Արգիշտիխինիլի
Արգիշտիխինիլի (ուրարտերեն՝ URUar-gi-iš-ti-ḫi-ni-li), քաղաք Վանի թագավորությունում, եղել է թագավորության վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն։
Կառուցվել է Վանի թագավորության ընդարձակման ընթացքում՝ Անդրկովկասում՝ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. VIII-V դարերում։ Արգիշտիխինիլի քաղաքի փլատակները տեղակայված են Արմավիր[1] քաղաքից 15 կիլոմետր՝ հարավ-արևմուտք, Նոր Արմավիր և Արմավիր գյուղերի միջև։ Քաղաքը կառուցվել էր Արաքսի ձախ ափի միջին հոսանքում։ Այդ ժամանակներից ի վեր գետի հունը տեղափոխվել է դեպի հարավ և գտնվում է Արգիշտիխինիլիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Տեղադրություն
խմբագրելԳտնվում է Արարատյան դաշտի (Ազա երկրի) կենտրոնական մասում, Արաքս գետի միջին հոսանքի նախկին հունի ձախ ափին (այժմ՝ ՀՍՍՀ Հոկտեմբերյան շրջանի Նոր Արմավիր, Ամասիա, Նալբանդյան, Հայկավան և Ջրաշեն գյուղերի միջև ընկած բարձունքների վրա)։ Առաջին հնագիտական ուսումնասիրությունը կատարել են Ա. Երիցյանը և Ա. Ուվարովը, 1870 թվականին։ ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 1962 թվականին Արգիշտիխինիլիում սկսեց նոր, պարբերական պեղումներ։ Արգիշտիխինիլիի հիմնադրման, ինչպես նաև այնտեղ պաշտպանական, պալատական, պաշտամունքային և տնտեսական կառույցների մասին տվյալներ կան Արգիշտի Ա-ի և նրա հետնորդներ Սարդուրի Բ-ի, Ռուսա Ա-ի և Ռուսա Գ-ի 17 սեպագիր արձանագրություններում։
Պեղածո նյութերից և արձանագրություններից երևում է, որ մ.թ.ա. VIII դ. կեսին Արգիշտիխինիլին դարձել է Վանի թագավորության մշակութային-տնտեսական և պաշտամունքային խոշոր կենտրոն։ Արգիշտիխինիլիի կառուցապատված մասը գրավել է շուրջ 1000 հա տարածություն, որտեղ եղել են այգիներ, բանջարանոցներ, ցանքսեր։ Պեղումների ընթացքում քաղաքի բնակելի տներում հայտնաբերվել են քարե օջախներ, կավանոթներ, աղորիքներ, սանդեր, ջուլհակի գործիքներ, երկաթե մանգաղներ, դանակներ են։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում կազմված է եղել երկրագործներից ու արհեստավորներից, որոնց ընդարձակ և մեծաշուք տները զբաղեցրել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։ Արվարձաններում բնակվել է երկրագործ բնակչության ցածր խավը։ Քաղաքի և մերձակայքի լավագույն հողերը, ինչպես նաև անասնահոտերը կենտրոնացած էին ստրկատիրական ավագանու, քրմերի և հատկապես՝ թագավորի ձեռքում։ Արհեստանոցներն ու բնակելի թաղամասերը գտնվում էին ջրանցքների, առուների մոտ։ Արգիշտիխինիլին արհեստագործական արտադրանք (քարե նուրբ կնիքներ, մետաղյա և կավե իրեր, դեկորատիվ բազալտե թասեր) է մատակարարել թագավորության հյուսիսային շրջաններին։
Ապացուցված է, որ մ.թ.ա. VII դ. կեսին մի շարք կավե առարկաներ Արգիշտիխինիլիից տեղափոխվել են Թեյշեբաինի (Կարմիր-բլուր)։ Հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, դեղագործի և հյուսնի մենատներ։ Հատկապես կատարելության էր հասել խեցեգործությունը։ Տարածված էին գեղարվեստական արհեստագործության արտադրանքները՝ բրոնզաթիթեղը, դրոշմազարդ գոտիները, բարձրաքանդակ վահանները, սաղավարտներն ու մետաղյա արձանիկները։ Պեղածո իրերը (նուրբ ու կոպիտ գործվածքների, պարանների, փոկերի, կաշվե իրերի մնացորդներ) ցույց են տալիս մանածագործության, ջուլհակության, կաշեգործության և այլ արհեստների առկայությունը։ Արգիշտիխինիլիում զգալի թիվ էին կազմում շինարար վարպետներն ու գործավորները։ Արգիշտիխինիլիի արմ. հատվածը շրջապատված է եղել բերդապարսպով, որի մնացորդները 1, 5-2 կմ երկարությամբ մասամբ պահպանվել են։ Արգիշտիխինիլիի քաղաքաշինական սխեման կազմվել է տեղանքին համապատասխան։
Քաղաքն իր արևելյան և արևմտյան կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատիկի պահեստներ, գինու մառաններ։ Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արմ. կողմում, բլրաշարքի ամենաբարձր մասում՝ շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով։ Պալատներից մեկի պեղումներից երևում է, որ այն բաղկացած է եղել սյունազարդ երկու դահլիճներից, բնակելի և տնտեսական ընդարձակ շենքերից։
Քաղաքի արևմտյան մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը՝ մուո 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը՝ մոտ 2, 5 կմ երկարությամբ։ Այս բլրաշարքի արևմտյան բարձրադիր հատվածում տեղադրված է եղել արմ. ամրոցը։ Բնակելի թաղամասերը զբաղեցրել են բլրաշարքը, նրա լանջերն ու ստորոտի հարթավայրը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի պաշտպանական կառույցները։ Արմ. ամրոցը շրջապատված է եղել 3, 5 մ հաստության եռաշարք պարիսպներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնաբերդի տարածությունը ընդարձակելու նկատառումով։ Ամրոցի մուտքերը գտնվել են հս. և արլ. պարսպամասերում։ Բլրաշարքի կենտրոնում (կենտրոնական մեծ սենյակի շուրջը) բացվել են 6—10 սենյակներով միահարկ բնակելի առանձնատներ։ Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Արգիշտիխինիլիի մեծ մասն ավերակ էր։ Կյանքը վերսկսվեց միայն նրա արլ. մասում, երբ հիմնադրվեց Երվանդունիների գահանիստ Արմավիրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արգիշտիխինիլի (Արմավիր) ամրոցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
Գրականություն
խմբագրել- Ղաֆադարյան Կ. Կ., Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի ամրաշինական կառույցները, «ԼՀԳ», 1972, № 3։
- Никольский М. В․, Клинообразные надписи Закавказья, Материалы по археологии Кавказа, в г 5, М., 1896;
- Арутюнян Н.В., Новая урартская надпись из Давти-блура, «Вестник древней истории», 1966, № 3;
- Мартиросян А. А., Раскопки Аргиштихинили, «Советская археология», 1967, № 4;
- Егоже, К социально-экономической структуре города Аргиштихинили, «Советская археология», 1972, № 3;
- Его же, Аргиштихинили, Е․, 1974 (Археологические памятники Армении, 8․ Урартские памятники, в․ 1)
Արտաքին հղումներ
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 5)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգիշտիխինիլի» հոդվածին։ |