Նորայր Մնացականյան

հայ երգիչ

Նորայր Համբարձումի Մնացականյան (հունվարի 7, 1923(1923-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 1986(1986-03-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ (շնորհված՝ դեկտեմբեր 2, 1965)։

Նորայր Մնացականյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 7, 1923(1923-01-07)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էմարտի 25, 1986(1986-03-25) (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլParseghian Records
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
 Norayr Mnatsakanyan Վիքիպահեստում

Այն, ինչ հեռու ժամանակներից ավանդաբար եկել ու ամբարվել էր հայ երգի անդաստանում, բոլորովին նոր որակ ստացավ Նորայր Մնացականյանի երգարվեստում։ Նրա պրպտող միտքը չգնաց այն ճանապարհով, որով անցել էին նրա նախորդները, այլ յուրովի ըմբռնելով հայ երգի դերն ու նշանակությունը սովորական հայ մարդու կյանքում՝ նա դուրս եկավ մի պողոտա, որն ամենայն իրավամբ հետագայում կոչվեց նորայրական։ Հայկական ժողովրդական և գուսանական երգերի կատարողական արվեստում գերիշխում էր երկու հիմնական ոճ՝ օպերային դասականացված մշակումների կատարումներ, որոնք, թեև չափազանց արժեքավոր են առայսօր, սակայն լիովին չէին արտացոլում տվյալ գործերի հեղինակների ստեղծաքործական ենթատեքստն ու հասարակական նշանակությունը։ Այդ իսկ պատճառով, ավելի հեռու էին կանգնած սովորական հայ մարդու առօրեից։ Կատարողական երկրորդ ոճին պատկանում էին կատարումներ՝ ավանդապաշտական, գավառային, գեղջկական և «կուսական» անմշակ, ընդհուպ նաև թուրքական ու պարսկական մեղեդիների որոշ և երբեմն էլ հախուռն խառնուրդով։ Նորայր Մնացականյանը գտավ ոսկե միջինը. նրա մեկնաբանությամբ՝ հայ ժողովրդական և գուսանական երգարվեստի գոհարները վերստին հայացան և ի ականջ ամենքի՝ սկսեցին հնչել մատուցման ավելի մատչելի ոճով, չափավոր ու միշտ չափի մեջ, ներքին բարեկրթությամբ, ընդ որում՝ հաճախ հասարակ քնարականությամբ, քան գրոտեսկային ուռճացված հերոսականությամբ։ Մնացականյանի այս նորամուծությունն անմիջապես գրավեց հազարավոր սրտեր՝ փառք բերելով ոչ միայն սիրված արտիստին, այլև նորովի հասկացված նրա կատարելաոճին։ Մինչ այդ գոյություն ունեցող այն թյուր կարծիքը, թե իբրև հայ երգի քնարական զգացական մեկնաբանությունը նսեմացնում է վերջինիս ազգային արժեքը, Մնացականյանի վառ անհատականության շնորհիվ հօդս ցնդեց։

Կենսագրություն խմբագրել

Նորայրի հայրն իր որդուն ավելի լուրջ մասնագիտության տեր մարդ էր ուզում տեսնել, բայց Նորայրը երգում էր։ Երգում էր պատեհ ու անպատեհ ժամերին, երգում էր Երևանի Քսանվեց Կոմիսարների անվան դպրոցում, ուր ուսանում էր։ Այստեղից էլ 1936 թվականին տասներեքամյա Նորիկ Մնացականյանը, մասնակցելով պատանի կատարողների համամիութենական մրցույթին, մեկնեց Մոսկվա և Կրեմլի Միությունների Տան հանրահայտ Սյունազարդ Դահլիճում Սայաթ-Նովայի «Աշխարհումս ա՛խ չիմ քաշի» երգի կատարումով շահեց առաջին մրցանակը՝ առաջին պարգևը նրա երգին։ Չափահաս դառնալու հետ ավելի առնականացավ նրա ձայնը, խորացան և տիրական դարձան երգելու պահանջն ու ցանկությունը։ Նա մասնակցում էր Երևանի կառուցողների ակումբում կազմակերպվող համերգներին, իսկ նրա երաժշտական ղեկավարությունը ստանձնեց կոմպոզիտոր-մանկավարժ՝ Հայրենական Մեծ պատերազմից չվերադարձած մարտիկ Միքայել Չաղալյանը։ 1942 թվականի փետրվարին, համալրելով հռչակավոր գեներալ Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ կազմված՝ Թամանյան Դիվիզիայի շարքերը, պատանի Նորայրը նույնպես մեկնում է ռազմաճակատ և մասնակցում Հյուսիսային Կովկասի համար մղվող մարտերին, սակայն 1943 թվականին ապագա երգիչը վիրավորվում է և արդեն հիվանդագին դողէրոցքի մեջ հասցվում է Բաքու, որտեղից էլ մեծ դժվարությամբ տեղափոխվում՝ Երևան։ Հետագայում՝ իր հուշերում, Մնացականյանը կգրի. «Երգելու բնական պահանջն ու անբռնազբոս մղումն ինձ գոյատևելու կորով տվեցին»։

Սակայն երգից բացի մի այլ հրապուրանք ևս ուներ Նորիկը՝ թատրոնը։ Երևանի Պատանի Հանդիսատեսի Թատրոնում նրա ղեկավարած թատերախմբի մի շարք բեմադրություններ հաջողություն ունեցան։ Հետաքրքրական է, որ երգիչն իր բեմական գործունեության արշալույսին Պատանի Հանդիսատեսի Թատրոնում «Գիքոր»-ի դերակատարմամբ մկրտվեց իբրև շնորհալի դերասան։ Հայ թատերաբեմում հենց Նորայր Մնացականյանն է եղել Գիքորի առաջին դերակատարը։ Թատրոնում նույնպես Նորայրն առիթը բաց չէր թողնում երգելու։ Երգը նրա համար կենսական անհրաժեշտություն էր։ Այդ տարիներին առաջին անգամ բացվեց նորաստեղծ Օպերետային Թատրոնի վարագույրը, որին հետևեցին վառ ներկայացումների առաջնախաղեր։ Նորայրի վաղուց խմորված երգչական գործունեության երազանքը նրան 1944 թվականից տեղափոխեց Օպերետային Թատրոնի բեմահարթակ, ուր իր զրնգուն ձայնով պատշաճ նկատվեց մի շարք ներկայացումներում հանդես գալու կարողությամբ։ Հայաստանյան հանդիսատեսի հիշողության մեջ դեռ ապրում են նրա կերտած կերպարները, որոնց թվում՝ «Քաջ Նազար»ի Սաքոն՝ իր «Մարջան-մարջան» գողտրիկ երգով, Ստյոպան՝ «Մորգանի խնամի»-ում, պահակապետ էր «Աշուղ Մուրադ»-ում, և իհարկե հիշատակության է արժանի Սաքոն Արտեմի Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետում, ուր խաղընկեր լինելու անսահման երջանկություն էր ապրում լեգենդար Դանզասի և տաղանդաշատ դերասանուհի Վարդուհի Շախսուվարյանի կողքին։ Հենց այդ հպարտության ոգևորությամբ իր զիլ ձայնով երգում էր զուգերգեր, քառյակներ և «Ալագյոզ աչերդ» հանրահայտ երգը։ Երգում էր թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, երբ դիրիժորի վահանակին էին՝ Ռաիսա Սարկիսովան, Ցոլակ Վարդազարյանը, Բալ Թաշյանը, և իհարկե, հայ երգչախմբային արվեստի անկրկնելի ռահվիրա՝ մեծանուն Արամ Տեր-Հովհաննիսյանը։

Այնուհետև պատանի Մնացականյանը դերասանական գործունեություն է ծավալում Երևանի Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնում և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ հիմնականում մասսայական տեսարաններում, որտեղ անսահման մեծ պատիվ էր համարում հայտնվել հայ թատերարվեստի հիրավի «տիտանների»՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Համբարձում Խաչանյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի կողքին, հետագայում Նորայր Մնացականյանն առանձնահատուկ մտերմությամբ կապված էր Թաթուլ Դիլաքյանի, Ժան Էլոյանի, Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի հետ։ Այս բեմերում Մնացականյանը խաղացել է բազմաթիվ փոքր դերեր, որոնցից առավել հիշատակելի են՝ Սմբատը Արմեն Գուլակյանի «Հացի խնդիր» բեմադրության մեջ, փորձել Շեքսպիրյան «Օթելլո»-ն՝ Վահրամ Փափազյանի հովանավորությամբ, ինչպես նաև Սայաթ-Նովան՝ համանուն երաժշտական ներկայացումներում։ Նորայրի բեմական գործունեությունը շարունակելի կմնար, եթե վերահաս ճակատագրի հեգնանքն իր լուրջ խոչընդոտով չքարատեր երգչի հնչեղ ձայնը. երգիչը կորցնում է իր երկու քույրերին։ Չնայած այսքանով Մնացականյանի թատերական գործունեությունը եզրափակվեց, սակայն թատրոնի հանդեպ իր տածած սերն իր հետ մնաց առհավետ։ Նա ինքն իրեն հաճախ կոչում էր «Թատրոնի մոլորյալ զավակ»։ Թերևս հենց դերասանական արվեստի հանդեպ սերը նրան հետագայում դրդեց ստանձնել մի բարի ու միամիտ դերձակի դեր՝ 1974 թվականին Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանված «Մարդն Օլիմպոսից» գեղարվեստական կինոնկարում։

Մնացականյանը նաև ասմունքի հիանալի վարպետ էր։ Անզուգական էին ոչ միայն նրա՝ հայ դասական պոեզիայի ուրույն ընթերցումները, (Սայաթ-Նովա, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, ինչպես նաև մի շարք արևմտահայ հեղինակների գոհարներ) այլև ռուս և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ՝ հաճախ հայերեն թարգմանությամբ, երբեմն էլ բնօրինակի լեզվով՝ (հատվածներ և մենախոսություններ Դանթե Ալիգիերի«Նոր Կյանք»-ից և «Աստվածային Կատակերգություն»-ից, Պետրարքայի և Կավալկանտիի, Էդմունդ Սպենսերի և Ջոն Միլտոնի քնարերգությունից, Շեքսպիրյան «Համլետ»-ից, «Արքա Լիր»-ից, «Օթելլո»-ից, «Հուլիոս Կեսար»-ից, «Հենրի Վեցերորդ»-ից, Շիլլերի «Ավազակներ»-ից, Վիյոնի, Բայրոնի, Շելլիի, Էմերսոնի, Շոույի, Իբսենի, Վիլյամսի ստեղծագործություններից, ինչպես նաև ռուս սիմվոլիստ և ֆուտուրիստ դասականների գործեր՝ Բլոկ, Իվանով, Ախմատովա, Պաստեռնակ, Խլեբնիկով, Մայակովսկի և այլոց։ Այդ իսկ պատճառով, պատահական չէր, որ Մնացականյանը, բացի համերգներից, հաճախ մասնակցում էր Հանրապետության տարբեր թատրոններում, համերգասրահներում, մշակութային վայրերում տեղի ունեցող ասմունքի երեկոներին։ Հիշատակելի էին մշակութասեր հասարակության սիրելի վայրերից մեկում՝ նշանավոր «Ադրի»-ում, անցկացվող ասմունքի փառատոնները, որտեղ Նորայր Մնացականյանը հանդես էր գալիս ասմունքի ինքնատիպ ելույթներով իր մտերիմ գործընկերների՝ մեծն Հրաչյա Ներսիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Ժան Էլոյանի, Հրաչուհի Ջինանյանի, Սիրվարդ Մեսրոպյանի և Սուսաննա Գաբրիելյանի հետ մեկտեղ։

1948-ին թողնելով թատրոնը՝ Նորայր Մնացականյանն ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական Ֆակուլտետի լրագրողության վարպետության (ժուռնալիստիկայի) նորաբաց բաժինը, որտեղ նա ուսանում է նաև անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանի և հայոց լեզվի տեսաբան, պատմաբան՝ Հակոբ Մանանդյանի դասարաններոմ։ Հայոց լեզվի և գրականության փայլուն իմացությունը Նորայրին թույլ է տալիս երեք տարում շուտափույթ ավարտել համալսարանը։ Ավարտելիս՝ Մնացականյանը գրում է մագիստրական գիտական աշխատանք՝ «Սայաթ-Նովայի քնարերգության ընկալումը արդի հայ գրականության մեջ» խորագրով։ Այնուհետև աշխատանքի է անցնում մայրաքաղաքի տարբեր թերթերում, ամսագրերում, և պարբերականներում՝ որպես որակյալ լրագրող։ Մնացականյանը լրագրողական գործունեություն է ծավալում նաև նորաբաց Արտասահմանյան Երկրների հետ Մշակութային Կապերի Հայկական Ընկերությունում։ Լինելով բնիկ երևանցի՝ 1950-ականների կեսերին, Մնացականյանը գրում է հին երևանցիներին նվիրված ակնարկների մի ժողովածու, որտեղ զետեղված էին հին օրերի Երևանի նիստուկացի, սովորույթների, և հասարակության մասին մանրապատումներ, զրույցներ, և պատկերավոր նկարագրություններ։ Հիշատակելի են նաև Մնացականյանի՝ հայ արդի արվեստի յուրահատուկ ընկալմամբ, արժեքավոր հոդվածները «Սովետական Արվեստ» պարբերականում, որի այդ տարիների պատասխանատու քարտուղարն էր՝ Լևոն Հախվերդյանը։

Մասնագիտությունն ընտրված էր, կյանքի ճանապարհը նույնպես, կար սիրված աշխատանքը, սակայն կատարողական արվեստի նկատմամբ սերն ըստիպեց նրան վերադառնալ երգի աշխարհ։ Առիթը եղավ Թաթուլ Ալթունյանի հրավերը՝ Հայաստանի Հանրապետության Պետական Կապելլա՝ երգի-պարի պետական անսամբլ՝ որպես մեներգիչ, որտեղ աշխատում է Արաքսյա Գյուլզադյանի, Լուսիկ Քոշյանի, Շողիկ Մկրտչյանի և Վարդուհի Խաչատրյանի հետ։ Այս ժամանակահատվածում, բացի իր՝ արդեն ավանդական դարձած Սայաթ-Նովյան երգացանկից («Քամանչա», «Թամամ աշխարհ պտուտ եկա», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Աշխարհս մե փանջարա է», «Բլբուլի հիդ», «Արի ինձ անգաճ կալ», «Քանի վուր ջան իմ», «Չիս ասում»), կատարում էր Շերամի («Սարեր, կաղաչեմ», «Էլի երկինս ամպել է», «Աննման տարազով»), Ջիվանու («Ձախորդ օրերը»), Հավասու («Ո՞ւր կերթաս», «Գարուն»), Շիրինի («Այգեպան»), Գուսան Աշոտի («Սերս վանքում Տաթևի», «Օջախում», «Հեռացել ես», «Մոր սերը», «Արի բաղերով», «Վարդաղբյուր»), Փիլոյի («Թռվռալեն գալիս եք») գործերը, ինչպես նաև քաղաքային ֆոլկլորի որոշ ստեղծագործություններ։ Նորայր Մնացականյանը հայ ժողովրդական և աշուղական երգարվեստի նվիրյալն էր, նրա տարածողներից մեկը։ Անցյալի աշուղներին երկրպագում էր, հիանում նրանց փիլիսոփայական մտքերի խորությամբ, այլաբանական էությամբ։ Երկրպագում էր Ջիվանուն, Շերամին, Հավասուն, Շիրինին, սակայն մի առանձին մտերմություն էր տածում իր օրերի անվանի գուսան Գուսան Աշոտի նկատմամբ։ Նրա բանաստեղծությունների խոր հուզականությունն ու պատկերավորությունը, սիրո փառաբանումն ու բնության գովքը անչափ սրտամոտ էին երգչին։ Եվ պատահական չէ, որ գուսանի շատ երգեր առաջին անգամ հնչել են Նորայր Մնացականյանի կատարմամբ, ու նա էլ մնացել է նրանց միակ կատարողը։

1953 թվականին Արամ Մերանգուլյանը երգչին պաշտոնապես հրավիրում է իր ղեկավարած՝ ՀԽՍՀ Պետական Հեռուստատեսության և Ռադիոյի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ՝ որպես մենակատար։ Այստեղ էլ Նորայրը տարիների ընթացքում մոռացությունից հանեց, Մերանգուլյանի հետ մեկտեղ մշակեց և ձայնագրեց մի շարք ժողովրդական, գուսանական, և հայ կոմպոզիտորների երգեր զորօրինակ՝ Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի բանաստեղծությունների հիման վրա, հիմնականում ժողովրդական մեղեդիներով՝ Արամ Մերանգուլյանի մշակումներով ստեղծված երգեր՝ «Սև մութ ամպեր», «Մաճկալ», «Մայրիկիս», «Որսկան ախպեր» (որի կատարումն արժանացել էր մեծն Արամ Խաչատրյանի ջերմ գնահատանքին), «Մայր իմ», «Քաղցր մի քուն», «Ցավոտ սիրտս», զուտ ժողովրդական՝ «Էս գիշեր», «Ով սիրուն, սիրուն» (Թաթուլ Ալթունյանի մշակումներով), «Ամպել ա, ձյուն չի գալի» և շատ ուրիշներ, Դանիել Ղազարյանի «Քույր իմ նազելի» (մշակումը՝ Արամ Մերանգուլյանի), «Անուշ Գարուն», «Մի սիրտ ունեմ», «Անուշ յար ջան», «Լուսնակ գիշեր», «Կարմիր վարդեր շատ եմ փնջել», Արտեմ Մէջինյանի՝ «Անունս ես տալիս», «Համեստ աղջիկ» (խոսք՝ Ավետիք Իսահակյանի), Արամ Մերանգուլյանի «Դու ինձ համար» (խոսք՝ Հովհաննես Շիրազի), Արամ Մերանգուլյանի «Սիամանթո և Խաչեզարե» օպերայից) «Ձենով Օհանի ափսոսանքը» (Հովհաննես Թումանյանի Սասնա Ծռեր էպոսից), Ալեքսեյ Հեքիմյանի՝«Իմ սիրուհի» (խոսք՝ Աշոտ Գրաշու), Վաչե Հովսեփյանի՝ «Վերադարձիր» (խոսք՝ Վահան Տերյանի), «Երանի թե», Խաչատուր Ներսիսյանի՝ «Կռունկները շարան-շարան», «Սեր չտվիր» (խոսք՝ Ավետիք Իսահակյանի), «Երանի նրան» (խոսք՝ Համո Սահյանի) և շատ ուրիշներ։ Այդ երգերը Նորայրին հրապուրում էին իրենց նուրբ քնարականությամբ, ջերմ շնչով, որոնց ուրույն կատարմանը նպաստում էին՝ երգչի թավշե բարիտոնը, հայ երգի նուրբ զգացողությունն ու ճաշակը։

1960 թվականին, Հանրապետությունը պատրաստ էր մեծ շուքով նշելու հայ ազգի մեծանուն զավակի, բոլոր ժամանակների մեծագույն ստեղծագործողի՝ Սայաթ-Նովայի ծննդյան երկու հարյուր հիսուն ամյակը։ Այդ կապակցությամբ՝ Հայաստանի Հեռուստատեսության ստուդիան ձեռնամուխ եղավ իր հերոսացմանը՝ առաջին գեղարվեստական երաժշտական ֆիլմի ստեղծմանը։ Հայաստանի Հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր Կիմ Արզումանյանը ձեռնարկել էր խիզախում։ Բնականաբար ընդգրկված էին մեր բեմի մեծանուն աստղերը, և պատշաճ էր այդ օրերի շատ տաղանդավոր դերասան Բաբկեն Ներսիսյանի հայտնությունն իբրև Սայաթ-Նովյան կերպար։ Անտարակույս, Սայաթ-Նովան (այսինքն՝ Բաբկեն Ներսիսյանը) պետք է երգեր։ Որոշվեց մի նոր յուրահատուկ ձայն ներգրավել ֆիլմում։ Երգերը կատարելու մեծապատվությունը ներկայացավ Նորայր Մնացականյանին։ Հրավիրվեց Հայաստանի Պետական Ռադիո՝ ձայնագրության, և շուտով արդեն պատրաստ էին այն հոգեթով կատարումները, որոնք շատ հարազատ են յուրաքանչյուր հայի հոգուն։ Երգչի հենց այդ կատարումներից մի հատված հետագայում հայտնվեց նաև 1968 թվականին Սերգեյ Փարաջանովի նկարահանած «Նռան գույնը» աշխարհահռչակ գլուխգործոցում՝ Գլախո Զաքարյանի և Պապին Պողոսյանի կատարումների հետ մեկտեղ։ 1960-ականների կեսերին Նորայր Մնացականյանը հայտնվեց Հայ Ֆիլհարմոնիայի կազմում՝ իբրև անսամբլի և՛ գեղարվեստական ղեկավար, և՛առաջնակարգ մենակատար։ Հենց այստեղ, 1965 թվականի դեկտեմբերի 2-ին, նրան շնորհվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը։

Սակայն այս ամենը կարող էր նրա համար անցողիկ լինել, եթե չորոշեր իր հետագա ստեղծագործական գործունեությունը շարունակել Հայաստանի Հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում, որտեղ երկար տարիների ընթացքում նրա գործընկերներն էին վաստակաշատ մեներգիչներ՝ Վաղարշակ Սահակյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հովհաննես Բադալյանը, և Ռուբեն Մաթևոսյանը, իսկ այնուհետև՝ Պապին Պողոսյանը, մեներգչուհիներ՝ Օֆելյա Համբարձումյանը, Վարդուհի Խաչատրյանը, Վալյա Սամվելյանը, Մանիկ Գրիգորյանը, Ֆլորա Խորենյանը և Ռիմա Սարիբեկյանը, իսկ հետագայում՝ Բելլա Դարբինյանը, Ֆլորա Մարտիրոսյանը և Սուսաննա Սաֆարյանը։ Կազմելով վաստակավոր անսամբլի անբաժանելի մասը՝ Նորայր Մնացականյանը ներկայացավ իր ռադիոլսողին, հեռուստադիտողին, և լայն երաժշտասերին իբրև առաջատար մեներգիչ և բարձրակարգ արվեստագետ։ Այո՛, նրան ենք պարտական բարձրարժեք կատարումների համար, կատարումներ, որոնք առայսօր խնամքով պահվում են արդեն իսկ՝ Հայաստանի անկախ Հանրապետության Հանրային Ռադիոյի ոսկե ձայնադարանում։ Մի շարք ռադիո և հեռուստատեսային հաղորդումներում Նորայր Մնացականյանը վեր էր հանում անցյալի ու ներկայի հայ անվանի երաժիշտներ՝ Մարգար Մարգարյանի, Սողոմոն Սեյրանյանի, Լևոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արտեմ Մեջինյանի, Նորայր Հովհաննիսյանի, Իլյա Մինասյանի, և Ջիվան Գասպարյանի արվեստը, սրտի խոսք ասում նրանց անցած ստեղծագորղական ուղու մասին։

Նորայր Մնացականյանը ելույթներով և մենահամերգներով հանդես է եկել Հանրապետության բոլոր քաղաքներում և շրջաններում։ 1956 թվականին Մոսկվայում տեղի ունեցած հայ երաժշտության և գրականության տասնօրյակում (դեկադայում) Մնացականյանի քնարական և հուզական կատարելաոճով ելույթը բարձր էին գնահատել մեծանուն Մարկ Բերնեսը և Ֆայինա Ռանևսկայան, որոնց Մնացականյանը երկրպագում էր՝ իբրև իր օրերի մեծագույն արվեստագետների։ Նորայր Մնացականյանը ելույթներով հանդես է եկել նաև մի շարք նախկին Խորհրդային Հանրապետություններում՝ Էստոնիա, Լիտվա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան և մի շարք արտասահմանյան երկրներում՝ Սիրիա, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս, Իրաք, Թուրքիա, Քուվեյթ, Բահրեյն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Իրան, Բուլղարիա, Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, և Լյուքսեմբուրգ։ Հիշատակելի է այն, որ Միջին Արևելքում հյուրախաղերի ժամանակ՝ Ամմանում իր ունեցած ելույթից հետո Մնացականյանը հուշամեդալ է ստանում Հորդանանի Հուսեյն թագավորի կողմից, որ համերգին ներկա էր գտնվել իր տիկնոջ՝ Նուր թագուհու հետ միասին։ Հայրենիք վերադառնալուն պես, Նորայր Մնացականյանը անձնական շնորհակալագիր է ստանում Խորհրդային Միության մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեվայից՝ «արտերկրում Սովետական Հայաստանի կատարողական արվեստը պրոպագանդելու և պատշաճ կերպով ներկայացնելու համար»։ 1981 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ազգային երգի փառատոնի ելույթը պսակվում է ցնցող հաջողությամբ, որից հետո Լյուքսեմբուրգի, Բելգիայի, և Հոլլանդիայի սակավաթիվ հայերի խնդրանքով, Մնացականյանը հանդես է գալիս մենահամերգով՝ Լյուքսեմբուրգի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։

1986 թվականի մարտի 25-ին ճակատագրի հեգնանքը, այլ ոչ թե բնությունը, անսպասելի ու անդարձ ետ վերցրեց այն անհատականությանն, ում արդեն վաղուց վիճակվել էր դառնալ հայ երգի անձնուրաց նվիրյալը։ Նորայր Մնացականյանն ընդամենը վաթսուներեք տարեկան էր։

1999 թվականին հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ կայացավ Հայ Երաժշտական Մրցանակաբաշխությունը (Armenian Music Awards), որտեղ Մնացականյանին, արդեն ետմահու, շնորհվեց պատվավոր մրցանակ ի հատուցումս՝ հայ ժողովրդական երգարվեստում իր թողած ավանդի, իսկ իր՝ «Հուշեր» խորագրով Բարսեղյան հաստատության թողարկած ձայնասկավառակը ճանաչվեց այդ տարվա լավագույնը՝ ժողովրդական-վոկալ ժանրում։

2000-ին Մնացականյանի հազվագյուտ դարձած «Դլե յաման»-ի կատարման ձայնագրությունը հայտնվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայ ամերիկացիներ» հանրահայտ վավերագրական ֆիլմում։

2005 թվականին «Նարեկ» ձայնագրման ստուդիան (ԱՄՆՀայաստանի հանրային ռադիոյի աջակցությամբ, թողարկեց Մնացականյանի աշուղական երգերի հավաքածուն՝ «Երգ եմ երգում» վերնագրով։

Մեջբերումներ Նորայր Մնացականյանի մասին խմբագրել

«Նորայր Մնացականյանի արվեստը շատ ինքնատիպ էր՝ նախ իր արտասովոր ձայներանգի, կատարման ոճի, երգացանկի ընտրության իմաստով։ Երգեր կան, որոնք բացի Նորայրից ոչ ոք չի կատարել, մանավանդ մեր հին քաղաքային ժողովրդական երգերը։ Ինքնատիպ էր Նորայրը նաև մի այլ հանգամանքով։ Լինելով բանասեր՝ պոեզիային, գրականությանը շատ մոտ կանգնած անձնավորություն՝ նա երգն ընտրելիս նախ խորամուխ էր լինում բանաստեղծական խոսքի մեջ, ապա ներդաշնակ զուգահեռ անցկացնում խոսքի և մեղեդու միջև, և երբ դաշինքը կայանում էր, նոր միայն ձեռնամուխ էր լինում երգի կատարմանը։ Այսօր մեր անսամբլի ոսկե ձայնադարանում մասունքների պես են պահպանվում Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շիրինի, Շերամի, Հավասու, Աշոտի, Դանիել Ղազարյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Խաչատուր Ներսիսյանի, Արտեմ Մեջինյանի հիրավի նորայրական կատարումները։ Որտեղ էլ հանդես գար մեր համույթը՝ Հայաստանի քաղաքներում ու շրջաններում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, թե արտասահմանում՝ ամենուրեք երաժշտասեր հասարակայնությունը սիրո ու երախտիքի տուրք էր մատուցում երգչին։ Նորայրը մեծ սիրով էր կատարում նաև իր գործընկերների հորինած երգերը՝ դառնալով դրանց առաջին կատարողը» - Մանվել Բեգլարյան (Արամ Մերանգուլյանի անվան ժող-գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր

«Նորայրի հետ մեր ծանոթությունն ավելի քան երեք տասնամյակ էր չափվում։ Նորայրի հետ ենք անցել մեր ստեղծագործական առաջին քայլերը Հայաստանի Պետական Կապելլայում՝ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ Ալթունյանը շատ էր հավանում Նորայրի թավշե բարիտոնը, նրա երգի հուզականությունը, ունկնդրին իր երգով հրապուրելու կարողությունը։ Նորայրն իր ուրույն խոսքն է ասել հայ երգի անդաստանում։ Կան այնպիսի երգեր, որոնք միմիայն նրա անվան հետ են կապված։ Նրա ներդրումը հատկապես Սայաթ-Նովայի երգերի կատարման ասպարեզում ուղղակի անուրանալի է» - Վարդուհի Խաչատրյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)։

«Մնացականյանը հիանալի զրուցակից էր։ Բավականին խորը գիտեր հայ և համաշխարհային գրականությունը և պոեզիան։ Թերևս այդ էր պատճառը, որ նրա ցանկացած ելույթ լսվում էր մեծ հետաքրքրությամբ, իսկ երգերի մեկնաբանության հիմքում նա, որպես կանոն, դնում էր բանաստեղծական տեքստի բովանդակությունն ու իմաստը» - Խորեն Աբրահամյան (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ)։

«Նորայրի մեջ ես տեսա ոչ միայն երգիչ կատարող, այլ արվեստի բոլոր նրբությունները ընկալող արվեստագետ» - Մհեր Մկրտչյան (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ)։

«Նորայր, սիրելի մանչս, այսօրվա Օթելլոյի փորձդ լավագույնս ի մի բերեց մավրի թախիծն ու քարասրտությունը» - Վահրամ Փափազյանի (Խորհրդային Միության ժողովրդական արտիստ) մակագրությունը՝ երգչին նվիրած լուսանկարի ետևում։

«Դու հայոց երկրի թավշե ձայնն ես։ Երգիր տղաս, դուն է՛ն գլխեն պիտի երգեիր։ Ա՛խր քո սիրտն է երգում։ Երգի՛ր հաստատ իրավունքով մեր զուլալ ակունքներից բխող երգն ու միշտ հարազատ մնա քեզ» - Ավետիք Իսահակյան։

«Երգիդ մեջ զգացվում են ազգային գիտակցության այն նշույլները, որոնք հարազատ են յուրաքանչյուր հայ անհատի սրտին» - Դերենիկ Դեմիրճյան։

«Подобно Саят-Нове, он не стал придворным певцом, а прожил нераздельной болью своего народа. Именно поэтому песнопение Норайра Мнацаканяна является чувственным апофеозом армянской души» - Սերգեյ Փարաջանով (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։

«Երբ նվագակցում եմ Նորայր Մնացականյանին, ինձ մերթ ընդ մերթ թվում է, թե նրա ձայնը մի ներդաշնակ հոգեզմայլ միություն է կազմում՝ իմ դուդուկի նվագին միաձուլվելով։ Ո՛չ, նա չի երգում, արերևույթ է այդպես թվում։ Նրա հոգին է թևածում իր իսկ բացած զգացմունքների փառավոր հանդեսում՝ մարդկանց մեջ սերմանելով բարին ու ազնիվը, գեղեցիկն ու հմայիչը» - Վաչե Հովսեփյան (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ)։

«Նորայր Մնացականյանի կատարումները զգայուն ձևով հասնում էին մեզ՝ դուդուկահարներիս։ Իմ հիշողության մեջ մնացել է Նորայրի այն ելույթը, որ վերաբերում էր Հանրապետության անցյալի և ներկայիս դուդուկահարներին։ Հենց այդ հաղորդումից էլ երևում էր Նորայրի՝ արվեստի ինքնատիպ ընկալումը» - Ջիվան Գասպարյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։

«Մեծ է և գնահատելի երգիչ Նորայր Մնացականյանի վաստակը հայ երգարվեստում։ Երգիչն իրենից հետո թողեց մի ավանդույթ. նվիրվել երգին այնպես, ինչպես ինքն էր նվիրվում։ Չէ՞ որ նրա երգեցողության մեջ զատվում էր ո՛չ թե երգչական դրույթների կատարելությանը հասնելու պատրաստակամությունը, այլ պարզապես երգող հոգի, երգող սիրտ, և, իհարկե, մեծ գիտակցություն։ Ձայն, որ ունակ էր իր շուրջը սփռել անսահման երաժշտականություն» - Ռուբեն Մաթևոսյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ)։

«Հանձին Նորայր Մնացականյանի՝ մենք ունեինք հայ երգին անշահախնդիր ծառայող ու հայ երգը տարածող արվեստագետ։ Այսուհետ նրա երգը կթևածի ամեն մի հայի օջախում, ուր կա հայ մարդը, կա հայ երգն ու վերջինիս երկրպագուն։ Երգն էլ կդառնա անմահ հուշարձան երգիչ, սիրելի արվեստագետ՝ Նորայր Մնացականյանի հիշատակին» - Հրաչուհի Ջինանյան (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի)՝ երգչի հուղարկավորությանը ասված խոսքից։

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել