Հալեպի թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Հալեպի թեմ[1], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Սիրիայի խոշորագույն՝ Հալեպ քաղաքի առաքելական հայության և երկրի հյուսիսարևմտյան մարզերի հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Հալեպի սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին է (15-րդ դար)։ Թեմի առաջնորդն է Շահան Ա. արքեպիսկոպոս Սարգիսյանը։

սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցի, Հալեպ

Պատմություն խմբագրել

Հալեպի հին «Բերիա» անունով թեմը ժամանակին կոչվել է նաև «Բերիո թեմ», սակայն այդ անունն է կրում Հայ կաթողիկե եկեղեցու համանուն թեմը։

1660-ական և 1920-ական թվականներին Հալեպը եղել է Կիլիկիո կաթողիկոսության վարչական և հոգևոր կենտրոնը։ Հալեպի թեմից զատ՝ Կիլիկիո աթոռի համակարգմամբ Սիրիայում գործում է Ջեզիրեի թեմը, իսկ մնացած հայաբնակ շրջանների և Հալեպի թաղերի եկեղեցիները կառավարում են թաղական խորհուրդները։ Թեմի հնագույն եկեղեցիներից է Հալեպի Սուրբ Աստվածածինը (առաջնորդանիստ եկեղեցու տարածքում, այժմ՝ Զարեհյան թանգարան), որը եղել է ուխտատեղի ոչ միայն հայերի, այլև այլազգիների համար։

 
սուրբ Աստվածածին եկեղեցի, Հալեպ

Հալեպի թեմի հովանու տակ են գործում «Զարեհյան» գանձատունը (1991), «Արամ Մանուկյան» ժողովրդային տունը (բաղկացած է ներքնահարկի «Սպիտակ» երիտասարդական սրահից, «Լևոն Շանթ» մշակութային սրահից, «Անի» ճաշասրահից, «Դալար» սրճարանից)։ Առաջնորդանիստ եկեղեցուն կից են «Օշական» գրատունը (1989), «Արևելք» տպարանը (1946) և այլն։ Գործում են նաև ուսումնական, դատաստանական, առողջապահական, ընկերային ծառայության, կրոնական դաստիարակության, թաղական խորհուրդները, կալվածների հոգաբարձությունը, վերաքննիչ ատյանը, շինարարական խորհրդատու մարմինը, հոգաբարձական և խնամակալական կազմերը, «Հովսեփ և Անահիտ Մարգարյան» փոխատվության և «Կյանք մը փրկենք» հիմնադրամները։

Եկեղեցիներ խմբագրել

Հալեպում գործում են սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Վարդան, սուրբ Գևորգ, սուրբ Հակոբ, սուրբ Աստվածածին եկեղեցիները, պաշտոնավարում է 14 քահանա։

Թեմի տարածքում են գտնվում՝ Արամոյում՝ սուրբ Ստեփանոս (12-րդ դար, նորոգվել է 1958 թվականին), Լաթաքիայում՝ սուրբ Աստվածածին (10-րդ դար), Կարադուրանում՝ սուրբ Աստվածածին (նորոգվել է 1960 թվականին), Յակուբիեում՝ սուրբ Հռիփսիմե (նորոգվել է 1954 թվականին), Քեսաբում՝ սուրբ Աստվածածին (19-րդ դար), Ռաս ալ-Այնում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Յակուբիեում՝ Սուրբ Աննա ուխտատեղի-մատուռը, Մարկատեում՝ Սուրբ Հարություն մատուռը (1995), Քյորքյանեում՝ Սուրբ Ստեփանոս ուխտատեղին (գործել է մինչև 19-րդ դարի սկիզբը)։ Դեյր էզ Զորում գործել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (1931), որը նորոգումից հետո վերաօծվել է և վերանվանվել Սուրբ Նահատակաց եկեղեցի (1990)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։