Բացել գլխավոր ցանկը

Դանիել Ղազարյան

հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, խմբավար, երգիչ և մանկավարժ

Դանիել Ավագի Ղազարյան, (1883, մայիսի 5, Շուշի - 1958, դեկտեմբերի 14, Երևան), հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, խմբավար, երգիչ և մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1944), արվեստի վաստակավոր գործիչ (1945

Դանիել Ղազարյան
Daniel Ghazaryan.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է1883, մայիսի 5, Շուշի
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1958, դեկտեմբերի 14, Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
երգահան
խմբավար
մանկավարժ
երգիչ
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
ՊարգևներԼենինի շքանշան և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Դանիել Ղազարյանը  ծնվել է 1883 թվականի մայիսի 5-ին , Շուշիում: Հայրը՝ Ավագը, երգ-երաժշտության ուսուցիչ էր Շուշվա թեմական դպրոցում, կրթությունը ստացել էր Շուշիի ծխական և թեմական դպրոցներում, որտեղ և սովորել էր հայկական նոտագրություն: Մայրը` Մանուշակը, ուներ լավ ձայն և հարմոն էր նվագում: Երաժշտությունը սիրված էր և միշտ հնչում էր Ղազարյանների տանը: Ուշագրավ է այն փաստը, որ Ղազարյանների բազմանդամ ընտանիքում երգում և նվագում էին բոլորը, բայց ամենավառ ձևով երաժշտական ունակությունները արտահայտվում էին փոքրիկ Դանիելի մոտ: Փոքր հասակից նա հետաքրքրվում էր երաժշտական գործիքներով: 7 տարեկանում արդեն նվագում էր սրինգ, ավելի ուշ ջութակ և թառ: Շուտով երաժշտության սիրահար Ավագը, տեսնելով որդու հրաշալի ձայնն ու երաժշտական ձիրքը, որոշում է, որ որդին պիտի քահանա դառնա: 7 տարեկանում Դանիելը ընդունվում է Շուշիի թեմական դպրոց, որտեղ երգ-երաժշտության դասավանդումը գտնվում էր բարձր մակարդակի վրա, իսկ դպրոցի երգեցիկ խումբը հաճախ էր համերգներով հանդես գալիս` կատարելով ժողովրդական և հայրենասիրական երգեր: Թեմական դպրոցում Դանիելը սովորում է կրոն, հոգևոր երգեր և շարականներ:

1892 թվականին Շուշվա Մարիամյան և թեմական դպրոցներում որպես երաժշտության դասատու աշխատանքի է հրավիրվում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտ, քսանամյա Ստեփան Դեմուրյանը: Կարճ ժամանակ անց նա դառնում է Շուշվա աշակերտության ամենասիրելի ուսուցիչը: «Շատերը սիրեցին նրան ու նրա առարկան, - հետագայում իր ուսուցչի մասին կգրի  նրա երախտապարտ ու արժանավոր սանը` Դանիել Ղազարյանը, - Եվ եթե թեմական դպրոցը տվեց բազմաթիվ գրագետ երաժշտասերներ, որոնք շնորհակալ գործունեություն ծավալեցին Արցախում և այլուր, ապա դրա համար նախ և առաջ պարտական ենք Ստեփան Դեմուրյանին»: Ստեփան Դեմուրյանի հետ հանդիպումը բախտորոշ է դառնում Դանիելի համար: Ահա այստեղ էլ վճռվում է երաժիշտ դառնալու նրա ճակատագիրը: Եվ պատահական չէ, որ հետագայում նա, հետևելով իր ուսուցչի` Դեմուրյանի օրինակին, պիտի երգեցիկ խմբեր կազմեր ու համերգներով հանդես գար տարբեր հայաշատ քաղաքներում: Դպրոցական տարիներին Դանիելը ակտիվորեն մասնակցում է Ստեփան Դեմուրյանի կազմակերպած քառաձայն երգեցիկ խմբին, որը տոն օրերին երգում էր ճարտարապետական նշանավոր կոթողի` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում (Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար), իսկ սովորական կիրակիների պատարագներին Դանիելն իր հրաշալի ձայնով կատարում էր սոլոներ և հաճախակի ելույթ ունենում դպրոցական տարբեր հանդեսներում:

 
Դանիել Ղազարյանը մի խումբ աշակերտների հետ, Կաղզվան, 1914 թ.
 
Դանիել Ղազարյանի կողմից Բաթումի երաժշտական ստուդիայի կազմավորում, 1922թ.

Շուտով Դանիելը հարկադրված ընդհատում է ուսումնառությունը և բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու նպատակով զբաղվում կոշկակարությամբ` օգնելով հորն ու ավագ եղբորը: Շուրջ վեց տարի տևած արհեստավորի գործունեության ընթացքում շնորհաշատ պատանին շարունակում է համագործակցել Ստեփան Դեմուրյանի հետ, երգում նրա ղեկավարած երգեցիկ խմբում, մեներգում հանդեսներին ու համերգներին: Վեցամյա ընդհատված կրթությունից հետո Ստեփան Դեմուրյանի և Գրիգոր Սյունիի խորհրդով Դանիելը 1907 ովականին հեռանում է Շուշիից և երաժշտական կրթություն ստանալու նպատակով մեկնում Բաքու: Ընդունվում է Բաքվի երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, զուգահեռաբար հաճախում Բաքվի բանվորական գիշերային ինստիտուտի ռուսական և օտար լեզուների ֆակուլտետները` ցուցաբերելով բարձր առաջադիմություն: Ղազարյանն այստեղ կազմակերպում է իր անդրանիկ երգեցիկ խումբը` բաղկացած բանվորներից և ելույթներ կազմակերպում Բաքվում, Բալախանում և այլուր: Ուսումնական տարին ավարտելուն պես Ղազարյանը վերադառնում է հայրենի Շուշի և իր ընկերների հետ մասնակցում այստեղ կազմակերպվող երաժշտական միջոցառումներին: 1908-ի աշնանը նա մեկնում է Թիֆլիս, որտեղ էլ սկիզբ է առնում նրա երաժշտական բեղուն գործունեությունը: Այստեղ նա ստանում է իր երաժշտական բարձրագույն մասնագիտական կրթությունը` ուսանելով կոնսերվատորիայի վոկալ բաժնում, ակտիվ համագործակցում Ռոմանոս Մելիքյանի և Ազատ Մանուկյանի հետ` «Երաժշտական լիգայի» կայացման գործում: Միաժամանակ Ղազարյանը 1908 թվականից երգեցիկ խմբեր է ստեղծում Նուխիում և Շուշիում, իսկ Գանձակում կազմավորում է ժողովրդական գործիքների նվագախոիմբ: Մեկ տարի անց՝ Ալեքսանդրոպոլում, հերթական երգեցիկ խումբը կազմավորելու գործունեության ընթացքում, Դանիելը հանդիպում է Կատարինեին, որի հետ երկու տարի անց ամուսնանում է:

1911 թվականին Ղազարյանը հրավիրվում է Կաղզվան, որտեղ երգ-երաժշտության դպրոցում կազմակերպում է քառաձայն երգեցիկ խումբ, ծավալում համերգային գործունեություն[1][2]: Այնուհետև իր գործունեությունը շարունակում է Նոր-Բայազեթում, Վլադիկավկազում (1918 թվական), որտեղ նույպես կազմում է երգեցիկ խմբեր, կազմակերպում համերգներ, ինչպես նաև հիմնում տեղի առաջին լարային նվագախումբը:

Դանիել Ղազարյանի հետագա գործունեությունը նպատակ ուներ Կովկասի տարբեր գյուղերում և քաղաքներում զարգացնելու դպրոցականների երաժշտական-գեղագիտական դաստիարակությունը, տարածելու հայ երգը, օգնելու երգչախմբային արվեստի զարգացման գործընթացին: Հենց այդ նպատակով 1922 թվականին նա մեկնում է Բաթումի և արդյունավետ գործունեության արդյունքում իրականացնում է Աջարիայի լուսավորության ժողովրդական կոմիսարիատի երաժշտական ստուդիա հիմնելու նախաձեռնությունը[3]: Մեկ տարի անց ստուդիան վերածվում է ժողովրդական կոնսերվատորիայի: Ուսումնական տարին ավարտելուց հետո Դ. Ղազարյանը մեկնում է Լենինական և հաղթահարելով բոլոր դժվարությունները 1924 թվականին այստեղ բացում է առաջին երաժշտական ստուդիան[4], որը հետագայում խոշոր դեր է կատարում հանրապետության երաժշտական կադրերի պատրաստման գործում[5]: Հենց այստեղ էլ դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվում են Ղազարյանի մանկական օպերաները՝ «Հաղթված բազեն», «Գայլը», «Գիքորը»[6]: Լենինականում նա աշխատում է մինչև 1933 թվականը, այս տարիներին Ղազարյանը ստանձնում է նաև դպրոցների և մանկավարժական ուսումնարանի երգ-երաժշտության դասերի կազմակերպումը, ինչը մեծ դեր է ունենում Լենինականի երաժշտական կյանքի զարգացման գործում[7]: Ամառային արձակուրդների ժամանակ Ղազարյանը ակտիվորեն գործում է Կովկասի հայաշատ վայրերում: Համերգներ կազմակերպելու նպատակով նա մեկնում է Արմավիր (1928 թվական), Նախիջևան (1928 թվական), Կրասնոդար (1929 թվական), Ռոստով (1929 թվական), Խարկով (1930 թվական), Նովոռոսիյսկ (1930 թվական)[8] և այլ քաղաքներ: Քառաձայն երգչախմբերից բացի, կազմակերպում է մանկական երգչախմբեր, օպերային ներկայացումներ, համերգներ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այն վայրերում, որտեղ եղել է Ղազարյանը, նրա վերադարձից հետո երգեցիկ խմբերը շարունակել են գործել:

 
Դանիել Ղազարյանի «Հաղթված բազեն» օպերայի բեմականացումը, Երևան, 1937 թ.

Հյուսիսային Կովկասում ունեցած հաջողություններից ոգեշնչված Ղազարյանը համարձակ քայլ է կատարում՝ իր ստեղծագործությունները ցուցադրելու նպատակով մեկնում է Մոսկվա և Լենինգրադ (1929 թվական)[9]: Համերգները հաջողությամբ տեղի են ունենում Մոսկվայում՝ Կոմիսարժեվսկայայի անվան թատրոնում, իսկ Լենինգրադում՝ կամերային երաժշտության ընկերության դահլիճում: Հատկապես մեծ ընդունելության են արժանանում Դ.Ղազարյանի «Ուռենին», «Լանջեր մարջան», «Քույր իմ նազելի», «Անուշ գարուն» և մի շարք երգեր, որոնք բնորոշում են նրա ստեղծագործական դեմքը: Վերադառնալով Լենինական, Դանիել Ղազարյանը ստանձնում է երաժշտական դպրոցի ուսումնական մասի վարիչի պարտականությոնը և աշխատում մինչև 1933 թվականը[10], հետո տեղափոխվում Երևան և շարունակում ստեղծագործական մանկավարժական-հասարակական գործունեությունը: Երևանում Ղազարյանը աշխատում է տարբեր դպրոցներում, ռուսական մանկավարժական ուսումնարանում, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1933 թվականին Պիոներների պալատում Ղազարյանի ջանքերի շնորհիվ իր գործունեությունն է վերսկսում Երևանի մանկական օպերան[11], որտեղ մինչև 1939 թվականը բեմադրվում են Դ. Ղազարյանի «Հաղթված բազեն», «Գայլը»[12], Ս. Մուրադյանի «Շունն ու կատուն», Վահան Ումր-Շատի «Ուլիկները», Ա. Մայիլյանի «Տիկնիկ-զիզիկը», Ա. Մանուկյանի «Չարի վերջը» և մանկական այլ օպերաներ: Հիմնադրել և ղեկավարել է Երևանի Կարմիր բանակի տան երաժշտական ստուդիան և երկար տարիներ՝ քաղժողկրթբաժնի երաժշտական մեթոդական կաբինետը: Իր փորձառությամբ և հեղինակությամբ նա աշխատել է բարձր հիմքերի վրա դնել երգ-երաժշտության գործը դպրոցներում՝ այդ նպատակով ստեղծելով արտադպրոցական և դպրոցական երգեցիկ խմբերի ղեկավարներին ուղղված մեթոդական ձեռնարկ (1949 թվական)[13]: Ղազարյանի շնորհակալ աշխատանքներից մեկն էլ կույրերի քառաձայն երգեցիկ խմբի և նվագախմբի կազմակերպումն էր: Երգչախմբային ինքնագործ արվեստի զարգացման գործում Ղազարյանի բեղմնավոր աշխատանքի արդյունքներից էր Երևանի ուսուցիչների տան քառաձայն կապելլայի կազմակերպման նախաձեռնությունը[14]: Խումբը մեծ հաջողությամբ ներկայանում է 1945 թվականին Մոկսվայում՝ ինքնագործ երգչախմբերի Համամիութենական օլիմպիադայում[15]: Երգեցիկ խումբը հանդես է գալիս Մոկվայի տարբեր բեմերում, որից հետո համերգներով շրջում է Հայաստանի տարբեր շրջաններով:

 
Դանիել Ղազարյանի հուշատախտակը Երևանում
 
Ամենայն Հայոց Կաթողիկոս Չորեքչյանը ճեմարանի դասախոսական կազմի հետ, 1946 թ.

Երաժշտագետ Սամսոն Գասպարյանը գրել է. «Մեր երաժշտագետների շարքում Դ.Ղազարյանը բեղմնավոր կոմպոզիտորներից մեկն է, որի ստեղծագործությունների զգալի մասն իր մատչելիությամբ, ժողովրդական կոլորիտի ջերմությամբ մասսաների սեփականությունն է դարձել և երգվում է Խորհրդային Միության բոլոր հայաշատ վայրերում»[16]: Անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը բարձր գնահատական է տվել Դ.Ղազարյանի երգային սետղծագործություններին, նշելով նրանց յուրահատուկ մեղեդիականությունը, ջերմությունը, հուզականություը, մասսայականությունը[17]: Դ.Ղազարյանը իր ստեղծագործական գործունեության շրջանում մեծ թվով մանկական, դպրոցական երգերից, մանկական օպերաներից, երաժշտական պատկերներից բացի, գրել է ռոմանսների և երգերի շարք, որոնք հագեցված են ժողովրդական, գուսանական և քաղաքատիպ երգերին բնորոշ տարրերով, բայց իրեն հատուկ ստեղծագործական ոճով: Դանիել Ղազարյանի ստեղծագործական ժառանգության մեջ մեծ թիվ են կազմում նրա մասսայական-կենցաղային երգերի շարքը, Հայրենական պատերազմի շրջանում գրված երգերը, ժողովրդական, գուսանական երգերի մշակումները, խմբերգերը: Իր գործունեության ընթացքում կազմել է շուրջ 250 երգեցիկ խումբ և տվել ավելի քան 1000 համերգ մոտ 40 քաղաքներում:

Դանիել Ղազարյանի անունով են կոչվում Շուշիի և Արթիկի երաժշտական դպրոցները:

ՊարգևներԽմբագրել

  • Լենինի շքանշան, 1949
  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 1944
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1945

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Քառաձայն խումբը Կաղզվանում»։ Մշակ։ 73, ապրիլի 10, 1912 
  2. «Գավառական թատրոն»։ Մշակ։ 85, 1912, էջ 3-5 
  3. «Народная музыкальная студия»։ Трудовой Батум։ 25 июля 1923 
  4. «Լենինականի երաժշտակա ստուդիայի մասին»։ Խորհրդային Հայաստան։ N192, 23 օգոստոսի 1927 
  5. «Լենինականի յերաժշտական ստուդիան»։ Բանվորի հավելված։ 21 հունվարի, 1931 
  6. «Մանկական օպերա և համերգ»։ Շիրակի ռանչպար։ 23 հուլիսի, 1922 
  7. «Երաժշտություն մանուկներին»։ Խորհրդային Հայաստան։ 23 հուլիսի, 1922 
  8. «Вечер новой армянской музыки»։ Пролетарий черноморья։ N38, 15 февраля 1930 
  9. «Армянский композитор Даниил Казарян в Москве»։ Вечерняя Москва։ 1 июля, 1929 
  10. «Լենինականի մանկական օպերայի թատրոնը»։ Բանվոր։ N 26, 2 Փետրվարի 
  11. «Детская опера»։ Коммунист։ N18, 12 марта, 1934 
  12. «Детская опера «Волк»»։ Сталинец։ N19 (122), 12 февраля, 1939 
  13. Ղազարյան Դանիել (1949)։ «Երաժշտական տարրական գիտելիքներ»։ Ձեռնարկ 
  14. Сардарян Ерванд (15 августа 1945)։ «Самодеятельная капелла учителей Армении»։ Учительская газета 
  15. Демьянов Николай (7 сентября 1945)։ «Праздник народного искусства»։ Труд 
  16. Գասպարյան Սամսոն (18 սեպտեմբերի 1934)։ «Դանիել Ղազարյան»։ Կուլտուրական ֆրոնտ 
  17. Տոնիկյան Արտակ (1977)։ Դանիել Ղազարյան։ «Հայաստան» հրատարակչություն։ էջ 50 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։