Նվեր Սաֆարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 23, 1907, Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 28, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։
Նվեր Գևորգի Սաֆարյան | |
---|---|
Մայիս 15 1905 - Սեպտեմբեր 28 1982 | |
Ծննդավայր | ք․ Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1927—1949 |
Կոչում | ԽՍՀՄ Գեներալ-մայոր, 1943 թ․ |
Հրամանատարն էր | 89-րդ (Թամանյան) դիվիզիայի |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Համաշխարհային Պատերազմ, Բեռլինի ճակատամարտ |
Պաշտոնաթող | 1949 թ․ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թվականին։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։
Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թվականին, 1940 թվականին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927 թվականից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933 թվականից՝ վաշտի հրամանատար, 1940 թվականին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։
Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943 թվականի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944 թվականի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945 թվականի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։
Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։
1949 թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։
Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը[1] և Երևանի Սաֆարյան փողոցը[2]։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թվականին նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը[3], որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց
Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973 թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վահան Թոթովենցի 7 հասցեում։ - ↑ Սաֆարյան փողոց — am.geoview.info
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։ - ↑ Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․ Archived 2014-02-06 at the Wayback Machine.
Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։
Գրականություն խմբագրել
- ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի, ՀՍՀ, հատոր 10, Երևան, 1984, էջ 254
- Վ․ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
- Ա․ Ղազարյան, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979։
Պատկերասրահ խմբագրել
-
Հուշատախտակ Նվեր Սաֆարյանի տան պատին
-
Նվեր Սաֆարյանի կիսանդրին նրա անվան Երևանի թիվ 164 դպրոցի բակում
-
89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատարներ Անդրանիկ Սարգսյան և Նվեր Սաֆարյան, 1995 թ․ Հայաստանի նամականիշ