղ նշվել են նրա գրական-հասարակական գործունեության 40, 50, 60-ամյակները[2]։
Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Առավոտ», «Զանգ» (Թավրիզ), «Վան֊Տոսպ» (Վան) պարբերականներում (1910-ական թթ․)։ «Դուսաներգեր» (1919 թ.), «Կարավանի ետևէն» (1922 թ.) գրքերը պարունակում են հայկական ժողովրդական ավանդավեպերի մշակումներ՝ «Ոսկե խոտը», «Արևամարդը», «Մհեր», «Ծամթել» և այլն։ «Գիշերէն մինչև լուսաբաց» (1931 թ.) ժողովածուում Սիտալը բանաստեղծությունների շարքեր է նվիրել Սովետական Հայաստանին և, իր բառերով ասած, «ռազմերգել է հայ բանւորութեան և միջազգային պրոլետարիատի պայքարը․․․»։ Սիտալը գրել է նաև «Գիւղն իմ հեռաւոր» (1936 թ.) պոեմը, «Սասնայ ծռեր» (1939 թ.) դյուցազներգությունը, գրական մշակման ենթարկել «Կաշտի քաջեր» (1942 թ.) վիպերգը։ «Հազարան բլբուլ»-ը[3] (1946 թ.)՝ հայկական նույնանուն հեքիաթի, իսկ «Հովիվ Ազոն» (1954 թ.)՝ քրդական «Ների Բալո» վիպերգի մշակումն են։
Սիտալը հեղինակ է նաև հրապարակախոսական երկերի («Տեսայ մեր երկրի արևածագը», 1948 թ., «Հայաստանի լուսափառ արևածագը և Վրացեանի մարող ձէթի ճրագը», 1949 թ., «Արևածագ և առաւօտ», 1957 թ., «Նոր հորիզոններ», 1959 թ.), որոնցում նոթագրել է Սովետական Հայաստանից ստացած տպավորությունները։
Երկեր
խմբագրել- Լուսաբաց, Ե․, 1936 թ.։
- Պայքարի երգեր, Ե․, 1953 թ.։
- Դյուցազնական, Ե․, 1957 թ.։
- Ոսկեհունձ, Ե․, 1962 թ.։
Գրականություն
խմբագրել- Սելյան Պ., Կարապետ Սիտալ, Ե., 1961[4]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 National Library of Israel Names and Subjects Authority File
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Սիտալ, Կարապետ (1946). Հազարան Բլբուլ. Ամերիկահայ Հառաջդիմական Միութիւն.
- ↑ Սելյան, Պատրիկ Աբրահամի (1961). Աղաբաբյան, Սուրեն Բարդուղի (ed.). Կարապետ Սիտալ. Գիտա-մասսայական գրադարան. Գրականության ինստիտուտ Մ. Աբեղյանի անվան ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)