Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)
Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ, կոչվում է նաև Արևելահայ ազգային խորհուրդ), հաջորդել է 1912 թվականի հոկտեմբերից Թիֆլիսում գործող Ազգային Բյուրոյին։ ՀԱԽ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 1916 թվականին, երբ մի շարք հայ քաղաքական կուսակցություններ ու հասարակական հոսանքներ հանդես եկան համազգային մի մարմին ստեղծելու նախաձեռնությամբ։
Ստեղծման պատմություն
խմբագրելՌուսաստանի ազգային բոլոր երկրամասերում քաղաքական հասարակական ուժերը ստեղծում էին տարաբնույթ կազմակերպություններ, որոնք իրենց ձեռքն էին վերցնում ազգային կյանքի տնօրինումը։ Այս ամենից հետ չմնացին նաև հայերը[1] :
Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը՝ Հայոց համազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Բազմազան էր քննարկված հարցերի շրջանակը՝ ճակատի պաշտպանության, ճակատի պաշտպանության, պարենային, փախստականության գործերի, Հարավային Կովկասում ինքնակառավարման մարմինների՝ զեմստվոների հաստատման մասին և այլն։
Համախորհրդակցության ավարտից հետո ձևավորվեց 35 անդամներից կազմված օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։ Վերջինս իր կազմից ընտրեց 15 հոգուց կազմված գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդ։
Հայոց ազգային խորհուրդը կազմված էր 15 անդամից՝ 6 դաշնակցական (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազարյան), 2 սոցիալիստ-հեղափոխական (Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), 1 մենշևիկ (Արամայիս Երզնկյան), Հայ ժողովրդական կուսակցության 2 ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և 3 անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան)։ Բոլշևիկները չմասնակցեցին համագումարին, հանդես եկան համագումարի և նրա ընտրած ՀԱԽ-ի դեմ, որի նախագահը գրող և հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանն էր։
ՀԱԽ-ի առաջին կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը որպես գործադիր մարմին»։ Ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականական, դպրոցական, բժշկական։ ՀԱԽ-ի զինվորական միությունն ստեղծեց Հայկական ազգային կորպուս՝ գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) գլխավորությամբ, որն ստանձնեց Հայաստանի պաշտպանությունը 1918 թվականի ծանր ժամանակաշրջանում։ Հարավային Կովկասում ազգային հանրապետությունների կազմավորումից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին, ՀԱԽ-ն իրեն հայտարարում է Հայաստանի Հանրապետության գերագույն և միակ իշխանություն, ստանձնում է կառավարական բոլոր գործառույթները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար։
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ստեղծումով (1918 թվականի հուլիսին) ՀԱԽ-ը դադարեցրեց իր գործունեությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hovannisian p.18
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 199)։ |