Մարիամ Ասլամազյան
Մարիամ Արշակի Ասլամազյան (հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1907[1][2][3], Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[2][3] - հուլիսի 16, 2006[1], Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարչուհի։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990)։ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965)։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1961։
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), 1907[1][2][3] |
Ծննդավայր | Բաշ-Շորագյալ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | հուլիսի 16, 2006[1] (98 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ[2] |
Մասնագիտություն | նկարչուհի և խեցեգործ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[2] |
Մարիամ Ասլամազյան Վիքիդարանում | |
![]() |
Երանուհի Ասլամազյանի քույրն է։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաշ-Շիրակ գյուղում։ Պապը՝ Սիմոն աղան, զտարյուն հույն էր։ Ազգանունը ստուգաբանվում է որպես «անգին գանձ»։ Սիմոն աղան երիտասարդ տարիներին եղբոր հետ սիրահարվում է հայուհի Գյուլիզարին, սակայն հայրը հավանությունը տալիս է Սիմոնի օգտին՝ որպես ավագ որդու։ Գյուլիզարի ծնողները պայման են դնում, որ նրանք ամուսնանան Հայ առաքելական եկեղեցում և ընդունեն առաքելական հավատը։ Հետո հունական Ասլամազ ազգանվանը ավելացվում է հայկական «յանը» և դառնում Ասլամազյան[4]։
Հայրը՝ Արշակ Սիմոնի Ասլամազյանը զբաղվել է ջրաղացներ կառուցելով։ Ընկերություն է արել Ավետիք Իսահակյանի հետ, Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների[5]։
Մարիամ Ասլամազյանն ունեցել է յոթ քույր և մեկ եղբայր։ Այս առիթով նա նշել է.
Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը։ Իսկ մեր մոտ ծնվում էին միայն աղջիկներ և, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո, ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը։ Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը և ջրաղացներում, դժվար է նկարագրելը։ Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված։ Այսպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս[6]։ - Մարիամ Ասլամազյան
|
Քույրերն են՝ Աշխեն, Անահիտ, Երանուհի, Հասմիկ, Սեդա, Թամարա[7]։
Միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում։ Գեղանկարչության մեջ իր առաջին քայլերը Մարիամն արել է Լենինականի գեղարվեստական ստուդիայում, որտեղ գեղանկարչություն է դասավանդել նկարչուհի Յուլիա Վերժբիցկայան, իսկ նկարչություն՝ Ելիզավետա Պատկանյանը[8]։ 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Այստեղ աշակերտել է Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին։ 1927 թվականին առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը[9]։
Շիրիմը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Գյումրիում գործում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որի առաջին հարկում ցուցադրվում են Մարիամ Ասլամազյանի աշխատանքները [10]։
Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ–հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով` առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության։ Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր։ Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն` կարևորում է կարմիրը։ Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ։ Մ. Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին։ Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում։ Մ. Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում` Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն։ Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի, 1970-1971 թվականների դափնեկրի կոչման, Համալ Աբդենասերի մրցանակի /1976/[11]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱսլամազյանի արդիական թեմայով գեղանկարչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը («Հերոսի վերադարձը», 1943, «Հերոսի երգը», 1944, երկուսն էլ՝ ՀԱՊ)։ Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր և այլն։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Կոլտնտեսուհի Ծաղիկը», 1956, Էստոնիայի կերպարվեստի թանգարան, Տալլին
- «Գառնիի բնանկար», 1956, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
- «Հյուրընկալություն», 1957] Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
- «Հայուհի», 1959, դեկորատիվ ափսե, Ռուսական թանգարան, Սանկտ Պետերբուրգ
- «Հին հայկական պղնձե ամանեղեն», 1982
- «Մանուշակներ և հին հայկական սպասք», 1984
- «Ինքնանկար կարմիր զգեստով», 1985
- «Սլաքավարի դիմանկարը» (1935)
- «Իմ Լենինգրադյան արվեստանոցը» (1940)
- «Հայաստանի ծխախոտա-գործուհիներ» (1940)
- «Քրդուհին» (1940)
- «Զանգեզուրցի հայուհին» (1940)
- «Հին հայկական տան ինտերյեր» (1942)
- «Վճռական մարտի հանուն Հայրենիքի» (1942)
- «Գրող Է.Խոջիկի դիմանկարը» (1943)
- «Ապարանցի աղջիկը» (1943)
- «Աշնանային ծաղիկներ» (1946)
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- Մոսկվա, 1958, 1997
- Լենինգրադ, 1958
Մրցանակներ
խմբագրել- Ջավահարլալ Ներուի անվան մրցանակ, 1973
- Գամալ աբդ ալ-Նասերի անվան մրցանակ, 1976
- 1965-ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ
- 1972-Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
- 1976-Համալ Աբդել Նասերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
- 1990-ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
- 1932-Սոչի քաղաքի «Վորոշիլովի» անվան առողջարանի նկարազարդման համար փակ մրցույթի ընթացքում առաջին մրցանակ, «Խաղողի բերքահավաքը» 1931 թվականին
- 1936-Լենինգրադի նկարիչների միության կազմակերպության /ԼՆՄԿ/ երկրորդ մրցանակ, Հայաստանին նվիրված էտյուդներ
- 1937-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ՝ «Հայաստանի գորգագործուհիները» կտավի համար
- 1938-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ `«Երիտասարդի դիմանկարը» կտավի համար»
- 1939-2-րդ մրցանակ` «Զանգեզուրի կոլտնտեսուհին» հեղինակային լիթոգրաֆիայի գունային լուծման համար
- 1940-2-մրցանակ` Մոսկվայի ՌՍՖՍՀ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում մի շարք դիմանակարների համար
- 1941-ԼՆՄԿ ցուցահանդեսի 1-ին կարգի մրցանակ` «Միկոյանը Հայաստանի խաղողի այգիների ֆերմաներում»
- 1944- Գերագույն Խորհրդի հրամանագրով մայիսի 1-ից պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության շքանշանով»՝ «Հերոսի վերադարձը» կտավի համար
- 1945-Գերագույն Խորհրդի հրամանագրով 1945 թվականի հունիսի 6-ին պարգևատրվել է «Հանուն Մեծ հայրենական պատերազմի տարած քաջարի աշխատանքի» շքանշանով՝ մի շարք նկարների և պաստառների համար՝ «Հերոսի վերադարձը», «Հերոսի երգը», «Պաշտպանության հիմնադրամ»
- 1946- մրցանակ Կահիրեում ՝ «Հերոսի երգը» նկարի համար
- 1948-Մասնակցել է Փարիզի «Կինը, նրա կյանքն ու ձգտումները» միջազգային ցուցահանդեսին և համարվում է «Հակաֆաշիստական կոնգրեսի» պատվիրատուն Փարիզի «Խորհրդային միության կանանց հանձնաժողովի» կողմից։
- 1949-Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների խորհրդի կազմակերպության /ՄՆԽԿ/ անվան պատվոգրով գեղարվեստական նկարազարդման մեջ՝ լավ աշխատանք կատարելու համար
- 1950-Արժանացել է պատվոգրի` գեղարվետական նկարազարդման մեջ գերազանց աշխատանք ցուցաբերելու համար։
- 1951-Արժանացել է պատվոգրի և շնորհակալագրի Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից` սահմանապահների դիմանկարների համար։
- 1956-Պարգևատրվել է «Լավ աշխատանքի համար» շքանշանով՝ Մոսկվայի ցուցահանդեսում ցուցադրվող «Գարուն» նկարի համար
- 1957-«Աղջիկների տոնը» ստեղծագործության ցուցադրման համար արժանացել է շնորհակալականի՝ 6-րդ «Երիտասարդների համաշխարհային փառատոնի» շրջանակներում։
- 1957-Պարգևատրվել է ՄՆԽԿ կողմից շնորհակալագրով «Համաշխարհային սեմինարի» շրջանակում կազմակերպված կին-արվեստագետների ցուցահանդեսին մասնակցության համար`«Հայաստանի ծխախոտագործուհիները» կտավի համար
- 1961-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Գերագույն խորհրդի» հրամանով մայիսի 15-ից շնորհվել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչի կոչում
- 1961-Ստացել է 2-րդ կարգի դիպլոմ՝ «Արվեստ և կենցաղ» խեցեգործական իրերի ցուցահանդեսի ժամանակ։
- 1965-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 7-ից «Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության ժողովրդական նկարչի» կոչմանն է արժանացել։
- 1967-«Մոսկվայի նկարիչները` Հոկտեմբերի 50-ամյակին» ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացել է դիպլոմի։
- 1969-Պարգևատրվել է շնորհակալագիր- վկայականով՝ «Կանանց համաշխարհային կոնգրեսին» մասնակցելու համար։
- 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի հրամանագրով փետրվարի 2-ից պարգևատրվել է պատվոգրով՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
- 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից և Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Նկարիչների խորհրդի հասցեի» կողմից շնորհվել է պատվոգիր՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար։
- 1972- «Խորհրդային միության բարեկամության » և արտասահմանյան երկրների մշակութային կապերի կողմից արժանացել է պատվոգրի։
- 1972- Արժանացել է պատվոգրի` Մոսկվայի «Բարեկամության տան» մեջ կազմակերպված մի շարք անհատական ցուցահանդեսների համար։
- 1972 թվականի փետրվարին լույս տեսած “Правда” թերթի մեջ հրատարակվել է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկրի շնորհման մասին ինֆորմացիա
- 1973 թվականի մարտի 22-ին պարգևատրվել է շքանշանով, արժանացել պատվոգրի ՝ Հնդկաստան կատարած այցի համար, համարվում է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
- 1976 թվականի հունվարի 13-ից “Правда” թերթի մեջ հրատարակվում է ինֆորմացիա Համալ Աբդել Նասերի անվան մրցանակին արժանանալու համար Մոսկվայի «Բարեկամության տան» անհատական ցուցահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Եգիպտոսին։
- 1976 թվականի դեկտեմբերի 7-ին Եգիպտոսի կառավարության հրավերով մեկնում է Կահիրե` ստանալու իր մրցանակը
- 1990 թվականի հունվարի 19-ին ՄՆԽԿ –ան կողմից շնորհվում է «Տարվա միջսեկցիոն» մրցանակ
- 1997-Պարգևատրվել է «Մոսկվայի 850-ամյա հիշատակին» նվիրված շքանշանով
- 1997 թվականի հոկտեմբերի 20-ին «Տրետյակովյան պետական պատկերասրահում» բացվում է նրա անհատական ցուցահանդեսը
- Բորիս Նիկոլաևիչ Ելցինի կողմից ստանում է շնորհավորանքներ՝ իր 90-ամյակի և ստեղծագործական կյանքի 70-ամյակի կապակցությամբ։
- Շնորհավորանքներ՝ Դումայի կողմից
- Յ. Մ. Լուժկովի անձնական շնորհավորանքները
- Մոսկվայի կառավարության կողմից շնորհվել է պատվոգիր
- Հայաստանի հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից՝ շնորհավորանքներ հայերեն լեզվով
- Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի կառավարիչ Ա. Դ. Գոմցյանի կողմից՝ շնորհավորանքներ
- «Արևելյան ժողովրդների թանգարանի» աշխատակիցների կողմից շնորհավորանքներ
- Պատմամշակութային «Կումայրի» արգելոցի աշխատակիցների կողմից՝ շնորհավորանքներ
- Գյումրի քաղաքի քաղաքապետի որոշման համաձայն 17.10.1997 թվականից սկսած` Մարիամ Արշակի Ասլամազյանն արժանացել է «Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսի»՝ Մարիամի 90-ամյակի և Գյումրու մշակութային կյանքի մեջ իր ստեղծագործական ժառանգության համար։
- 1998-Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարիամ Ասլամազյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում
-
Ասլամազյան քույրերի թանգարան, Գյումրի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 8. ISBN 978-9939-826-44-8.
- ↑ Փիլոսյան, Սյուզաննա (2007). Մարիամ Ասլամազյան։ Գիրք-ալբոմ. Երևան: ԱՄՐՈՑ ԳՐՈՒՊ. էջ 7. ISBN 978-99941-31-49-5.
- ↑ Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 15. ISBN 978-9939-826-44-8.
- ↑ Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջեր 15–17. ISBN 978-9939-826-44-8.
- ↑ Мариам, Асламазян (2016). Давтар жизни. Автобиографические рассказы. Гюмри: Эльдорадо. էջ 19. ISBN 978-9939-826-44-8.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Արվեստ և ժամանակ, Հայացք Գյումրուց, Գիտամշակութային եռամսյա հանդես, գլխ. խմբ.՝ Կ. Ավդալյան,2.2006 թ., էջ 100-101.
- ↑ . Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր պատկերասրահի պաշտոնական էջից.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Ասլամազյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Ասլամազյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 563)։ |