Ամիրդովլաթ Ամասիացի
Ամիրդովլաթ Ամասիացի (ոչ վաղ քան 1420 և ոչ ուշ քան 1425, Ամասիա, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 8, 1496[1][2], Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր։
Ամիրդովլաթ Ամասիացի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 1420 և ոչ ուշ քան 1425 Ամասիա, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1496[1][2] Բուրսա, Օսմանյան կայսրություն[1][2] |
Բնակության վայր(եր) | Ստամբուլ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ, մատենագետ, բառարանագիր և բնագետ |
Գործունեության ոլորտ | բժշկություն և բուսաբանություն |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[1], հունարեն[1], լատիներեն[1], պարսկերեն[1], թյուրքական լեզվախումբ[1] և արաբերեն[1] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Ամասիա քաղաքում։ Շրջել է Արևելքի երկրներում, ծանոթացել ժամանակի առաջավոր գիտությանը։ Բժշկությունը սովորել է, հավանաբար, Միջագետքում։ Տիրապետել է հայերենին, հունարենին, լատիներենին, պարսկերենին, թյուրքերենին, արաբերենին, ուսումնասիրել հին և միջնադարյան բժշկությունը։ Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսումում։ Մահացել է դեկտեմբերի 8-ին Բուրսայում։
Գործունեություն Խմբագրել
Ամիրդովլաթ Ամասիացին հայկական բժշկական գրականությունը հարստացրել է արժեքավոր երկերով, որոնք ընդգրկում են միջնադարյան բժշկագիտության և դեղագիտության գրեթե բոլոր ճյուղերը։
Աշխատությունները Խմբագրել
Ուսումն բժշկության Խմբագրել
Առաջին աշխատությունը՝ «Ուսումն բժշկության», նվիրված է մարդու անատոմիայի, հիգիենայի, ախտաբանության և դեղագիտության հարցերին։ Գիրքը ունի երկու մաս. առաջինը՝ մարդակազմություն, երկրորդը՝ ախտաբանություն, ուր մանրամասն նկարագրված են հիվանդությունների պատճառագիտությունը, կլինիկական պատկերը բնորոշող ախտանիշները, հիվանդի բուժումը և խնամքը։ Հոգեբուժության ասպարեզում արժեքավոր են մոլություն, ցնորամտություն, մելամաղձություն, ընկճվածություն, անքնություն ախտանիշների և հիվանդությունների մասին տեղեկությունները։ Կանացի հիվանդություններից նկարագրվել է դաշտանային ցիկլի խանգարումները և սեռական օրգանների խոցերն ու ուռուցքները, չբերության պատճառները, մանկաբարձության ասպարեզում՝ արգանդի կառուցվածքը, դերն ու գործունեությունը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Ամիրդովլաթ Ամասիացին աչքի հիվանդություններին նվիրել է 20 գլուխ, քիթ–կոկորդ–ականջաբանությանը՝ 15 գլուխ, նկարագրել է ականջաբորբերը, քթի պոլիպները և անգինաները։
Ախտապատին Խմբագրել
«Ախտապատին» աշխատությունը բաղկացած է երկու մասից՝ դեղագործություն և դեղագիտություն։ Առաջին մասում զետեղված են դեղատոմսեր, մանրամասն նկարագրված են դեղանյութերի քանակը, պահպանման միջոցները։ Երկրորդում տրված են դեղերի անունները, նրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, ցուցումները դրանց օգտագործման մասին։ Ամիրդովլաթ Ամասիացուն հայտնի են եղել բուսական, կենդանական և հանքային ծագում ունեցող դեղերը և դրանց բաղադրիչ նյութերը։ Նա օգտագործվող բուսանյութերը բաժանել է ընտանի և վայրի տեսակների՝ հաճախ նախապատվություն տալով վերջինին։ Որպես դեղամիջոց առաջարկել է օգտագործել կենդանիների օրգանները։ Ամիրդովլաթ Ամասիացին թողել է ավելի քան 100 դեղատոմս, գրված պարզ լեզվով, զերծ ծածկագրերից, և հստակ ընդգրկված են բաղադրիչ նյութերի կշռային հարաբերությունները։
Օգուտ բժշկության Խմբագրել
Անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող տվյալները շարադրված են «Օգուտ բժշկության» աշխատության առաջին մասում։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունների հիմքը օրգանիզմի ամբողջականության գաղափարն է, ըստ որի, բոլոր օրգաններն ու հյուսվածքները, նրանց ձևը, կառուցվածքը և մյուս առանձնահատկությունները նպաստում են ամբողջ օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ամիրդովլաթ Ամասիացին նկարագրել է սրտի, թոքերի, երիկամների, լյարդի, փայծաղի, ստամոքսի, աղիքների, միզասեռական օրգանների ձևը, կառուցվածքը, դասավորությունը, դերն ու նշանակությունը։ Նկարագրել է աչքի թաղանթների կառուցվածքն ու դերը, տեսողական նյարդերի ուղին։ Ախտանշանակության, մասնավոր ախտաբանության և թերապիայի ասպարեզում կարևոր են զարկերակի ռիթմի և հաճախականության, մեզի բաղադրության փոփոխությունների տվյալները տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթ Ամասիացին զբաղվել է նաև աստղաբաշխության հարցերով։
Աշխատություններ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Ամիրդովլաթ Ամասիացի, Անգիտաց անպետ կամ բառարան բժշկական նյութոց, Վիեննա, 1926 թ․
- Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկության, Երևան, 1940 թ․
- Հ․ Հ․ Սեպետճյան, Դեղագործությունը Հայաստանում ըստ Ամիրդովլաթի, Աշխատություններ ՀՍՍՌ ԳԱ ՀԲԲՊ սեկտորի, հմ․ 2, Երևան, 1949 թ․
- Հ․ Ս․ Անասյան, Ամիրդովլաթ Ամասիացի, - Հայկական մատենագիտություն, հտ. 1, Երևան, 1959, էջ 650-675։
- Л. А. Оганесян, История медицины в Армении, т. 3, Ереван, 1946.
- S. A. Vardanian, Stella A. Vardanian, Ara Der Marderosian, Amirdovlat Amasiatsi։ A Fifteenth-Century Armenian Natural Historian and Physician. Ara Dermarderosian (Editor), Michael Yoshpa (Translator), Anatolian and Caucasian Studies, Caravan Books, p. 168, 1999. ISBN 088206097X
- Варданян, С. А. (1987) Энциклопедия естественных наук средневековой Армении - книга "Ненужное для неучей" Амирдовлата Амасиаци. Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении ՀՍՍՀ ԳԱ, 40 (11). pp. 963-969.(չաշխատող հղում)
- Варданян, С. А. (1984) География лекарственных средств древней и средневековой Армении по книге Амирдовлата Амасиаци «Ненужное для неучей». Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении ՀՍՍՀ ԳԱ, 37 (8), pp. 693-703.(չաշխատող հղում)
- Варданян, С. А. (1990) Аюрведическая традиция в древней Армении по данным книги «Ненужное для неучей» Амирдовлата Амасиаци. Հայաստանի կենսաբանական հանդես Biological Journal of Armenia Биологический журнал Армении, 43 (4). pp. 346-357.(չաշխատող հղում)
- Վարդանյան Ս. Ա., Ամիրդովլաթ Ամասիացին և միջնադարյան հայ բժշկական տերմինաբանությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 105-120։(չաշխատող հղում)
- Ստելլա Վարդանյան, Հայաստանի բժշկության պատմություն հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Երևան, 2000։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 321)։ |