Հակոբ Մանանդյան
Հակոբ Մանանդյան (նոյեմբերի 10 (22), 1873[1][2], Ախալցխա, Ռուսական կայսրություն[3][1][2] - փետրվարի 4, 1952[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)[4]։
Գլուխ 1․ Կյանքը և գործունեությունը
խմբագրել1․1 Լայն և բազմակողմանի կրթություն
խմբագրելՀակոբ Մանանդյանը ծնվել է 1873 թվականի նոյեբերի 22-ին Ախալցխա քաղաքում։ Նա ծնողների՝ Համազասպ և Աննա Մանանդյանների անդրանիկ զավակն էր, ուներ կրտսեր քույր՝ Աստղիկ, և եղբայր՝ Արսեն։ Համազասպ Մանանդյանը անտառային տնտեսության կառավարիչ էր և պատկանում էր ազնվականների դասին։
Հակոբ Մանանդյանը նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքի Կարապետյան վարժարանում, որից հետո 1883-1893 թվականներին կրթությունը շարունակել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում և եղել գիմնազիայի լավագույն աշակերտներից մեկը։ Այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնել է Գերմանիա և ուսանել Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում՝ զուգահեռաբար մասնակցելով Լայպցիգի և Ստրասբուրգի արևելագիտական և լեզվաբանական դասընթացներին (1893-1897 թթ․)։ Նրա ուսուցիչներն են եղել ժամանակի նշանավոր արևելագետներ և լեզվաբաններ Հայնրիխ Հյուբշմանը, Բերթոլդ Դելբրյուկը, Էդվարդ Զիվերսը, Օտտո Շրադերը, Կարլ Բրուգմանը և գիտնականներ։ Վերջիններս ներկայացնում էին համեմատական լեզվաբանության այդ տարիներին տիրապետող ուղղությունը՝ երիտքերականությունը, ըստ որի լեզուների պատմությունը պետք է ուսումնասիրել ժողովրդի հոգեբանության տեսանկյունից: Գերմանական գիտական մոտեցումները հետագայում իրենց հետքն են թողել Հ․ Մանանդյանի աշխատություններում։
Ուսումնառության տարիներին Հ․ Մանանդյանը խորապես ուսումնասիրել է անտիկ և ժամանակակից հեղինակների գործերը։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Արիստոտելի, Ֆ․ Բեկոնի, Շ․ Մոնտեսքյոյի, Ժ․ Ռուսոյի, Ի․ Կանտի, Հեգելի, Չ․ Դարվինի և այլոց աշխատությունների վերաբերյալ ուսանողական տարիների նրա գրառումները։
1897 թվականի ամռանը Հ․ Մանանդյանը եզրափակել է համալսարանի ավարտական ծրագիրը՝ Ենայում պաշտպանելով դիսերտացիան, որն ուներ բանասիրական թեքում և նվիրված էր Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի ուսումնասիրությանը։ Այս թեմայի պաշտպանությամբ նա ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նրա պաշտոնական ընդդիմախոսներն էին Բ․ Դելբյուկը և Հ․ Գելցերը, որոնց առաջարկությամբ էլ Մանանդյանի աշխատությունը նույն թվականին հրապարակվել է Լայպցիգում:
Գերմանիայում ստացած գիտելիքներն ավելի խորացնելու նպատակադրմամբ՝ Մանանդյանը որոշել է ավարտել նաև Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: 1898 թվականին էքստերն կարգով քննություն է հանձնել պարսից բանասիրության, լեզվի և պատմության գծով ու ստացել է առաջին կարգի դիպլոմ: Վերը նշված համալսարաններում ուսանելու համար Հ․ Մանանդյանը, ինչպես այլ հայտնի հայ գիտնականներ, կրթաթոշակ էր ստացել բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանից։
Հ․ Մանանդյանը ստացել է լայն ու հիմնավոր կրթություն և տիրապետել հին ու նոր մի շարք լեզուների՝ ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, հին հունարեն, լատիներեն, պարսկերեն, սանսկրիտ, նաև ասորերեն, պարթևերեն եբրայերեն, և իհարկե, գրաբար, որը նա ամենից վեր էր դասում։
1898-1899 թվականները Մանանդյանն անց է կացրել Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում և Վիեննայում՝ գիտական իր պաշարը հարստացնելու համար լինելով գրադարաններում ու թանգարաններում, որից հետո իր խոր ու բազմակողմանի գիտելիքներով վերադարձել է հայրենիք։ Ցավոք, գիտնական ասպարեզը Հայաստանում դեռևս զարգացած չէր։
1․2 Ուսուցչություն Գևորգյան ճեմարանում
խմբագրելՀրավեր ստանալով Գևորգյան Ճեմարանի տեսչությունից՝ Հ․ Մանանդյանը 1899 թվականի վերջերին տեղափոխվել է Էջմիածին, որտեղ աշխատել է մինչև 1905 թվականը։
Ճեմարանում նա դասավանդել է հունարեն, գերմաներեն, հունաց գրականություն, հունաց փիլիսոփայության պատմություն և անգլիական գրականություն բարձր դասարաններում և լսարանական բաժնում։ Այդ տարիներին Հ․ Մանանդյանը մտերմացել է միաբան Գալուստ Տեր-Մկրտչյանի, Հրաչյա Աճառյանի, Սիրական Տիգրանյանի, Կոմիտասի և ճեմարանում դասավանդող այլ հայ երախտավորների հետ։
Բացի դասավանդելուց, Մանանդյանը ակտիվորեն մասնակցում էր նաև ճեմարանի կյանքին։ Նա կազմակերպում էր տարբեր միջոցառումներ, համերգներ, նրա ջանքերով ճեմարանում ստեղծվել էր նաև թատերական խումբ, որի ռեժիսորը հենց ինքն էր։ Ճեմարանում ձեռք էր բերել առաջնակարգ ուսուցչի դիրք՝ վայելելով թե՛ ուսուցչական կազմի, թե՛ ճեմարանականների ակնածանքը։
Էջմիածնում եղած տարիներին Հ․ Մանանդյանը հասցնում էր զբաղվել նաև գիտական աշխատանքով, ուսումնասիրել Էջմիածնի Մատենադարանի (այժմ Մաշտոցի անվան Մատենադարան) իմաստասիրական և պատմական ձեռագրերը: 1901 թվականին պրոֆեսոր Ֆ․ Ֆինկի և Ե․ Գյանջեցյանի հետ հիմնադրել է հայերեն և գերմաներեն հրատարակվող «Zeitshchrift fur armenishce Philologie» հայագիտական հանդեսը, որի նպատակի մասին Մանանդյանն այսպես էր նշում․ «Այս հանդեսով նպատակ ունենք եվրոպական գիտնականներին ծանոթացնելու Հայաստանի թանկագին նյութերին, նկարագրելով կենդանի բարբառները, հրատարակելով ձեռագրերը, որոնք դեռևս մշակված ու ուսումնասիրված չեն»։ Հ․ Մանանդյանի շնորհիվ է, որ ամսագրի էջերում սկսել են տպագրվել Ն․ Ադոնցի, Ա․ Աբեղյանի, Մ․ Աբեղյանի Հր․ Աճառյանի և այլոց գիտական ուսումնասիրությունները: Ամսագրի էջերում տպագրվում էր նաև ինքը՝ Հ․ Մանանդյանն իր գիտական հրապարակումներով։ Հանդեսը հրատարակվում էր Գերմանիայի Մարբուրգ քաղաքում, սակայն նյութական միջոցների սղության պատճառով ընդամենը 2 տարի տևեց։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ 1902 թվականի հունվարից Հ․ Մանանդյանը Ս․ Տիգրանյանի հետ նշանակվել է Մայր Աթոռի պաշտոնական հրատարակության՝ «Արարատ» ամսագրի խմբագրի օգնական։
Հր․ Աճառյանն իր հուշերում գրել է, որ Հ․ Մանանդյանն Էջմիածին եկել էր վարդապետ դառնալու նպատակով, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից․ «Այն ժամանակ դպրոցական ասպարեզը մեր առաջ փակված լինելով՝ ազգասեր երիտասարդները ժողովրդին օգտակար լինելու համար ոչ մի ուրիշ ասպարեզ չունեին, եթե ոչ վարդապետ լինելը, այսպես էր մտածում նաև Մանանդյանը, բայց վանքում իր աչքով տեսնելով միաբանների անմիաբան դրությունը և խղճալի վիճակը, հրաժարվեց իր մտքից, նա մնաց ճեմարանի ուսուցիչ»։
Բացի ուսուցչական և գիտական բեղուն գործունեությունից, ճեմարանական տարիները Հ․ Մանանդյանի համար նշանավորվել են նաև կնոջ՝ Վարվառա Թովմասի Խանդամիրյանի հետ ծանոթությամբ ու ամուսնությամբ։ Վերջինս ուսուցչուհի էր, և սերում էր Շուշիի հայտնի Խանդամիրյաների ազնվական տոհմից։
Հովհաննես Թումանյանը, որ մտերիմ էր ինչպես Վարյայի, այնպես էլ Հակոբի հետ, 1904 թվականի ամռանը կնոջն ուղղված նամակում գրել է, որ Հ․ Մանանդյանը անդադար Վարյայի շուրջն էր պտտվում, հաջորդ նամակով էլ հայտնել, որ Հակոբը Վարյային ամուսնության առաջարկություն էր արել, վերջինս էլ համաձայնել էր։
Հակոբ և Վարվառա Մանանդյանների հարսանիքը տեղի է ունեցել Գևորգյան ճեմարանի մեծ դահլիճում։ Ներկա էր հայոց Հայրապետ Խրիմյան Հայրիկը, որն օրհնել է նորապսակներին։ Սեղանապետը Հովհաննես Թումանյանն էր, իսկ երաժշտական մասը ղեկավարել է Կոմիտասը։ Հարսանիքին մասնակցում էին ճեմարանի դասախոսները, հյուրեր Երևանից, Թիֆլիսից, Բաքվից, Մոսկվայից, Ախալցխայից։ Մանանդյաններն ունենում են մեկ դուստր՝ Էլեոնորա Մանանդյանը (1907-1987 թթ․), որը դառնում է ճանաչված հոգեբույժ, արժանանում ԽՍՀՄ վաստակավոր բժշկի կոչման։
Հակոբ Մանանդյանը մեծ գոհունակությամբ էր հիշում Էջմիածնում եղած ժամանակաշրջանը, երբ գտնվելով իր ընտրած մասնագիտության պատշաճ միջավայրում, կարող էր հանգիստ կերպով զբաղվել գիտությամբ, գրել ու անմիջապես հրատարակել իր աշխատությունները։ Ցավոք, 1905 թվականի գարնանը հայերի վրա թուրքական հարձակումների պատճառով Էջմիածնի գիտական խումբը սկսել է կազմալուծվել, որի հետևանքով Հ․ Մանանդյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս՝ հայկական թաղամաս, ուր ապրում էին նաև իր տիկնոջ հարազատները։ Թիֆլիսում մեծանուն գիտնականը, թերևս, զրկված է եղել գիտական լայն գործունեության հնարավորությունից։
1․3 Հրապարակախոսական և իրավաբանական գործունեությունը
խմբագրելԹիֆլիսում մինչև 1907 թվականը Հ․ Մանանդյանը առաջին և երկրորդ արական գիմնազիաներում աշխատում էր որպես հայերենի, գերմաներենի և հայ գրականության ուսուցիչ: Դասավանդել է նաև Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարանում։ Հետագայում ուսուցչության իր տարիների մասին Պ. Վ․ Գիդուլյանովին հղած 1911 թվականի նամակներից մեկում Հ․ Մանանդյանը գրում էր․ «Գիտությունը և գիտական գործունեությունը Կովկասում, պարզվում է, գտնվում է կուլտուրական ցածր մակարդակի վրա, մեր մասնագիտությունը անթույլատրելի ճոխություն է, դրա համար էլ ես ստիպված եղա» զբաղվել ուսուցչությամբ:
Թիֆլիսում Հ․ Մանանդյանը շարունակել է իր հրապարակախոսական գործունեությունը՝ աշխատակցելով Թիֆլիսի «Արշալույս» օրաթերթին, իսկ 1906 թվականի մարտից դարձել է դրա ժամանակավոր խմբագիրը: Այդ տարիներին նա հրապարակախոսական մի շարք հոդվածներ է հրապարակել՝ քննադատելով ցարական կառավարության քաղաքականությունը, կամայական բռնություններն ու անազատությունը, ճնշումները հատկապես կայսրության փոքր ազգերի հանդեպ։ Մեծանուն հային շատ էր մտահոգում ազգի անազատությունը, որի մասին «Ինչո՞ւ են ճնշուած ազգերը ազգային ուղղութեան յարում» հոդվածում նա գրել էր․ «Հայի ազգային արժանապատվությունը անարգում ու արհամարհում են, նրա ազգային ինքնորոշման իրավունքը ծաղրում ու հեգնում են, նույնիսկ նրա գոյությանը սպառնում։ Հայը ուզում է ազատվել ազգային հալածանքի այդ կոշմարից, նա ուզում է ազատ շունչ քաշել իբրև ազգ ու առաջ գնալ ազգային ինքնուրույն զարգացման ճանապարհով»։
Այդուհանդերձ, հրապարակախոսական և ուսուցչական գործունեությունը չէին ապահովում բավարար ֆինանսական միջոցներ ընտանիքը պահելու համար, ուստի նա որոշել էր իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել։
1909 թվականին կրկին որպես էքստերն քննություներ է հանձնել Տարտուի (Դորպատ) համալսարանում՝ ստանալով երդվյալ հավատարմատարի առաջին կարգի դիպլոմ, որից հետո երդվյալ հավատարմատարի պաշտոն է ստանձնել այդ ժամանակ մեծամասամբ հայերով և հայ ազնվականությամբ բնակեցված Բաքվում։ Իրավաբանությամբ զբաղվելուն զուգահեռ՝ Հ․ Մանանդյանը դասավանդել է Բաքվի ժողովրդական համալսարանում (1911-1913 թթ.), այնուհետև տեղի առևտրական ուսումնարանում (1915-1919 թթ․)։
1917 թվականին Հ․ Մանանդյանն աշխատակցել է Բաքվում հրատարակվող «Գործ» ամսագրին, որտեղ հրապարակել է մի շարք ուշագրավ հոդվածներ ազգության և ազգային ինքնորոշման գաղափարների շուրջ՝ ընդգծելով, որ ազգը, լինելով պատմական կենդանի ուժ, «կռվում է այն բոլոր արգելքների դեմ, որոնք խոչընդոտում են իր ազատ գոյությանը», նաև առաջարկել ուղիներ, թե ինչպես իրագործել ազգային ինքնորոշման գաղափարը։ «Հայությունը, որ իր բոլոր ուժերով աշխատել է ապահովել ֆիզիկական իր գոյությունը, չպետք է երբեք մոռանա, որ ազգային ինքնահաստատման համար ոչ պակաս կարևոր գործ է նաև իր ոգեկան էության պաշտպանությունը և որ արտաքին թշնամուց ավելի վտանգավոր են նրա ազգային գոյության և զարգացման համար այն տասնյակ հազարավոր ապազգայնացող հայերը, որոնք արհամարհում ու անարգում են իրենց լեզուն ու կուլտուրան»,- գրել է Մանանդյանն իր հոդվածում։
Չնայած ակտիվ հասարակական կյանքին և մեծ զբաղվածությանը՝ Հ․ Մանանդյանը ձգտում էր ժամանակ գտնել նաև գիտությամբ զբաղվելու համար։ «Ազատ ժամերս ամբողջովին նվիրում էի հայագիտական այն աշխատություններիս, որ սկսել էի Էջմիածնում, այն է՝ մեր մատենագրության հունաբան լեզվի և երկերի ուսումնասիրությանը»,- գրել է Մանանդյանը։ Այդուհանդերձ, ավելի ուշ նա եղբոր հետ անկեղծացել է, որ ափսոսում է ճեմարանի տարիներին հաջորդած 15 տարիները, որ գիտությամբ զբաղվելու բավարար հնարավորություններ չի ունեցել, ինչը խոշոր կորուստ էր համարում հայ մատենագրության համար։
1․4 Գիտությանն ու Հայաստանի զարգացմանը նվիրված տարիները
խմբագրել1919 թվականին Հ․ Մանանդյանը ընդմիշտ տեղափոխվել է Հայաստան և գործուն մասնակցություն ունեցել Հայաստանի առաջին համալսարանի հիմնադրման աշխատանքներին։ Այնուհետև, իր կյանքը նվիրել է Երևանի պետական համալսարանին ու հայ ուսանողությանը, որի մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Համալսարանը Մանանդյանի կյանքում» գլխում։
1931 թվականին Մանանդյանն ընդհատել է դասախոսական աշխատանքը համալսարանում և իրեն անմնացորդ նվիրել գիտահետազոտական գործունեությանը։
1926 թվականին Հ․ Մանանդյանին շնորհվել է պրոֆեսորի, իսկ 1935 թվականին՝ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ Նա տարիներ շարունակ եղել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար։ 1939 թվականին պատմության գծով Հայաստանից առաջինն ու միակն էր, որ ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ, 1943 թվականին էլ հաստատվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամների առաջին կազմում։ 1939-1946 թթ․ ընտրվել է աշխատավորների պատգամավորների երևանյան քաղաքային խորհրդի պատգամավոր։ Անդամակցել է բազմաթիվ գիտական հանձնաժողովների, ղեկավարել երիտասարդ պատմաբանների թեկնածուական և գիտահետազոտական աշխատանքները։ Ծննդյան 75-ամյակի առիթով պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը մահացել է 1952 թվականի փետրվարի 4-ին 79 տարեկան հասակում։ Համալսարանի ստեղծման և զարգացման հսկայական վաստակի համար Հ․ Մանանդյանին, որպես հարգանքի տուրք, թաղել են իր սիրելի Երևանի պետական համալսարանի բակում։ 2001 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ մեծանուն հայի աճյունը տեղափոխել են Կոմիտասի անվան պանթեոն։
1973 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել ԵՊՀ-ի և պատմության ինստիտուտի գիտական նստաշրջան նվիրված Հ․ Մանանդյանի ծննդյան 100-ամյակին։ Մեծ պատմաբանի պատվին է անվանակոչվել նաև Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցը։
1937 թվականին կառուցվել է Երևանի հայտնի շենքերից մեկը՝ Տերյան փողոցի վրա գտնվող մասնագետների շենքը, որում Հ․ Մանանդյանին շնորհվել է բնակարան, որտեղ նա ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Մինչ օրս շենքի մուտքի մոտ պահպանվում է նրան նվիրված հուշաքարը։ Այժմ այդ տանն ապրում է անվանի գիտնականի ծոռնուհի և միակ ժառանգ, հոգևոր Ուսուցիչ և հասարակական գործիչ Էլեոնորա Մանանդյանն իր մոր՝ Սաթենիկի, և դստեր՝ Տարիեյլ Մանանդյանի հետ։
Գլուխ 2․ Համալսարանը Մանանդյանի կյանքում
խմբագրելՀամալսարանի ստեղծման պահից Հակոբ Մանանդյանն ապրում էր այն առաքելությամբ, որ դրված էր համալսարանի կազմավորման հիմքում, այն է՝ քայքայված Հայաստանի ու վշտահար հայ ազգի վերածնունդը:
2․1 Համալսարանի հիմնադրումը
խմբագրելՀայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո հայ մտավորականությունը հստակ գիտակցում էր ազգային համալսարանի հիմնադրման հրամայականը՝ հակառակ չդադարող պատերազմներին, սովին, համաճարակին: Թեև խորհրդահայ պատմագրության մեջ Երևանի համալսարանի հիմնադրումը ներկայացվում է որպես խորհրդային կարգերի հաստատման ձեռքբերում, իրականում ազգային համալսարանն արդեն իսկ հաջողությամբ գործում էր նախքան Հայաստանի խորհրդայնացումը:
1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհրդի ընդունած «Հայաստանում համալսարան բանալու» օրենքը նախատեսում էր Երևանում հիմնել համալսարան չորս բաժիններով՝ պատմալեզվաբանական, տնտեսա-իրավաբանական, բժշկական, ֆիզիկա-մաթեմատիկական՝ տեխնիկական ստորաբաժանումով: Համալսարանի տեսուչ էր նշանակվել պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը: Երևանում շենքային պայմանների բացակայության պատճառով համալսարանը ժամանակավորապես տեղափոխվել էր Ալեքսանդրապոլ (Գյումրի):
Շատ կարճ ժամանակում աշխարհի առաջատար համալսարաններում ուսում ստացած հայ մտավորականությունը հավաքվել էր Ալեքսանդրապոլում՝ անմնացորդ նվիրվելով երիտասարդ սերնդին կրթելու առաքելությանը: Նրանց շարքում էին Հակոբ Մանանդյանը, Նիկողայոս Ադոնցը, Հովսեփ Օրբելին, Ալեքսանդր Թամանյանը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, նաև օտարազգի մեծանուն հայագետներ Նիկողայոս Մառը, Անտուան Մեյեն, Յոզեֆ Մարկվարտը:
1920 թվականի մարտի 8-ին, երբ դասերը նոր էին մեկնարկում, պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գարեգին եպիսկոպոսին գրած դիմումով Հ․ Մանանդյանը խնդրում էր իրեն ընդունել որպես դասախոս դասավանդելու «հնագույն հայ մատենագրության հունաբան շրջանը և լեզուն, նաև պատմությունից՝ հայ ազգի մշակույթի զարգացման պատմությունը»։ 1920 թվականի հունիսի 12-ի գրությամբ Գարեգին եպիսկոպոսին Հ․ Մանանդյանին հայտնել է, որ ֆակուլտետը վերջինիս ընտրել է որպես դեկանի պաշտոնակատար, ուստի խնդրում են անցնել պարտականությունների կատարմանը։
Ինչպես գրում են ժամանակի թերթերը՝ համալսարանը լուսավոր ջահի պես պիտի հրավառեր հայ ժողովրդի ճանապարհը: Ամենևին էլ զարմանալի չէր, որ այդ ծանրագույն պայմաններում, երբ կասկածի տակ էր առնված հայ ազգի ֆիզիկական գոյությունը, երբ երկիրը լցված էր փախստականներով ու դեռ արնահոսում էին Հայոց Ցեղասպանության վերքերը, հայերը մտածում էին գիտության ու մշակույթի մասին: «Արյան և տառապանքների անվերջ սոսկումների ենթակա մի բուռ հայությունը սրտի ու հոգու ամենաեռանդուն թափով ձգտել է դեպի գեղեցիկը, դեպի գեղարվեստն ու լուսավոր գիտությունը»,- իրավացիորեն գրում էր «Ժողովուրդ» օրաթերթը 1920 թվականի փետրվարի համարում:
1920 թվականի հունիսի 21-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է համալսարանը կրկին Երևան տեղափոխել՝ հատկացնելով ուսուցչական սեմինարիայի շենքը։ Հոկտեմբերի սկզբներին դասերը պետք է վերսկսվեին, սակայն պատերազմական լարված իրավիճակի բերումով դրանք հետաձգվել են՝ չնայած ուսանողության՝ դասերը շարունակելու պահանջներին։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Երևանի համալսարանը Հակոբ Մանանդյանի գործուն մասնակցությամբ վերակազմավորվել է: Ըստ ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի 1920 թ. դեկտեմբերի 17-ին ստորագրած առաջին իսկ հրամանի («Երևանի համալսարանը վերակազմելու մասին»)՝ «Երևանի համալսարանը վերակոչվել է Երևանի ժողովրդական համալսարան, նախկին համալսարանի ֆակուլտետները փակվել են, և հիմնվել է երկու բաժանմունք՝ բնագիտական և հասարակագիտական։ 1921 թվականի հունվարի 2-ին համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ռեկտոր է ընտրել Հ․ Մանանդյանին, որով վերջինս դարձել է համալսարանի ընտրված առաջին ռեկտորը:
Երևանի ժողովրդական համալսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1921 թ. հունվարի 23-ին՝ Ս. Շահումյանի անվան բանվորական ակումբի դահլիճում։ Միջոցառման ժամանակ ռեկտոր Մանանդյանը ընդգծել է համալսարանի դերը հայ ժողովրդի կյանքում. «Հայկական բարձրավանդակը զուրկ է եղել բարձր ուսումնավայրերից, Հայ մտավորականությունը գործել ու աշխատել է երկրի սահմաններից դուրս, ու այժմ նա պետք է վերադառնա Հայաստան՝ տառապած աշխատավորության գիտական պետքերին ծառայելու։ Ժողովրդական համալսարանի ուսումնական կոլեգիան լայն բացում է այս կրթարանի դռները գիտության ձգտողների առջև և հույս ունի, որ ուսանողության հետ միասին, ընդհանուր ջանքերով, կկարողանա շինել ու շենացնել Հայաստանի այս բարձր ու միակ ուսումնավայրը»,- ասել է Հ․ Մանանդյանը:
1923 թվականի հոկտեմբերի 23-ին որոշմամբ Երևանի ժողովրդական համալսարանը վերանվանվել է ՀՍԽՀ պետական համալսարան։ 1930 թվականին Երևանի պետական համալսարանի՝ Ալմա Մատերի տեխնիկական, տնտեսագիտական, բժշկական, մանկավարժական ֆակուլտետների հիման վրա ստեղծվել են համապատասխանաբար ինժեներատեխնիկական, առևտրակոպերատիվ, բժշկական, մանկավարժական ինստիտուտները։ Այսպես, Երևանի պետական համալսարանի հիմքի վրա ձևավորվել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը։
2․2․ Կյանքը համալսարանի պատերի ներսում
խմբագրելՄեծ հայասեր Հ․ Մանանդյանի սիրտն անդադար ցավում էր իր ազգի կրած տառապանքներից, և այդ պայմաններում համալսարանն ու կրթության ձգտող ուսանողությունը դարձել էին նրա հույսն ու մխիթարությունը: Նրա սերը դեպի համալսարանն ու նվիրումը կրթական գործին ակնհայտորեն արտացոլվել է սիրելի կնոջը՝ Վարյային, ու դստերը գրված նամակներում՝ ուղարկված Սանկտ-Պետերբուրգ, որտեղ սովորում էր Էլեոնորան։ Դրանցում երևում է, թե հատկապես խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին որքան ծանր էր տնտեսական դրությունը Հայաստանում, որից անմասն չէին անգամ Հ․ Մանանդյանի նման գիտնականները: Միևնույն ժամանակ նա կնոջը գրում էր, որ ստացած ամբողջ գումարն իրենց է ուղարկել, հաջորդիվ երբ նորից ստանա, նորից կուղարկի, իսկ ինքը կողմնակի ծախսեր չունի, որովհետև «ապրում է համալսարանի չորս պատերի մեջ»: Վերջին արտահայտությունը բառացիորեն ճիշտ էր, քանի որ 1920-ականների սկզբում Մանանդյանը մոր, քրոջ և եղբոր հետ ապրում էր համալսարանի երկրորդ հարկում։ 1920 թվականի հոկտեմբերի 19-ի նամակում Հ․ Մանանդյանը կնոջը գրում է, որ սենյակում մեկ թախտից բացի ոչինչ չունի, «բայց այդ խնդիրներն այժմ ավելի քան երկրորդական են»։
Հ․ Մանանդյանը ռեկտորի պաշտոնում է եղել մինչև 1921 թվականի հոկտեմբերը, որից հետո մինչև 1923 թվականի հոկտեմբեր ղեկավարել է արևելագիտական (հետագայում՝ պատմագրականական) ֆակուլտետը:
1921 թվականին կրկին կնոջն ու դստերը հասցեագրված նամակում Հ․ Մանանդյանը գրում էր, որ թեև հոռետես էր, թե իր ղեկավարած արևելագիտական ֆակուլտետը բավարար ուսանողներ չի ունենա, սակայն սխալվել էր: Համալսարանի վերաբացման առաջին իսկ շրջանից նրա ֆակուլտետն արդեն 50-60 ուսանող ուներ, իսկ հաջորդ նամակներից պարզ է դառնում, որ ընդամենը մեկ տարի անց այդ թիվը հասել էր 600-ի: Ինչպես ուրախությամբ նշում էր Մանանդյանը դստերն ուղղված նամակներից մեկում, Երևանի համալսարան սովորելու էին գալիս Բաքվից, Թիֆլիսից, Գանձակից, Ռոստովից, նաև Պարսկաստանից, քանի որ ըստ ուսանողների՝ դասերն այստեղ «ավելի լուրջ էին»: Այդուհանդերձ, Երևանի համալսարանում դասախոսներին եռակի քիչ էին վարձատրում, քան Բաքվի և Թիֆլիսի համալսարաններում։
«Սկսվել է չորս կողմը սովը, կառավարությունը, ըստ երևույթին, փող չունի, և ոչ էլ բավարար չափով մթերք։ Ի՞նչ է լինելու մեր երկրի վերջը, դա շատ դժվար է գուշակել»,- գրում էր Մանանդյանը Վարյային, իսկ հետո նորից հուսադրվում համալսարանի օրըստօրե զորացմամբ, - «Միակ իմ մխիթարանքն այստեղ այն կենդանի գործն է, որ հաջողությամբ գլուխ է գալիս»:
Ծանր ճգնաժամային պայմաններում համալսարանի գոյությունը պահպանվում էր միայն հայ մտավորականության զոհողությունների գնով: Մյուս կողմից մեծ էր ուսանողների ձգտումը դեպի կրթությունը. դասախոսությունների ժամանակ լսարանները լիքն էին, իսկ երբեմն ուսանողները խնդրում էին դասախոսներին իրենց հետ պարապել անգամ հանգստյան օրերին:
«Օրավուր տեսնում եմ, թե ինչպես է ստեղծվում հոյակապ մի գործ և նոր ինտելեգենտ ուժեր այս դժբախտ երկրի համար»,- գրում էր Մանանդյանը, որ ապրում էր միայն համալսարանի ստեղծման գաղափարով ու համարում այն Հայաստանի «վերածնության միակ ուղիղ ճանապարհը»: Մյուս դասախոսների մասին գրելիս էլ Հ․ Մանանդյանը նշում էր, որ բոլորը նահատակներ են սոսկ՝ իրենց անձնական կյանքը զոհ բերած ժողովրդին: Հակոբ Մանանդյանի հրավերով էր, որ պատմագրականական ֆակուլտետում դասավանդում էին Կոստան Զարյանը, Մելիք Օհանջանյանը և այլք: Նա շարունակաբար նամակներ էր գրում ու հրավիրում լավագույն մասնագետներին՝ լծվելու լուսավորչական գործին:
Հ․ Մանանդյանի դասախոսությունների շնորհիվ ֆակուլտետի ուսանողությունը գիտակցում էր հայերենի կարևորությունը, սովորում գրաբար, քանի որ ըստ ակադեմիկոսի՝ հենց գրաբարով է հնարավոր ըմբռնել հայերենի նուրբ գեղեցկությունն ու ճոխությունը: Նա պարբերաբար նաև հնագիտական արշավների էր տանում ուսանողներին՝ բացահայտելու հայոց հնագույն մայրաքաղաքները (իհարկե, միայն ոտքով):
Անվանի գիտնականը նաև մեծ տեղ էր տալիս երաժշտությանը: Նրա ջանքերով ուսանողներից կազմվել էր համալսարանի երգչախումբն ու նվագախումբը: Դստերն ուղղված նամակներից մեկում նա Էլեոնորա Մանանդյանին ևս հորդորում էր աչքաթող չանել երաժշտության՝ դաշնամուրի դասերը, այլապես հետո կզղջա՝ ինչպես ինքը: «Հայի հոգին շատ է գազազած ու մաղձով լցված պատմական պատճառներով: Իմ կարծիքով գեղարվեստն ու երաժշտությունը նրան ավելի են հարկավոր ... Երաժշտության ու գեղարվեստի միջոցով է, որ նա պետք է դեռ ապրի իր անցյալի լուռ տանջանքները և թեթևացնե իր սրտում կուտակված մաղձերի ծանր բեռը»,- գրում էր Մանանդյանը:
Կնոջն ու դստերն ուղղված նամակների բովանդակության մեծ մասը համալսարանի ու ազգի մասին Հ․ Մանանդյանի մտորումներն էին, որոնց համար նա կարծես ներողություն հայցեր սիրելիներից, ասելով, որ իր նամակը միակողմանի է, քանի որ իր ամբողջ կյանքը կապված է համալսարանի հետ։ «Ուրիշ այլ բովանդակություն և ընթացք մեր կյանքը չէ ունեցել»,- գրում էր Մանանդյանը:
2․3 Վարչական գործից հեռացումը՝ հանուն գիտության
խմբագրել1923 թվականի սեպտեմբերին Հակոբ Մանանդյանը որոշել է հրաժարվել դեկանի պաշտոնից: Թեև դրա համար առիթ է հանդիսացել վարչության հետ վեճը, իրական պատճառը նրա անվերջ կարոտն էր դեպի գիտությունն ու գիտական գործունեությունը, որին խոչընդոտում էին վարչական գործերը: Միևնույն ժամանակ, ուսուցիչը մեծ երախտագիտությամբ ու ուրախությամբ նշում էր այն մասին, որ ուսանողներն ու ֆակուլտետի կազմն ամեն կերպ հորդորում էին ետ կանգնել դեկանի պաշտոնը թողնելու որոշումից: Ուսանողների խորին ակնածանքը նրա ու նրա կատարած աշխատանքի հանդեպ Հ․ Մանանդյանի համար իր չարչարանքի լավագույն վարձատրությունն էր:
Հակոբ Մանանդյանից հետո պատմագրականական ֆակուլտետը ղեկավարել է Մանուկ Աբեղյանը, իսկ հայ ժողովրդի պատմության իր դասախոսությունները Հ․ Մանանդյանը շարունակել է մինչև 1931 թվականը՝ զուգահեռաբար համալսարանում խթանելով գիտական հրատարակությունը:
«Դժբախտաբար, մեր ցեղը չի գիտակցում, որ ինքը նույնիսկ եվրոպական խոշոր գիտնականներին ունի ասելու մի նոր խոսք իր համալսարանի միջոցով ու իր նոր սերունդների միջոցով, որոնք տանջանքի բոցերում հղացել են նոր տեսակետները, խոր ինչպես իրենց տանջանքները»,- գրում էր Հ․ Մանանդյանը՝ ազգի ցավը կրելով, բայց միևնույն ժամանակ դրա լուսավոր ապագայի հանդեպ մեծագույն հավատով:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրված Հակոբ Մանանդյանի բրոնզաձույլ կիսանդրին խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանում գիտության զարգացման գործում։
Գլուխ 3․ Մանանդյանի գիտական ժառանգությունը
խմբագրելՀակոբ Մանանդյանը հայագիտության ասպարեզ է մտել որպես բանասեր։ Նրա՝ բանասիրության և լեզվաբանության ոլորտում կատարած հսկայական հետազոտությունները հետագայում պայմանավորել են անվանի պատմաբանի՝ հայ ժողովրդի պատմությանը նվիրված աշխատությունների խորքայնությունն ու բազմակողմանիությունը։ Գիտական բեղուն գործունեության ընթացքում նա հեղինակել է ավելի քան 150 աշխատություններ, ինչպես հայերեն, ռուսերեն, գերմաներեն, այնպես էլ այլ լեզուներով՝ իր պատվավոր հետքը թողնելով հայ պատմագիտության զարգացման գործում։
3․1 Բանասիրական ուսումնասիրությունները
խմբագրելԴեռևս Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդելու տարիներին Մանանդյանը շատ ժամանակ էր տրամադրում Մատենադարանի հարուստ ձեռագրերի ուսումնասիրությանը, ուշագրավ հոդվածներ ու գրախոսություններ տպագրում «Արարատ» ամսագրի էջերում։ Մեծ հայագետի կարծիքով՝ հայոց պատմության համակողմանի լուսաբանումն անհնար է առանց հին հայկական և օտար աղբյուրների մանրամասն ուսումնասիրության։ Այս տեսակետից կարևոր է Հր․ Աճառյանի և Հ․ Մանանդյանի կողմից հայկական 12-19-րդ դարերի վկայաբանական գրականության տեքստերի ուսումնասիրությունը, որի արդյունքով էլ 1902 թվականին հրատարակվել է «Հայոց նոր վկաները» երկհատորյակը, իսկ մեկ տարի անց՝ նույն ժողովածուի քննահամեմատական գիտական հրատարակությունը։ Այս աշխատությունը կազմելիս Հակոբ Մանանդյանի գլխավոր նպատակն էր վեր հանել այն բոլոր աղբյուրները, որոնցով հնարավոր կլիներ վավերական տեղեկություններ ստանալ մուսուլմական տիրապետության շրջանում հայոց ներքին կյանքի մասին։
Ճեմարանում դասավանդման տարիներին Հ․ Մանանդյանը նաև զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանություններով, հունաբան դպրոցի երկերի ու լեզվի ուսումնասիրությամբ։ Անվանի գիտնականն ուներ ուսումնասիրությունների իր ուրույն մեթոդը։ Նա ոչ թե մշակում էր մի ամբողջական խնդիր, այլ սկզբից ձեռնամուխ էր լինում ընդհանուր շղթայի առանձին օղակների ուսումնասիրությանը, ապա նոր անցնում խնդրի համատեքստային և ամբողջական հետազոտության։ Այս ուսումնասիրությունների արդյունքում Հ․ Մանանդյանը հեղինակել է «Դավիթ Անհաղթի խնդիրը նոր լուսաբանությամբ» (1904 թ․), «Քաղվածքներ Եվսեբիոս Կեսարացու քրոնիկոնից մի հին ձեռագրում» (1905 թ․), «Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի, ընծայեալ Էլիասի Իմաստասիրի» (1911 թ․) և այլ աշխատություններ, ինչպես նաև այդ ամբողջ շրջանն ամփոփող համապարփակ «Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները» (1925 թ․) կոթողային մենագրությունը։
Հ․ Մանանդյանի բանասիրական հետազոտությունների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Մովսես Խորենացուն նվիրված ուսումնասիրությունները։ Ականավոր հայագետին մեծապես հետաքրքրում էր պատմահոր «առեղծվածը», ուստի նա երկար ժամանակ զբաղվել է Խորենացու երկի գրության ժամանակի խնդրի լուծմամբ։ Ելնելով Խորենացու երկում ժամանակագրական կոնցեպցիայի որոշ վրիպումներից և թերություններից, ինչպես նաև նույնացնելով նրան «Աշխարհացոյց»-ի հեղինակի հետ, Հ․ Մանանդյանը եզրակացրել է, որ պատմահայրը ապրել է ոչ թե 5-րդ դարում, այլ 9-րդ դարի երկրորդ կեսում։ Այս ուսումնասիրությունները ամենևին չեն խանգարել հայագետին բարձր գնահատելու Խորենացու «Պատմություն Հայոց» երկի պատմագիտական արժեքը հին Հայաստանի պատմության ուսումնասիրության բնագավառում։ Խորենացու երկին առնչվող հարցերին են նվիրված Հ․ Մանանդյանի «Նոր դիտողություններ Խորենացու պատմության բառապաշարի մասին» (1955 թ․), «Խորենացու առեղծվածի լուծումը» (1933 թ․), «Երբ և ում կողմից է կազմվել Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացույցը»» և այլ աշխատանքներ։
Գիտական մեծ արժեք ունեն նաև Հ․ Մանանդյանի՝ Մեսրոպ Մաշտոցին և գրերի գյուտին նվիրված հետազոտությունները։ Ինչպես և մյուս աշխատանքներում, Հ․ Մանանդյանը մանրակրկիտ քննության է առել բոլոր աղբյուրները՝ ժամանակաշրջանը և այլ կարևոր իրողություններ ճշգրիտ ներկայացնելու համար։ Թեև հայ պատմիչները գրերի գյուտի իրադարձությունը ներկայացնում են առավել կրոնական տեսանկյունից, Հ․ Մանանդյանը ուշադրություն էր հրավիրում իրադարձության քաղաքական և ազգային հարցի վրա՝ իրավացիորեն ընդգծելով պարսկական ձուլման դեմ հայ ազգի պայքարում գրերի գյուտի և ինքնուրույն մշակույթի ձևավորման առանցքային նշանակությունը։ Այս հարցերի շուրջ են 1962 թվականին հրատարակված «Ասույթներ Մեսրոպ Մաշտոցի մասին», «Հայ գրերի գյուտի տարեթվի հարցի շուրջ», «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» աշխատությունները։
Թե՛ գրերի գյուտի, թե՛ այլ առիթներով, պատմաբանը մշտապես հպարտորեն շեշտում էր, որ հայերի գրական ժառանգությունը արժեքավոր ներդրում է համամարդկային մշակույթում․ «Հայերի ընդարձակ պատմական գրականությունը, Արևելքի բոլոր պատմական գրականություններից ամենից հարուստը, ծառայում է իբրև արժեքավոր աղբյուր՝ ոչ միայն Հայաստանի պատմությունը ուսումնասիրելու համար, այլև Պարսկաստանի, Բյուզանդիայի, Վրաստանի, Աղվանքի և Մերձավոր Արևելքի համարյա բոլոր ժողովուրդների»,- ասում էր Մանանդյանը։ Այս խոսքերի ճշմարտացիությունն են վկայում համաշխարհային տարբեր գիտնականների կողմից հարյուրավոր աշխատություններ, որոնցում առկա են բազում քաղվածքներ Հակոբ Մանանդյանի երկերից ու ուսումնասիրություններից։
3․2 Մի դրվագ չբացահայտված Մանանդյանից
խմբագրելՀակոբ Մանանդյանի կյանքի ու աշխատությունների ուսումնասիրությամբ զբաղվող շատ հետազոտողներ փաստում են, որ մեծ գիտնականի կյանքի որոշ դրվագներ, թերևս, ստվերում են մնացել։ Մասնավորապես շատ քիչ տեղեկություններ են պահպանվել նրա ուսանողական տարիների մասին, ինչպես նաև դժվար է ստույգ ասել, թե խորհրդային շրջանում հրապարակված նրա հոդվածներից շատերում ինչպիսի փոփոխություններ են պարտադրել ժամանակի գրաքննական բարքերը։
Գիտնականի կյանքի չուսումնասիրված շրջաններից մեկն է բացահայտում 1990 թվականին Հակոբ Մանանդյանի աշակերտ, պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի կողմից ներկայացված մի ձեռագիր հոդված, որը հայտնբերվել էր արխիվների ուսումնասիրության արդյունքում։ «Բուդդհայականության ազդեցությունը» խորագիրը կրող այդ հոդվածը Հ․ Մանանդյանը հեղինակել էր Գերմանիայում սովորելու տարիներին։ Պետրոս Հովհաննիսյանը նշել է, որ, դժբախտաբար, հնարավոր չէր պարզել, թե ում էր հասցեագրված այդ հոդվածը և ինչու լույս չի տեսել։ Ձեռագիրն այժմ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի Կովկասի հայոց հրատարակչության ընկերության ֆոնդում։
Նշված հոդվածում Հակոբ Մանանդյանը, ներկայացնելով գիտության սրընթաց զարգացումը, ընդգծում էր, որ հին վարդապետություններից հատկապես Բուդդհայականությունը սկսել էր գրավել գիտնականների ուշադրությունն ու հարգանքը։ Նա ներկայացնում էր Բուդդահայականության հիմնադիր Սիդհարթհա Գաուտամայի՝ անգերազանցելի Շակյամունի Բուդդհայի կյանքը և Բուդդհայականությունը բնութագրող հիմնական առանցքը։ Առանձնակի գնահատանքի է արժանի տակավին երիտասարդ տարիքում Բուդդհայականության բավականին բարդ կոնցեպտի՝ տառապանքների առաջացման, դրանց պատճառների և փրկության ճանապարհի հակիրճ ներկայացումը, որը Հ․ Մանանդյանը դիտարկում է որպես կարևորագույն գյուտ։ Հավանաբար, այս ուսումնասիրությունները Մանանդյանն իրականացրել է սանսկրիտի իր իմացության շնորհիվ։
3․3 Ծանրակշիռ ներդրումը պատմագիտության մեջ
խմբագրելՀակոբ Մանանդյանի գիտական գործունեության բացառիկ առաքելությունը հայոց պատմության բազմակողմանի քննությունն էր, որի համար պատմաբանը ցուցաբերում էր եզակի անաչառություն և բծախնդրություն։ Մանանդյան-պատմաբանի գիտական ժառանգությունն ընդգրկում է հայ ժողովրդի պատմության Ք․ա․ 6-րդ դարից մինչ 15-րդ դար ընկած ժամանակաշրջանը։ Չնայած մեծ հայրենասիրությանն ու հայ ժողովրդի նկատմամբ անսահման սիրուն, նրա համար գիտական աշխատանքներում անընդունելի էին կեղծիքն ու անհարկի հույզերը։ Պատմաբանի համար առանձնակի կարևոր էր աղբյուրների ուսումնասիրությունն ու ճշգրտումը։ «Յուրաքանչյուր պատմական երկ քննելիս հարկավոր է ամենից առաջ ուշադրության առնել փաստերի վավերական լինելը, ճշտությունը, ուսումնասիրման եղանակը։ Մանրակրկիտ քննել պատմական աղբյուրները՝ աշխատելով զտել ուղիղը սխալից, զրույցը և առասպելը պատմական իրողությունից, և հին պատմագիրների տգետ, կողմնապահ կամ միտումնավոր դատողությունները անաչառ առարկայական վերաբերմունքից դեպի պատմական անցքերը»,- գրում էր Մանանդյանը։
Այս տեսակետից մեծ արժեք է ներկայացնում «Տիգրան Բ. և Հռոմը: Նոր լուսաբանությամբ ըստ սկզբնաղբյուրների» Մանանդյանի երևի թե ամենաակնառու աշխատությունը։ Նախքան այս աշխատանքը Տիգրան Երկրորդի գահակալության ժամանակաշրջանի պատմությունը սեղմ և միջանկյալ կերպով է ուսումնասիրվել արևմտաեվրոպական պատմաբանների կողմից։ Վերջիններս հիմնվել են հիմնականում Հայաստանի ու Պոնտոսի նկատմամբ թշնամաբար տրամադրված հռոմեական պատմիչների հաղորդած տեղեկությունների վրա, որոնք միտումնավոր աղճատել են իրադարձություններն ու նսեմացրել Հայաստանի դերը, իսկ Տիգրան Մեծին համարել պատմական աննշան դեմք։ Հ․ Մանանդյանն իր մենագրության մեջ նախ գիտական քննության և վերագնահատման է ենթարկել հռոմեական սկզբնաղբյուրները՝ ցույց տալով Տիգրան Մեծի և Հայաստանի մասին նրանց հաղորդած տեղեկությունների միակողմանի, հաճախ նաև ստահոդ լինելը: Ինչպես իր բոլոր երկերում, այնպես էլ այստեղ, պատմաբանը ոչ մի սկզբնաղբյուրի վկայություն չի օգտագործել, եթե չի պարզել դրա արժանահավատությունը, իրական կամ հավանական լինելը: Այդ նպատակով նա շատ հաճախ մեջբերում էր միևնույն պատմական դեպքի կամ հարցի մասին տարբեր սկզբնաղբյուրներում պահպանված բոլոր վկայությունները, համեմատում դրանք իրար հետ, և նոր միայն տալիս իր եզրակացությունը: Այս աշխատությունը հիրավի համարվում է Տիգրան Բ-ի գահակալման և նրա դարաշրջանի վերաբերյալ լավագույն մենագրությունը, և եթե նախքան այն համաշխարհային պատմությունը որպես Հռոմի ծանրակշիռ հակառակորդ հիշում էր Կարթագենը, ապա Հ․ Մանանդյանի շնորհիվ Հայաստանի՝ Հռոմին ընդդիմանալու զորությունը ևս գրվեց պատմության էջերում։
Ինչպես արդարացիորեն նշել է անվանի պատմաբան Բորիս Գրեկովը, Հ․ Մանանդյանը «կարողացավ ճիշտ որոշել հայագիտության դրությունն ու իր ջանքերն ուղղել այնտեղ, որտեղ դրանք ամենից շատ արդյունք կարող էին տալ»։ Այս տեսանկյունից անգնահատելի է պատմաբանի կատարած աշխատանքը Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրության ուղղությամբ, որով նա հնարավոր է դարձրել հայոց պատմության համակողմանի վերլուծությունը։ Այս բնագավառի նրա աշխատանքներից են «Դիտողություններ Հին Հայաստանի շինականների դրության մասին մարզպանության շրջանում» (1925 թ․), «Հայաստանի արքունի հարկերը մարզպանության շրջանում» (1926 թ․), «Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության» (1927 թ․), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (1934 թ․), «Հայաստանի քաղաքները 10-11-րդ դարերում» (1940 թ․), «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին հնագույն ժամանակների համաշխարհային առևտրի առնչությամբ» (1960 թ․) և այլ աշխատություններ, որոնք հանգամանորեն պարզաբանում են միջնադարյան Հայաստանի ներքին կյանքը ինչպես սոցիալական, այնպես էլ իրավական ու տնտեսական դիտանկյուններից, ներկայացնում հողատիրության ու հողի սեփականության ձևերը, մինչև անգամ օգտագործվող կշիռները և չափերը։ Փաստացի, Հ․ Մանանդյանը հին և միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքի ուսումնասիրությամբ հիմնադրել է հայ պատմագիտության զարգացման մի նոր ուղղություն՝ լուսաբանելով նախկինում չուսումնասիրված բարդ ու կնճռոտ հարցեր՝ դրանով իսկ դուրս գալով ազգային պատմության շրջանակներից ու մեծ արժեք ներկայացնելով հին աշխարհի, հատկապես Առաջավոր Ասիայի երկրների պատմության ուսումնասիրության համար։
Հ․ Մանանդյանի հասցեին, երբեմն, հնչում է քննադատություն՝ կապված նրա տեսություններից մեկի հետ առ այն, որ հայ ազգը ձևավորվել է հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերի և եկվոր արմենների խառնվելուց։ Հարկ է նշել, որ, ինչպես ցույց ենք տվել, Մանանդյանը գրեթե զրոյից վերականգնում էր հայկական պատմագիտությունը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ գտնվում էր խորհրդային իշխանությունների խիստ հսկողության և սահմանափակումների ներքո։ Նախ, ԽՍՀՄ համար, որը սերտ կապեր ուներ Թուրքիայի հետ, կարևոր էր առավելագույնս լռեցնել հայերի ծագման թեման, և անգամ Արևմտյան Հայաստանի մասին խոսելն էր արգելված։ 1930 թվականին Մանանդյանը հանդես է եկել միգրացիոն հիփոթեզով, սակայն Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ժամանակ այդ տեսությունը սկսեցին հերքել։ Ե․ Ֆոռերի և հետագայում Պ․ Կրեչմերի հետազոտությունների հիման վրա առաջացավ Հայասայի հիփոթեզը, որն արդեն 1940-ական թվականների վերջերին ընդունել է նաև Հ․ Մանանդյանը։
Տարիների ընթացքում ուսումնասիրելով հայ ժողովրդի պատմության քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային տարբեր իրադարձություններ՝ Հ․ Մանանդյանը հայրենական պատերազմի ծանր օրերին սկսել էր աշխատել ամբողջական ու ընդհանրացնող մեծ գործի՝ «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության վրա։ Դրա նպատակն էր սկզբնաղբյուրների մանրաքնին ուսումնասիրության հիման վրա լուսաբանել հայ ժողովրդի պատմությունը՝ Ք․ ա․ 6-րդ դարից մինչև Ք․ հ․ 16-րդ դար։ Աշխատության առաջին հատորը հրատարակվել է 1945 թվականին։ Այս հրատարակությունից հետո պատմաբանը ձեռնամուխ է եղել մյուս հատորների ուղղությամբ աշխատանքին։ Աշխատության երրորդ հատորը, որը ներկայացնում է սելջուկյան տիրապետության, Զաքարյանների իշխանապետության, մոնղոլական ու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանները, առաջին անգամ լույս է տեսել 1951 թվականին, սակայն չպարզաբանված պատճառներով խմբաքանակն ամբողջությամբ ոչնչացվել է խորհրդային իշխանության կողմից, և միայն խմբագրական անհարկի միջամտություններից ու կրճատումներից հետո այն նորից լույս է տեսել 1952 թվականին՝ արդեն հեղինակի մահից հետո։ Վերահաս մահվան հետևանքով գիտնականը չէր հասցրել ավարտել նաև երկրորդ հատորը, որը սակայն անտիպ նյութերով և նրա կենդանության օրոք հրապարակված հոդվածների համալրմամբ հրատարակվել է 1960 թվականին, և ներկայացնում է Հայաստանում մարզպանության հաստատումից (428 թ․) մինչև Բագրատունյաց թագավորության անկման շրջանները։
Մանրազնին քննելով սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները՝ Հ․ Մանանդյանը «Քննական տեսության» հատորներում ոչ միայն տվել է հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմության ընդարձակ, համակարգային գիտական շարադրանքը, այլև բացահայտել պատմական դեպքերի ներքին փոխադարձ պատճառական կապը, կատարել տեղագրական ու ժամանակագրական ճշտումներ և նոր խոսք ասել հանգուցային բազմաթիվ հարցերի կապակցությամբ։
1973 թվականին ականավոր գիտնականի ծննդյան 100-ամյակի առթիվ հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության հանձնարարությամբ պատմության ինստիտուտը ձեռնամուխ եղավ նրա աշխատությունների ամբողջական հրատարակության նախապատրաստմանը։ Նախատեսված ութ հատորից հրատարակվեց վեցը։
Այս գլխում ներկայացվածն ընդամենը մի մասն է բազմավաստակ գիտնականի թողած ժառանգության։ Նրա մատենագիտության ամբողջական ցանկ կազմելու փորձ կատարել են Հ․ Մանանդյանի աշակերտներ, պատմաբաններ Պետրոս Հովհաննիսյանը իր «Ժամանակակիցները Մանանդյանի մասին», Լևոն Բաբայանն ու Վազգեն Հակոբյանը՝ «Հակոբ Մանանդյան․ կյանքն ու գործունեությունը» գրքերում, և այլն։
Գլուխ 4․ Մանանդյանը հուշերում և նամակներում
խմբագրելՀակոբ Մանանդյանը նշանավոր էր ոչ միայն որպես բացառիկ գիտնական, այլև նվիրյալ հայ ու բարձր մարդկային որակներով անհատ։ Նրա մարդկային կերպարը բացահայտվում է ինչպես ժամանակակիցների թողած ջերմ հիշողություններում, այնպես էլ նամակներում, որոնց հիմնական նյութն այս կամ այն կերպ առնչվում է Հայաստանին, հայ ազգին ու գիտությանը։
4․1 Ճեմարանական հիշողություններ
խմբագրելՃեմարանում աշխատելու տարիներին Հակոբ Մանանդյանը վայելում էր Ամենայն Հայոց Հայրապետ Խրիմյան Հայրիկի սերն ու հարգանքը։ Օտարազգի այցելուների հետ հանդիպումների ժամանակ Հայրապետը միշտ դիմում էր Մանանդյանին՝ թարգմանությունն ապահովելու համար։ Մի առիթով նա հռետորական հարցով դիմել էր պատմաբանին, զարմանք հայտնելով, թե «ինչպես է այդչափ փոքր գլխում այդքան գիտություն տեղավորվում»։
Գևորգյան ճեմարանի ուսուցիչներն ու աշակերտները մինչև Հայոց Ցեղասպանությունը այցելություններ էին ունենում Արևմտյան Հայաստան։ Այցերից մեկի ժամանակ Կոմիտասի ղեկավարությամբ ճեմարանի երգեցիկ խումբը երգել է Անիի Մայր տաճարում։ Այդ կատարումը խորապես տպավորել էր Հ․ Մանանդյանին, որը թեև եղել էր եվրոպական առաջատար երկրներում ու ունկնդրել բազում հայտնի խմբերի, եղբորը խոստովանել էր, որ նման կատարում ոչ մի տեղ չէր լսել։ Մանանդյանը և Կոմիտասի ընկերներ էին, և վերջինս հաճախ էր հյուր լինում նրանց տանը։
4․2 Գաղափարի առաջնորդ ուսուցիչը
խմբագրելՄանանդյանը որպես ուսուցիչ բացահայտվում է նրա աշակերտների և ուսանողների հուշերում։ Ազգային, պետական գործիչ Սիմոն Վրացյանը, որ աշակերտել է Հ․ Մանանդյանին Գևորգյան ճեմարանում, մեծ տպավորություն էր ստացել ճեմարանի աշակերտներին ուղղված մի ճառից։ Մանանդյանը խոսել էր ազգի ներկա վիճակի ու ճեմարանականների պատասխանատվության մասին․ «Մեր ազգը տգետ է, մեր ազգը ճնշված է, մեր ազգը թշվառ է․․․ Դուք պետք է պատրաստվեք ամոքելու ազգի ցավը։ Ազգի հույսն եք դուք»։
Երևանի համալսարանի ուսանողների հուշերում Հ․ Մանանդյանն անփոխարինելի ու բոլորից տարբերվող ուսուցիչ էր։ Դասախոսություններ կարդալիս նա ոչ թե պարզապես նյութն էր մատուցում, այլ ուսանողությանն իր ընտրյալ խոսքով տեղափոխում էր այն ժամանակաշրջան, որի մասին պատմում էր։ Դասերին մշտապես ներկայանում էր հատուկ պատրաստված՝ անկախ այն հանգամանքից, որ մատուցվող նյութն իր կյանքի գործն էր։ Նրա դասախոսություններից ունկնդրողների մոտ տպավորություն էր ստեղծվում, որ Մանանդյանի ամբողջ կյանքի իմաստը հայոց պատմությունն էր։ Նա առանձնակի սիրով ու գուրգուրանքով էր խոսում հայ ժողովրդի մասին, ինչն արտահայտվում էր անգամ իր ձայնում, շարժումներում։ Պատմաբան Աշոտ Արծրունին իր հուշերում այսպես է նկարագրել իր դասախոսին․ «Հպարտանք ու բերկրանք կցոլային անոր դեմքին վրա, երբ կխոսեր հայոց պատմության լուսավոր կետերու մասին։ Իսկ ձայնը զայրագին կդառնար ու աչքերեն հուր կտեղար, երբ կհիշատակեր հայերու նկատմամբ գործված խժդժություններն ու կատարված անարդարությունները»։ Ա․ Արծրունու հուշերում արտացոլվել է Հ․ Մանանդյանի մեկ այլ ելույթ, որը ակնառու կերպով ցույց է տալիս անվանի պատմաբանի հավատն առ հայ ազգի վերածնունդ։ 1922 թվականին համալսարանի ուսումնական առաջին տարեշրջանի վերջին դասախոսության ժամանակ, որում Հ․ Մանանդյանը պետք է ամփոփեր տարվա ընթացքում անցած նյութը, նա կարծես վերացարկվել է խորհրդային իրականությունից և սկսել ներկայացնել հայ ազատագրական ու անկախության համար պայքարն անցնող դարերի ընթացքում՝ սկսելով նախահայր Հայկ Նահապետից։ Մեկ առ մեկ թվարկելով արշավանքներն անցյալ ժամանակների ասպատակների ու հայերին ձուլել փորձող երկրների, որոնց մեծ մասն այլևս գոյություն չունեն և լոկ պատմություն են, Հ․ Մանանդյանը հպարտորեն ներկայացրել է հայերի կեցվածքն այդ քամիների դեմ, իսկ խոսքն ամփոփելիս ասել․ «Դուք տեսաք, որ հայ ժողովուրդն իր պատմության ամբողջ ընթացքին միշտ էլ պայքարել է իր ազատության և անկախության համար։ Ամեն անգամ, որ նա զրկվել է ազատ կյանքից, միշտ էլ պայքարել ու վերականգնել է իր երկրի անկախությունը։ Եվ ես համոզված եմ, որ այս անգամ էլ նա կթոթափի օտարի լուծը ու կվերստանա մեր հայրենիքի անկախությունը»։ Նրա այս խոսքերն ուսանողները ողջունել են հոտնկայս ծափահարություններով։
4.3 Ընտանիքը և հարազատները
խմբագրելՀակոբ Մանանդյանի ծնողները Ախալցխա են գաղթել Կարին գավառից։ Այս մասին են վկայում նրա ընտանիքում պահպանված կարնո ավանդույթները, կարնո բարբառին հատուկ շեշտադրումները Մանանդյանների խոսքում։
Հակոբ Մանանդյանի եղբայրը՝ Արսեն Մանանդյանը, անվանի ինժեներ էր և կանգնած էր Երևանի պոլիտեխնիկական համալսարանի ստեղծման ակունքներում։ Հատկապես Հակոբի կնոջ՝ Վարյայի մահից հետո (1939 թ․), եղբոր խնամքով նա էր զբաղվում, քանի որ Մանանդյանի դուստրն այդ ժամանակ առանձին էր ապրում՝ իր նորածին որդու հետ։ Կյանքի վերջին տարիներին Հակոբ Մանանդյանն իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր դեռևս չուսումնասիրված խնդիրների լուսաբանության ուղղությամբ և փորձում էր հնարավորինս քիչ ժամանակ ծախսել այլ հարցերի վրա։ Այս իմաստով Արսենի և քրոջ՝ Աստղիկի օգնությունը կենցաղի կազմակերպման հարցերում մեծ դեր ուներ։ Նրանք փաստացի ապրում էին իրենց հզոր եղբոր ճակատագրով՝ փորձելով հոգալ նաև Հակոբի կարիքները՝ հնարավորինս չխանգարելով նրա գիտական գործունեությանը։
Հակոբ Մանանդյանի մահից հետո էլ իր եղբայրն իր ամբողջ ջանքերը ներդրել է պատմաբանի անտիպ ձեռագրերի հրատարակության գործում։
Կնոջն ու դստերն ուղղված նամակներում Հ․ Մանանդյանը խոսում է առանձնակի հոգատարությամբ։ Նա դստերը հորդորում է իր նամակները հայերեն գրել՝ նորից ու նորից կրկնելով, որ անպայման գրաբար սովորի։ Նա մեծապես երջանկանում էր դստեր հայերեն նամակները կարդալիս։ Հենց նման դաստիարակության շնորհիվ էր, որ Էլեոնորա Մանանդյանը, լինելով ճանաչված հոգեբույժ Մոսկվայում, 1938 թվականից մշտական բնակություն էր հաստատել Երևանում և զբաղվում էր ինչպես պրակտիկ հոգեբուժությամբ, այնպես էլ գիտական գործունեությամբ։
Հ․ Մանանդյանի մտերիմների շարքում առանձնահատուկ տեղ ուներ Հովհաննես Թումանյանը։ Նրանք ջերմ հարաբերություններ էին պահպանում ընտանիքներով։ Մանանդյանները դեռ երիտասարդ ժամանակ հաճախ էին լինում «Վերնատան» հյուրը, իսկ Վարյային շատերը կոչում էին «Վերնատան աղջիկ» (քանի որ շատ քիչ կանայք էին մասնակցում մտավորականության հավաքներին Վերնատանը)։ Թումանյանի հիացմունքը Վարյայով ոգեշնչում էր բանաստեղծին։
1908 թվականին, երբ Հ․ Մանանդյանը Պետերբուրգում պատրաստվում էր Դորպատի համալսարանի էքստեռն քննություններին, մտավորականը կարծես կանխագուշակում էր կայսրությունում սպասվող ավերիչ հեղափոխությունը, որի մասին ակնարկում էր Թումանյանին ուղղված նամակում․ «Կարծես թե նրանք այլևս չեն ընդունում իրանց նախահեղափոխական դավանանքի անարատությունն ու ճշմարտությունը..․ և այժմ կարկատում են իրենց հին Աստծուն։ Եվ հիրավի՝ Պետերբուրգի ինտելիգենտ տարրը՝ մանավանդ ուսանողությունը, աշխատում է, սովորում ու մտածում։ Հեղափոխությունն այժմ կատարվում է նրանց ուղեղների ու հոգեկան կյանքի խորքում։ Հակառակ սովորական ընդհանուր կարծիքին՝ ինձ թվում է, որ հեղափոխությունն այժմ Ռուսաստանում ոչ միայն չէ դադարել, այլ խորանում է, տարածվում ու դառնում սպառնական։ Ինձ մեծ վիշտ է պատճառում միայն մեր հայկական իրականությունը... առանց դավանանքի։ Ըստ երևույթին, մենք կարկատելու ու նորոգելու ոչինչ չունենք»։
Հ․ Մանանդյանը առանձնում էր նաև բացառիկ համեստությամբ։ Երբ խորհրդային կառավարությունն անվանի ակադեմիկոսներին կեցավայրեր էր տրամադրում միության տարբեր քաղաքներում, նա շարունակաբար հրաժարվում էր: Այդպես նա հրաժարվեց բնակարանից Մոսկվայում՝ գիտնականների տանը Լենինսկիյ պողոտայի վրա, մերժել էր Ղրիմում ամառանոցի առաջարկը, ասելով, որ կնախընտրեր միայն Երևանի մերձակայքում լինել։ Սակայն վերջինս կառուցելու դժվարությունների պատճառով ակադեմիկոսը համաձայնել էր, որ ամառանոցն իրեն հատկացնեն Մոսկվայի մերձակայքում գտնվող Մոզժինկայում՝ ԽՍՀՄ առաջատար ակադեմիկոսների համար կառուցված հայտնի ավանում։ Նա հույս ուներ, որ ամառներն այնտեղ անցկացնելով կկարողանա կազդուրվել ջերմախտից, որպեսզի ձմռանը պատշաճ կերպով շարունակի աշխատանքը։
4․4 Խստապահանջ գիտնականը
խմբագրելԼինելով շատ բարի անձնավորություն՝ Հ․ Մանանդյանը չափազանց խիստ էր դառնում, երբ խոսք էր գնում գիտության ու գիտական աշխատանքների մասին։ Նա առաջին հերթին խստապահանջ էր ինքն իր հանդեպ։ Նոր ուսումնասիրություն սկսելիս անդրադառնում էր այնպիսի թեմաներին, որոնք լավ ուսումնասիրված չէին, աղբյուրների հետ երկար ու մանրազնին աշխատանքից և երկար պրպտումներից հետո էր միայն անցնում գրելուն։ Հ․ Մանանդյանը խստապահանջ էր նաև մյուս գիտնականների հանդեպ։ Մշտապես ծանոթանալով նոր ուսումնասիրություններին՝ նա հատկապես ուշադրություն էր դարձնում աղբյուրների օգտագործման կանոններին։ Այն գիտնականները, որոնք պատշաճ չէին ներկայացնում իրենց օգտագործած աղբյուրները, Հ․ Մանանդյանի համար նման էին խաչագողերի։
Ըստ ուսանողների և մեքենագիրների հուշերի՝ գիտնականը նաև շատ գեղեցիկ ձեռագիր ուներ․ աշխատանքները տպարան հանձնում էր կոկիկ և մաքուր շարվածքով՝ ուրախություն պատճառելով մեքենագիրներին։
Հ․ Մանանդյանի մասին հատուկ ակնածանքով էր խոսում ակադեմիկոս Բորիս Գրեկովը։ Ըստ նրա՝ Հ․ Մանանդյանի հիմնական վաստակն այն է, որ նա վերստին նայեց ու քննադատական մանրակրկիտ վերլուծման ենթարկեց Հայաստանի մասին անտիկ հեղինակներից մեզ հասած բոլոր տեղեկությունները։
Հ․ Մանանդյանը մեծ երջանկություն էր ապրում, երբ կարողանում էր լուծել պատմական հերթական առեղծվածը։ Ըստ նրա՝ պատմագիտության ոլորտում ավելի բեղմնավոր արդյունքների կարող են հասնել, եթե մեր հնագետները իրենց ժամանակը գործադրեն հնագույն հայկական վայրերի ուսումնասիրությանը, ինչպիսիք են Արմավիրը, Երվանդաշատը և այլ համարժեք վայրեր։ Անվանի պատմաբանի խոսքերն ուղղված երիտասարդ գիտնականներին այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը։ «Մեր երիտասարդ գիտնականները պետք է ի նկատի ունենան, որ հայ ժողովրդի պատմությունն անհրաժեշտ է ուսումնասիրել և շարադրել ոչ թե նախկինում եղած կարծիքները կուրորեն ներմուծելով և կուտակելով, այլ բուն սկզբնաղբյուրների հաղորդած նյութերի նորովի վերլուծությունների հիման վրա, որ հնարավորություն կտա նորապես լուծել հին խնդիրները և անաչառորեն լուսաբանել հայ ժողովրդի պատմության բազում դրվագներ»,- ասում էր Հ․ Մանանդյանը։
Կյանքի վերջին տարիներին, երբ անվանի գիտնականն արդեն զգում էր, որ ուժերը սպառվում են, նրան միայն մեկ բան էր տանջում՝ հայոց պատմության դեռևս չլուսաբանված էջերն ու այն աշխատանքները, որ անավարտ կմնան։ Չնայած Հակոբ Մանանդյանը դեռևս շատ անելիքներ ուներ, նրա թողած ավանդը հսկայական է և անգնահատելի։
Մանանդյանի աշխատությունները
խմբագրել- Հակոբ Մանանդյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1981, 88 էջ։[5]
- Աշխատությունների էլ-տարբերակը տե՛ս[6]
Օգտագործված գրականություն
խմբագրել- Ակադեմիկոս Հ. Մանանդյանի ծննդյան 75-ամյակը, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 12, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, 1948, 71-78։
- Ակադեմիկոս Հ. Մանանդյանի հիշատակի հավերժացումը, Լրաբեր հասարակական գիտությունների, 5, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1970, էջ 114։
- Աճառյան Հր․, Կյանքիս Հուշերից, Միտք հրատ․, Երևան, 1967,
- Այվազյան Հ․, Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան, Հայկական հանրագիտարան. հրատ․, Երևան, 2020,
- Բաբաբյան Լ․, Հակոբյան Վ․, Հակոբ Մանանդյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1974։
- Բաբայան Լ․, Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմա-բանասիրական հանդես, 3, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա, 1973, 15-26,
- Գյուրջինյան Դ․, Հակոբ Մանանդյան, Երկեր, հատոր Է, Բանասիրական ուսումնասիրություններ,Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010, Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԶ, Բ, Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Էջմիածին, 2010, 151-153,
- Հակոբյան Վ․, Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Լրաբեր հասարակական գիտությունների, 11, 1973, 12-20,
- Հակոբյան Վ․, Գիտական նստաշրջան՝ նվիրված Հակոբ Մանանդյանի ծննդյան 100-ամյակին, Պատմա-բանասիրական հանդես, 4, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա, 1973, 228-229։
- Հակոբյան Վ․, Համալսարանի առաջին ռեկտորը, Բանբեր Երևանի համալսարանի, հ․ 3, Համալսարանի հրատարակչություն, Երևան, 1970, 60-74։
- Հովհաննիսյան Ա․, Հուշեր ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի մասին, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, համար 1, ՀՍՍՌ ԳԱ հրատ․, 1964, 89-92,
- Հովհաննիսյան Հ․, Հ․Մանանդյանի և Գ․Խալաթյանի նամակագրությունից, Բանբեր Հայաստանի արխիվների, 3(43), Երևան, 1975, 101-104։
- Ժամանակակիցները Հակոբ Մանանդյանի մասին / Կազմ.՝ Պ.Հ. Հովհաննիսյան; ԵՊՀ, 2010
- Հովհաննիսյան Պ․, Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի նամականիից, Լրաբեր հասարակական գիտությունների, 8, 8, Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիա, Երևան, 1989, 80-88։
- Հովհաննիսյան Պ․, Հակոբ Մանանդյան (Կենսամատենագիտություն), Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1981։
- Հովհաննիսյան Պ․, Հակոբ Մանանդյանը Գևորգյան ճեմարանում, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Կ,Է-Ը, Էջմիածին, 2004, 142-153,
- Մաղալյան Վ․, Ականավոր պատմաբանը ժամանակակիցների հուշերում, Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԿԶ, Թ, Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, Էջմիածին, 2010, 142-
- Մանանդյան Ա․, Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի մահվան հնգամյա տարելիցի առթիվ (Հիշողություններ), Էջմիածին։ Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ԺԴ, 2-3, Էջմիածին, 1957,
- Մանանդյան Հ․, Գրախոսություն․ Ալեքսանդր Աննինսկի։ Հայոց հին պատմիչները որպես պատմության աղբյուր. Օդեսսա, 1899, Արարատ, ԼԳ, Բ, Ի Սուրբ Էջմիածին, Էջմիածին, 1900, 85-86։
- Մանանդյան Հ․, Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պեվտինգերյան քարտեզի, Գիտհրատի տպարան, Երևան, 1936,
- Մանանդյան Հ․, Տիգրան Բ և Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչություն, Երևան, 1940։
- Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատ․ Ա, Հայպետ Հրատարակչություն, Երևան, 1945,
- Մինասյան Է․, Երևանի պետական համալսարանը հիմնադրման պատմությունից, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու, 2 (22), Լիմուշ հրատարակչություն, Երևան, 2019, 86-100,
- Սարգսյան Գ․, Հակոբ Համազասպի Մանանդյան, Պատմա-բանասիրական հանդես, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, 2, 1960, 90-101,
- Վրացյան Ս․, Կյանքի ուղիներով․ դեպքեր, դեմքեր, ապրումներ, հատ․ Բ, Մշակ տպարան, Բեյրութ, 1960։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանանդյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մանանդյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 212)։ |
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Манандян Яков Амазаспович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հակոբ Մանանդյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.