Ավշար
Ավշար, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում, Արարատ քաղաքից անմիջապես հյուսիս-արևմուտք, Երևան-Երասխ մայրուղու ձախ կողմում։ Մարզկենտրոն Արտաշատից գտնվում է 16 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ավշար | ||
Հուշաղբյուր Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Արարատի շրջան և Երևանի գավառ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 17,5 կմ² | |
ԲԾՄ | 835 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲4929 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 0605 | |
Փոստային դասիչ | 0605 | |
| ||
Անվանում
խմբագրելԱնվան ծագումը կապված է Պատմական Հայաստանի Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ավշար գյուղի հետ։
Բնակավայրը հայտնի է Ավշար, Քյալբալավան անուններով։ Ավշար բառը պահպանվել է հայերենի բարբառներում, որն ունի «կաթնառատ», «կաթնոտ», «կաթնաշատ» իմաստները։ Ավշար անունով բնակավայրեր են եղել Շապին Գարահիսարի մոտ, Կիլիկիայում, Արցախում և նույնանուն դաշտ Փոքր Հայքի Սեբաստիա նահանգում։ Բնակավայրի մասին գրավոր տեղեկություններ կան մեծ հայագետ, պատմաբան Ղևոնդ Ալիշանի «Այրարատ» մեծածավալ գրքում։
Գյուղը XIX դարի և XX դարի սկզբներին կրել է Քյալբավան անունը, որը թուրքական ծագում ունի և որոշ թյուրքալեզու ցեղերի մոտ տիտղոս է։
Կլիմա
խմբագրելԿլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրել1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով շահաբասյան բռնագաղթվածներին հնարավորություն ընձեռնվեց վերադառնալ իրենց նախնիների բնակատեղիները։ Սակայն թուրքական ցեղերն այստեղ անցել էին նստակյաց կյանքի՝ ամրանալով տեղահանվածների բնակավայրերում։ Վերադարձած հայերն իրենց ավելի ամուր և պաշտպանված զգալու համար սկսեցին բնակություն հաստատել հոծ զանգվածներով։ Շատ գյուղեր մնացին թուրքաբնակ՝ ժողովրդագրական փոփոխությունները թողնելով հետագա տարիներին։ Ավշար գյուղը մնացել է լիովին ադրբեջանաբնակ մինչև 1918 թ.:
1918 թվականին Ավշար է ներգաղթել 11 հայ ընտանիք Վասպուրականից։ Նրանք Արևմտյան Հայաստանի հայության վերջին բեկորներից էին, որոնք 1915 թվականի Մեծ եղեռնից հետո գաղթել էին Իրաք, այնտեղից՝ Արևելյան Հայաստան։
1946 թվականին Իրանից Ավշար հայրենադարձվեց 45 ընտանիք, որոնցից 7-ը ներգաղթկոմիտեի թույլտվությամբ տեղափոխվեց այլ վայրեր, 2 ընտանիք ՆԳ մարմինների կողմից արտաքսվեց։ 1947 թվականին գյուղում հաստատվեց 23 իրանահայ ընտանիք։
Գյուղը բնակեցվել է առաջին համաշխարհային պատերազմից հետո Վանից, Շատախից, իսկ 1930-ական թթ. Մարտունու, Սիսիանի, Սևանի, Վարդենիսի շրջաններից եկած վերաբնակիչներով։ Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ համայնքի բնակչությունը կազմում է 5152 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 26%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 56%, հետաշխատունակները՝ 18%։
Ավշարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 1604 տնտեսություն։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հիմնախնդիրն է և խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը։ Կարևորվում է գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Պահուստային հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր՝ 574 հա, խոտհարքերը զբաղեցնում են 22 հա մակերես։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1410 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսն օգտագործվում է որպես վարելահողեր։ Պտղատու և խաղողի այգիները համապատասխանաբար կազմում են 62 և 54 հեկտար։
Գյուղում գործում է Ավշարի գինու գործարանը, որը Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշոր գործարաններից է։
Ավշարում հիմնադրվել է նաև մրգերի և բանջարեղենների վերամշակմամբ զբաղվող «Ավշար Պրոդ» գործարանը։
Առկա են նաև հացի փռեր։
Հասարակական կառույցներ
խմբագրելՈւնի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 563. — 4696 p.
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարանի կայք Արխիվացված 2013-07-14 Wayback Machine
- Ավշար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 623)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավշար» հոդվածին։ |