Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, հիմնվել է Երևանում 1973 թվականին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1970 թվականի մայիսի 25-ի որոշման համաձայն և հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը[2]։
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան և պատկերասրահ |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Կազմված է | Խաչքար` Ասլիզատի և Հուշակոթող` Հակոբ Կոջոյանին և Արա Սարգսյանին |
Հասցե | Երևան, Պուշկինի 70 |
Հիմնադրվել է | 1973 |
1934 թվականից մինչ թանգարանի ստեղծումը Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը բնակվել ու ստեղծագործել են այստեղ։
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում են ինչպես թանգարանի պատկանելիության, այնպես էլ արվեստագետների ընտանիքների սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները[3]։
Պատմություն
խմբագրելԵրևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959)։ 1973 թվականին ժառանգների համաձայնությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով։
Տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1936 թ. ճարտարապետ Վարազդատ Արևշատյանի նախագծով, վերակառուցվել 1973 և 1981 թթ[4]։
Արա Սարգսյան բաժին
խմբագրելՄասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր։ Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին։ Արա Սարգսյանի ստեղծագործությունը սինթեզում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը։ Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում։ Նա եղել է Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն ու առաջին քարտուղարը, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորը։
Հակոբ Կոջոյան բաժին
խմբագրելՇենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը։ Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է։ Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում։ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը։ Իր կտավներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին։ Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում։ Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը` նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտալ մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես` հեքիաթներում։ Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն դեմքերից է։
Թանգարանը ունի հարմարավետ բակ՝ միջոցառումներ կազմակերպելու համար։
Պատկերասրահ
խմբագրել-
Վիքիտվյալներին առնչվող խմբագրաթոն թանգարանում
-
Վիքիտվյալներին առնչվող խմբագրաթոն թանգարանում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան - Մասնաճյուղեր - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Այլ Երևան նախագիծ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան» հոդվածին։ |