Արարատ (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Երևան-Նախիջևան մայրուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հարավ արևելք։ Նախկինում ունեցել է Դավալի, Դավալու, Դեվրլու անվանումները։ Եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Վերանվանվել է 1935 թվականին։ Արարատը՝ նախկին Դավալուն, Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գտնվում է գեղատեսիլ վայրում։ Արևելքից տարածվում են Ուրծի լեռները, դիմացը՝ բիբլիական Մասիսներն են։ Ոչ շատ հեռվից, Հայաստանի պետական սահմանի երկայնքով ձգվում է Արաքս գետը։ Արարատ գյուղի հին դպրոցում (ներկայիս 3-րդ միջնակարգ դպրոց) դասավանդել է մանկագիր Աթաբեկ Խնկոյանը[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Արարատ | |||
![]() Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
ԲԾՄ | 856 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 8275 մարդ (2012) | ||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Անվան ստուգաբանությունԽմբագրել
Դավալու անվան մեկնաբանությունը ոմանք կապում են դավի և լի բառերի հետ, բացատրելով, որ այն նշանակում է կռվի, դավի, վեճի վայր։ Ուսումնասիրություններն ապացուցում են, որ գյուղի բնակիչները պատվասեր և հյուրասեր են եղել, զենք գործածելու մեջ՝ հմուտ։ Յուրաքանչյուր ընտանիք զենք է ունեցել։ Դա է պատճառը, որ Դավալու գյուղը կանգուն է մնացել, թալանի չի ենթարկվել։ Ոմանք Դավալու անունը բացատրում են` ասելով, թե դավալեցիների սարսափն այնքան է տարածված եղել ավազակ ցեղերի վրա, որ գյուղ մտած ուղտը վախից լու է դարձել։
ԿլիմաԽմբագրել
Գյուղը տեղադրված է ծովի մակարդակից 856 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 26-ից 28 աստիճան, իսկ առավելագույնը՝42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կան կվարցի և օնիքսային սև մարմարի պաշարներ, որի մշակումից ստացվում է դեկորատիվ սալիկներ։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը ձևավորվել է գերազանցապես 1828-1829 թթ. Մակու և Սալմաստ գավառներից ներգաղթածներից։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արարատի մշտական բնակչությունը կազմել է 7609, առկա բնակչությունը` 7331 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 661 | 2176 | 3367 | 1894 | 2515 | 4240 | 5625 | 6227 | 6974 | 7609[2] |
Ըստ 2010 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` համայնքի բնակչությունը կազմում է 8275 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 52%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 61%, հետաշխատունակները՝ 16%։
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 2315 տնտեսություն։ Ունի 3 դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, ամբուլատորիա, Սպարապետի անվան թանգարան։
Ոռոգումը կատարվում է Ազատ և Արաքս գետերի ջրերով, խմելու ջուրը բերվում է Գառնուց։ Ունի գինու գործարան, որը հիմնադրել է Շուստովը 1906 թվականին, հետագայում կողոպտվել է և վերաբացվել է 1925 թվականին։
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքեր։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջուրն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Արարատ գյուղի հարավ - արևելյան մասում է գտնվում Սուրբ Հակոբ եկեղեցին (1866)։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ՀղումներԽմբագրել
- Արարատի մարզպետարան Archived 2014-07-29 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Սամվել Հակոբյան, Արարատի մարզ, Երևան 2010
- ↑ 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 28»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մայիսի 18