Արքա Լիր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Լիր արքա» (կամ «Արքա Լիր», անգլ.՝ King Lear), Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություն հինգ գործողությամբ։ Առաջնախաղը կայացել է 1605 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1608 թվականին։ 1623 թվականին Շեքսպիրի ֆոլիոյում հրատարակված տարբերակը զգալիորեն տարբերվում է նախորդ հրատարակությունից։ Ողբերգության ստեղծման համար Շեքսպիրն օգտագործել է բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում Հոլինշեդի «Տարեգրություններ»ը և Սիդնիի «Արկադիա» վեպը։
Արքա Լիր անգլ.՝ The Tragedy of King Lear[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Ձև | պիես[2] |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1606 |
Առաջին ներկայացում | 1606 |
Առաջին ներկայացման վայր | Palace of Whitehall? |
Կերպարներ | Lear?, Goneril?, Regan?, Cordelia? և Edmund? |
Հրատարակվել է | 1608 |
Վիքիքաղվածք | Արքա Լիր |
![]() |
Համարվում է անգլիացի գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։
Ողբերգությունը հայերեն է թարգմանվել Ստեփան Մալխասյանի, Հովհաննես Մասեհյանի, Խաչիկ Դաշտենցի և Արամ Թոփչյանի կողմից։
Սյուժե
խմբագրելԱռաջին արարված
խմբագրելԲրիտանիայի ծերացած Լիր արքան որոշում է հրաժարվել իր գահից և թագավորությունը բաժանել իր երեք դստրերի՝ Գոներիլի, Ռեգանի և Կորդելիայի միջև։ Խոստանում է թագավորության մեծագույն բաժինը տալ նրան, ով իրեն ամենաշատն է սիրում։ Գոներիլը և Ռեգանը շողոմ խոսքերով գոհացնում են Լիրին և ստանում երկրի իրենց բաժինները, իսկ Կորդելիան, Լիրի կրտսեր և ամենասիրելի դուստրը, անկեղծաբար ասում է, որ սիրում է հորն ըստ իրենց ընտանեկան կապի, ոչ ավելի, ոչ պակաս, և որ իր սիրո կեսը կպահի իր հետագա ամուսնու համար։ Զայրացած Կորդելիայի խոսքերից, Լիրը նրան ոչինչ չի տալիս և ամբողջ թագավորությունը բաժանում է Գոներիլի և Ռեգանի միջև։ Քենթի կոմսը թագավորին հորդորում է վերանայել իր անարդար վարմունքը, ինչի համար Լիրը նրան արտաքսում է երկրից։ Չնայած որ Կորդելիան զրկվել է իր ժառանգությունից, Ֆրանսիայի թագավորը, տպավորված արքայադստեր ազնվությունից, որոշում է ամուսնանալ նրա հետ։
Լիրը հայտարարում է, որ կապրի Գոներիլի և Ռեգանի և սրանց ամուսինների՝ Ալբանիի և Քորնվալի դքսերի հետ, իրեն վերապահելով հարյուր ասպետից կազմված շքախումբ պահելու իրավունքը։ Կորդելիան հեռանում է Ֆրանսիայի թագավորի հետ, իսկ Գոներիլն ու Ռեգանը մեկուսի խոսում են և բացահայտում իրենց սիրո խոսքերի կեղծավորությունը։
Միևնույն ժամանակ Գլոստերի կոմսի ապորինի զավակը՝ Էդմոնդը, դավադրում է իր ավագ եղբայր Էդգարի դեմ։ Շինծու նամակով համոզում է Գլոստերին, որ Էդգարը պատրաստվում է հոր կալվածքները զավթել։ Կերպարանափոխված Քենթի կոմսը վերադառնում է և դառնում Լիրի ծառան։ Գոներիլի և Ալբանիի դքսի տանը Լիրը և Քենթը վիճում են Գոներիլի ծառա Օսվալդի հետ։ Լիրը տեսնում է, որ Գոներիլը նրան այլևս չի հարգում։ Վերջինս Լիրին հրամայում է կրճատել իրեն ուղեկցող անկարգ ասպետների թիվը։ Լիրը զայրացած մեկնում է դեպի Ռեգանի տունը։ Լիրի ծաղրածուն նրան նախատում է թագավորությունից հրաժարվելու համար և ասում, որ Ռեգանը նրան ավելի լավ վերաբերմունք ցույց չի տալու։
Երկրորդ արարված
խմբագրելԷդմոնդը իմանում է, որ հավանական է, որ պատերազմ կսկսվի Ալբանիի եւ Քորնվալի միջև, և որ Ռեգանն ու Քորնվալը այդ երեկո ժամանելու են Գլոստերի տուն: Էդմոնդը ձևացնում է, թե Էդգարը հարձակվել է իր վրա։ Գլոստերը խաբվում է և Էդգարին զրկում է ժառանգությունից և հանցագործ հռչակում։
Քենթը Լիրից ուղերձ է բերում Ռեգանին, Գլոստերի տանը կրկին հանդիպում է Օսվալդին և կռվում նրա հետ։ Որպես պատիժ Քենթի ոտքերը դնում են կոճղերի մեջ: Լիրը ժամանում է և առարկում իր ծառայի պատժվելու մասին, սակայն Ռեգանը նույնքան անհարգալից է հոր նկատմամբ, որքան Գոներիլը: Լիրը վրդովված է, բայց անկարող է որևէ բան անել։ Լիրը տրվում է իր զայրույթին և փոթորկի տակ հեռանում է, անիծելով իր ապերախտ դստրերին։
Երրորդ արարված
խմբագրելՔենթը հետևում է Լիրին և պաշտպանում նրան: Գլոստերը բողոքում է Լիրին ցուցաբերված վերաբերմունքի մասին։ Լիրի հարյուր ասպետներից կազմված շքախումբը լուծարվել է, նրան ուղեկցում են միայն ծաղրածուն ու Քենթը: Լիրը մի խրճիթում հանդիպում է Էդգարին, որը աղքատ խելագարի կերպարանք է ընդունել։ Քենթը պատմում է մի մարդու, որ ֆրանսիական բանակը վայրէջք է կատարել Բրիտանիա, որպեսզի Լիրին վերականգնի իր պաշտոնում։ Քենթը ուղերձ է հղում Կորդելիային:
Այդ ընթացքում Էդմոնդը իմանում է, որ Գլոստերը տեղյակ է Ֆրանսիայի մոտալուտ ներխուժման մասին և մատնում է իր հորը։ Էդմոնդը և Գոներիլը հեռանում են։ Գլոստերը ձերբակալվում է, և Ռեգանը և Քորնվալը նրա աչքերն են հանում։ Մի ծառա, վրդովված այդ դաժան պատժից, մահացու վերք է հասցնում Քորնվալին։ Ռեգանը սպանում է ծառային և հայտնում Գլոստերին, որ Էդմոնդն է նրան մատնել։ Կուրացած Գլոստերին դուրս են նետում, որ թափառի դաշտերում։
Չորրորդ արարված
խմբագրելԷդգարը, դեռևս խելագար ձևանալով, հանդիպում է կուրացած հորը։ Գլոստերը, չճանաչելով Էդգարի ձայնը, աղաչում է նրան, որ իրեն տանի Դովերի մի ժայռի մոտ, որպեսզի ժայռից նետվի։ Գոներիլը Էդմոնդին ավելի գրավիչ է գտնում, քան իր ազնիվ ամուսին Ալբանիին, որին ինքը վախկոտ է համարում: Ալբանին, որը զզվում է Լիրին և Գլոստերին ցուցաբերված վարմունքից, նախատում է իր կնոջը։ Գոներիլը Էդմոնդին հետ է ուղարկում Ռեգանի մոտ։ Քորնվալի մահվան լուրը ստանալուց հետո Գոներիլը վախենում է, որ իր նոր այրիացած քույրը կարող է ամուսնանալ Էդմոնդի հետ, և վերջինիս նամակ է ուղարկում Օսվալդի միջոցով:
Քենթը Լիրին տանում է դեպի ֆրանսիական բանակ, որը ղեկավարում է Կորդելիան։ Բայց Լիրը կիսախելագար է և խիստ ամոթահար իր հիմար արարքներից: Ռեգանի և Ալբանիի ուժերը միավորվում են ֆրանսիացիների դեմ։ Գոներիլի կասկածները Ռեգանի նպատակների վերաբերյալ հաստատվում են, իսկ Ռեգանը կռահում է քրոջ նամակի իմաստը և հայտարարում Օսվալդին, որ ինքն է ավելի հարմար կին Էդմոնդի համար։ Էդգարը ձևացնում է, թե Գլոստերին տանում է դեպի ժայռ, հետո փոխում է ձայնը և ասում Գլոստերին, որ նա նետվել է ժայռից և հրաշքով փրկվել: Լիրը կարծես թե ամբողջովին խելագարված է: Նա կրկնում է, թե ամբողջ աշխարհը չարացած է և փախչում է: Ռեգանի հրամանով Օսվալդը փորձում է սպանել Գլոստերին, սակայն ինքն է սպանվում Էդգարի կողմից։ Օսվալդի գրպանում Էդգարը գտնում է Գոներիլի նամակը, որում նա խրախուսում է Էդմոնդին սպանել Ալբանիին և իրեն կնության առնել։ Քենթն ու Կորդելիան գտնում են Լիրին, որի խելագարությունն արագ անցնում է։
Հինգերորդ արարված
խմբագրելԷդմոնդը ծրագրում է Ալբանիի, Լիրի և Կորդելիայի սպանությունները։ Էդգարը Գոներիլի նամակը տալիս է Ալբանիին։ Մարտում բրիտանացիները հաղթում են ֆրանսիացիներին, գերեվարվում են Լիրը և Կորդելիան։ Էդմոնդը Լիրին և Կորդելիային բանտ է ուղարկում և մի զինվորի հրամայում նրանց սպանել։
Ալբանին բացահայտում է Էդմոնդի և Գոներիլի դավադրությունը և Էդմոնդին դավաճան է կոչում։ Ռեգանը, որին թունավորել է Գոներիլը, վատանում է և քիչ ժամանակ անց (բեմից դուրս) մեռնում։ Էդմոնդը մենամարտով դատ է պահանջում։ Հայտնվում է դիմակավոր Էդգարը, որը Էդմոնդին մենամարտի է հրավիրում։ Էդմոնդը մահացու վերք է ստանում, բայց միանգամից չի մահանում։ Ալբանին մեղադրում է Գոներիլին, որը հեռանում է։ Էդգար բացահայտում է իրեն և ասում, որ Գլոստերը հրճվանքից մահացավ, երբ իմացավ, որ իր որդին ողջ է։
Գոներիլը ինքնասպան է լինում։ Հակառակ իր բնավորության՝ մահացող Էդմոնդը փորձում է խնայել Լիրի և Կորդելիայի կյանքերը, բայց արդեն ուշ է։ Լիրին գտնում են Կորդելիայի դիակը գրկած։ Հայտնվում է Քենթը, և Լիրն այժմ ճանաչում է նրան: Ալբանին Լիրին հորդորում է վերադառնալ իր գահին, բայց Լիրը չի կարողանում դիմանալ իր վշտին և մահանում է: Այնուհետև Ալբանին խնդրում է Քենթին և Էդգարին ստանձնել թագավորությունը: Քենթը հրաժարվում է՝ բացատրելով, որ պետք է հետևի իր տիրակալին:
Հայերեն հրատարակություններ
խմբագրել- Արքա Լիր։ Ողբերգություն հինգ արարուածով /Վ. Շեքսպիր; Թարգմ.՝ Յ. Մասէհեան, Երևան։ Պետհրատ, 1938.
- Լիր արքա։ Ողբերգություն հինգ արարվածով /Վ. Շեքսպիր; Թարգմ.՝ Խ. Դաշտենց; Խմբ.՝ Գ. Քեշիշյան, Երևան։ Հայպետհրատ, 1961.
- Լիր Արքա։ Ողբերգութիւն հինգ արարուածով /Վ. Շեքսպիր; Անգլ. թարգմ.՝ Խ. Դաշտենց; Խմբ.՝ Վ. Հ. Բաբայան; Նկ.՝ Ալ. Գրիգորյան, Երևան։ Հայաստան, 1970.
- Արքա Լիր /Շեքսպիր; Թարգմ.՝ Հ. Խան-Մասեհյան; Ստեղծագործ. խմբ.՝ Ե. Չարենցի; Առաջաբ.՝ Հ. Բախչինյան; Ե. Չարենցի անվ. գրականութ. և արվեստի թանգ.; ՀՀ ԳԱԱ Արվեստի ին-տ., Երևան։ ՀԳՄ հրատ., 2007.
- Լիր արքա/ Վ. Շեքսպիր; Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, Զանգակ, 2015.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքա Լիր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքա Լիր» հոդվածին։ |