Դիլիջան

քաղաք Հայաստանում

Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր (քաղաքային համայնք) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Հայաստանի նշանավոր հանգստավայրերից է։ Քաղաքը անմիջականորեն հարում է «Դիլիջան ազգային պարկ» բնության հատուկ պահպանվող տարածքին։

Քաղաք
Դիլիջան
հին անվանում՝ Դելիջան
Դրոշ Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքՏավուշի մարզ, Հայկական ԽՍՀ և Երևանի նահանգ
Համայնքի ղեկավարԴավիթ Սարգսյան
Առաջին հիշատակում1670 թվական
Այլ անվանումներԴելիջան
Տվյալ կարգավիճակում1958 թվական թվականից
Մակերես13 կմ²
ԲԾՄ1500±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Խոսվող լեզուներհայերեն (ճնշող մեծամասնություն)
Բնակչություն23.700 մարդ (2015[1])
Խտություն1400 մարդ/կմ²
Ազգային կազմհայեր (ճնշող մեծամասնություն)
Կրոնական կազմհայ առաքելական եկեղեցի (ճնշող մեծամասնություն)
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (268)
Փոստային ինդեքս3901-3906
Փոստային դասիչ3901-3906
Ավտոմոբիլային կոդ57
Պաշտոնական կայքdilijan.am
Դիլիջան (Հայաստան)##
Դիլիջան (Հայաստան)
Դիլիջան (Տավուշի մարզ)##
Դիլիջան (Տավուշի մարզ)

Ըստ 2015 թվականի համապետական մարդահամարի տվյալների՝ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է 23,700 մարդ։ Բնակչություն ճնշող մեծամասնությունը հայեր են)։

Դիլիջանը նաև զբոսաշրջային կարևոր կենտրոն է։ Համայնքի կենտրոնում գտնվող Շարամբեյան փողոցը, որը քաղաքի պատմական կենտրոնն է, այն հայտնի է ինքնատիպ ճարտարապետությամբ,արհեստանոցներով, պատկերասրահներով ու թանգարաններով։ Քաղաքի շրջակայքում են գտնվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Պարզ լիճը, Ջուխտակ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Գոշի լիճը և այլն։ Դիլիջանը նաև որպես արշավների, լեռնային հեծանվասպորտի և առողջարանային հանգստի կենտրոն է։

Հայաստանի Կառավարությունը ծրագրում է Դիլիջանը դարձնել տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը։ 2013 թվականից այստեղ է գործում Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը։ Համայնքում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի նշանավոր միջազգային կրթական հաստատություններից մեկը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 2016 թվականից Դիլիջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում է։

Անվանում

խմբագրել

Դիլիջան անունը ժողովրդական բանահյուսության մեջ

խմբագրել

Դիլիջան քաղաքի անվան ստուգաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածքներ, որոնք, որպես կանոն, ժողովրդական բանահյուսության արդյունք են։ Ամենահայտնի տարբերակի համաձայն բնակավայրը անվանվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի։ Դիլին ինքնամոռաց սիրահարված էր իր իշխանավոր տիրոջ դստերը և նույնիսկ մոռացել էր իրենց միջև առկա բազմաթիվ տարբերությունների մասին։ Մի օր իշխանը իմանալով այդ մասին, հրամայում է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որպեսզի ոչ ոք այլևս նրան գտնել չկարողանա։ Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրում էր մինուճար որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով[2][Ն 1]։

Մեկ այլ վարկածի համաձայն «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են «Դիլիջան» անվանումը։

Դիլիջան անվան ծագումնաբանությունը

խմբագրել

Մոսկվայի կայսերական հնագիտության ընկերության անդամ՝ պատմաբան Մեսրոպ Սմբատյանցն 1895 թվականին գրված «Տեղեկագիր Գեղարքունիքի ծովազարդ գավառի» աշխատությունում գրել է.

  Հովհաննեսի թոռ, Տեր-Մաթևոսի որդի Դիլիջանը իր որդիներ Աբրահամի, Սարգսի, Փիրհամզի և իր կին Սիրմայ խաթունի հետ տեղափոխվել է Գավառից Ղշլաղ, ուր և 1544 թ-ին կապել է կամուրջ։

«Ես՝ Դիլիջանս, շինեցի Արծվաքարս /Ղշլաղ/, գնեցի ըստակ /դրամով/ մուլքս /անշարժ գույք/ պարոն Սաղաթելի որդի Շահլուղից ղամայ սուլթանից»։

 

Մելիք Դիլիջանի անունը նշվում է նաև Տաթևի վանքի հարկատուների ցանկում՝ 41 համարի տակ։ Սերո Խանզադյանը հիշատակում է գերեզմանաքարի մի արձանագրությունը՝ «Ես՝ Սարգսի որդի, Դիլիջանի թոռ…», ինչից հետո արձանագրությունը անընթեռնելի է եղել[փա՞ստ]։ Հնարավոր է եզրակացնել, որ անունը ծագել է 16-րդ դարում տեղում բնակություն հաստատած ոմն Դիլիջանից։ Սակայն 17-րդ դարում անկասկած արդեն այսօրվա բնակավայրը հիաշատակվում է Դիլիջան ձևով որպես մեծ՝ 300 տուն ունեցող բնակավայր Ժան Շարդենի կողմից[3]։

Պատմություն

խմբագրել
 
Պատմական Շարամբեյան փողոցը՝ ավանդական ճարտարապետությամբ շինություններով։ Կազմում է Դիլիջանի «հին քաղաք»-ը։

Դիլիջանի տարածքը պատմականորեն մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի կազմի մեջ։ Կա կարծիք, թե Դիլիջանը կարող է լինել պատմական Հովքը, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր, սակայն գոյություն չունի դրա որևէ հստակ ապացույց։

19-րդ դարի 70-ականներին կատարված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդը Դիլիջանի տարածքում սկսել է ապրել ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերից՝ դեռևս մթա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբին։ Դամբարանադաշտեր են հայտնաբերվել Ռեդկին լագերի, Խրտնանոցի և Պապանինոյի տեղամասերում։ Հայտնաբերված նյութերի մեծ մասը պահվում են ինչպես Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի ու Երևանի թանգարաններում, այնպես էլ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում։

Տարածքը առավել մեծ կարևորություն է ստացել Արշակունիների թագավորության շրջանում՝ դառնալով թագավորական ամառանոց։ 378 թվականին Հայաստանի առաջին բաժանման արդյունքում Դիլիջանի ներկայիս տարածքը ընդգրկվում է Պարսկաստանի կազմում և միավորվում հյուսիսային Հայաստանի Գուգարք նահանգի Ձորափոր գավառի հետ։ Կապված պատմական իրադարձությունների հետ քաղաքի տարածքի անվանումները և սահմանները մի քանի անգամ փոխվել են։ 8-րդ դարում այդ տարածքները մտել են Կայան (Ձորափոր) գավառի, իսկ ավելի ուշ Կուստ-Արցախյան նահանգի կազմի մեջ։

Տարածաշրջանը աննախադեպ զարթոնք է ապրել զարգացած միջնադարում, հատկապես՝ Բագրատունյաց հայոց գերագահության ներքո գտնվող Տաշիր-Ձորագետի թագավորության կազմում։ Այդ շրջանում՝ 10-13-րդ դարերում, Դիլիջանի հարակից տարածքներում հիմնադրվում են Հաղարծնի վանական համալիրն ու Գոշավանքը։ Վանական համալիրներն արագորեն զարգանալով սկսել են ծառայել որպես մշակութային և կրթական կենտրոններ։ Հաղարծինը միջնադարյան հայկական ճարտարապետության ամենանշանավոր օրինակներից մեկն է։ Դիլիջանում և հարակից տարածքում պահպանվել են միջնադարյան շատ ու շատ այլ կրոնական և կրթական կենտրոններ ևս, ինչպիսիք են օրինակ Ջուխտակ վանքը և Մաթոսավանքը։

1501-1502 թվականներին Արևելյան Հայաստանի տարածքի մեծ մասը՝ ներառյալ ժամանակակից Տավուշի մարզը, նվաճում է Սեֆյան Իրանի Շահ Իսմայիլ I շահը։

Դիլիջանի տարածաշրջանի հանրահայտ կրոնական և կրթական կենտրոնները միջնադարում

Դիլիջան քաղաքի պատմություն

խմբագրել

Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ 13-րդ դարում ժամանակակից Դիլիջանի շրջակայքում հիմնադրվել է Բուջուր Դիլի կամ Պուճուր Դիլի բնակավայրը[փա՞ստ]։

Գրավոր աղբյուրներում Դիլիջանը առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրություններում՝ 17-րդ դարում։ Շարդենը գրում է, որ հասել են Դելիջան անունը կրող մի քաղաք, որն ուներ 300 տուն։ Մոտակայքը բնակեցված է քրիստոնեաներով՝ հայերով ու վրացիներով, ովքեր ապրում են առանձին գյուղերում, ու այնքան լարված հարաբերություններ ունեն, որ որևէ գյուղում համատեղ չեն բնակվում։ Շարդենը նշում է, որ տեղանքը՝ վեց մղոն տրամագծով, ղեկավարվում է Ղամշի խանի կողմից ու մտնում է Ղազախ գավառի մեջ, որը իր հերթին բնակեցված է կովկացի լեռնեցիների կողմից, ովքեր սերում են Կասպից ծովի հյուսիս-արևելքում բնակվող ղազախներից։ Ըստ Շարդենի՝ գավառը ենթարկվում է Պարսկաստանին՝ Շահ Աբբասի կողմից այն ու Վրաստանը գրավելուց ի վեր[3]։

18-րդ դարի վերջին բնակավայրի ծավալները զգալի նվազել էին։ 1804 թվականներից սկսած Ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքում նախ նախկին Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ այնուհետև ողջ տարածաշրջանը 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով դառնում է Ռուսական կայսրության մաս։ Քաղաքի բնակչությունը աստիճանաբար սկսում է աճել։ Ըստ այդ շրջանի պատմական աղբյուրների՝ Դիլիջանը Ղազախի գավառի 27 գյուղերից մեկն էր և ուներ 60 տուն բնակչություն, ընդ որում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին այստեղ տեղափոխվել են բնակչության Իջևանի շրջանի Սևքար, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերից, ինչպես նաև այժմյան Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից՝ կազմելով բնակավայրի հիմնական բնակչությունը[փա՞ստ]։ Իսկ 1826 թվականին «Դելիջան» անվան ներքո հիշատակվում է Ղազախի «դիստանցիայի» 72 գյուղերից մեկը, որն ուներ 60 տուն[փա՞ստ]։

 
Խորհրդային տարիներին Դիլիջանի ավանդական ճարտարապետական ոճով կառուցված շինություններ քաղաքի կենտրոնական հատվածում։

Քաղաքը հիշատակում է Ալեքսանդր Գրիբոեդովը, ով 1829 թվականի փետրվարի 2-ին Երևանի ճանապարհին գիշերում է Դիլիջանում[4]։

Դիլիջանի հարևանությամբ 1844 թվականին դեպի տարածաշրջան արտաքսված ռուս հնապաշտների կողմից հիմնադրվում է Գոլովինո ու Պապանինո գյուղերը, որոնք 20-րդ դարում միացվում են քաղաքին՝ դառնալով Դիլիջան քաղաքի թաղամասեր։

 
Աղասի Խանջյանի ամառանոցը Դիլիջանում։ Կառուցվել է 1930-ականների առաջին կեսին։ Ներկայումս մասնակիորեն փլուզված է։

1868 թվականին Դիլիջանում բացվում է առաջին հանրակրթական դպրոցը։ Մշակույթի զարգացման համար հուսալի պայմաններ ստեղծվում են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1890-ական թվականներին կազմակերպվում են բազմաթիվ թատերախմբեր, իսկ արդեն 1908 թվականին բացվում է Դիլիջանի առաջին գրադարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին Դիլիջանը դառնում է հայտնի լեռնային հանգստավայր, որի արդյունքում քաղաքը սկսում է սիստեմատիկ զարգացում ապրել։ 19-րդ դարի վերջին քաղաքում քաղաքում բացվում են մի շարք զվարճալի կենտրոններ, իսկ հայտնի բացօթյա թատրոնը, որը հայտնի է դառնում «Ռոտոնդա» անվանումով, կառուցվում է 1900 թվականին։ Թատրոնը կարճ ժամանակահատվածում դառնում է սիրված վայր տեղացիների և Դիլիջան այցելող ռուս մտավորականների համար։ Այդ ժամանակաշրջանում շատ բնակելի տներ սկսում են կառուցվել յուրօրինակ ավանդական ճարտարապետական ոճով։ Թիֆլիսից և Հարավային Կովկասի այլ շրջաններից շատ մեծահարուստ հայեր ժամանելով Դիլիջան այստեղ կառուցում են շքեղ ամառանոցներ։ Դիլիջանի ճարտարապետությունը աչքի էր եռանկյունաձև սալիկապատ տանիքով, ավանդական նախշերով և սպիտակեցված պատերով։ Այս քաղաքաշինական ոճը արագորեն տարածվում է Աղստևի հովտի գրեթե բոլոր գյուղերում։ 20-րդ դարի սկզբին Դիլիջանում վերելք է ապրում արհեստագործությունը։ Մետաղագործությունը, գորգագործությունը, կերպարվեստը, փայտագրությունը և ժողովրդական մյուս արհեստները դառնում են Դիլիջանի առօրյայի կարևորագույն մասը։

1918 թվականին տեղի ունեցած Ղարաքիլիսայի ճակատամարտի նախօրեին, Դիլիջանը դառնում է գեներալ Թովմաս Նազարբեկյանի ղեկավարած հայկական զորախմբերի գլխավոր հենակետը։ Առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) անկախության կարճատև շրջանից հետո քաղաքը դառնում է նորաստեղծ Խորհրդային Հայաստանի (ՀԽՍՀ) մաս։ 1930 թվականին Դիլիջանը միավորվում է Իջևանի նորաստեղծ շրջանի կազմում։ 1958 թվականին Դիլիջանը ստանում է հանրապետական ենթակայության քաղաքի կարգավիճակ։ Հայաստանի անկախացումից հետո (1995 թվականի վարչական բարեփոխումների արդյունքում) Դիլիջանը դառնում է Տավուշի մարզի քաղաքներից մեկը։ Ներկայումս Դիլիջանը ոչ միայն Հայաստանի նշանավոր լեռնային առողջարաններից մեկն է, այլև հավակնում է դառնալ միջազգային կրթական և տարածաշրջանային ֆինանսական կենտրոն։

Աշխարհագրություն

խմբագրել
   Հարևան բնակավայրեր   
       Սևքար
Ենոքավան
Գետահովիտ
 Լոռու մարզ     Գանձաքար
Իծաքար
Նավուր 
 Կոտայքի մարզ   Գեղարքունիքի մարզ    

Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ

խմբագրել
 
Գոշի լիճը լեռնային անտառապատ ջրային տարածություն է Դիլիջան ազգային պարկում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք։

Դիլիջանը տեղակայված է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Տավուշի մարզի հարավ-արևմուտքում։ Գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքից 35-40 կմ, մայրաքաղաք Երևանից 96 կմ, Վանաձորից 38 կմ, իսկ Սևանա լճից՝ 33 կմ հեռավորության վրա։ Դիլիջան քաղաքը հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Աղավնավանք և Խաչարձան գյուղերի հետ միասին ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում։

Համայնքը հյուսիսից և արևելքից սահմանակից է Ծաղկավան համայնքին, արևելքից՝ Սևքար, Ենոքավան, Գետահովիտ, Գանձաքար, Իծաքար, Նավուր համայնքներին, հարավից Գեղարքունիքի մարզին, հարավ-արևմուտքից՝ Կոտայքի մարզին, արևմուտքից՝ Լոռու մարզին։ Դիլիջան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1100-1300 մետր բարձրության վրա՝ շրջապատված Փոքր Կովկասի լեռնազանգվածներով։ Հյուսիս-արևելքում հարում է Բազումի, արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից՝ Փամբակի, արևելքից՝ Միափորի և հարավ-արևելքից՝ Արեգունի անտառաշատ լեռներին։ Կիրճի լեռնային զանգվածները ծածկված են հարուստ անտառային տարածություններով, որոնք վերջանալով լեռնային կատարներին, փոխարինվում են ալպյան մարգագետիններով։ Քաղաքը անմիջապես փռված է Աղստև գետի հովտում։

Բնակավայրի ողջ երկայնքով ձգվող Աղստևից բացի Դիլիջանի տարածքում հոսում են նաև Աղստևի վտակները։ Վտակներից Բլդանը և Ղշտողանը, որոնք քաղաքի կենտրոնական մասում միանում են Աղստևին։ Թեղուտ գյուղի մոտակայքում նրան է միանում Հաղարծին վտակը, իսկ ներքին Գոշ գյուղի սկզբնամասում ամենամեծ վտակը՝ Գետիկը։ Վերոնկարագրյալ ներքին ջրերը առանձնակի հմայք են հաղորդում Դիլիջանի բնապատկերին։ Դիլիջանի լանդշաֆտները հիմնականում ծածկված են անտառներով։ Քաղաքային բնակավայրի մոտակայքում տարածվող անտառահատվածում է գտնվում Դիլիջանի ազգային պարկը, որը Հայաստանի նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկն է։ Ունի հանքային բուժիչ ջուր, որը ջրառատ աղբյուրների ձևով բխում է Բլդան գետի ձորում։

 
Դիլիջան ազգային պարկի համայնապատկերը

Կլիմայական պայմաններ

խմբագրել

Դիլիջանի կլիման բարեխառն լեռնային է, որը բնորոշվում է ցուրտ ձյունառատ ձմեռներով ու տաք (բավականաչափ խոնավ) ամառներով։ Այսօրինակ եղանակային պայմաններում հաճախակի են լինում մառախուղները։ Օդի հարաբերական խոնավությունը կազմում է 70%։ Օդի չորությունը առանձնապես արտահայտվում է ձմռան և գարնան ամիսներին։ Արևափայլի տևողությունը 2091 ժամ է։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-650 մմ։

Հունվարյան միջին ջերմաստիճանը 0-2 °C է, հուլիսյանը՝ 18-20 °C։ Տարվա կտրվածքով օդի միջին ջերմաստիճանը կազմում է +8,3 °C։

Դիլիջանը միջին լեռնային անտառային գոտու տիպիկ կլիմայական առողջավայր է, որի հիմնական բուժական գործոններն են միջին և բարձր լեռնային կլիման, բարենպաստ թթվածնային ռեժիմը, անկրկնելի լանդշաֆտային առանձնահատկությունները, բուժիչ հանքային ջրերի առկայությունը։

Դիլիջանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.2
(39.6)
5.0
(41)
8.2
(46.8)
14.5
(58.1)
18.9
(66)
21.6
(70.9)
24.4
(75.9)
24.3
(75.7)
20.8
(69.4)
16.4
(61.5)
10.7
(51.3)
6.3
(43.3)
14.6
(58.3)
Միջին ցածր °C (°F) −6.2
(20.8)
−5.5
(22.1)
−2.9
(26.8)
2.3
(36.1)
6.5
(43.7)
9.3
(48.7)
12.7
(54.9)
12.3
(54.1)
9.0
(48.2)
3.9
(39)
0.0
(32)
−3.9
(25)
3.1
(37.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 22
(0.87)
30
(1.18)
45
(1.77)
65
(2.56)
106
(4.17)
103
(4.06)
66
(2.6)
51
(2.01)
46
(1.81)
47
(1.85)
36
(1.42)
22
(0.87)
639
(25.16)
Միջ. անձրևոտ օրեր 7 8 12 14 16 14 9 7 9 10 9 6 121
աղբյուր: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[5]

Բուսական և կենդանական աշխարհ

խմբագրել

Դիլիջան ազգային պարկ

խմբագրել

Բնակչություն

խմբագրել

Դիլիջանի ազգաբնակչության փոփոխությունը[1][6][7].

Տարի 1826 1976 1989 1991 2001 2004 2015 2016 2017 2018 2019 2020
Բնակիչ 60 տուն 24056 30433 30400 16202 16100 23700 16600 17500 17400 17400 17200
Տարի Բնակչություն
1976 24 056 մարդ
1989 30 433 մարդ
1991 24 000 մարդ [8]
2001 16 202 մարդ
2011 17 712 մարդ
2016 16 600 մարդ


Տնտեսություն

խմբագրել

Դիլիջանում առավել զարգացած են առողջարաններին սպասարկող արդյունաբերության ճյուղերը։ Իբրև առողջարանային քաղաք Դիլիջանի համար կենսական նշանակություն ունի նաև գյուղատնտեսությունը, հատկապես անասնաբուծությունը և բանջարաբուծությունը։

1932 թ.-ին շահագործման է հանձնվել ՀԷԿ-ը։

1949 թ-ից գործում է քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը[6]։

2010 թ-ին շահագործման է հանձնվել Աղստև-1 ՀԷԿ-ը, որն ունի 2.88ՄՎտ հզորություն[9]։

Առողջարաններ

խմբագրել
 
Գրիգոր Սաղյանը՝ Դիլիջանի իր աշխատասենյակում

Դիլիջանը լեռնակլիմայական առողջարան է։ Քաղաքում գործում են տասնյակ հանգստյան տներ և առողջարաններ։ Այստեղ են գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային հանգստյան տունը։

1921 թվականին անվանի բժիշկ Գրիգոր Սաղյանը տեղափոխվել է Դիլիջան, որտեղ հիմնել է մանկական տուբերկուլոզային առաջին դիսպանսերը։

1958 թվականին քաղաքի մոտակայքում տարածվող անտառահատվածում ստեղծվել է հանրապետության արգելանոցներից մեկը՝ Դիլիջանի արգելանոցը[6]։

Մշակույթ

խմբագրել

Ամֆիթատրոն

խմբագրել
 
Ամֆիթատրոն, Դիլիջան

2009 թվականին Դիլիջանում` Մյասինկյան փողոցում բացվում է Ամֆիթատրոն անվանումը ստացած կառույցը։ Մինչ այդ 19-րդ դարից սկսած քաղաքում գործել է Ռոտոնդան՝ բացօթյա ամֆիթատրոնը, որտեղ բեմ են բարձրացել բազմաթիվ հայ և օտարազգի անվանի դերասաններ։ 20-րդ դարի ընթացքում այն ենթարկվել է քանդման։ Նոր ամֆիթատրոնը միտված է եղել նաև վերականգնելու Դիլիջանում բացօթյան թատրոնի ժամանակին գործող ավանդույթը[10]։

Ներկա ամֆիթատրոնում անցկացվում են տարատեսակ միջոցառումներ, որոնց թվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի VII միջազգային փառատոնը (2019), և այլք[11]։

Կիրառական արվեստ

խմբագրել

Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։ Ինչպես ողջ Հայաստանում այնպես էլ Դիլիջանում կան բարձրարվեստ խաչքարեր, հատկապես մեծ վարպետությամբ է պատրաստված վարպետ Պողոսի խաչքարը (1291 թ.), որը դրված է Գոշավանքում։

Նոր ժամանակներում բնակավայրում զարգացած են եղել գորգագործությունը, ասեղնագործությունը, փայտի գեղարվեստական մշակումը, ձեռարվեստը և այլ ժողովրդական արհեստներ։ Հայտնի է Դիլիջանյան կարպետ տեսակը։ Ինչպես այդ, այնպես էլ գորգագործության և կարպետագործության շատ հետաքրքիր նմուշներ են պահպանվում Դիլիջանի թանգարանների հավաքածուներում։ Փայտագործ վարպետ Գառնիկ Ալիխանյանի ստեղծագործությունները լայն ճանաչում են ունեցել հանրապետության սահմաններից դուրս։ Առանձնապես մեծ արվեստով է պատրաստված տարբեր ծառատեսակների փայտի փոքրիկ կտորներից ստեղծված գորգը։ Այդ եզակի ստեղծագործությունը ցուցադրվում է Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում։ Փայտագործ վարպետ Ռևիկ Հովսեփյանի պատրաստած նախշազարդ օրորոցները, ջահերը, փայտե կենցաղային իրերը մեծ արժեք են ներկայացնում։ Երիտասարդ վարպետ Գրիշա Հովսեփյանի ստեղծագործություններում ուրույն տեղ են գրավում հայկական ավանադական փայտե աղամանները և խաչքարերը։

 
Դիլիջանի արհեստական լիճը

Զարգացած է նաև ձեռարվեստը, որի գործում մեծ ներդրում են ունեցել արվեստագիտության թեկնածու Սերիկ Դավթյանը հետագայում ժողովրդական վարպետ Նուշիկ Մալխասյանը։ Ձեռարվեստի ճանաչված վարպետներից են Ֆլորա Պապյանը, Մարինե Պողոսյանը, Սոֆյա և Նազիկ Պարանյանները, Հրեղեն Գասպարյանը, Թամարա Դավթյանը, Մարիցա Հայրապետյանը և ուրիշներ։ Գորգագործության մեջ լուրջ ավանդ ունեն Զիրավարդ և Թագուհի Ղուլյանները։ Կիրառական արվեստի հետաքրքիր նմուշներ են պահպանվում Հայաստանի ժողարվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում և «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանում[12]։

Ճարտարապետություն

խմբագրել

Դիլիջանի տարածքում և նրա շրջակայքում կան 32 ճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձաններից առավել նշանավորներն են Հաղարծինը, Գոշավանքը, Ջուխտակ Վանքը, և Մաթոսավանքը, որոնք հանդիսանում են միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր կոթողներ։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին երբ ավելի է մեծանում Դիլիջանի առողջարանային համբավը, այստեղ կառուցվող տները իրենց մեջ պարունակում են Հարավային Կովկասի հայ մեծահարուստների ամառանոցների, Դիլիջանի տնաշինական ավանդությունների և XIX դարի 30-ական թվականներից այստեղ ներգաղթած ռուս աղանդավորականների՝ մոլականների տների հարդարման էլեմենտներ։ Տարածվում է այսպես կոչված ժողովրդական տների կառուցման «Դիլիջանյան ոճը»։

Քաղաքի վարչական կենտրոնը ձևավորվել է 1960-1980 թթ. 1961 թ. հաստատված քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան։ Այստեղ են գտնվում մշակույթի պալատը (հեղինակներ՝ Ռ. Գևորգյան, Խ. Վաթինյան, Ս. Ավետիսյան) ՀԿԿ քաղկոմի շենքը (ներկայումս՝ քաղաքապետարան, հեղինակներ՝ Խ. Վաթինյան Ս. Ավետիսյան), քաղխորհրդի նախկին շենքը (հեղինակներ Ս. Գյուլզատյան, Կ. Մատինյան), կապի հանգույցի շենքը (հեղինակ՝ Գ. Աչյան), կինոթատրոնը (հեղինակներ՝ Ա. Մակարյան, Լ. Ինջիկյան), քաղաքային գրադարանը (հեղինակ Գ. Առաքելյան), կենտրոնական հանրախանութը (հեղինակներ՝ Ջ. Սարգսյան, Լ. Գասպարյան), հյուրանոցը (հեղինակ՝ Գ. Աչյան)։ Քաղաքի կենտրոնական հրապարակը վերակառուցվել է 2005 թվականին։

1983 թ.-ին շահագործման է հանձնվել Դիլիջան պատմաճարտարապետական հուշարձան համալիրը, (հեղինակներ Հ. Թելումյան, Թ. Գրիգորյան) Կոմպոզիտորների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1963 թ., բաղկացած է վարչական երկհարկանի շենքից և 12 առանձնատներից (ճարտարապետ՝ Է. Ալթունյան)։ 1984 թ.-ին շահագործման է հանձնվել Բեթհովենի անվան համերգասրահը։

Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տունը շահագործման է հանձնվել 1984 թ. ճարտարապետ Հ. Պողոսյան, բաղկացած է վարչական շենքից և մենատներից[13]։ Քաղաքի կենտրոնական մասում պահպանվում են XX դարի սկզբին կառուցված ու ազգագրական արժեք ներկայացնող տներ, որոնք կազմում են մի փոքրիկ հին թաղամաս։

Եկեղեցիները

խմբագրել
 
Դիլիջանի համայնապատկերը, 1910։ Կենտրոնում 1930-ականներին ավերված եկեղեցին է։

Դիլիջանից արևմուտք են գտնվում «Ջուխտակ» վանքը և «Մաթոսավանքը»[6]։ Քաղաքն ունեցել է նաև 2 եկեղեցի, որոնք ներկայումս չեն պահպանվել։ Դրանցից մեկը ըստ երևույթին կանգնած է եղել ներկայիս Ավտոկայանի տեղում ու օծված է եղել որպես Սուրբ Աստվածածին։ Այն կիսավեր է եղել դեռևս 1842 թվականին՝ ըստ Սարգիս Հասան-Ջալալյանի հիշատակությունների։ Եվս մեկ եկեղեցի եղել է ներկայիս փոստատան հարևանությամբ, որը վերջնականապես խարխլվել է 1870-ականներին։ Դրա հարևանությամբ՝ ներկայիս «Դիլիջան» կինոթատրոնի տեղում կառուցվել է ևս մեկը, որը իր հերթին ավերվել է 1935-1936 թվականներին։

Մամուլ

խմբագրել

Քաղաքը ապրել է հարուստ գրական կյանքով։ Դիլիջանում է ծնվել և իր մանկությունը անցկացրել հայտնի գրող Վախթանգ Անանյանը։ Քաղաքի սիրված բանաստեղծներից էր Գևորգ Զարենցը (Ղազարյանը), որը ունի նաև մանկական հիանալի ստեղծագործություններ։ Մի քանի հրատարակված բանաստեղծությունների հեղինակ է Մկրտիչ Գրիգորյանը։ Քաղաքի ճանաչված բանաստեղծներից է Միքայել Սերունցը (Անանյանը)։ Հանրապետական գրական մամուլում բազմաթիվ անգամ տպագրվել են բանաստեղծ Արծրուն Հովսեփյանի ստեղծագործությունները։

1958 թ.-ից հրատարակվում է «Դիլիջան» թերթը (ընդհատվել է 1963-1964 թթ.), վերահրատարակվել է 1965 թ. մայիսի 5-ին։ Այժմ այն երկշաբաթաթերթ է, ուր զետեղվում են քաղաքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հոդվածներ։ 2006 թ. մայիսից հրատարակվում է «Երիտասարդական գործունեության ակումբ» հասարակական կազմակերպության «Երիտասարդ Դիլիջան» ամսաթերթը։ 1993 թ. օգոստոսին հիմնադրվել է տեղական RT-V հեռուստաընկերությունը, որն ամենօրյա հաղորդումներով լուսաբանում է քաղաքային կյանքը[13]։

2016 թվականի դեկտեմբերից հրապարակվում է «Կորիզ» թերթը, որի խմբագիրներն են Դիլիջանի պատանիները։ «Կորիզը» Դիլիջանի միակ գունավոր թերթն է։ Թերթի համարները կարող եք գտնել այստեղ Http://dcc.am/:

Գեղանկարչություն

խմբագրել

Գեղանկարչության զարգացման գործում մեծ ներդրում ունի ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է կերպարվեստի դպրոց, որի սաներից շատերը շարունակելով կրթությունը դարձել են շնորհալի նկարիչներ։ Դիլիջանցի նկարիչների ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ են գրավում «Հին Դիլիջան» թեմայով գործերը և այժմ Դիլիջանի թանգարանային հավաքածուներում կան հիշյալ թեմային վերաբերվող նկարիչներ Հովհաննես Շարամբեյանի, Ղազարոս Ղազարյանի, Վարազդատ Ամյանի, Համլետ Ասատրյանի, Սերժիկ Դավթյանի, Գևորգ և Համլետ Մակվեցյանների, Էդիկ Հարությունյանի, Սամվել Ֆրանգուլյանի և այլոց շուրջ 100 ստեղծագործություններ[13]։

Կրթական հաստատություններ

խմբագրել

Դիլիջան քաղաքում գործում են 1 միջնակարգ՝ Վախթանգ Անանյանի անվան թ.5 դպրոց, 3 հիմնական՝ թ.2, թ.4, թ.6, և 1 ավագ դպրոց՝թ.1[14]։ 2013-ից գործում են նաև Դիլիջանի կենտրոնական դպրոցը և Թումոյի մասնաճյուղը, 2014 թվականի սեպտեմբերից՝ Դիլիջանի միջազգային դպրոցը, իսկ վերջերս բացվեց Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը։ Գործում են նաև երեք քոլեջներ` Դիլիջանի պետական քոլեջը, Դիլիջանի պետական բժշկական քոլեջը և Դիլիջանի արվեստի պետական քոլեջը։

Քույր-քաղաքներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Թադևոս Հակոբյան, Դիլիջան, «Գարուն», 1977, № 10։

Պատկերասրահ

խմբագրել
Դիլիջանի համայնապատկեր


Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Այս վարկածի մեկ այլ տարբերակի համաձայն՝ մոր փոխարեն որդուն աջ ու ձախ ման է գալիս վերջինիս հայրը, ով կանաչ բացատում որդուն տեսնում է գայլերի կողմից հոշոտված։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. 3,0 3,1 Шарден, Жан (1902). Путешествiе Шардена по Закавказью в 1672-1673 гг. Թիֆլիս. էջեր 236–238.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ․ 3. Երևան. էջեր 385–386.
  5. «World Weather Information Service – Dilijan». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 68» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 13-ին.
  7. (PDF) https://www.armstat.am/file/article/nasel_01.07.2020.pdf. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. Great dictionary of geographical names (ռուս.) / под ред. В. М. КотляковЕкатеринбург: Русское географическое общество, 2003. — С. 204. — 832 с. — ISBN 5-94799-148-9
  9. Ecolur. ««Աղստև 1» փոքր ՀԷԿ՝ մոնիտորինգի արդյունքներ - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur». ecolur.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Վերափոխվող քաղաքը` Դիլիջան». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 25-ին.
  11. http://www.dilijancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1461#.XVfIUuMzbIU
  12. «Դիլիջանի մշակույթ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  13. 13,0 13,1 13,2 www.dilijan.am Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Դիլիջանի մշակույթ
  14. «Տավուշի մարզպետարանի կայք Դիլիջան համայնքի մասին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիջան» հոդվածին։