Ալեքսանդր Մյասնիկյան
Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան, կեղծանուն՝ Մարտունի (փետրվարի 9, 1886, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, հասարակական գործիչ, 1921-1922 թվականներին Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։
Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1921-1922 | |||
Հաջորդող | Սարգիս Լուկաշին | ||
Կուսակցություն՝ | Կոմունիստ | ||
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան | ||
Գործունեություն՝ | հեղափոխական | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | փետրվարի 9, 1886 | ||
Ծննդավայր | Նոր Նախիջևան ![]() | ||
Վախճանի օր | Մարտի 22, 1925 | ||
Վախճանի վայր | Թբիլիսիի մոտ, ![]() | ||
Թաղված | Բաքու | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում[1]։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։
Ընտրվել էր Բելառուսիայի (այժմ՝ Բելառուս) կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կենտրոնական բյուրոյի, ապա՝ Բելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ 1919 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտեի քարտուղար։
Մյասնիկյանը Հայաստանում Խմբագրել
Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (համապատասխանում է ժամանակակից վարչապետին) և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։
Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։
1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։
1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։
Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին՝ Թիֆլիսի օդանավակայանում՝ օդանավի վթարից[2]։ Կա տեսակետ, որ ավիավթարը կազմակերպված է եղել Բերիայի կողմից[փա՞ստ]։
Հիշողություն Խմբագրել
Մյասնիկյանի անունով են կոչվել՝
- Բելառուս, 1932 թվականին Մինսկի վագոնանորոգման գործարանը, որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց։
- Հայաստան, Մարտունի քաղաքը Գեղարքունիքի մարզում, Մարտունի գյուղը Ճամբարակի տարածաշրջանում, Մյասնիկյան գյուղը Արմավիրի մարզում
- ԼՂՀ, Մարտունի քաղաք
- Վրաստան, Մյասնիկյանի գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետում
- Ադրբեջան, Մյասնիկովաբադ գյուղը Նախիջևանում, Մարտունի գյուղը Շամքորի շրջանում, Մարտունաշեն գյուղը Խանլարի շրջանում
- Ռուսաստան, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ
Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է նրա հուշարձանը։
Տես նաև Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Արամայիս Մնացականյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1955։
- Ս. Դ. Ավագյան, Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակախոս, Երևան, 1964։
- Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. VII, Երևան, 1967։
- Ա. Կ. Ոսկերչյան, Ալեքսանդր Մյասնիկյանը և գրական հարցերը, Երևան, 1974։
- Գևորգ Ղարիբջանյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Երևան, 1976։
- Վլադիմիր Ղազախեցյան, Հայաստանը 1920-1940 թվականներին, Երևան, 2006։
- Մհեր Կարապետյան, Էդիկ Գևորգյան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին, Երևան, 2007։
- Հայոց պատմություն /ՀՀ ԳԱԱ հրատ./, հատ. IV, գիրք I, Երևան, 2010։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ալեքսանդր Մյասնիկյանի 100-ամյակին»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-04-ին։ Վերցված է 2015-01-10
- ↑ Մյասնիկյան Ալեքսանդր, հայկական հանրագիտարան
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս առաջին
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երկրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս երրորդ
- Ալեքսանդր Մյասնիկյանի մասին պատմող ֆիլմ, մաս չորրորդ
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ | ||
---|---|---|
ՆԱԽՈՐԴՈՂ | Ալեքսանդր Մյասնիկայն | ՀԱՋՈՐԴՈՂ |
Սիմոն Վրացյան | 1920, նոյեմբերի 29 -1922, մայիսի 21 | Սարգիս Լուկաշին |