Արշավիր Շիրակյան
Արշավիր Շիրակյան (1900[1][2][3][…], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - ապրիլի 12, 1973, Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ վրիժառու, ՀՅԴ անդամ։ Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն)։ 1921 թվականին Հռոմում ահաբեկել է 1915 թվականին Օսմանյան կայսրության մեծ վեզիր (վարչապետ) Սայիդ Հալիմ փաշային։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ 1923 թ. հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը։
Արշավիր Շիրակյան արմտ. հայ.՝ Արշավիր Շիրակեան | |
---|---|
Ծնվել է | 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Մահացել է | ապրիլի 12, 1973 |
Մահվան վայր | Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Գերեզման | Hackensack Cemetery |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրող և ակտիվիստ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Երեխաներ | Sonia Shirakian Blackwell? |
Arshavir Shirakian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱրշավիր Շիրակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցության շարքերը դեռևս պատանության տարիներին։ Արշավիրի ողջ ընտանիքը եղել է դաշնակցական։ Պոլսի իրենց տունը եղել է հայ գործիչների հավաքատեղին, որտեղ հաճախ հավաքվել են հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ՝ քննարկելու ստեղծված բարդ իրավիճակը, որոնց մասնակիցն է դարձել նաև պատանի Արշավիրը։ Առաջին աշխարհամարտի սկզբից Պոլսում ստեղծված ծանր ու լարված իրավիճակում հայ գործիչները նոր կոտորածների կասկածանքով զգուշորեն էին գործում։ Պատանի Արշավիրը իրենց տանը կատարվող գաղտնի հավաքների և քննարկումների ժամանակ հետախույզի դեր էր ստանձնում և ներկաներին փոխանցում իր հավաքած տեղեկությունները թուրքերի ծրագրերի մասին։ Շուտով համարձակ երիտասարդը կուսակցության առաջադրանքով լծվում է այլ պատասխանատու գործի և զենք-զինամթերք հայթայթում ու տեղավորում պահեստներում։
Փրկվելով թուրքական յաթաղանից՝ Արշավիր Շիրակյանն անդամագրվել է ՀՅԴ-ի ստեղծած «Նեմեսիս» գործողության պատասխանատու մարմնին, որի նպատակն է եղել հայոց ցեղասպանություն իրականացնող դահիճների և հայ դավաճանների ահաբեկումը։
«Նեմեսիս» գործողություն
խմբագրել«Նեմեսիսի» պատասխանատու մարմնի որոշումով 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը սպանում է Վահե Իհսանին։
Վրիժառուն Վահե Իհսանին հանդիպում է Թալաբաշ փողոցում։ Ատրճանակից արձակած առաջին գնդակը վիրավորում է նրան, և նա փորձում է փախչել։ Սակայն հասնելով նրան՝ Արշավիրը գետին է տապալում և ատրճանակի ողջ պարունակությունը դատարկում գլխին։ Ապա դարձյալ լիցքավորում է ատրճանակը, սպառնում իր շուրջը հավաքվող թուրք ամբոխին ու հեռանում։
Դավաճանի ահաբեկումից հետո Արշավիր Շիրակյանը հեռանում է Պոլսից և 1920 թվականի ամռանը հայտնվում Երևանում։ Այստեղ նա մտերմանում է հայ ազատամարտի ականավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի հետ, որի հանձնարարականով ծառայության է անցնում ՀՀ ոստիկանությունում։ Ռուբեն Տեր-Մինասյանն էլ կազմակերպում է երկու հայորդիների՝ Արշավիր Շիրակյանի և Արամ Երկանյանի բախտորոշ հանդիպումը իր բնակարանում, ովքեր կարևոր առաջադրանք ունենին։ Նրանք պետք է Բաքու ուղևորվեին և այնտեղ իրականացնեին Էնվեր և Խալիլ փաշաների գնդակահարությունը։ Սակայն Թիֆլիսում ձերբակալվում են վրացական ոստիկանության կողմից և բանտ նետվում։ Կուսակցական ընկերներին հաջողվում է կազմակերպել նրանց փախուստը, որից հետո երկու վրիժառուները Պատասխանատու մարմնից հանձնարարություն են ստանում անցնել Պոլիս և այնտեղ սպասել նոր առաջադրանքի։
Պոլսում Շիրակյանը երկար չի մնում։ Նա ուղևորվում է Հռոմ՝ իրականացնելու «Նեմեսիսի» հաջորդ առաջադրանքը՝ գնդակահարել երիտթուրքական կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշային, որը փախել և ապաստանել էր Հռոմում, որտեղ Արշավիրը հանդիպում է անգամ Էնվեր փաշային, բայց հանգամանքները բարենպաստ չեն լինում՝ իրականացնելու ոսոխի մահապատիժը։
Հռոմում Արշավիր Շիրակյանի գլխավոր թիրախը Սայիդ Հալիմն էր։ Նա որոշ ժամանակ զննում է Հալիմի կենցաղը և 1921 թվականի դեկտեմբերի 5-ին պատուհասում նրան։ Երբ Հալիմը կառքով իր թիկնապահի հետ վերադառնում է զբոսանքից, Արշավիրը ցատկում է կառքի ոտնատեղին, ատրճանակը պարպում վախից անշարժացած Սայիդ Հալիմի քունքին, ապա սառնասրտորեն գլխարկն ու վերարկուն հանում է, թողնում կառքում և արագ հեռանում։ Սայիդ Հալիմի թիկնապահը վախեցած անգամ փորձ չի անում հակառակվել Արշավիրին։ Երիտթուրք պարագլուխները, ահաբեկված Շիրակյանի գործողությունից, փախուստի են դիմում Հռոմից, իսկ վրիժառուն «Նեմեսիսի» հանձնարարականով կրկին վերադառնում է Պոլիս՝ սպասելով հետագա ցուցումների։
1922 թվականի փետրվարին Արշավիր Շիրակյանը Շահան Նաթալու, Արամ Երկանյանի և մի քանի այլ ընկերների հետ ժամանում է Բեռլին՝ պատուհասելու երիտթուրք պարագլուխ, «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության ստեղծող, «Թուրքիան՝ թուրքերին» կարգախոսի հեղինակ Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի ջարդերի կազմակերպիչ Ջեմալ Ազմիին։
Խումբը հայտնաբերում է Ջեմալ Ազմիի բնակարանը և հետախուզում նրան։ Այս գործում «Նեմեսիսին» մեծ ծառայություն է մատուցում Մեհմեդ Ալի կեղծանունով թուրքերի շրջապատ սողոսկած վրիժառու հայորդին՝ Հրաչ Փափազյանը։ Նա հայտնում է «Նեմեսիսի» պարագլուխներին, որ թուրքերի հավաքատեղին հենց Ազմիի խանութն է։ Վրիժառուները որոշում են հավաքի ժամանակ ներխուժել խանութ և բոլորին սպանել այնտեղ։ Սակայն այս ծրագիրը ձախողվում է։ Բայց դա չի հուսահատեցնում Շիրակյանին ու իր ընկերներին, որոնք մշակում են վրիժառության երկրորդ ծրագիրը։ Վրիժառուները որոշում են գործողությունն ի կատար ածել մարտի 15-ին, երբ թուրքերը հավաքվելու էին Թալեաթի տանը՝ նշելու նրա սպանության տարելիցը։ Ծրագրի համաձայն՝ այդ օրը պիտի իսկական «տոն» դառնար թուրք ոճրագործների համար։ Սակայն այս պլանը նույնպես ձախողվում է, ինչը հուսահատեցնում է Շահան Նաթալիին, որը ցանկանում է անգամ չեղյալ համարել գործողությունն այդ փուլում։
1922 թվականի ապրիլի 17-ին թուրք հասարակության սերուցքը խնջույքի էր հավաքվել Պոլսի նախկին ոստիկանապետ Ազմի բեյի տանը։ Կեսգիշերից առաջ խնջույքն ավարտվում է, և թուրքերը խմբերով հեռանում են հյուրընկալի տնից։ Նրանց մեջ էին Թալեաթի կինը՝ Հայրիե Թալեաթը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին՝ իրենց կանանցով և երեխաներով, մի խումբ թիկնապահներ։ Հետևի կողմից մոտենալով խմբին՝ Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը հարձակվում են նրանց վրա։ Արշավիրը, հայտնվելով Ջեմալի կողքին՝ մի կրակոցով գետին է տապալում նրան։ Մյուս կրակոցն ուղղված էր Բեհաէդդին Շաքիրին, սակայն այս անգամ Արշավիրը վրիպում է։ Արամ Երկանյանի կրակոցը վերջ է տալիս Բեհաէդդին Շաքիրի կյանքին։ Իրենց գործը ավարտած՝ հայ վրիժառուները հեռանում են Բեռլինից։
Ընտանիք
խմբագրել1922 թվականին Արշավիր Շիրակյանը ընտանիք է կազմում՝ ամուսնանալով սիրած աղջկա՝ Գայանե Ասլանյանի հետ։ Շուտով ՀՅԴ-ն փոխում է իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ, «Նեմեսիս» ծրագիրը կասեցվում է։ Անելիք չունենալով Եվրոպայում՝ Արշավիր Շիրակյանը 1923 թվականին ընտանիքով հաստատվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ գործում է մինչև կյանքի վերջը։ Հաստատվել է Նյու Յորքում, որտեղ զբաղվել է արևելյան գորգերի առևտրով[5][6]։
Հիշատակի հավերժացում
խմբագրելԱրշավիր Շիրակյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Արշավիր Շիրակյան, հայ վրիժառու բազուկը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Արշավիր Շիրակյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեր մեծերը. Արշավիր Շիրակյան, - https://www.youtube.com/watch?v=jjmWeUHNfIg
- Արշաւիր Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, Երևան, 1991։