Կյուրին կամ Գյուրուն (դասական ուղղագրությամբ՝ Կիւրին, թուրքերեն՝ Gürün), գյուղաքաղաք Թուրքիայում (պատմական Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն, այժմ՝ Սիվասի մարզի Կյուրինի շրջանի կենտրոն), Թոհմասու (Մելաս) գետի բերրի և ծառաշատ հովտում։ XX դարի սկզբին ուներ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ։ Հայերն ունեին եկեղեցի և դպրոց։ Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակավայր
Կյուրին
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ1334 մետր
Բնակչություն18 009 մարդ (2022)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ58800
Կյուրին (Թուրքիա)##
Կյուրին (Թուրքիա)

Անվանում խմբագրել

Ոմանք Կյուրինը նույնացնում են խեթական և ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հիշատակվող Գաուրաինա (Գուրիմմի), Թեգարամա (Տեգարամա) քաղաքների հետ, որոնք էլ ոմանք կապում են աստվածաշնչյան Թորգոմի հետ[1]։

Պատմություն խմբագրել

Կյուրինը գտնվում է պատմական Փոքր Հայքում։ Կյուրինի շրջանում գտնվել են քարանձավներ, որտեղ հնագույն ժամանակներում (մոտ մ․թ․ա․ 2000 թ․) բնակվել են մարդիկ[2]։ Կյուրինը հին ժամանակներում մաս է կազմել Կապադովկիայի թագավորության, ապա կարճ ժամանակ՝ Ծոփքի թագավորության[3]։ Բյուզանդական տիրապետության տակ մաս է կազմել Արմենիակների բանակաթեմի, իսկ Օսմանյան կայսրության կազմում եղել է Սեբաստիայի վիլայեթի Կյուրինի գավառակի կենտրոն[3]։

Քաղաքը բաղկացած էր հետևյալ գլխավոր թաղամասերից. Շուղուլ, Օրեն կամ Էրան, Տարեր, Սմկընա, Չերչիկոր, Խոնավ բլուր (Յաշ թեփէ), Աշուր, Սև բլուր (Գարա Թեփե), Ֆերման մահլե, Սաղ, Քեթեն-շայըր, Խաս-բաղ, Ձախ-ձոր կամ Չախ-ձոր[4]։ Կյուրինը հայտնի էր այստեղ արտադրված մանիսա գործվածքներով և հատուկ շալերով, որոնք մեծ պահանջարկ ունեին հարևան շրջաններում։ XIX դարի երկրորդ կեսին կյուրինցիները առևտրական կապեր էին հաստատել Ալեքսանդրիայի, Կեսարիայի, Վառնայի և Տրապիզոնի հետ, ի թիվս այլ քաղաքների[3]։ Ուներ եկեղեցիներ (հայ առաքելական, ինչպես նաև կաթոլիկ և բողոքական) և դպրոց[1][3]։ Ենթարկվում էր Կիլիկիո կաթողիկոսությանը[3]։

Կյուրինի հայ բնակչությունը տարագրվել և բնաջնջվել է Մեծ եղեռնի ժամանակ, որից հետո փրկվածների մեծ մասը հայտնվել է Լիբանանում, Սիրիայում և Եգիպտոսում։ Այն տեղերից մի մասն ներգաղթեց Սովետական Հայաստան, բայց շատերն արտագաղթեցին Արգենտինա, Ֆրանսիա, Հունաստան և Միացյալ Նահանգներ հետագա տասնամյակներում[3]։

«Կյուրնո հայրենակցական միությունը» հիմնադրվել է Բոստոնում 1899 թվականին որպես ուսանողական կազմակերպություն։ Ավելի ուշ մասնաճյուղեր են բացվել Հալեպում, Աթենքում, Բեյրութում, Բուենոս Այրեսում, Լիոնում և Նյու Յորքում։ Միությունը օգնել է ցեղասպանությունից փրկված փախստականներին։ Նաև միջոցներ է հայթայթել, որպեսզի Սովետական Հայաստանում հիմնադրվի Նոր Կյուրին գյուղը։ Հայրենակցական միությունը երկու պարբերական է հրատարակել՝ «Կյուրինի հուշ» (1930-1933 թթ․) և «Կյուրինի հուշեր» (1976-1981 թթ․), ինչպես նաև գիրք՝ «Պատմագիրք Կյուրինի» (1974 թ․) վերնագրով[5]։

Անվանի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 924 — 1008 էջ։
  2. «4,000-year-old apartment complex in central Turkey awaits researchers, tourists». Daily Sabah (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Baronian, Luc Vartan. «The Former Armenian Community of Gurin». www.uqac.ca. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  4. Դադայան, Խաչատուր (2014 թ․ դեկտեմբերի 19). «Կյուրին». www.irates.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  5. Baronian, Luc Vartan. «Documents of the Compatriotic Union of Gurin». www.uqac.ca. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 494