Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն[1], պաշտոնական անունը՝ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ , Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը։ Նստավայրն է Անթիլիասը (Լիբանան)։ Գործում է աշխարհի մի շարք երկրներում՝ հիմնականում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Ամերիկայում։ Եկեղեցական կառույցները կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Կիլիկիո կաթողիկոսն է Արամ Ա. Քեշիշյանը[2]։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
պատկեր
Տեսակեպիսկոպոսական աթոռ և կաթողիկոսություն
Մասն էՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնադրման թվական1441
Երկիր Լիբանան, Անթիլիաս
ՂեկավարությունՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
ՂեկավարԱրամ Ա
ԳլխամասՍուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Կայքarmenianorthodoxchurch.org(հայ.)(անգլ.)
Քարտեզ
 Holy See of Cilicia Վիքիպահեստում

Ձևավորվել է 15-րդ դարի կեսին, երբ ամենայն հայոց կաթողիկոսությունը տեղափոխվել է Վաղարշապատ՝ Էջմիածնի մայր տաճար, իսկ Կիլիկիայի տարածքում նվիրապետական աթոռը շարունակել է գոյություն ունենալ[3]։ Հայտնի է նաև «Կաթողիկոսություն Փոքր Հայոց», «Հայրապետություն Մեծին Կիլիկիո», «Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո», «Սսի կաթողիկոսություն», «Անթիլիասի կաթողիկոսություն» անուններով[4]։

Պատմություն

խմբագրել

Հիմնադրում

խմբագրել

Հայոց առաջին պատրիարք-կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն ի սկզբանե՝ 267 թվականից եղել է Կիլիկիայում, ապա տեղափոխվել է մայրաքաղաք Վաղարշապատ 301 թվականին պաշտոնավարում մինչև 325 թվականը։ Այս շրջանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատմության մեջ հայտնի է որպես «Առաջին Սսի շրջան»։ Կիլիկիայի աթոռը ազատ էր մինչև 1058 թվականը։ Գրիգոր Լուսավորչի հիմնադրած կաթողիկոսական աթոռն առաջին անգամ սուրբ Էջմիածնից տեղափոխվեց Դվին (սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցի[5][6])` Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք (484-485)։ Դրա դրդապատճառն այն էր, որ Արշակունյաց թագավորության անկումից հետո հայոց մարզպան Վահան Մամիկոնյանը պետության քաղաքական կյանքի կենտրոն դարձրեց Դվին քաղաքը` այն հռչակելով հայոց նոր մայրաքաղաք[7]։ Դրանով սկիզբ դրվեց հայոց կաթողիկոսական աթոռի դեգերումներին, որոնք պատճառ էին հազարամյա պետականության (մ.թ.ա. 612 - մ.թ. 428) կորստին[8]։

 
Հռոմկլայի ավերակները Եփրատ գետի ափին

Մինչև Բագրատունիների կողմից պետականության վերականգնումը (885), և ընդհուպ մինչև 927 թվականը, մնաց Դվին քաղաքում։ Հայաստանի անկախության համար պատերազմի (908-922) և Վասպուրականի թագավորության հիմնադրման հետ կապված՝ կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Աղթամար կղզի (927-947), այնտեղից՝ Արգինա (947-992), ապա՝ նորակառույց մայրաքաղաք Անի (992-1058)։ Բագրատունիների թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը դուրս եկավ Մեծ Հայքի տարածքից և դեգերեց Փոքր Հայքի ու Կիլիկիայի տարբեր քաղաքներում (Սեբաստիա՝ 1058-1062, Թավբլուր 1062-1066, Ծամնդավ՝ 1066-1116, Ծովք՝ 1116-1147, Հռոմկլա՝ 1147-1293, Սիս՝ 1293-1441), որը կապված էր Եփրատ գետից արևմուտք գտնվող այս կամ այն հայկական իշխանության (Մալաթիա, Եդեսիա, Պիր, Եփրատես, Սեբաստիայի Սենեքերիմ Արծրունու, Կեսարիայի Գագիկ Բագրատունու, Գող Վասիլի, Փիլարտոս Վարաժնունու պետություններ) հիմնադրմամբ ու հզորացմամբ, իսկ տեղափոխումը՝ այդ պետության անկմամբ։ Օգտվելով այս խառնաշփոթից, Աղթամարում հիմնադրվել է ինքնուրույն կաթողիկոսություն[9], որը, վաղ միջնադարում հիմնադրված Գանձասարի կաթողիկոսության[10] հետ միասին, հաճախ հրաժարվել է ընդունել հայոց կաթողիկոսի գերագահությունը։

Սկսում է «Երկրորդ Սսի շրջանը», որի մի մասում՝ շուրջ 150 տարի՝ 1293-1441 թվականներին, Սիսը հանդիսացավ հայոց ընդհանրական կաթողիկոսական աթոռը, որի ընթացքում այն կարողացավ պահպանել Հայ եկեղեցու դարավոր ավանդույթները՝ այդ առումով նպաստելով վերջինիս ինքնուրույնությանն ու անկախացմանը։ Ի սկզբանե հայոց կաթողիկոսները Կիլիկիայի հայոց թագավորի հովանավորությամբ վերականգնում են Սսի կաթողիկոսարանը, որը տուժել էր 1268 թվականի երկրաշարժից։ 1441 թվականին որոշում ընդունվեց կաթողիկոսական աթոռը, հազարամյա դեգերումից հետո, վերադարձնել Վաղարշապատ, սակայն տեղում թողնել «Կիլիկիայի կաթողիկոսությունը», որպեսզի տեղի հայությունը կաթոլիկություն չընդունի։ Այդպիսով, 1441 թվականից սկսած Սսի աթոռը դադարեց ընդհանրական լինելուց այն բանից հետո, երբ Գրիգոր Ա Մուսաբեկյանց կաթողիկոսը հանձն չառավ տեղափոխվել Էջմիածին և շարունակեց իր գոյությունն իբրև կաթողիկոսություն «Տանն Կիլիկիոյ»։ Կարճ ժամանակ անց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում հիմնադրվեց հայոց պատրիարքություն (1461)[11]։

Ուշ միջնադարում Կիլիկիայի աթոռը հաճախ իր գերագահության ներքո էր ներկայացնում Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքությունները, աշխարհագրական սահմաններն ընդլայնելով Օսմանյան կայսրության տարածքով մեկ՝ ներառելով Հունաստանն ու Կիպրոսը[3]։ Հետագայում այս երկուսը, որպես նորաստեղծ թեմեր, 20-րդ դարում ամրագրվեցին Կիլիկիայի աթոռի ներքո։

Սսականություն

խմբագրել

Սսի կաթողիկոսարանը գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին, Կիլիկյան Հայաստանի քաղաքական իշխանությունների հետ մասնակցել է արտաքին մի շարք խնդիրների, հատկապես հայ-եգիպտական հարաբերությունների կարգավորմանը։ Կոնստանդին Դ Լամբրոնացին 1323 թվականին մեկնել է Եգիպտոս և 15-ամյա հաշտություն կնքել Նասր սուլթանի հետ, իսկ Հակոբ Բ Անավարզեցին 1337 թվականին օգնել է Լևոն Ե-ին՝ եգիպտացիների հետ հաշտություն կնքելու։ Սսի կաթողիկոսարանի միջեկեղեցական և եկեղեցաքաղաքական հարաբերություններում կարևորագույն տեղ է գրավել հայ-հռոմեական եկեղեցական միության խնդիրը։ Սսի կաթողիկոսարանի գոյության գրեթե ողջ ժամանակաշրջանն անցել է քաղաքական ծանր և աննպաստ պայմաններում, հաճախակի են դարձել եգիպտական մամլուքների և փոքրասիական թուրքմեն ցեղերի հարձակումները Կիլիկյան Հայաստանի և Սսի վրա[12]։

 
Սիս

1441 թվականից սկսած մինչև 19-րդ դարի վերջը Սիսում շարունակեցին հաջորդաբար աթոռակալել 44 կաթողիկոսներ։ Ստացվում է, որ Օսմանյան կայսրության տարածքում կար հայ առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռ՝ Կիլիկիայի և Աղթամարի կաթողիկոսություններ, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարքություններ, որոնք համախմբում էին հայության ավելի քան ութսուն տոկոսը՝ ավելի քան չորս միլիոն մարդ։ Թեև 16-րդ դարի սկզբին օսմանյան սուլթան Սուլեյման I-ը (1520-1560) գրավեց և կայսրության նահանգի վերածեց Կիլիկիան, այդուհանդերձ, 16-17-րդ դարերում Կիլիկիայի տարածքը և մասնավորապես Սսի կաթողիկոսարանը ենթարկվեցին տարբեր ցեղերի և 1598 թվականին սկիզբ առած ջալալիների ասպատակություններին։ Այդ է եղել պատճառը, որ Կիլիկիո կաթողիկոսները, սկսած Հովհաննես Բ Թլկուրանցուց (1489-1525) երկրորդ աթոռանիստ են դարձրել Հալեպը, Ադանան, իսկ երբեմն էլ մնացել թափառական[4]։

Կրոնա-քաղաքական և տնտեսական վիճակից ելք գտնելու հույսով Կիլիկիո աթոռակալներից ոմանք՝ Խաչատուր Բ Երաժիշտը (1560-1584), Ազարիա Ա Ջուղայեցին (1584-1601) և այլք դիմումներ են հղել եվրոպական երկրներին, Հռոմի պապերին՝ հայ եկեղեցու ծիսա-արարողական որոշ զիջումներ կատարելու խոստումով՝ փորձելով շահել նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Դա կապված էր Բալկանյան թերակղզու հյուսիսում Օսմանյան կայսրության պարտության հետ, երբ Ավստրիան կասեցրեց թուրքերի առաջխաղացումը, ապա նաև Վենետիկյան պատերազմների հետ, որոնցից մեկի ժամանակ իտալական նավատորմը մոտեցել էր Կիպրոս կղզուն՝ թագավորության (1192-1489) կործանումից երկար ժամանակ հետո։ Արդյունքում, Սիսը և Կոստանդնուպոլիսը դարձել են սսականության կենտրոն։ Այդ գաղափարախոսությունը որը պայքարում էր էջմիածնականության դեմ, և փորձում դավանական զիջումների գնով հասնել կաթոլիկ Եվրոպայի միջամտությամբ Հայաստանի ազատագրմանը։ Սսականությունյան գլուխները՝ Սսի կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացին և Եղիազար Ա Այնթափցին բացասական դեր են խաղացել հասարակական բախումների և խռովությունների առաջ բերման, արևմտահայ թեմերը էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը հակադրելու գործում։ Հատկապես 16-17-րդ դարերում Ամենայն հայոց և Սսի կաթողիկոսությունների միջև սկսվել են վեճեր կաթողիկոսական իրավասությունների սահմանների և եպիսկոպոսական ձեռնադրությունների վերաբերյալ, որոնք սուր բնույթ են ստացել Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու և Սսի կաթողիկոս Սիմեոն Բ Սեբաստացու (1633-1648) օրոք։ Ներսես Ա Սեբաստացու (1648-1654) ժամանակ փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտ է ստեղծվել Մայր աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության միջև, ինչն արտահայտվել է 1651 թվականի Երուսաղեմի եկեղեցական ժողովում։ Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցին Երուսաղեմի ժողովին մասնակցելու նպատակով այցելել է Հալեպ (այստեղ էր գտնվում Սսի աթոռը) և հանդիպել Ներսես Ա Սեբաստացու հետ։ Երկու հայրապետները Զատկի տոնի առթիվ մեծ շուքով ուխտի են գնացել Երուսաղեմ և ապա մասնակցել ժողովին։ 16-17-րդ դարերում իսլամադավան ցեղերի ճնշումներից պաշտպանվելու նպատակով Կիլիկիո կաթողիկոսներից ոմանք, հռոմական եկեղեցուն ծիսաարարողական որոշ զիջումներ անելու խոստումով, փորձել են շահել Հռոմի պապերի հովանավորությունն ու աջակցությունը[4]։ Կիլիկիո կաթողիկոսությունը և աթոռանիստ Սիսը դարձրել են սսականության կենտրոն (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության հետ), որը պայքարում էր էջմիածնականության դեմ։ Սսականության ղեկավարներ Սսի կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացին և Եղիազար Այնթապցին որոշակի դեր են խաղացել հասարակական բախումների և խռովություններ հրահրելու, արևմտահայ թեմերը Էջմիածնի Հայոց կաթողիկոսությանը հակադրելու գործում։ Պայքարը մեղմացել է 1680-ական թվականներին, երբ էջմիածնականները Հայոց կաթողիկոս են ընտրել Սսականության առաջնորդ Եղիազար Ա Այնթափցուն[13]։

Թուլացում

խմբագրել

Կիլիկիո կաթողիկոսության համեմատական հանգիստ վիճակը խաթարվեց 19-րդ դարի առաջին կեսին չափան-օղլու և ղոզան-օղլու ցեղերի ասպատակությունների պատճառով, որոնք երկիրը և կաթողիկոսությունը մատնեցին քայքայման։ Ղոզան-օղլու (կոզան-օղլու) ցեղերը հաստատվեցին այդ տարածքում, ուստիև Սիսը հետագայում անվանափոխվեց «Կոզան» կամ «Քոզան»։ Երբ 1865 թվականին Կիրակոս Գ-ն հրաժարվեց գահից, վեց տարի ունենալով թափուր աթոռ, 1871 թվականին Կիլիկիան առաջին անգամ ունեցավ «սահմանադրական» կաթողիկոս, այն է՝ կաթողիկոսական ընտրությունը կատարվեց արևմտահայերի Ազգային սահմանադրության դրույթներով։ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության օրոք Ազգային ժողովը Սսի կաթողիկոս ընտրեց մարաշցի Մկրտիչ Քեֆսիզյանին (1871-1894), որը կաթողիկոսը, որը վարդապետ էր ձեռնադրվել Երուսաղեմում, իսկ եպիսկոպոս` Էջմիածնում[3]։

 
Հայերի բռնագաղթը Սսից

Մկրտիչ Քեֆսիզյանի մահից հետո արևմտահայերի Ազգային ժողովը Կոստանդնուպոլսում կաթողիկոս ընտրեց Գրիգորիս արքեպիսկոպոս Ալեաթճյանին, որի ընտրությունը սակայն Օսմանյան կայսրությունը չհաստատեց, որի պատճառով էլ Սսի կաթողիկոսական աթոռը թափուր մնաց մինչև 1902 թվականը։ Այդ իրավիճակը կապված էր 1894-1896 թվականների արևմտահայերի կոտորածների հետ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սսի կաթողիկոսարանը գտնվում էր կիսակործան և աղետալի վիճակում և իրենից ներկայացնում էր թափառաշրջիկ վրանաբնակների մի լքված բնակարան։ Կաթողիկոսարանի տարածքում սսեցի հայերի խիստ ողբալի վիճակում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճարտարապետությունը, որը վնասվել էր 19-րդ դարի երկրաշարժից։

1902 թվականին կաթողիկոս է ընտրվել Սահակ Խապայանը, որի օրոք տեղի ունեցան բազմաթիվ ողբերգություններ (1909 թվականի Ադանայի կոտորած, 1915-1918 թվականների հայոց ցեղասպանություն, 1920-1921 թվականների Կիլիկիայի հայկական հանրապետության անկում և բռնագաղթ)[4]։ 1909 թվականի մարտի 31-ին ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում, որի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց Ադանա և սկսեց կոտորել հայերին։ Ապրիլի 12-ին քաղաքում հայտնվեցին կառավարական կանոնավոր զորամասեր, որի արդյունքում, սակայն, կոտորածն ավելի ահագնացավ։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30.000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դորթյոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Հայկական հոծ խմբեր տեղափոխվեցին Եվրոպա և Ամերիկա։ Զանգվածային բռնագաղթը ահագնացավ վեց տարի անց՝ հայոց ցեղասպանության տարիներին։ Ֆրանսիական բանակի կողմից Կիլիկիայի ազատագրությամբ միայն ժամանակավոր հաջողություններ գրանցվեցին, իսկ 1921-23 թվականներին Թուրքիայի վերահսկողության տակ հայտնվեցին ոչ միայն Կիլիկիան, այլև Սիրիայի կազմում գտնվող մի շարք քաղաքներ՝ Եդեսիա (Ուրֆա, Շանլըուրֆա), Սամոսատը, Մարդինը, Քիլիսը ավելի ուշ՝ Անտիոքն ու Ալեքսանդրետտան։

Արդյունքում փակվեցին Կիլիկիայի կաթողիկոսության բոլոր թեմերը բացի Հալեպից, ավարտվեց «երկրորդ Սսի շրջանը», իսկ կաթողիկոսարանը շուրջ տասնամյա դեգերումներից հետո վերջնականապես տեղափոխվեց Լիբանան՝ Անթիլիաս («անթիլիասական շրջան»)[4]։

Մշակույթ

խմբագրել

Կրթամշակութային կենտրոններ

խմբագրել
 
Սուրբ Հակոբ վանքը Հաճնում

Զարգացած միջնադարում՝ նախքան կաթողիկոսական աթոռի տեղափոխումը, Կիլիկիայի հայկական թագավորության տարիներին հիմնադրվել են դպրոցներ և գրչության կենտրոններ, որոնցից առավել նշանավոր էին Ականց անապատը, Արքայակաղնի վանքը, Այգեկը, Բարձրաբերդը, Գռները, Սկևռան, Դրազարկը, Հաճնի սուրբ Հակոբ վանքը, Քեսունի Կարմիր վանքը և այլն։ Հայտնի էին նաև Անդուլ վանքը (Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) սիրած վայրերից, որտեղ նա հանդիպում է ունեցել պատմիչ, գիտնական Վարդան Արևելցու հետ։ Ոմանք ենթադրել են, որ անունն առաջացել է «անդուլ» բառից՝ կրոնավորների անդուլ, անդադրում աղոթելու իմաստով[14]), Խաչատրո անապատը, Խորա անապատը, Մարաշից ոչ հեռու Մաշկևոր վանքը (կառուցել է Թորոս Ա Ռուբինյան իշխանը 12-րդ դարի սկզբին, իսկ դարավերջի հայտնի գրիչ և ծաղկող Վարդանից մեզ է հասել մի Ավետարան (1187) և մի Ճաշոց (1192)՝ զարդարված լուսանցազարդերով և զարդագրերով։ 13-րդ դարից հայտնի է հինգ ձեռագիր (գրված 1259, 1265, 1268, 1274 և 1298 թվականներին), Աղբերց վանքը, որի վարժարանի ուսուցիչն էր Բարսեղ վարդապետը (նրա անունով կոչվում էր Կեսարիա քաղաքի եկեղեցին, ապա նաև Նոր Կեսարիա գյուղի եկեղեցին

Ներսես Լամբրոնացու կողմից հիմնադրվել է Սսի համալսարանը[15][16], որը մեծ հռչակ է ձեռք բերել, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Հովհաննես Երզնկացին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին և ուրիշներ։ Հովհաննես Երզնկացու վկայությամբ՝ Սիսում գործում էր նաև բժշկական համալսարան, ուներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ։

Կիլիկիայի սահմաններից դուրս գործել են Կեսարիայի, Մալաթիայի, Սեբաստիայի և Կիպրոսի գրչության կենտրոնները։

 
Սսի կաթողիկոսական աթոռ

19-րդ դարի վերջին կաթողիկոս Մկրտիչ Քեֆսիզյանի օրոք Այնթապում բացվեց «Կիլիկիոյ գիշերօթիկ վարժարան», իսկ Մարաշում՝ «Ժառանգավորաց դպրոց»։ Ադանայում կար մեկ մանկապարտեզ, երեք դպրոց (Աբգարյան, Աշխենյան, Արամյան), ուր սովորում էին շուրջ 1500 աշակերտ։

Կիլիկիայի գանձեր

խմբագրել

Սսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր դրված եկեղեցու գլխավոր զարդը՝ Կիլիկիո կաթողիկոսի մարմարե գահը։ Եկեղեցու թանգարանում, որի բանալին պահվում էր Մարաշի Քերխան կաթողիկոսական ամառանոցում, գտնվում էին Գրիգոր Լուսավորչի, Սեղբեստրոսի, Նիկողայոս Սքանչելագործի և Պարսամ ճգնավորի աջերը, արծաթյա ոսկեզօծ մի տապանակ, մյուռոնի պղնձե կաթսան, որը պայսահայ Տյուզյանց տոհմի նվերն էր, ոսկեհուռ խաչերով և պատկերներով մի եմիփորոն, որը պատրաստվել էր Հալեպում 1234 թվականին և Հռոմկլայից Սիս տեղափոխվեց Հակոբ կաթողիկոսի համար, Լևոն V-ին և Կոստանդին IV-ին պատկանող երկու արծաթապատ ավետարաններ։ Եկեղեցուց հետո կաթողիկոսարանի տարածքում հետաքրքրություն էր ներկայացնում նաև «Քեօշկ»-ի նման կանգնած, գունավոր նկարներով և արևելյան ճաշակով զարդարված վեհարանը (կաթողիկոսի նախագահությամբ գումարվող թեմական ժողովների դահլիճը) և նրա հանդիսարանը։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել Կիլիկիո կաթողիկոսների դրոշները և զինանշանները, որոնք հիմնականում կազմված են եղել սուրբ Գրիգոր Լուսավորչը խորհրդանշող երկգլխանի արծվից և Կաթողիկե սուրբ Խաչի տարրերից։ Ըստ Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի կաթողիկոսարանում պահվող կաթողիկոսական հին աթոռի վրա պահպանված քանդակվազարդ զինանշանի արծվի մագիլները նման են եղել մարդու ձեռքերի, որոնցից աջով նա բռնել է ուղիղ մի գավազան, իսկ ձախ ափի մեջ դրված է եղել խաչանիշ «ոսկե խնձոր» գունդը[3]։

Կառուցվածք

խմբագրել

Պատմական թեմեր

խմբագրել

Կաթողիկսության թեմերը աշխարհագրական տեսանկյունից շատ ավելի ընդարձակ էին, քան Կիլիկիայի սահմանները։ Սկզբնական շրջանում Եփրատից դեպի արևելք ընկած տարածքները համարվել են Էջմիածնական, իսկ Եփրատից դեպի արևմուտք՝ Կիլիկիո թեմական շրջաններ։ 12-14-րդ դարերում Կիլիկիայի հայկական թագավորությունն ունեցել է հայկական 23 եկեղեցական թեմ, որոնցից 5-ը՝ արքեպիսկոպոսական. Սսի (աթոռանիստը՝ Դրազարկի վանքը), Տարսոնի (աթոռանիստը՝ Մլիճի վանքը), Լամբրոնի (աթոռանիստը՝ Սկևռայի վանքը), Անավարզայի (աթոռանիստը՝ Կաստաղոնի վանքը), Մամեստիայի, (աթոռանիստը՝ Արքայակաղնի վանքը), իսկ 18-ը՝ եպիսկոպոսական, այդ թվում՝ Ադանայի, Այասի, Բարձրաբերդի, (աթոռանիստը՝ Ակների վանքը), Կապանի (աթոռանիստը՝ Արեգնի վանքը), Ծամնդավի, Կոպիտառի, Սելևկիայի, Ընկուզուտի, Հարգանի (Հաճնի), Մոլևոնի (աթոռանիստը՝ Գռների վանքը), Մաշկևորի, Բերդուսի, Սանվելանց, Հովնանց, Փիլիպպոսյան, Մեծքարի (Կյուրին), Մաշարդի, Թիանայի, բոլորը՝ բուն Կիլիկիայի տարածքում։ 14-րդ դարում թեմերի թիվը նվազել է մինչև 20, իսկ 17-րդ դարի սկզբին Կիլիկիային էին պատկանում նաև Հալեպը, Կիպրոսը և Թեսաղոնիկեն (Սալոնիկ), իսկ թեմերի քանակը 12՝ արքեպիսկոպոսական՝ Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Հալեպ, Թեսաղոնիկե, Կիպրոս, Տարսոն, եպիսկոպոսական՝ Անարզաբա, Ադանա, Մոպսուեստիա, Թիանա, Նեոկեսարիա, Անկյուրիա (Անկարա)[3]։

Լիբանանի աթոռանիստ եկեղեցիներ
Կաթողիկոսի աթոռանիստ՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, Անթիլիաս
Լիբանանի թեմի առաջնորդանիստ՝ Սուրբ Նշան եկեղեցին, Բեյրութ

1887 թվականի դրությամբ Կիլիկիայի կաթողիկոսությանն էին ենթարկվում 17 քաղաքների (իրենց գյուղերով) 239.000 բնակչություն, որոնցից 8-ը՝ Կիլիկիայի (Սիս՝ իր գյուղերով 10.000, Ադանա (այդ թվում Մերսին, Տարսոն՝ 30.000), Հաճն՝ 24.000, Հայ լեռ (Գյավուր դաղ)՝ 12.000, Այնթապ՝ 13.000, Մարաշ՝ 13.000, Զեյթուն՝ 20.000, Ֆռնուզ՝ 12.000), ընդհանուր առմամբ՝ 134.000 մարդ, 7-ը՝ Փոքր Հայքի (Կյուրին՝ 9.000, Տարենտե՝ 3.000, Տևրիկ՝ 10.000, Մանճըլըգ՝ 16.000, Մալաթիա՝ 14.000, Ադըյաման՝ 6.000, Յոզգաթ՝ 35.000)՝ ընդհանուր առմամբ՝ 93.000, 2-ը՝ Սիրիայի (Հալեպ և Քիլիս՝ 5.000, Անտիոք, Բեյլան և Ալեքսանդրետ՝ 7.000): Այսպիսով, Կիլիկիայից դուրս են գտնվել Կեսարիայի, Էնկյուրիի (Անկարա) և Սեբաստիայի շրջանները, իսկ մինչև հայոց ցեղասպանությունը Կիլիկիո կաթողիկոսության թեմեր մնացին Յոզգաթը, Կյուրինը և Մալաթիան։

Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի՝ Կիլիկիայի կաթողիկոսությունը 1911 թվականի դրությամբ ուներ 16 եկեղեցական թեմ և թեմական հետևյալ բաժանումները[3].

Կիլիկիայի թեմերը ըստ Մաղաքիա Օրմանյանի
Հ/Հ Քաղաք և շրջակայք Թաղ եկեղեցի հայ
առաքելական
հայ
կաթողիկե
հայ
ավետարանական
հանրագումար
1 Ադանա 12 8 30.000 750 250 31.000
2 Մերսին, Տարսոն 4 3 20.000 250 150 20.400
3 Սիս 10 7 9.000 - 500 9.500
4 Հաճըն 5 8 20.000 1.000 700 21.700
5 Պայաս, Դյորթ-Յոլ 25 11 11.000 - - 11.000
6 Ալեքսանդրետ, Պեյլան 17 8 15.000 5.000 2.000 22.000
7 Մարաշ, Ալպաթ
Պազարջիկ
35 25 30.000 4000 3.500 37.500
8 Զեյթուն 18 14 20.000 500 500 21.000
9 Ֆռնուզ 6 10 7.000 - - 7.000
10 Այնթապ, Քիլիս 4 6 30.000 1.000 4.000 35.000
11 Անտիոք, Սուետիա 16 9 12.000 2.000 1.500 15.500
12 Մալաթիա 42 23 20.000 2.000 1.000 23.000
13 Յոզղաթ 46 43 40.000 - 1.000 41.000
14 Կյուրին 11 26 17.000 500 1000 18.500
15 Տևրիկ 14 19 11.000 - 300 11.300
16 Տերենտե 2 4 7.000 - - 7.000
Հանրագումար 267 224 299.000 17.000 16.400 332.400

Սահակ Բ Խապայանը (1902-1939) 1931 թվականին Բաբկեն աթոռակից Կյուլեսերյանի ընտրության ժամանակ իր բացման խոսքի մեջ նշում է, որ նախկինում Սսի կաթողիկոսությունն ուներ 13 թեմ (Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանն ուներ 40 թեմ)՝ 400,000 բնակչությամբ, իսկ 1931 թվականին այն ուներ 5 թեմ (Լիբանան, Կիպրոս, Հալեպ, Դամասկոս, Անտիոք)՝ 130,000 բնակչությամբ[3]։

 
Կիլիկիայի ամենահին՝ Հալեպի թեմի առաջնորդանիստ սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին

Անթիլիասի կաթողիկոսարան

խմբագրել

Կաթողիկոս Սահակ Բ Խապայանը, հավաքելով կաթողիկոսարանի հնություններն ու հարստությունները, փոքրաթիվ կիլիկիահայերի հետ տարագրվել է արաբական երկրներ։ 1922-1930 թվականներին Կիլիկիո կաթողիկոսությունը Երուսաղեմի հայոց պատրիարքության, հայկական մի շարք միությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին գործիչների օժանդակությամբ զգալի աշխատանք է կատարել կոտորածներից փրկված և Կիպրոսում, Սիրիայում ու Լիբանանում ապաստանած հայությանը համախմբելու, հազարավոր որբերի խնամելու, որբանոցներ ու վարժարաններ բացելու համար։ Ինը տարի Լիբանանի և Սիրիայի զանազան շրջաններ տեղափոխվելուց հետո, 1930 թվականի հուլիսին կաթողիկոսարանը հաստատվել է Անթիլիասում (Բեյրութի մոտ)։ Կիլիկիո կաթողիկոսության թեմերը վերակազմավորելու հարցով 1929 թվականի ապրիլի 30-ին, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի հանձնարարությամբ Երուսաղեմ է մեկնել հայրապետական պատվիրակ և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Թ. արքեպիսկոպոս Գուշակյանը։ Այդ ժամանակ՝ Օսմանյան կայսրության փլուզումից հետո Լիբանանի (Բեյրութ), Սիրիայի հարավի (Դամասկոս), Պաղեստինի (Յաֆֆա և Երուսաղեմ) և Կիպրոսի (Կիպրոս) հայ առաքելական եկեղեցիները գործել են Երուսաղեմի հայոց պատրիարքության ենթակայությամբ։

Հայոց ցեղասպանությունից, Կիլիկիայի հայերի վտարումից և 1923 թվականի Լոզանի պայմանագրի կնքումից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը վերջնականապես զրկվել է իր բոլոր թեմերից՝ ունենալով միայն նորաստեղծ Թուրքայից դուրս գտնվող Հալեպի թեմը։ Երուսաղեմում վերահաստատելով ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցի գերագահությունը՝ Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանը խնդրել է վերաձևակերպել թեմական կառուցվածքը։ Հետագայում Սիրիայի տարածքում Հալեպի թեմից զատ ձևավորվել է նաև Ջեզիրեի թեմը, իսկ Դամասկոսը 1956 թվականից վերադարձել է Էջմիածնի ենթակայությանը։

Ունենալով հիմնական հանգրվան և գործելու բարենպաստ պայմաններ՝ Կիլիկիո կաթողիկոսությունը հետագա տարիներին ապրել է իր ծաղկման շրջանը։ Սահակ Բ Խապայանի, աթոռակից կաթողիկոս Բաբկեն Կյուլեսերյանի ջանքերով վերակազմվել է կաթողիկոսարանը, հիմնվել տպարան, 1930 թվականին վերաբացվել դեռևս դարասկզբին Սահակ Բ Խապայանի հիմնած Դպրեվանքը, հրատարակվել (1932 թվականից) կաթողիկոսարանի «Հասկ» պաշտոնական պարբերականը և այլն։ Կաթողիկոս Պետրոս Ա Սարաճյանի (1940) ջանքերով և նվիրատվություններով ամերիկյան Նպաստամատույց ընկերությունից գնվել է Անթիլիասի կալվածքը, որը 1922-1923 թվականներին ծառայել է որպես որբանոց՝ պատսպարելով Մեծ եղեռնից փրկված ավելի քան 1400 հայ որբերի։ Նրա ջանքերով կառուցվել են նաև Դպրեվանքի նոր շենքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, ապրիլյան նահատակների հիշատակին նվիրված Սուրբ Ստեփանոս մատուռը, որտեղ զետեղվել է Դեր Զորի անապատից հավաքված՝ հայ ժողովրդի զավակների անթաղ ոսկորների մի մասը։ Հոգևոր-մշակութային կյանքի զարգացումը շարունակվել է նաև հետագայում, հատկապես Գարեգին Ա Հովսեփյանի օրոք[4]։

 
սուրբ Աստվածածին տաճար, Նիկոսիա

1952 թվականից ի վեր թափուր մնացած Կիլիկիո աթոռը սառը պատերազմի տարիներին դարձել է քաղաքական շահարկումների առարկա (մինչև նոր կաթողիկոսի ընտրությունը Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարել է կաթողիկոսական տեղապահ Խադ արքեպիսկոպոս Աջապահյանը), ինչը 1956 թվականին հանգեցրել է երկու աթոռների փոխհարաբերությունների սրմանը և ոտնձգությունների Ամենայն հայոց կաթողիկոսության ենթակա սփյուռքի թեմերի հանդեպ։ 1962 թվականին Կիլիկիո կաթողիկոսությունը ներգրավվել է էկումենյան շարժման մեջ՝ դառնալով Եկեղեցիների համաշխարային խորհրդի անդամ, դիտորդներ ուղարկել Վատիկանի 2-րդ ժողովին։ Նայրոբիի (Քենիա) համաժողովում (1975) Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Գարեգին եպսկոպոս Սարգիսյանը (1983–95 թվականին՝ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ, 1995-1999 թվականներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյան) ընտրվել է Եկեղեցիների համաշխարային խորհրդի փոխատենապետ (մինչև 1983 թվականը)։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, 1988 թվականի դեկտեմբեր 7-ի ավերիչ երկրաշարժից և հատկապես Հայաստանի անկախության հռչակումից հետո Կիլիկիո կաթողիկոսությունը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի նախաձեռնությամբ և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ի գործուն օժանդակությամբ մեծ ջանքեր է գործադրել Հայ եկեղեցու միության ու միասնության ամրապնդման գործում, Ամենայն հայոց կաթողիկոսության հետ միասին իր մասնակցությունն է բերել մայր հայրենիքի վերաշինության, պետականության ամրապնդման գործին[4]։

1991 թվականի Կանբեռայի (Ավստրալիա) համաժողովում Կիլիկիո կաթողիկոսության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ արքեպիսկոպոս Քեշիշյանը (այժմ՝ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Քեշիշյան) ընտրվել է Եկեղեցիների համաշխարային խորհրդի կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետ (վերընտրվել է 1998 թվականին)[17]։ Կիլիկիո կաթողիկոսությունը մեծ դեր է խաղացել 1974 թվականին Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի հիմնադրման աշխատանքներում։ Նա իր միջեկեղեցական հարաբերությունները շարունակում է նաև Անգլիկան եկեղեցու և ավետարանական (բողոքական) եկեղեցիների հետ։ Մասնակից է արաբական երկրների՝ հատկապես Լիբանանի և Սիրիայի անկախությանն ի նպաստ կատարվող աշխատանքներին։ Միջազգային և միջեկեղեցական բարձր մակարդակներում պաշտպանում է ճնշված ժողովուրդների դատը՝ միշտ գտնվելով արաբական երկրների կողքին։ Կաթողիկոսությունը Միջին Արևելքի երկրներում զգալի աշխատանք է կատարում իսլամ-քրիստոնյա երկխոսության զարգացման, այդ ժողովուրդների համատեղ, խաղաղ գոյակցության պայմանների ստեղծման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է նվիրում սփյուռքի, հատկապես Միջին Արևելքի երկրների հայության կյանքի ընկերային, մշակութային, հոգևոր ոլորտներին։ Կազմակերպել և առաջնորդել է սփյուռքի տարբեր գաղութներ, կառուցել նոր եկեղեցիներ, դպրոցներ, ստեղծել մշակութային ու մարզական ակումբներ։

 
Արամ Ա, Լիբանանի թեմի առաջնորդ (1978-1995), ապա՝ Կիլիկիո կաթողիկոս 1995 թվականից

Կաթողիկոսության հովանու տակ են գտնվում Լիբանանի Ջուբեյլ (Բիբլոս) քաղաքում գտնվող հայկական որբանոցը (Թռչնոց բույն[18]), Լեռնային Լիբանանում՝ Ազգային բուժարանը, Արևելյան Բեյրութում՝ Ծերանոց-կուրանոցի համալիրը, ժողովրդին հատկացված բնակարանների մի ամբողջ համալիր Ֆանարում (Բեյրութ), ինչպես նաև կրթական ու բարեգործական կենտրոններ հատկապես Լիբանանում, Սիրիայում և Հունաստանում։ Կաթողիկոսարանն ունի թանգարան, ձեռագրատուն, մատենադարան, տպարան, Զարեհյան դամբարան, որտեղ ամփոփված են Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի շրջանի կաթողիկոսները և միաբանները։ Կաթողիկոսությունն ունի միջեկեղեցական հարաբերությունների, քրիստոնեական դաստիարակության հատուկ գրասենյակներ, բազմաթիվ գրականական մրցանակներ, կրթաթոշակներ, Խաչեր Գալստյան մանկավարժական կենտրոն, կիրակնօրյա վարժարանների վարիչ-տնօրինություն և այլն։

Միություններից հայտնի է Հայաստանյայց եկեղեցու համալսարանական երիտասարդների միությունը։ Գարեգին Բ-ի օրոք վերստին կյանքի է կոչվել Գարեգին Ա Հովսեփյանի ժամանակ հիմնադրված «Հասկ հայագիտական» կրոնաբանասիրական տարեգիրքը, իսկ Մայրավանքի տպարանում լույս են տեսել հարյուրավոր աստվածաբանական, պատմական, հայագիտական գրքեր։ Կիլիկիո կաթողիկոսությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը մշակվել է 1860 թվականի Ազգային սահմանադրության սկզբունքներով։ Յուրաքանչյուր թեմ ունի իր սահմանադրությունը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը գլուխն է Ազգային ընդհանուր ժողովի, որն ընտրում է Ազգային կենտրոնական կրոնական և քաղաքական ժողովները։ Կարևոր հարցերի քննարկման համար Կիլիկիո կաթողիկոսը հրավիրում է համատեղ ժողովի նիստ[4]։

Նոր թեմեր

խմբագրել

1950-ական թվականների կեսերին կաթողիկոսությանն են անցել նոր թեմեր, որոնք էջմիածապատկան էին։ Դա կապված էր ԽՍՀՄ տարիներին մայր աթոռ սուրբ Էջմիածնի թուլացմամբ, և Վազգեն Ա կաթողիկոսի նոր ընտրությամբ։ 1957 թվականին, երբ ԱՄՆ-ի մի շարք եկեղեցիներ, որոնք պատկանել են Մայր աթոռ Սուրբ էջմիածնի իրավասության տակ գտնվող ԱՄՆ-ի հայոց արևելյան թեմին, անցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանավորության տակ։ Ի սկզբանե կառույցն ընդգրկում էր ամբողջ ԱՄՆ-ի և Կանադայի տարածքը և կոչվում էր «Հյուսիսային Ամերիկայի թեմ», սակայն 1972 թվականին առանձնացել է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմը։

 
Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Նյու Յորք

Բաժանումից հետո թեմը կոչվում էր «Հյուսիսային Ամերիկայի արևելյան նահանգների և Կանադայի թեմ», որն ընդգրկում էր ԱՄՆ-ի և Կանադայի 17 նահանգների 30 ծխական համայնքներ, սակայն Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմից 21-րդ դարում Կանադայի թեմն առանձնացել էր՝ ի հեճուկս գոյություն ունեցող Կանադայի հայոց թեմի։ Վերջինս Անթիլիասը բացատրում էր այն հանգամանքով, որ Կանադայում հաստատվել են լիբանանահայեր՝ Կիլիկիայի հոգևոր հոտի մի մասը։ Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմին է ենթարկվում նաև Կիլիկիայի միակ՝ Վենեսուելայի հոգևոր հովվությունը։

1958 թվականին Հունաստանում եղել է պառակտում, և հայ համայնքը կիսվել է երկու՝ Հունաստանի հայոց (որը ժամանակին ենթարկվում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը) և Հունաստանի թեմերի։ Անթիլիասը դա բացատրում էր այն հանգամանքով, որ միջնադարում Կիլիկիո կաթողիկոսին էին պատկանում ոչ միայն Սալոնիկի թեմը, այլև Կոստանդնուպոլսի պատրիարքությունը։ 1959 թվականին Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է ոչ միայն Հունաստանի, այլև Իրանի տարածքում գործող երեք (Ատրպատականի, Թեհրանի և Սպահանի) թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է 1965 թվականի փոփոխված կանոնագրության մեջ։

2011 թվականին հիմնադրվել է ժամանակագրորեն վերջին՝ Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմը, որը, ի տարբերություն մյուսների, ներառում է մի քանի երկիր (Քուվեյթ, Բահրեյն, Կատար, ԱՄԷ), և որոնցում առհասարակ չկան էջմիածնապատկան եկեղեցիներ։ Վերջին կրոնական կառույցը 2014 թվականին Աբու Դաբիում բացված սրբոց Նահատակաց եկեղեցին է[19]:

Այս բոլոր թեմերի ստեղծումը, որոնք գտնվում էին Սիրիայից, Լիբանանից ու Կիպրոսից դուրս, Էջմիածնի մայր աթոռը որակում է հակականոնական[20]։

Առաջնորդանիստ եկեղեցիներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. «Արամ Ա, կենսագրական». armenianorthodoxchurch.org. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ. 20 օգոստոսի, 2017 թվական.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վահագն Հարությունյան. ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐ ԹԵՄԵՐԸ XX ԴԱՐԱՍԿԶԲԻՆ (PDF). ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ. էջ 101-116.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո». «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002։.
  5. Ղաֆադարյան Կ., Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1982։
  6. Քալանթարյան Ա., Դվին, Երևան, 1986
  7. Լեո «Հայոց Պատմություն։ Միջին դարեր» երկրորդ հատոր. Երևան։ «Հայաստան» հրատարակչություն. 1967
  8. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԱԹՈՌԱՆԻՍՏ ՎԱՅՐԵՐԸ, ԱԹՈՌԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՀԱԿԱԹՈՌՆԵՐԸ Արխիվացված 2007-11-08 Wayback Machine
  9. Վարդանյան Վ. «Աղթամարի կաթողիկոսություն». «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 36-37։.
  10. Սվազյան Հ. «Աղվանից կաթողիկոսություն». «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 42-44։.
  11. «Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն». «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 183-185.
  12. «Սսի կաթողիկոսարան». «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 921-923։. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Text "https://www.armenianreligion-am.armin.am/am/Encyclopedia_ssi_katoghikosaran" ignored (օգնություն)
  13. «Եղիազար Ա Այնթափցի». «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002։.
  14. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 23, էջեր 23 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  15. Կլոդ Մութաֆյան, Էրիկ Վան Լյով // Հայաստանի պատմական ատլաս, էջ 75
  16. Սիս - Դպրոցներ
  17. «Aram I on conciliar fellowship». oikoumene.org. World Council of churches.
  18. «Հայոց ցեղասպանության որբերի թանգարան Ջբեյլում». civilnet.am. ՍիվիլՆեթ. 24 հուլիսի, 2015 թվական. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն)
  19. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Աբու Դաբիում նորակառույց առաջին հայկական եկեղեցին օծեց «սրբոց նահատակաց եկեղեցի» անունով». norjugha.ir. Ազգային առաջնորդարան Սպահանի թեմի.
  20. «Կանադայում վերջին տարիներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնված առանձին թեմը հակականոնական է». armenpress.am. Արմենպրես. 18 նոյեմբերի, 2004 թվական.

Գրականություն

խմբագրել

Արտաքին Հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 167