Նելսոն Ստեփանյան
Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (Մարտի 28, 1913 - Դեկտեմբերի 14, 1944) հայ օդաչու: Խորհրդային Միության կրկնակի հերոս: Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
Նելսոն Գևորգի Ստեփանյան | |
---|---|
![]() | |
28 մարտի 1913 - 14 դեկտեմբերի 1944 | |
Ծննդավայր | Շուշի, Ղարաբաղ |
Մահվան վայր | Լեպահա, ԼԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Ռազմածովային Ուժեր |
Ծառայության տարիներ | 1941 - 1944 |
Կոչում | ավիացիայի փոխգնդապետ |
Զորամաս | Բալթյան նավատորմ |
Հրամանատարն էր | 47-րդ գրոհային ավիագունդ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ | |
Պաշտոնաթող | զոհվել է |
Մինչև պատերազմըԽմբագրել
Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։
1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։
Հայրենական Մեծ Պատերազմի տարիներինԽմբագրել
Սևծովյան նավատորմԽմբագրել
Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։
Լենինգրադի պաշտպանությունԽմբագրել
1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։
Ղրիմի օպերացիաԽմբագրել
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։
Բալթյան ռազմաճակատԽմբագրել
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։
1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը։
Հերոսի հիշատակըԽմբագրել
Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։
1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է ԽՍՀՄ կրկնակի հերոսի անունը։
Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին
Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասինԽմբագրել
- Զարյան Նաիրի «Ցասման զավակը», Երևան, 1942, 76 էջ:
- Զարյան Նաիրի «Սովետական Միության հերոս, կապիտան Նելսոն Ստեփանյան», Երևան, 1943, 48 էջ:
- Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 181 էջ:
- Պողոսյան Զավեն «Կապույտ անհունի բազեները», Երևան, 1967, 139 էջ:
- Վարդանյան Նիկոլայ «Այրվող հորիզոններ», Երևան, 1969, 148 էջ:
- Վարդանյան Նիկոլայ «Թռիչք դեպի անմահություն», Երևան, 1986, 244 էջ:
- Բալայան Զորի «Թևեր (վիպակ)», Երևան, 1988, 352 էջ:
ԳրականությունԽմբագրել
- Մալխասյան Արմո «Սովետական բանակի հայ գործիչները», Երևան, 1965, էջ 613–623:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 11, Երևան, 1985, էջ 130:
- Հարությունյան Կլիմենտ «Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյան (Ծննդյան 100 ամյակի առթիվ)», «Պատմաբանասիրական հանդես», Երևան, ՀՀ ԳԱԱ, 2013, թիվ 1, էջ 44–53:
- Նելսոն Ստեփանյան (հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 164 էջ:
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Նելսոն Ստեփանյան
- Կլիմենտ Հարությունյան, Խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Գևորգի Ստեփանյան, - http://hpj.asj-oa.am/5830/1/2013-1%2844%29.pdf
- Նելսոն, փաստագրական ֆիլմ - https://www.youtube.com/watch?v=7DF6-7dbdRg
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |