Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։ 1952-1994 թվականներին գործել է թատերական ինստիտուտի հետ մեկտեղ՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Տեսակակադեմիա
Հիմնադրված էհունիսի 29, 1945
ՏնօրենՎարդան Ազատյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Իսահակյան 36, 0009
Կայքsafa.am
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (Հայաստան)##
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (Հայաստան)
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա, Հայաստան
 Yerevan state academy of fine arts Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Գեղարվեստի ինստիտուտի հիմնադրում

խմբագրել

1940-ական թվականների սկզբին հայ արվեստագետների շրջանում սկսել էր քննարկվել Երևանում գեղարվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծման գաղափարը։ Արա Սարգսյանը և Մարտիրոս Սարյանը նամակներում հաճախ են շոշափում այդ նվիրական հարցը և դրա իրականացման ուղիները։ Ղեկավար մարմինների հետ բանակցություններ վարելու և թույլտվություն ստանալու համար նրանք քանիցս մեկնում են Մոսկվա։ 1945 թվականի հունիսի 29-ին տրվում է հրաման` Գեղարվեստի ինստիտուտ բացելու մասին։ Ինստիտուտի առաջին ռեկտոր (այն տարիներին՝ «դիրեկտոր») է նշանակվում Արա Սարգսյանը, ով պաշտոնավարում է մինչև 1959 թ., իսկ մոտ 25 տարի՝ մինչև կյանքի ավարտը, ղեկավարում է քանդակի ամբիոնը։

Պրոռեկտորի («դիրեկտորի տեղակալ») պաշտոնը զբաղեցնում է գեղանկարիչ, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի սան Բաբկեն Քոլոզյանը, որին մեկ տարի հետո փոխարինում է արվեստաբան Եղիշե Մարտիկյանը, ով նաև Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչն էր մինչև 1953 թվականը։ Բացի անվանի ավագ վարպետներից (Սարյան, Կոջոյան, Սարգսյան, Ստեփանյան, Գյուրջյան), ուսումնական առաջին տարվանից հրավիրվում են դասավանդելու նաև երիտասարդ տաղանդավոր արվեստագետներն ու արվեստաբանները, ինչպես՝ Էդուարդ Իսաբեկյանը, Արա Բեքարյանը, Մհեր Աբեղյանը, Եղիշե Մարտիկյանը, Վահան Հարությունյանը։ Իսկ հաջորդ տարվանից նրանց են միանում Արփենիկ Նալբանդյանը, Վռամշապուհ Շաքարյանը, 1947 թվականին Բուլղարիայից նոր վերադարձած հայտնի քանդակագործ Գրիգոր Ահարոնյանը, ինչպես նաև Կարապետ Մեծատուրյան և Էդդա Աբրահամյան ամուսինները։

Ինստիտուտին հատկացվել էր Աբովյան պուրակում գտնվող երկհարկանի գողտրիկ շենքը, որը ճարտարապետների նախկին ակումբն էր եղել։ Ի սկզբանե ինստիտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ յուղանկարչության (գեղանկարչության) և քանդակագործության։ Յուղանկարչության ֆակուլտետում առանձնացված էին գունանկարչության ու կոմպոզիցիայի, թատերական ձևավորման և գրաֆիկայի, իսկ քանդակագործության ֆակուլտետում՝ քանդակի ու կոմպոզիցիայի բաժինները։ Ուսուցումը տևում էր վեց տարի։

Գեղանկարչության ամբիոնի առաջին վարիչն է եղել հայ արդյունաբերական պեյզաժի հիմնադիր Գաբրիել Գյուրջյանը։ Քանդակագործության ամբիոնն ստեղծվել է Արա Սարգսյանի և Սուրեն Ստեփանյանի ջանքերով։ 1945 թ. ստեղծվում է գրաֆիկայի բաժինը, որի հիմնադիրն ու տասնամյա վարիչն է եղել գրաֆիկայի մեծագույն վարպետ Հակոբ Կոջոյանը։ 1946-1978 թթ., մի քանի տարվա ընդհատումով, գծանկարի ամբիոնի վարիչն է եղել Մոսկվայի Վխուտեինում կրթություն ստացած և Միության տարբեր քաղաքներում դասավանդած, կոմպոզիցիոն պատկերի և գծանկարի խոշորագույն վարպետ Վռամշապուհ Շաքարյանը։ Գեղարվեստի ակադեմիայի արվեստի պատմության և տեսության ամբիոնի հիմնադրման առաջին տասնամյակում ամբիոնի վարիչն է եղել Եղիշե Մարտիկյանը, ապա` գրականագետ Սուրեն Հարությունյանը, 1972-1977 թվականներին՝ Վահան Հարությունյանը։ 2013 թվականին տեսական առարկաների երկու ամբիոնները միավորվել են՝ դառնալով Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոն, որի վարիչ ընտրվել է Վիգեն Ղազարյանը։

Գեղարվեստա-թատերական ինստիտուտ

խմբագրել
 
Արա Սարգսյանի հուշատախտակը Երևանի Իսահակյան փողոցում

1952 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կարգադրությամբ երկու բուհերը միավորվել են մեկ հարկի տակ, և ստեղծվել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը` տեղակայվելով Իսահակյան փողոցի վրա գտնվող 1930-ականներին կառուցված նախկին դպրոցի շենքում, ուր և գտնվում է այժմ։ Նորաստեղծ բուհի ռեկտոր է նշանակվել ՀԽՍՀ ժողովրդական դերասան, ռեժիսոր ու մանկավարժ Վավիկ Վարդանյանը, ով սակայն մի քանի ամիս անց նշանակվել է Մշակույթի նախարարի տեղակալ, և ռեկտորի պաշտոնը կրկին ստանձնել է Արա Սարգսյանը։ Արա Սարգսյանի հուշատախտակը զարդարում է Գեղարվեստի ակադեմիայի ճակատային հատվածը։ Միավորման արդյունքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտը վերակազմավորվել է երկու ֆակուլտետների՝ կերպարվեստի և թատերական, իրենց հիմնական բաժիններով, իսկ Արվեստի պատմության և տեսության ամբիոնում ընդգրկվել են նաև թատերագիտական առարկաները։ 1955 թվականին քանդակի և կոմպոզիցիայի ամբիոնում բացվել է խեցեգործության բաժինը, որի հիմնադիր ղեկավարն էր դեկորատիվ-կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան ավարտած Հռիփսիմե Սիմոնյանը։ 1960-ականների սկիզբն ինստիտուտի կյանքում նշանավորվեց գեղարվեստական մանվածքի, գորգարվեստի, կիրառական զարդարվեստի և ժողովրդական արհեստների բաժինների ստեղծմամբ, որ, միավորվելով խեցեգործության բաժնի հետ՝կազմեցին դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը։ Հաջորդ նշանակալի իրադարձությունը բոլորովին նոր՝արդյունաբերական էսթետիկայի ամբիոնի բացումն էր, որն ավելի ուշ վերանվանվեց դիզայնի ամբիոն և միավորվեց դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի հետ։ Դիզայնի ամբիոնի առաջին ղեկավարն է եղել Լենինգրադի ակադեմիան ավարտած բեմականկարիչ, Երևանի Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչ Աշոտ Միրզոյանը ։ 1980-ականների սկզբին գեղանկարչության և քանդակի ամբիոններում ներդրվում է մասնագիտական առարկաների ուսուցման արվեստանոցային համակարգը, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է ավագ սերնդի մեկ անվանի արվեստագետ։ 1980-ականներին ինստիտուտի կյանքում տեղի է ունենում ևս մեկ կարևոր ձեռքբերում՝ կերպարվեստի ֆակուլտետում ստեղծվում է արվեստի պատմության և տեսության բաժին։ 1993 թվականին ինստիտուտում ստեղծվել է ուսանողական խորհուրդ։

Գեղարվեստի ինստիտուտ

խմբագրել

1994 թվականին Գեղարվեստի և Թատերական ինստիտուտներն առանձնացան. Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտը տեղափոխվեց Ամիրյան փողոցում գտնվող նախկին Քիմիականտեխնիկումի շենքը, իսկ Գեղարվեստինը մնաց նույն տեղում։ Նույն թվականի սեպտեմբերին նոր Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր դարձավ Արամ Իսաբեկյանը, որի ղեկավարությամբ սկսվեց ինստիտուտի վերելքի շրջանը։ 1990-ականների երկրորդ կեսից զգացվեց նոր մասնաշենք ունենալու անհրաժեշտություն։ 1997 թվականին ինստիտուտին տրամադրվում է կենտրոնական մասնաշենքին շատ մոտ գտնվող Ջրաշատի թիվ 1 հասցեով չորս հարկանի շենքը՝ կիսանկուղով։ Այն հատկացվում է դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետին։ 1997 թվականին բացվում է Գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը, 1999 թվականին՝ Դիլիջանինը։ Որպես հավելում և խթան բուհի գիտահետազոտական աշխատանքին, նաև` սեփական որակյալ կադրերին պատրաստելու մտահոգությամբ` 1999 թվականին Գեղարվեստի ինստիտուտը ասպիրանտներ ունենալու հնարավորություն է ստանում` արվեստի պատմություն և տեսություն, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ և դիզայն մասնագիտությունների գծով։

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

խմբագրել

2000 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Գեղարվեստի ինստիտուտը վերանվանվում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Կրթական համակարգի բարելավման և եվրոպական չափանիշների հետ համապատասխանեցման համար ակադեմիան ընդգրկվում է Բոլոնյան գործընթացի մեջ։ 2001 թվականի մայիսի 1-ին Արամ Իսաբեկյանի ջանքերով բացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահը (տնօրեն՝ Իրինա Իսաբեկյան)։ 2004-2005 թթ.ուսումնական տարվանից Ակադեմիան և նրա մասնաճյուղերն անցել են ուսուցման եռաստիճան համակարգի.

  • բակալավրիատ (4 տարվա ուսուցման ծրագրով)
  • մագիստրատուրա (2 տարվա ուսուցման ծրագրով
  • ասպիրանտուրա (3 տարվա ուսուցման ծրագրով)

Պրոֆեսորա-դասախոսականկազմի գիտահետազոտական աշխատանքի ցուցանիշը դարձավ 1971 թվականից որոշ ընդհատումներով լույս տեսնող «Գիտական աշխատությունների ժողովածուն», որը 2004 թվականից հրատարակվում է «Տարեգիրք. գիտական աշխատությունների ժողովածու» վերտառությամբ և ընդգրկված է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական հրատարակությունների ցուցակում։ Օտարերկրացիների ընդունելությունը կատարվում է Հայաստանի կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն։ Օտարեկրացի դիմորդների համար ակադեմիայում կազմակերպվում են նախապատրաստական դասընթացներ մասնագիտական առարկաներից՝ գծանկարչություն, գունանկարչություն, քանդակագործություն, կոմպոզիցիա, ինչպես նաև ուսուցանվում են հայոց և ռուսաց լեզուներ։ Այդ դասընթացները հաջողությամբ ավարտածներն ընդունվում են համապատասխան բաժինների առաջին կուրս։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

խմբագրել

2017 թվականին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան վերանվանվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի[1]։

Ֆակուլտետներ

խմբագրել

Ակադեմիան ընդունելություն է կատարում 8 մասնագիտությունների գծով՝

  • Գեղանկարչություն և գծանկար (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Փարավոն Միրզոյան)
  • Քանդակագործություն (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Գետիկ Բաղդասարյան)
  • Գրաֆիկա (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Աբրահամ Սահակյան)
  • Արվեստագիտություն և հումանիտար գիտություններ (ամբիոնի վարիչ` դոցենտ Քնարիկ Ավետիսյան)
  • Դիզայն (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Ստեփան Գյուլխասյան)
  • Համակարգչային գեղ. նախագծում և հագուստի մոդելավորում (ամբիոնի վարիչ` պրոֆեսոր Հայկ Փայասլյան)
  • Կիրառական արվեստ (ամբիոնի վարիչ` դոցենտ Մարիա Բաբյան)

Գյումրիի մասնաճյուղն ընդունելություն է կատարում չորս մասնագիտությունների գծով, ունի 169 ուսանող, Դիլիջանը՝ 1 մասնագիտության գծով, ունի 35

ուսանող։ Ակադեմիան ունի համակարգչային լսարաններ, պահանջվող քանակի արվեստանոցներ, լաբորատորիաներ, գրադարան, ցուցասրահ։ Կարևոր նշանակություն է տրվում տեղեկատվական ցանցի զարգացմանը, գործում են երեք կենտրոններ (Հետազոտական կենտրոն, Կարիերայի կենտրոն, Որակի ապահովման կենտրոն)։

Ռեկտորներ

խմբագրել

Պրոռեկտորներ

խմբագրել

Մասնաճյուղեր

խմբագրել

Ուսանողական խորհուրդ

խմբագրել

Բուհի առօրյա կյանքի ու գործունեության կազմակերպման մեջ կարևոր մաս ունի 1993 թվականին հիմնադրված Ուսանողական խորհուրդը (նախագահ՝ Էդուարդ Ավետիսյան), որի նպատակն է նպաստել ուսանողների հասարակական ակտիվությանը, ստեղծագործական զարգացմանը, դասախոսների հետ հարաբերությունների դյուրացմանը, ինչպես նաև ապահովել ուսանողների մասնակցությունը բուհի կառավարման գործում։ Ուսանողական խորհուրդը մշտապես կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ մշակութային, սպորտային, գիտական, ժամանցային և այլն, որոնք վարում են համապատասխան հանձնաժողովները։ Մեկ այլ ավանդական միջոցառում են դարձել մասնագիտական պլեներները, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր կիսամյակում, առնվազն երեք անգամ։ Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է պլեներային աշխատանքների ցուցահանդես։

Անվանի շրջանավարտներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

[1]

  1. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայքը
  2. «Վարդան Ազատյանն ընտրվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր». www.1lurer.am. 2024 թ․ մայիսի 6. Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայքը

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հոդվածին։