Հրաչյա Ներսիսյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Ներսիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Ներսեսի Ներսիսյան (նոյեմբերի 12 (24), 1895[1], Իզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 6, 1961[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)[3]։
Հրաչյա Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12 (24), 1895[1] |
Ծննդավայր | Իզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 6, 1961[2][1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Գերեզման | Գերեզման Հրաչյա Ներսիսյանի և Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Կրթություն | Ռոբերթ քոլեջ[1] |
Քաղաքացիություն | Թուրքիա և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Լևոն Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՀրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թվականին, Կոստանդնուպոլսին մոտ գտնվող Նիկոմեդիա փոքրիկ քաղաքում։ Հայրը՝ Ներսեսը, փոքր ընտանիքի տեր արհեստավոր մարդ, կարողանում է միակ որդուն ուսման տալ։ Հրաչյան սովորում է ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում և հայկական Էսայան վարժարանում, բայց չի ավարտում դրանցից ոչ մեկը։ Այս անկանոն կրթությունն ապագա դերասանին տալիս է լեզուների իմացություն, ֆրանսիական և անգլիական հեղինակների երկերը բնագրով կարդալու հնարավորություն։
Արվեստասեր Գրիգոր պապի (մորաքրոջ ամուսնու) տանը լինում էին գրողներ ու արվեստի մարդիկ։ Շատ հաճախ՝ Դանիել Վարուժանը։ Պատանի Հրաչյան նրանց զրույցների մշտական ունկնդիրն էր։ Նրան վիճակվում է լսել Կոմիտասին իրենց իսկ տանը, ուր ապրել էր մեծ երաժիշտը, ծանոթանալ նրա հետ։
Քսանամյա Հրաչյան թատրոնից նույնքան հեռու էր, որքան դրանից առաջ, թեև Կոստանդնուպոլսի Պտիշան թատրոնում մի քանի անգամ, ընկերոջ հրավերով, մասնակցում է Պենկլյան օպերետային խմբի թուրքերեն ներկայացումներին։
1915 թվականին Հրաչյան զինակոչվում է թուրքական բանակ իբրև թարգմանիչ, նույն թվականի ապրիլին էլ սկսվում է Մեծ եղեռնը։ Երեք տարի իբրև տաճկական զինվոր, պաշտոնով թարգմանիչ, Մերձավոր Արևելքի և Միջագետքի երկրներում թափառող երիտասարդն իր մեջ կրում էր այդ խորին վիշտը։ Արհավիրքների քաոսը զգայուն երիտասարդի շփոթ ներաշխարհում խախտում է ամեն ինչ, հերքում քաղաքակրթության և մարդկային բարոյականության ամեն մի պատկերացում։ Հրաչյան ապշահար 1918 թվականին կրկին հայտնվում է Կոստանդնուպոլսում։
Ամեն ինչ, որ անում է երիտասարդը իր համար այնքան անհեռանկար միջավայրում, անում է ակամա, առանց որևէ նպատակի։ Բնատուր լավ ձայնի տեր, բնածին երաժշտական Հրաչյան հայտնվում է Պենկլյան օպերետում իբրև երգչախմբի շարքային մի անդամ։ Նույն թվականին Մկրտիչ Ջանանը կազմակերպում է հայ դրամատիկական ընկերություն և Հրաչյային հրապուրում իր նախաձեռնությամբ։ Թատրոնի ներկայացումներին, մեծ մասամբ ֆրանսիական մելոդրամաների բեմադրություններին, մասնակցում է նաև Հրաչյան։ Հենց այստեղ էլ, 1919 թվականին, «Ձայնը հնչեց» պիեսի մեջ խաղալիս երիտասարդը գրավում է Օվի Սևումյանին, ով Կոստանդնուպոլիս էր եկել երիտասարդ ուժեր հավաքելու և Կովկաս տանելու նպատակով։ Հրաչյան դերեր է ստանում Սևումյանի բեմադրություններում, բայց հաջորդ իսկ տարին Սևումյանը վախճանվում է։ Հայ թատրոնը կորցնում է իր ամենաառաջադեմ գործչին, Հրաչյան՝ ուսուցչին ու խորհրդատուին։ Հետո էլ նա խաղում է տարբեր ներկայացումներում, որ բեմադրվում են Վահրամ Փափազյանի և Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ։
1922 թվականին Վահրամ Փափազյանը Հրաչյային, Մկրտիչ Ջանանին և մի քանի այլ դերասանների ուղարկում է Կովկաս։ Մի որոշ ժամանակ նրանք շրջագայեցին Բաթումում և ուրիշ հայաշատ քաղաքներում, ապա առանց Հրաչյայի մեկնեցին Երևան և միացան Առաջին պետթատրոնի կազմին։ Հրաչյա Ներսիսյանը նրանց միացավ մեկ տարի անց։
1923 թվականից նա ընդմիշտ դառնում է Երևան քաղաքի բնակիչը, հայկական առաջին թատրոնի դերասանը։
Հրաչյա Ներսիսյանն ունեցել է մեկ որդի՝ Լևոն Ներսիսյանն, ով եղել է գրականագետ և դոցենտ։
Դերասանական կյանք
խմբագրելԱռաջին տասնամյակում դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։
Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի, դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքի պայքարը դառնում է աննշան ու անէական։
Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և թատրոնում և կինոյում։ 1925 թվականից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչը կյանքի վերջը, երբ 1961 թվականին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։
Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։
Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։
1961 թվականին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին[4]։
Թատրոն
խմբագրել- Դոն Կիխոտ՝ «Ազատագրված Դոն Կիխոտ», 1954 թվական
- Համլետ՝ «Համլետ», 1925 թվական
- Կիպար՝ «Պաղտասար աղբար», 1927 թվական
- Վլադիմիր՝ «Բուքը», 1927 թվական
- Կոշկին՝ «Լյուբով Յարովայա», 1927 թվական
- Եֆրայիմ Կաբոտ՝ «Սերը ծփիների տակ», 1928 թվական
- Բերսենև՝ «Բեկում», 1928 թվական
- Ժադով՝ «Եկամտավոր պաշտոն», 1929 թվական
- Մելիք աղա՝ «Օղակում», 1930 թվական
- Բորոդին՝ «Ահը», 1932 թվական
- Վերինա, Համլետ՝ «Ֆիեսկոյի դավադրությունը Ջենովայում», 1926 թվական
- Օթելլո՝ «Օթելլո», 1940 թվական
- Գևորգ Մարզպետունի՝ «Գևորգ Մարզպետունի»
- Սաֆոնով՝ «Ռուս մարդիկ»
- Մորֆի՝ «Ռուսական հարց»
- Շտեֆան՝ «Սերը լուսաբացին»
- Նավասարդ՝ «Կարմիր մանյակ»
- Գոլովին՝ «Իլյա Գոլովին»
- Պահլավունի՝ «Անհանգիստ մարդիկ»
- Արթին պապ՝ «Նույն հարկի տակ»
- Լիր արքա՝ «Լիր արքա»
- Անհայտ՝ «Դիմակահանդես», 1949 թվական
- Պրոտասով՝ «Կենդանի դիակ», 1951 թվական
- Պաղտասար աղբար՝ «Պաղտասար աղբար», 1954 թվական
- Մեք-Գրեգոր՝ «Իմ սիրտը լեռներորում է», 1961 թվական
- Լանդեցկի՝ «Երբ աքաղաղները կանչում են», 1930 թվական
- Հարտեր՝ «Տեմպ»
- Պլատոն Կրեչետ՝ «Պլատոն Կրեչետ»
- Մալկո՝ «Հեռավորը»
Կինո
խմբագրել- Ռուստամ՝ «Նամուս», 1925 թվական
- Սայդո «Զարե», 1926 թվական
- Բենոյան «Երկու գիշեր, 1932
- Ջալալ «Քրդեր-Եզդիներ, 1932
- Համբո՝ «Գիքոր», 1934 թվական
- Պեպո՝ «Պեպո», 1935 թվական
- Հակոբյան՝ «Զանգեզուր», 1938 թվական
- Դավիթ Բեկ՝ «Դավիթ Բեկ», 1944 թվական
- Էլիզբարով՝ «Պատվի համար», 1956 թվական
- Վարունց՝ «Առաջին սիրո երգը», 1958 թվական
- Ղամբարյան՝ «Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թվական
- Ներսես աղբար՝ «Տժվժիկ», 1961 թվական
- Արթին պապ՝ «Լուսաբացից առաջ», 1961 թվական
Պարգևներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1932)
- Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1939)
- «Պատվո նշան» շքանշան (1939)
- Ստալինյան II աստիճանի շքանշան «Զանգեզուր» (1941) ֆիլմի համար
- Լենինի շքանշան Հայրենական մեծ պատերազմի տարիներին հաջող աշխատանքի համար «Դավիթ Բեկ» ֆիլմում դերի համար (1944)
- «Հայրենական պատերազմի ժամանակ Խորհրդային կինեմատոգրաֆիայի բնագավառում հաջող աշխատանքի և գեղարվեստական կինոնկարների արտադրության համար» (1944)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թ.թ. անձնվեր աշխատանքի համար»
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)
- Համամիութենական կինոփառատոնի դիպլոմ «Սիրտս երգում է» ֆիլմի համար (1958)[5]
Գրականություն Հրաչյա Ներսիսյանի մասին
խմբագրել- Լևոն Քալանթար, Արվեստի մայրուղիներում, 1963
- Ю. Юзовский, Образ и эпоха, 1947
- «Սովետական արվեստ», 1955
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 258—259.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Нерсесян Рачия Нерсесович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин - Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
- ↑ «ГРАЧЬЯ НЕРСЕСЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Ներսիսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Ներսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 258)։ |