Ազգային արժանապատվության ասպետներին

աղբյուր-հուշակոթող Երևանում

«Ազգային արժանապատվության ասպետներին», աղբյուր-հուշակոթող Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում[1]։ Նվիրված է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակին։ Բացվել է 2023 թվականի ապրիլի 25-ին։

Ազգային արժանապատվության ասպետներին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՃարտարապետՏիգրան Բարսեղյան
Ստեղծում2021
Բացումապրիլի 25, 2023
Երկիր Հայաստան
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Մասն էՕղակաձև զբոսայգի
Մակագրություն1919-1922․ Ազգային արժանապատվության ասպետներին, Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին (Սողոմոն Թեհլիրյան) և Նեմեսիս

Պատմություն խմբագրել

Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացած քննարկում-խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մայրաքաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը։ Հարցի առնչությամբ եղել են նաև ՀՀ ԱԳՆ-ի ու Երևանի ավագանու խմբակցությունների դրական եզրակացությունները[1]։

Տեղադրելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի նիստում[1]։

Նկարագրություն խմբագրել

Աղբյուր-հուշակոթողի ուղղահայաց քարերի վրա գրված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից և 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներ Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի անունները։ Ներքևի հորիզոնական քարին գրված է․ «1919-1922․ Ազգային արժանապատվության ասպետներին»[2]։ Կոթողի հետնամասում փորագրված են «Նեմեսիս» գործողության անվանումը և Սողոմոն Թեհլիրյանի խոսքերը. «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաննրին»[3]։

Քանդակի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է[4]։

Բացում խմբագրել

Հուշակոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 25-ին։ Մասնակցել և ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսների ժառանգները[3]։

Թուրքիայի արձագանք խմբագրել

Ի պատասխան Երևանում «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողի բացման` Թուրքիան Հայաստանի համար 2023 թվականի ապրիլի 29-ին դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է իր օդային սահմանը[5]։

  Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք[5]։
- Մևլյութ Չավուշօղլու,
Թուրքիայի արտաքին գործերի նախարար
 

Հայաստանի վարչապետի արձագանք խմբագրել

Արձանի բացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ Ազգային Ժողովում[6], ապա նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է այդ որոշումը՝ այն համարելով ազգային շահերից չբխող և սխալ քայլ[7][8]։

  Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։
- Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ, մայիսի 5, 2023 թվական
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Երևանի օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». news.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  2. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 Երևանում Ավինյանին սուլում են, ազգային արժանապատվության ասպետներին՝ հավերժացնում, Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին
  4. «Տիգրան Ավինյանի ելույթն ուղեկցվեց սուլոցներով ու «դավաճան» վանկարկումներով».
  5. 5,0 5,1 Արմենիա, Sputnik (20230503T1159+0400). «Չավուշօղլուն ասել է` ինչու է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանի համար». Sputnik Արմենիա. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  6. Արմենիա, Sputnik (20230503T1804+0400). ««Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը՝ «Նեմեսիս» արձանի մասին». Sputnik Արմենիա. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  7. ««Ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում». Փաշինյանը՝ «Նեմեսիսի» արձանը տեղադրելու մասին». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.
  8. Technologies, Peyotto. «Սխալ որոշում է կայացվել. Փաշինյանը` «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման մասին». 1in.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 6-ին.