Մաստարա

գյուղ Արագածոտնի մարզում

Մաստարա, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի հարավ֊արևմտյան փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։

Գյուղ
Մաստարա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Մակերես2,42 կմ²
ԲԾՄ1745±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2433 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0511
Մաստարա (Հայաստան)##
Մաստարա (Հայաստան)
Մաստարա (Արագածոտնի մարզ)##
Մաստարա (Արագածոտնի մարզ)

Ավանդություններ խմբագրել

  • Երբ այստեղով անցնելիս է եղել Սուրբ Հովհաննեսի դիակը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց։ Ստանալով այն, նրանք գյուղում եկեղեցի են շինում և մասունքները դնում եկեղեցու հիմքի տակ։ Դրանից հետո անունը կոչում են Մաստարա[2][3][4][5]։
  • Մաստարան վանքապատկան գյուղ է եղել և պատկանել է Էջմիածնի եկեղեցուն։ Գյուղի եկամտի մի մասը որպես հարկ տարվել է Էջմիածին։ Ամեն տարի, երբ բերքահավաքը ավարտվում էր, և գալիս էր հարկերը տանելու ժամանակը, բերքով ծանրաբեռնված սայլերը դուրս էին գալիս գյուղից և բռնում Էջմիածին տանող ճանապարհը, գյուղացիները, միմյանց ձայնելով, ասում էին.<<Մասը տարան, մասը տարան>>: Այստեղից էլ առաջանում է Մաստարա անվանումը։
  • 4-րդ դ. սկզբներին Գրիգոր Լուսավորիչը Էջմիածնի մայր տաճարը հիմնադրելուց հետո Կեսարիայից իր հետ բերում է ս.Հովհաննես Մկրտիչի մասունքներից և թաղում եկեղեցու հիմքում։ Հովհաննես Մկրտիչից մաս բերվեց, մասը տարան և բնակավայրը կոչվեց Մաստարա։
  • Հին Մաստարա բնակավայրից Նոր Մաստարա տեղափոխվելու վերաբերյալ ևս մեկ ավանդություն կա։

Հին Մաստարայի իշխանը մի գեղեցիկ աղջիկ է ունեցել, որին սիրահարված է եղել մի վիշապ օձ։ Մի օր էլ օձը ներս է սողացել և տեսնելով իր սիրելի աղջկան, նստել է նրա գիրկը։ Աղջիկը վախեցել է և օձին նետել թոնիրը։ Թոնրից դուրս է ժայթքել ընդերկրյա հեղեղը և ավերել գյուղը։ Այլ աղբյուրներով գյուղի ավերման պատճառ է դարձել երկրաշարժը։

Պատմություն խմբագրել

Մաստարան պատմական Այրարատ նահանգի Արագածոտն գավառի արևմտյան մասում է գտնվում Մազդարա բնակավայրի տարածքում։ Ըստ Հ. Շահխաթունյանի, այստեղով անցել է Արքունի ճանապարհը, որի վրա եղել է «իջևանատուն արքունի»։ Մաստարայի տարածքում պահպանված հնագիտական և ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր։

Սկզբնական շրջանում բնակավայրը գտնվել է Մաստարայի սելավ կոչվող գետակի ափին։ Կատարված պեղումները վկայում են, որ բնակավայրը թվագրվում է Ք.ա. 3-րդ հազարամյակին՝ բրոնզեդարյան ժամանակաշրջանին։ Պեղումներից բացվել են նաև օբսիդիանից գործիքներ և զարդեր, որոնք ավելի հին ժամանակաշրջանի են պատկանում։

Գյուղը կազմված է 2 մասից՝ Հին Մաստարա և Նոր Մաստարա։ Երկրաշարժի հետևանքով բնակավայրը լքվում է և տեղափոխվում Նոր Մաստարա։

Սկզբնական շրջանում գյուղը եղել է Արշակունիների արքայատոհմի թագավորական տիրույթ։ Ավատատիրական հարաբերությունների զարգացման հետ մեկտեղ Արագածոտն գավառի արևմտյան հատվածը որպես պարգևականք նվիրում են Գնունի նախարարական տոհմին։ Գնունիների նախարարությունը Հայոց արքունիքում՝ գահնամակում, գրավել է 17-րդ գահը։ Զորանամակում նրանք տալիս էին 500 հեծյալ։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ Գնունիները Արշակ 2-րդ թագավորի ժամանակ վարել են հայոց հազարապետության գործակալությունը։

Ղ. Ինճիճյանը X դ. մատենագիր Մեսրոպ Երեց Վայոցձորեցու մի հիշատակությամբ պարզել է, որ այդ իշխանատոհմը կալվածքներ է ունեցել նաև Շիրակ գավառում, որտեղ Պարգև Գնունի անունով մի մեծ նախարար ճգնության է առանձնացել լեռներում։ Գնունիների մի ճյուղի տեղաշարժը դեպի հյուսիս և հաստատվելն Արագածոտն գավառի շիրակամերձ Մաստարա բնակավայրում եղել են նախքան Հայաստանի առաջին բաժանումը՝ 387 թվականը. վերոհիշյալ ճգնակյաց Պարգևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-373) ժամանակակիցն է։ Մեսրոպ Երեցը հիշատակում է այդ շրջանի ևս մի տոհմակից նախարարի՝ «զիշխանն Գնունեաց Մանէճ», ով 353 թ. Կեսարիա հայրապետական ձեռնադրության մեկնող Ներսես Պարթևին ուղեկցող մեծամեծներից էր։ Գնունիներն Արագածոտնում հաստատվել են այն բանից հետո, երբ Արշակ Բ թագավորը նրանց է վստահել արքունական առանցքային գործակալություններից մեկի՝ հազարապետության բարձր պաշտոնի գլխավորումը. «Եվ սկիզբն գործակալութեանն հազարապետութեանն աշխարհատեսն խնամակալութեանն, շինականաշէն ազգն Գնունեաց՝ հազարապետն ամենայն երկրին»։ Հայաստանի 387թ. բաժանումից հետո Գնունիների մի հատվածը մնաց Արևելյան Հայաստանում։  Դրանց թվում էին նաև Մաստարայի նրանց ազգակիցները, որոնց բարեպաշտ սերունդներն էլ 479 թ. կառուցեցին տեղի Ս. Հովհաննես եկեղեցին։ Եկեղեցին կից ունեցել է վանական միաբանություն, որոնք եկել են էջմիածնից, քանի որ այն եկեղեցապատկան էր, մագաղաթ և գիրք կազմելու կազմատուն։

Գյուղը արաբական արշավանքների շրջանում ենթարկվել է ավերածությունների, որի հետևանքով թուլացել է Գնունի նախարարական տոհմը, և նրանք իրենց կալվածքները հանձնել են Բագրատունիներին։ Բագրատունյաց թագավորության շրջանում (885-1045) այն պատկանել է հայոց արքաներին, մինչև որ X դ. սկզբներին Գագիկ Ա Շահնշահը (990-1020) գյուղը նվիրաբերել է Վահրամ Պահլավունի սպարապետին (998-1045)։ Ապա գյուղը դարձել է Էջմիածնի եկեղեցու վանքապատկան հող։

Բնակչություն խմբագրել

Մաստարա գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Մուշի,Ալաշկերտի, Սասունի, Բասենի, Կարսի, Խոյի և այլ գավառներից։ Մաստարա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[6]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 561 1884 1428 2532 2144 2400 2289 2472[7] 2581 2433[8]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան։ Մաստարայում գործել է Երևանի ժամացույցի գործարանի մասնաճյուղը, որը հետագայում դարձել է կոշիկի ֆաբրիկա, սակայն այժմ չի գործում։ 1957-1958 թվականներին Մաստարայում լույս է տեսել «Մաստարայի կոլտնտեսական» թերթը։

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի արևելյան կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները, գերեզմանոցից արևելյան, գյուղի սահմանը կազմող բլրի լանջին, Մաստարայի մեծ խաչքարն է (1223 թվական), հյուսիսարևմտյան բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին։ Մաստարայի տարածքում կան մի քանի մատուռներ։

 
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, XVII դ.
 
Սուրբ Հովհաննես եկեղեցի, VI դար

Հատկապես նշանավոր է Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը։ Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ։ Արևելյան խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արևմտյան և հարավային խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա։ Եկեղեցին թվագրվում է մոտ 479 թվականով։ Ղազար Փարպեցի պատմիչը հայտնում է ճիշտ նույն ժամանակի Գնունիների անուններ, երբ սպարապետ Վահան Մամիկոնյանի զինակիցների շարքում հիշատակում է իշխան Ատոմին ու նրա եղբայր Առաստոմին, որոնք Ակոռիի 481 թ. հաղթական ճակատամարտում որպես զորապետներ գլխավորել են հայոց ուխտապահ զորքի աջակողմը։ Ըստ պատմիչների վկայության՝ եկեղեցին օրհնել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը 486-498թթ.: Մաստարայի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VII դ.։ Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0, 62 մ-0, 77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0, 47 մ-0, 60 մ)։ Մաստարայի եկեղեցին վերանորոգվել է նաև X-XIII դարերում։

XVIII դարի եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889 թվականին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հարավային կողմ սվաղի վրա է)։ Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող։ Արձանագրությունները թվագրված են VII դարում, ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին։ Սակայն Մաստարայի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դարում վերանորոգմանը, և որ այն կառուցվել է V դարում, որի ապացույցն են ճարտարապետական խիստ աշխարհիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1,30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արևմտյան ճակատի խաչքանդակը զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները և այլն, որոնք բնորոշ են IV-V դարերին։ Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն, արձանագրությունը։ Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նաև այլ տեսակետներ (VI դ., VII դ.)։

 
Մաստարա, Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, V դ.
 
Գյուղատեղի "Շենիկ", եկեղեցի Սուրբ Ամենափրկիչ, V դ., Տապանաքար

Մաստարայի եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն։ Մաստարայի եկեղեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված գանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության 1/3-ի վրա է։ Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է։

Գյուղից 0,5 կմ հարավ-արևելք գտնվում է Հին Մաստարա գյուղատեղին (XIII-XVI-րդ դդ.), իսկ 4․5 կմ հյուսիս-արևելք՝ Շենիկ գյուղատեղին (IV-XX-րդ դդ.), որտեղ գտնվում են Սուրբ Ամենափրկիչ (V-րդ դ.) և Սուրբ Աստվածածին (VI-րդ դ.) եկեղեցիները։ Մաստարայատիպ են Ոսկեպարի (VI դ.), Արթիկի Մեծ կամ Սբ. Գևորգ (VII դ.), Հառիճավանքի (VII դ.) ու Կարսի Առաքելոց (X դ.) եկեղեցիները։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  3. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  4. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 768
  8. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաստարա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 275