Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմ[1] կամ Արաբական Միացյալ Էմիրութեանց և Քաթարի հայոց թեմ (արևմտահայերեն)[2], Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է Քուվեյթի առաքելական հայության և Արաբական Միացյալ Էմիրությունների առաքելական հայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Քուվեյթի մայրաքաղաք ալ-Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը (2011 թվականից)։

Սուրբ Վարդանանց եկեղեցի, ալ-Քուվեյթ

Պատմություն խմբագրել

Թեմը կազմավորվել է 1982 թվականին։ Անվանման մեջ «Արաբական ծոց» բառերը նույնական են «Պարսից ծոց» բառերին, սակայն ելնելով այն հանգամանքից, որ հիմնադիր նվիրապետությունը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կիրառական լեզուն արևմտահայերենն է։ Վերջինում արաբերենի նմանությամբ ջրային տարածքը կոչվում է «Արաբական ծոց» (արաբ․՝ الخليج العربي‎‎)՝ ի հեճուկս արևելահայերենի։ Ընդգրկում է նաև Բահրեյնի հայ համայնքը և Կատարի հայ համայնքը, որոնք եկեղեցիներ չունեն։

Քուվեյթ խմբագրել

 
սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Շարջա

1950-1956 թվականներին Քուվեյթի հայ համայնքի հոգևոր կարիքների համար Քուվեյթ է այցելել Բասրայի (Իրաք) հոգևոր հովիվը։ 1956 թվականից քուվեյթահայ համայնքն անցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գերակայության ներքո։ 1961 թվականից ունեցել է մնայուն հովիվ (Պարույր քահանա Սարգսյան)։ 1962 թվականին քուվեյթահայերը երկրի իշխանություններից ստացել են համայնքի օրինականությունը հաստատող վկայագիր, որը իրավունք է ընձեռել ունենալ սեփական աղոթատեղի։ 1963 թվականին կառուցվել է եկեղեցի՝ հանդիսասրահով։ 1979 թվականին Պարսից ծոցի տարածաշրջանը դարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդություն, 1982 թվականին՝ թեմ։ Անդրանիկ առաջնորդ է ընտրվել Օշական եպիսկոպոս Չոլոյանը (1982-1998)։

1958 թվականից ցայսօր գործում է Քուվեյթի կիրակնօրյա դպրոցը։ 1960 թվականին Երվանդ Թերզյանի նախաձեռնությամբ բացվել է հայ-արաբական դպրոցը։ 1961 թվականին այդ դպրոցի հիման վրա ստեղծվել է Քուվեյթի հայ ազգային վարժարանը (տնօրեն՝ Պարույր քահանա Սարգսյան)։ 1974 թվականին եկեղեցու տարածքում կառուցվել է վարժարանի եռահարկ շենքը (1969-70 թվականներին վարժարանը միջնակարգ դպրոցի կարգավիճակ է ստացել)։ Գործել է Հայ եկեղեցու կիրակնօրյա դպրոցների օժանդակ միությունը։ Թեմական ժողովի կողմից նշանակվում է համայնքի վարչություն, որը կազմակերպում է գաղութի ազգ-եկեղեցական կյանքը, որոշում դպրոցի հոգաբարձության կազմը և այլն։

Արաբական Միացյալ Էմիրություններ խմբագրել

 
Սրբոց Նահատակաց եկեղեցի, Աբու Դաբի

Արաբական Միացյալ Էմիրություններ հայերի զանգվածային հոսքը ԱՄԷ սկսվել է 1975 թվականից։ 1977 թվականին Դուբայի սուրբ Երրորդություն անգլիկան եկեղեցում մատուցվել է հայերեն առաջին պատարագը։ 1979 թվականին ձևավորվել են Դուբայի և Աբու Դաբիի առաջին ազգային վարչությունները[3]։ Սկսել է գործել վարձված եկեղեցին իր դպրաց դասով, Ալ-Քուվեյթից կամ Անթիլիասից պարբերաբար հրավիրվել է այցելու հոգևոր հովիվ։

1993 թվականից ԱՄԷ-ի հայ համայնքն ունեցել է մշտական հոգևոր հովիվ (առաջինը՝ Բաբկեն վարդապետ Չարյան)։ 1996 թվականին կազմակերպված համահամայնքային հանգանակությամբ սկսվել են Շարջայում հայկական եկեղեցու և դպրոցի շենքի շինարարական աշխատանքները։ 1997 թվականին տեղի է ունեցել ԱՄԷ-ում առաջին՝ Շարջայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (ճարտարապետ՝ Բաբկեն Այվազյան) հիմնարկեքը, 1998 թվականին՝ օծումը[2]։ Համայնքի հոգևոր հովիվն է Արամ քահանա Տեյիրմենճյանը (1997 թվականից)։ Թեմական խորհրդի, Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի ազգային վարչությունների հովանու ներքո գործում են նաև հայ երիտասարդաց տները, համայնքի մշակութային կյանքը կազմակերպող հանձնախումբը, դպրոցների գործունեությունն ապահովող հոգաբարձական կազմը և տիկնանց միությունը։ Դուբայում հայկական եկեղեցիներ չկան, սակայն Շարջայի եկեղեցին մոտ է քաղաքին։ 2014 թվականից Աբու Դաբիում բացվել է ևս մեկ՝ սրբոց Նահատակաց եկեղեցի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
  2. 2,0 2,1 «Պատմական ակնարկ». emahay.com. Արաբական Միացյալ Էմիրութեանց և Քաթարի հայոց թեմ.
  3. «Հայ համայնքը Արաբական Միացյալ Էմիրություններում». uae.mfa.am. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն.
  4. «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Աբու Դաբիում նորակառույց առաջին հայկական եկեղեցին օծեց «սրբոց նահատակաց եկեղեցի» անունով». norjugha.ir. Ազգային առաջնորդարան Սպահանի թեմի.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: